Աբբաս-Միրզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբբաս-Միրզան

Աբբաս-Միրզա (պարսկերեն՝ اباس میرزا, օգոստոսի 26, 1789 -հոկտեմբերի 25, 1833), Իրանի պետական և ռազմական գործիչ, Ատրպատականի նահանգապետ, Ֆաթհ-Ալի-Շահ Կաջարի որդին։ Գլխավորել է Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ ձգտելով ստեղծել կենտրոնացված ուժեղ միապետություն։ Ֆրանսիայի ու Անգլիայի աջակցությամբ երկարատև պայքար է մղել Ռուսաստանի դեմ Անդրկովկասի համար։ Անգլիական և ֆրանսիական հրահանգիչների միջոցով փորձել է պարսկական բանակը վերակառուցել եվրոպական ձևով։ Ռուս–պարսկական (1804 -13, 1826 -28) և թուրք-պարսկական (1821 -23) պատերազմների ժամանակ Աբբաս-Միրզան պարսկական բանակի գլխավոր հրամանատարն էր։ Անդրկովկասի ժողովուրդների Ռուսաստանի հետ միավորվելու ձգտումները ճնշելու և նրանց բռնությամբ պարսկական տիրապետության տակ պահելու Աբբաս-Միրզայի բոլոր փորձերը ձախողվեցին, և Գյուլիստանի (1813) ու Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Իրանը հրաժարվեց երկրամասի նկատմամբ իր հավակնություններից։ Մահացել է Խորասանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png