Քիմիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմիոն (չաման)

Քիմիոնը (լատ.՝ Carum carvi), Հին աշխարհում գոյություն ունեցող համեմունքներից մեկն է եղել։ Հնէաբանները եգիպտական դամբարաններում հայտնաբերել են քիմիոնի սերմեր։ Հին Հռոմում քիմիոնն օգտագործվում էր հաց թխելու ժամանակ, իսկ Հին Հնդկաստանում այն կար օճառի բաղադրության մեջ։ Այս համեմունքը շատ հայտնի էր միջնադարյան Եվրոպայի խոհանոցում։

Հետազոտողների հավաստմամբ՝ քիմիոնն առաջին անգամ Անգլիա է բերել Վիկտորիա թագուհու ամուսինը` արքայազն Ալբերտը։ Նեխուրազգիների ընտանիքին պատկանող այս համեմունքային դեղաբույսը հանդիպում է ինչպես բանջարանոցներում, այնպես էլ` վայրի վիճակում։ Քիմիոնի երիտասարդ տերևները պարունակում են վիտամին C և հանքային աղեր։

Քիմիոնի ծաղիկները

Սերմերը հարուստ են ճարպերով, սպիտակուցներով, եթերային յուղերով։ Դրանք պարունակում են նաև դաբաղային միացություններ, ֆլավոնոիդներ։ Քիմիոնը գրգռում է ախորժակը, ուժեղացնում է ստամոքսի և աղիների շարժողական և արտազատողական գործունեությունը, իջեցնում է ստամոքսի նեխման և խմորման երևույթները, ուժեղացնում է կաթնագեղձերի արտազատումը, օժտված է խորխաբեր, թույլ լուծողական, հակաջղացնցումային և ցավազրկող ազդեցությամբ։

Կիրառությունը[խմբագրել]

Քիմիոնի սերմերից թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ սերմերը փակ ամանում 250 մլ եռացրած ջրի մեջ թողնել 2 ժամ, որից հետո քամել և օգտագործել 50 մլ` օրը 3 անգամ` ուտելուց 20 րոպե առաջ` որպես աղիների լարվածությունը թուլացնող միջոց։ Եփուկը պատրաստելու համար պետք է 2 ճաշի գդալ պտուղները տեղավորել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200մլ եռացրած ջուրև եռացնել ջրային գոլորշու վրա ևս 15 րոպե, որից հետո սառեցնել ու քամել, հետո պահել 2 օրից ոչ ավելի՝ սառը տեղում և օգտագործել օրվա մեջ 2 անգամ ուտելուց հետո` կես բաժակից։ Այն շատ լավ փքվածությունը հանող միջոց է։

Քիմիոնի սերմերը

Կարելի է քիմիոնի սերմերը դանակի ծայրով վերցնել ու խմել ջրով` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` որպես ախորժակը բացող միջոց։ Քիմիոն պարունակող պրեպարատներն ունեն հակաբորբոքային և հակաբակտերիալ նշանակություն։ Այդ պրեպարատները կարելի է գործածել ստամոքսի, դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում։ Քիմիոնի սերմերից ստանում են քիմիոնի յուղ, որն օգտագործում են ատամի մածուկների արտադրության մեջ։ Քիմիոնի բաղադրությամբ պրեպարատներ խորհուրդ չի տրվում գործածել ալերգիկներին։

Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս քիմիոնի թուրմով լվանալ հատկապես յուղոտ մաշկը։ Դրա համար պետք է 1 թեյի գդալ քիմիոնը եռացնել 1 բաժակ եռացրած ջրով, թրմել 40 րոպե, քամել, իսկ դեմքը լվանալուց հետո ստացված թուրմը բամբակի օգնությամբ քսել դեմքին։ Հեղուկը պետք է չորանա դեմքի վրա։ Այս պրոցեդուրայից 30 րոպե հետո դեմքը կարելի է լվանալ։

Քիմիոնի սերմերը լայն գործածություն ունեն խոհանոցում։ Դրանով համեմում են մսային կերակրատեսակներ, աղցաններ, ինչպես նաև օգտագործվում է հաց թխելիս։

Աղբյուրներ[խմբագրել]