Սուչավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուչավայի գերբը
Սուչավա քաղաքը
Սուչավայի համայնապատկերը
Սուչավա

Սուչավա, (Suceava), քաղաք Հյուսիս-Արևելքում Ռումինիայում, Սիրետի վտակ Սուչավայի ափին։ Համանուն գավառի վարչական կենտրոն է։ Ունի 78 հազար բնակչություն (1981 թվական)։ Ունի թղթի-ցելյուլոզի և փայտամշակման խոշոր կոմբինատներ, սննդի, մեքենաշինական, կաշվի-կոշկեղենի, տեքստիլ արդյունաբերություն։ 14-17-րդ դարերում եղել է Մուլդովականա իշխանության մայրաքաղաքը։

Հայերը Սուչավայում[խմբագրել]

Սուչավան (հայկական աղբյուրներում՝ Չիչով, Սուչով, Միչով, Սոչովա, Շեչով ևն) Մոլդովայի հայկական առաջին գաղթավայրերից է։ Ենթադրվում է, որ հայերը Մոլդովայում հաստատվել են 13-րդ դարում։ Նրանք եկել են Անիից, Ղրիմից, ապա նաև Լեհաստանից և այլ վայրերից։ Իբրև Լվովի հայկական թեմին ենթակա համայնք, Սուչավան առաջին անգամ հիշվում է 1388 թվականին, Թեոդորոս Բ Կիլիկեացու կաթողիկոսական կոնդակում։ Մոլդովայի իշխան Ալեքսանդր Բարեպաշտը 1401 թվականի հրովարտակով Սուչովայում Մոլդովայի հայերի համար հաստատել է հոգևոր առաջնորդական աթոռ, 1418 թվականին Լեհաստանից հրավիրել 3 հազար հայ ընտանիք, որոնցից 700-ը հաստատվել են Սուչավայում։ Հայկական համայնքն ունեցել է իր քաղաքային վարչությունը (քաղաքապետ, 12 ծերերից բաղկացած խորհուրդ, գլխավոր դատավոր)։ 15-17-րդ դարերում քաղաքապետ են եղել Սերգիսը, Ծուռ Գթակը, Նորգոն, Խաչիկը, Թոադերը, Գրիգորը, Կյուրեղը։ Հայ արհեստավորներն ու վաճառականները ստեղծել են համքարություններ և եղբայրություններ, պատանիները՝ «Կտրիճվորաց եղբայրություն»։ Վերջինիս գործունեությունն ուղղված է եղել ազգային ավանդույթների պահպանմանը, հայերեն ձեռագրերի հավաքմանը և նորոգմանը։ Սուչավայում հայերի ստվարացման ապացույցն է մերձակա Արմենեշտ և Արենի հայկական գյուղերի գոյությունը 15-րդ դարում․ Ենթադրվում է, որ նախապես հայկական են եղել նաև Մուշորիկա և Բարձիկ բնակավայրերը։ Հայ վաճառականները, օգտագործելով Սուչավայի հարմար դիրքը, տարանցիկ առևտրով են զբաղվել Լեհաստանում, Արևմտյան Ուկրաինայում, Ռուսաստանում։ 14-17-րդ դարերում այդ երկրներում մեծ պահանջարկ է ունեցել Սուչավայի հայ կաշեգործների արտադրանքը։ Հայերն զբաղվել են նաև անասնաբուծությամբ։ Որոշ հայ վաճառականներ, ձեռք բերելով հողակտորներ, դարձել են կալվածատերեր, ստացել ազնվականական կոչումներ։ Իշխան Շտեֆան Մեծի (1457-1504 թվականներ) բանակում եղել են մեծ թվով հայ զինվորականներ։ Իշխան Պետրու Ռարեշի երկրորդ կառավարման ժամանակ (1541-1546 թվականներ) հայազգի Պետրու Վարդիկը դարձել է հետման (զորքերի ընդհանուր հրամանատար)։ 1672 թվականին Սուչավայի հայերը մասնակցել են Դուկա իշխանի հարկային ծանր քաղաքականության դեմ համաժողովրդական շարժմանը, որի պարտությունից հետո ստիպված հեռացել են Տրանսիլվանիա, այնտեղ հիմնադրել Գեռչան ու Եղիսաբեթուպոլիսը։ Մակայն Մոլդովայի հետագա իշխանների՝ հայերի նկատմամբ վարած մեղմ քաղաքականության շնորհիվ Սուչավայիի հայկական գաղթավայրը կրկին ստվարացել է (1693 թվականին Սուչավայում բնակվել է 3 հազար հայ)։

Սուչավայի պատմամշակութային վայրեր[խմբագրել]

Սուչավայի հայերը կառուցել են վանքեր, եկեղեցիներ, մատուռներ։ Հնագույնը՝ Սուչավայի և Լվովի հայերի հոգևոր առաջնորդարան-վանատունը (կառուցված 14-րդ դարում), քանդվել է 16-րդ դարում կեսին, բայց ավերակների մոտ շուտով բարձրացել է Սուչավայում Օգսենտ կամ Զամկա վանքը (բաղկացած է երեք շինությունից և ներկայումս կանգուն է), որը մինչև 1686 թվականը եղել է Մոլդովայի հայերի հոգևոր կենտրոնը, ունեցել դպրոց և մատենադարան։ 15-րդ դարում (գուցե և ավելի վաղ) կառուցվել են Սուչավայի Աստվածածին և Սուչավայի Խաչ հայկական եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերականգնվել է և այժմ կանգուն է։ Սուչավայից 2 կմ հեռավորության վրա պահպանվել է նաև Հաճկատարի վանքը (1512 թվական), որն այժմ Արևելյան Եվրոպայի հայերի ուխտատեղին է։ Վերջինիս զանգը բերվել է Տաթևի վանքից և վրան ունի 1244 թվականի արձանագրություն։ Հավանաբար 16-րդ դարում է կառուցվել Սուչավայի Սիմեոն հայկական եկեղեցին։ 17-րդ դարի սկզբին կառուցված Սուչավայի Երրորդություն եկեղեցին 18-րդ դարում քանդվել է, և դրա քարերով 1776 թվականին կառուցվել է Սուչավայի Հովհաննես Մկրտչի մատուռը (Սուչավայի Խաչ եկեղեցու կողքին)։ Բրունգուլյան (Պրունկուլ) հայկական նշանավոր տոհմի պատվին 1904 թվականին կառուցվել է Սուչավայի Հարություն մատուռը։ Սուչավայում եղել է հայ գրչության կենտրոն։ Զամկայի, Հաճկատարի վանքերում, Սուչավաի Խաչ, Սուչավայի Սիմեոն, Սուչավայի Երրորդություն եկեղեցիներում գրված ձեռագրերն այժմ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Բուխարեստի, Գեռլայի, Վենետիկի, Վիեննայի և այլ հավաքածուներում։ Սուչավայում են գործել գրիչ և մանրանկարիչ Ղազար Բաբերդացին (Վալաքացի), գրիչներ՝ Մարգիս դպիր Մելիտենցին, Սրապիոն Բաբերդացին, Աբրահամ Սեչովցին (Պուղտանցի) և ուրիշներ, բանաստեղծներ Մինաս Թոխաթցին և Վրթանես Սռնկեցին։ Ռումին արվեստաբան Նիկոլեսկուի կարծիքով, Սուչավայի հայերի ազգային արվեստը ազդեցություն է թողել մոլդովականի վրա։ Բուկովինայի կազմում Ավստրիական կայսրությանը միացվելուց (1775 թվական) հետո Սուչավայի Խաչ հայկական եկեղեցին (15-րդ դար) զանգակատնով և Սուչովայի Հովհաննես մատուռով (1776 թվական) Սուչովայի հայտարարվել է ազատ առևտրային քաղաք, հայկական համայնքը համալրվել է Մոլդովայի այլ վայրերից, մասամբ նաև Լեհաստանից ու Բուլղարիայից եկած հայերով։ Բացվել է հայկական աշխարհիկ դպրոց (1831 թվականին ունեցել է 71 աշակերտ)։ 1851 թվականին դպրոցին կից գործել է թատրոն։ 19-րդ դարում Սուչավայի հայկական գաղթավայրի ներքին կյանքը ղեկավարել է 7 հոգանոց հոգաբարձությունը և այսպես կոչված, Մեծաժողովը (բաղկացած 12 անդամից, գումարվում էր տարին մեկ անգամ)։ Հոգաբարձությունը ղեկավարվել է կառավարության հաստատած կանոնադրությամբ։ Ազգապահպանման գործին նպաստել են «Անի» ազգային ընկերությունը (1885 թվական),«Հայ տիկնանց միությունը» ՀԲԸՄ Սուչավայի մասնաճյուղը (1913 թվական)։ Թուրքիայում կազմակերպված հայկական ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Սուչավայի հայերը գաղթականներին և որբերին օգնելու նպատակով կատարել են հանգանակություններ։ 1920 թվականին բացվել է «Հիմնարկություն Քրիստեա և Սաթիլդա Հաճի» որբանոցը։ 1928 թվականի տվյալներով Սուչավայում ունեցել է 300, 1948-ի՝ 100 հայ բնակիչ։ Ներկայումս Սուչավայում բնակվում է մոտ 20 հայ ընտանիք։ Սուչավայի կենտրոնաան փողոցներից մեկը կոչվում է «Արմենեասկը» («Հայկական»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png