Պարարտանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարարտանյութեր տարածող մեքենա

Պարարտանյութեր, օրգանական և անօրգանական նյութեր, որոնք օգտագործվում են բույսերի սննդառությունը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզքիմիական ու կենսաբանական հատկությունները, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերի արդյունավետությունը կախված է մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկություններից, հողում սննդատարրերի պարունակությունից, խոնավությունից, հողի լուծույթի ռեակցիայից և այլն։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի ագրոքիմիական հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Պարարտանյութերի տեսակներ[խմբագրել]

Կոմպոստ օրգանական պարարտանյութից

Ըստ ազդեցության բնույթի՝ պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա) և անուղղակի (բարելավում են հողի հատկությունները և կուտակում սննդանյութերը), ըստ բաղադրության՝ օրգանական և հանքային։

Օրգանական պարարտանյութեր[խմբագրել]

Օրգանական պարարտանյութերը պարունակում են բուսական կամ կենդանական ծագման սննդանյութեր, որոնց քայքայման ժամանակ մանրէների կենսագործունեության հետևանքով առաջանում են բույսերին մատչելի ազոտի, ֆոսֆորի, կալիումի, կալցիումի, ծծմբի և այլ տարրերի միացություններ։ Օրգանական պարարտանյութեր են գոմաղբը, բուսահողը, գոմաղբահեղուկը, թռչնաղբը, տորֆը, կոմպոստները և այլն։

Գոմաղբ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Պարունակում է ազոտ, ֆոսֆոր, կալիում, կալցիում և միկրոտարրեր։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Բուսահող[խմբագրել]

Պարարտանյութերից վնասված տերև

Բուսահող ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերև, խոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ[խմբագրել]

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Թռչնաղբ[խմբագրել]

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։ Որպես պարարտանյութ՝ պիտանի է չեզոք ռեակցիայով և մեծ քանակությամբ կալցիում պարունակող տորֆը։

Տորֆագոմաղբ[խմբագրել]

Տորֆագոմաղբային կոմպոստը պատրաստում են տորֆի բոլոր տեսակներից, որոնց խոնավությունը չի գերազանցում 60%-ը։ Տորֆի և գոմաղբի հարաբերությունը 0,75։1 է։

Տորֆաֆեկալ[խմբագրել]

Հորդառատ անձրևի հետևանքով պարարտանյութի արտահոսք

Տորֆաֆեկալային կոմպոստն արագ ներգործող պարարտանյութ է, պարունակում է ազոտ, ֆոսֆոր և կալիում։ Ֆեկալները տորֆի հետ կոմպոստացնելիս նվազում է ազոտի կորուստը, վերանում է տհաճ հոտը, ստացվում է սորուն, կիրառման համար հարմար պարարտանյութ։

Հանքային պարարտանյութեր[խմբագրել]

Հանքային պարարտանյութերը բույսերին անհրաժեշտ սննդատարրեր պարունակող անօրգանական նյութեր են, որոնք ներգործում են հողի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա։ Հողում ենթարկվում են զանազան փոխարկումների և դառնում բույսերին մատչելի։ Այդ փոխարկումների բնույթը և ինտենսիվությունը կախված են հողի հատկություններից և հանքային պարարտանյութի տեսակից։ Տարբերում են միակողմանի և համալիր ազդեցության հանքային պարարտանյութեր։ Միակողմանի ազդեցության պարարտանյութերը (ազոտական, ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութեր և այլն) պարունակում են 1, իսկ համալիրը (ամոֆոս, նիտրոֆոսկա, նիտրոամոֆոսկա)՝ 2 և ավելի սննդատարրեր։

Ազոտական պարարտանյութեր[խմբագրել]

Ազոտական պարարտանյութեր են ամոնիակային բորակը (ամոնիումի նիտրատ) պարունակում է 34-35% ազոտ։ Լավ լուծվում է ջրում և արագ ներգործում բույսերի վրա։ Նպաստում է հողի թթվեցմանը, ուստի նպատակահարմար է կիրառել կրացված հողերում։ Միզանյութը (կարբամիդ) պարունակում է 46% ազոտ։ Լավ լուծվում է ջրում, գործածվում է որպես հիմնական պարարտանյութ, ինչպես նաև արտարմատային լրացուցիչ սնուցման համար։ Ամոնիումի սուլֆատը պարունակում է 20,5-21% ազոտ, լուծվում է ջրում։ Լավ պահպանվում է հողում, ուստի այն որպես հիմնական պարարտանյութ հող են ներմուծում աշնանը, իսկ բույսերի վեգետացիայի շրջանում օգտագործում են նաև սնուցման ձևով։ Ամոնիումի սուլֆատը թթվեցնում է հողը, ուստի դրանով պարարտացնում են կրացված հողերը։

Ֆոսֆորական պարարտանյութեր[խմբագրել]

Ճահճացման հետևանքով ջրի ծաղկում

Ֆոսֆորական պարարտանյութեր են հասարակ սուպերֆոսֆատը, (կալցիումի երկհիդրոֆոսֆատի և կալցիումի սուլֆատի խառնուրդը) և կրկնակի սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատ), որոնք պարունակում են լուծվող ֆոսֆորական թթու։ Հատկապես արդյունավետ են հիմնային և չեզոք հողերում կիրառելիս։ Ֆոսֆորիտային ալյուրը դժվարալույծ փոշի է, պարունակում է 19-30% լուծվող ֆոսֆորական թթու։ Օգտագործվում է որպես հիմնական պարարտանյութ։

Կալիումական պարարտանյութ[խմբագրել]

Կալիումական պարարտանյութեր են կալիումի քլորիդը, որը պարունակում է մոտ 60% կալիումի օքսիդ։ Նպատակահարմար է հողին տալ աշնանը։ Կալիումական աղը կալիումի քլորիդի և սիլվինիտի (NaCl KCl) խառնուրդն է։ Պարունակում է 30-40% կալիումի օքսիդ։ Դրանով հողը պարարտացնում են աշնանը։

Կալիումի սուլֆատը պարունակում է 48% կալիումի օքսիդ, լուծվում է ջրում։

Կալիումի բորակը պարունակում է 44% կալիումի օքսիդ և 14% ազոտ։ Դյուրալույծ ազոտը չկորցնելու համար այն անպայման օգտագործում են գարնանը։ Մոխիրն արժեքավոր պարարտանյութ է. պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և միկրոտարրեր։ Մոխրի մեջ կալիումի մեծ քանակությունը թույլ է տալիս այն օգտագործել հողի չեզոքացման համար։ Այն կիրառում են աշնանը և գարնանը։

Համալիր պարարտանյութեր[խմբագրել]

Աշխարհում մեթանի կոնցետրացիան 2005 թվականի տվյալներով

Համալիր պարարտանյութերը հողին տալիս են գարնանը՝ բույսերի վեգետացիայի շրջանում՝ որպես օժանդակ սնուցում։ Ամոֆոսը պարունակում է 44-52% յուրացվող ֆոսֆորական թթուներ և 10-11% ազոտ, նիտրոամոֆոսկան՝ 13-17% ազոտ, 17-19% ֆոսֆորական թթու և 17-19% կալիումի օքսիդ, նիտրոֆոսկան՝ 11% կալիումի օքսիդ։

Միկրոպարարտանյութեր[խմբագրել]

Միկրոպարարտանյութերը պարունակում են միկրոտարրեր՝ բոր, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։ Կիրառվում են սերմերի նախացանքային մշակման, արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների ժամանակ։

Մանրէային պարարտանյութեր[խմբագրել]

Մանրէային պարարտանյութերը սննդարար միջավայրից և հողային միկրոօրգանիզմների մաքուր մանրէախմբից կազմված պատրաստուկներ են։ Դրանք հարստացնում են հողի արմատամերձ շերտը, բարելավում բույսերի աճման և զարգացման պայմանները։ Դրանցից են նիտրագինը, ազոտաբակտերինը, ֆոսֆորաբակտերինը և այլն։

Հանքային պարարտանյութերի չարաշահումը հանգեցնում է բուսականության աղքատացման, ինչպես նաև հողի, բնական և արհեստական ջրամբարների, մթնոլորտի աղտոտման, ուստի բնապահպանական տեսանկյունից առավել նպատակահարմար է օրգանական պարարտանյութի կիրառումը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png