Հռիփսիմե Ջանփոլադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանփոլադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հռիփսիմե Ջանփոլադյան
Ծնվել էօգոստոսի 26, 1918(1918-08-26)
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էօգոստոսի 25, 2004(2004-08-25) (85 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունվիմագրագետ-հնագետ
Հաստատություն(ներ)ՌԴ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտ, ՌԳԱ հնագիտության ինստիտուտ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա, Պետական Էրմիտաժ և Հայաստանի Պատմության Թանգարան
Գործունեության ոլորտհնագիտություն, արևելագիտություն և medieval archaeology?
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան (1940)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Ամուսին(ներ)Բորիս Պիոտրովսկի
Երեխա(ներ)Միխայիլ Պիոտրովսկի

Հռիփսիմե Միքայելի Ջանփոլադյան-Պիոտրովսկայա (օգոստոսի 26, 1918(1918-08-26), Հայաստանի Առաջին Հանրապետություն - օգոստոսի 25, 2004(2004-08-25), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայազգի գիտնական, հայագետ և արևելագետ-հնագետ։ Բորիս Պիոտրովսկու կինը, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռիփսիմե Ջանփոլադյանը ծնվել է 1918 թվականի օգոստոսի 26-ին Նախիջևանից Երևան բռնագաղթի ճանապարհին՝ Սևանա լճի առափնյա գյուղական տներից մեկում։ Ջանփոլադյան տոհմիկ ընտանիքի չորրորդ զավակն էր։ Ջանփոլադյանների գերդաստանը սերում էր Պարսկաստանի Սալմաստ գավառի Դիլման քաղաքում ապրող Մանուկյաններից։ Գերդաստանի Ջամփոլադյան ազգանունը ծագում է ընտանիքի այրերից մեկի՝ Հովհաննեսին Դիլմանի խանի կողմից տրված Ջանփոլադ՝ «պողպատե մարմին» մականունից։

Կրթություն և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում բարձր առաջադիմությամբ դպրոցն ավարտելով՝ Հռիփսիմե Ջանփոլադյանը 1935 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, որն ավարտում է 1940 թվականին։ Նույն տարում աշխատանքի է ընդունվում Հայաստանի պետական պատմության թանգարանում (ՀՊՊԹ)։ Հնագիտության նկատմամբ նրա հետաքրքրությունները ձևավորվել են Կարմիր Բլուրի հնագիտական աշխատանքներին մասնակցելու տարիներին, որը դարձավ հայագիտությամբ զբաղվելու հիմնական նախապայմանը։

1939 թվականին, դեռևս ուսանող, նա ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետությունում իրականացվող «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքներին՝ արժանանալով միջոցառումների ղեկավար, ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ուշադրությանը։ Գիտնականը նկատելով երիտասարդ գիտաշխատողի նվիրվածությունն ու գիտական հակումները՝ նրան է տրամադրում դեռևս 1917 թվականին Նոր Գետիկ վանքում իր հավաքած վիմագիր արձանագրությունների հավաքածուի մի մասը։ Օրբելին Հռիփսիմե Ջամփոլադյանին հանձնարարում է դրանք ստուգել և վերստին վերծանել՝ համադրելով հին վերծանությունների հետ։ Արդյունքում՝ 1948 թվականին Հռիփսիմե Ջանփոլադյանը պաշտպանում է «Մխիթար Գոշը և Նոր Գետիկի վանքը» թեկնածուական ատենախոսությունը[1]։

Հռիփսիմե Ջանփոլադյանը շարունակում է վիմագրական հավաքչական գործունեությունը՝ արդեն ընդգրկելով Իջևանի տարածաշրջանը՝ իր մեծ ու փոքր արձանագրություններով կազմելով առանձին վիմագրական ժողովածու։ 1977 թվականին Հռիփսիմե Ջանփոլադյանի և Սուրեն Ավագյանի համատեղ աշխատանքի արդյունքում լույս է տեսնում «Դիվան հայ վիմագրության» վեցերորդ պրակը՝ «Իջևանի շրջան»[2]։ Այստեղ զետեղված են տարածաշրջանի բոլոր վիմագիր արձանագրությունները, դրանց գրչագրերը, ապա վերծանությունները։ Արձանագրական նյութերը համալրված են բնագրերի մատենագրական տվյալներով՝ հատուկ նշաններով տարանջատելով անձնական վերականգումները կամ հավելումները, ընձեռելով տարընթերցումների հնարավոր մեկնաբանությունները։

Հռիփսիմե Ջանփոլադյանը հետաքրքրված էր միջնադարյան հնագիտությամբ։ Նա կորստից փրկել և հայ գիտական հանրությանն է ներկայացրել Բուլգար (Վոլգայի ափին) քաղաքում՝ Սերիբի պեղավայրում հայտնաբերված նյութական մշակութային արժեքները, որոնք մեկ անգամ ևս հավաստում են Միջնադարյան Հայաստանի առևտրատն-տեսական, մշակութային կապերի իրողությունը հեռավոր ու մերձավոր հարևան երկրների հետ։

Դվինի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին մշտապես մասնակցելով Դվինի հնագիտական արշավախմբի աշխատանքներին՝ Հռիփսիմե Ջանփոլադյանը ուշադրությունը կենտրոնացնում է Դվինի ապակեգործական գտածոների վրա՝ խնդիր ունենալով գիտական շրջանակներին ներկայացնել միջնադարյան Դվինը՝ իբրև ապակեգործական խոշոր կենտրոն։

1974 թվականին Հռիփսիմե Ջանփոլադյանը գիտական հանրության դատին է հանձնում «Դվինի միջնադարյան ապակին IX–XIII դդ.» աշխատությունը[3], որը մեկ անգամ ևս փաստագրում է քաղաքի ապակեգործական կենտրոնի ուրույն տեղը մերձավորարևելյան համանման կենտրոնների շարքում։

1985 թվականին Հռիփսիմե Ջանփոլադյանը և Արամ Քալանթարյանը հրատարակում են «Միջնադարյան Հայաստանի առևտրական կապերը VI–XIII դդ. (ըստ ապակեգործության տվյալների)» աշխատությունը[4]։ Հեղինակները, հատուկ ուսումնասիրության առարկա դարձնելով ներմուծված ապակին, արձանագրում են՝ մերձավորարևելյան երկրների հետ ունեցած տարանցիկ առևտրական կապերի շնորհիվ Դվինի ապակեգործական արհեստանոցներում մշակվեցին նոր բաղադրատոմսեր, ինչի շնորհիվ ստացվել է մերձավորարևելյան օրինակներից տարբերվող դվինյան նկարազարդ ապակին (IX դ.)։

Ապակե գտածոների ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռիփսիմե Ջանփոլադյանը ապակե գտածոների այս կամ այն տեսակին նվիրված բազում հոդվածների հեղինակ է։ Գիտնականի աշխատանքները նկատի ունենալով՝ հայտնի միջնադարագետ-հնագետներ՝ Բորիս Մարշակը և Վալենտինա Ռասպոպովան գրում են.

Հռիփսիմե Ջանփոլադյանի ներդրումը Արևելքի ապակու ուսումնասիրության գործում կարելի է համեմատել Կ. Լամի ունեցած ծառայությունների հետ։ Ինչպես Կ. Լամի աշխատությունները, այնպես էլ Հռ. Ջանփոլադյանինը երբեք չեն հնանա[5]։

Խեցեգործական գտածոների ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին Եգիպտոսում, Սիրիայում, Պաղեստինում և մերձվոլգյան Բուլգար քաղաքում մեծաքանակ ձվաձև անոթների հայտնագործումը գիտական աշխարհում առաջ բերեց մեծ հետաքրքրություն։ Հրատարակվեցին մի շարք հոդվածներ՝ հիմքում ունենալով դրանց կենցաղային-գործնական կիրառության հարցերը։ Առաջադրվեցին տարբեր կարծիքներ՝ վերոնշյալների գործածության կերպի՝ սկսած ճրագ կանթեղներից, մոմակալներից մինչև սնդիկ պահելու տարաներ, պատերազմական հրձիգ նռնակներ, անուշահոտ յուղեր, վարդաջրեր պահելու և փոխադրելու հարմար միջոցներ, ճարտարապետական հարդարանքի տարր, ալքիմիական փորձանոթներ և այլն։ Նույն տեսակետն էր պաշտպանում, որոշ վերապահումներով, Հռիփսիմե Ջանփոլադյանը։ Տարիների ընթացքում հավաքած և հետազոտած նյութերը հրատարակում է «Դվինից և Անիից հայտնաբերված ձվաձև անոթները» վերնագրով[6][7] աշխատության մեջ։ Դվին և Անի մայրաքաղաքների պեղումներով հայտնաբերված ձվաձև անոթները ոչ միայն բազմաքանակ են, այլև բազմատեսակ, զարդարուն ու անզարդ, դրոշմազարդ, հարդարված հետաքրքիր և ուրույն հարդարապատկերներով, հաճախ արձանագիր (հայերեն և արաբերեն) կամ վարպետների նշաններով։

Հռիփսիմե Ջանփոլադյանը մասնակցել է 1989 թվականին Լենինգրադում կայացած XV միջազգային գիտական կոնգրեսի աշխատանքներին, որը նվիրված էր ապակեգործությանը։ Այստեղ նա կարդացել է երկու զեկուցում։

1964-1990 թվականների Հռիփսիմե Ջանփոլադյանը պաշտոնավարել է ԽՍՀՄ հնագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռիփսիմե Ջանփոլադյանի ամուսինը՝ ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկին, իր լայնամասշտաբ հնագիտական գիտելիքներով համաշխարհային գիտության ասպարեզում ճանաչված գիտնական էր, երկար տարիներ ղեկավարել է Կարմիր Բլուրի հնագիտական արշավախումբը։ Գիտական գործունեությանը զուգահեռ՝ ղեկավարել է նաև Լենինգրադի Պետական Էրմիտաժը։

Ավագ որդին ճանաչված արևելագետ, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին է, որն այսօր Էրմիտաժի տնօրենն է, իսկ մյուս որդին՝ Լևոն Պիոտրովսկին, կենսաբանական գիտությունների դոկտոր է, միջազգային բազմաթիվ կազմակերպությունների պատվավոր անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աշխատություններ ՀՊՊ թանգարանի», հատոր առաջին, Երևան, 1948
  2. Ավագյան, Սուրեն Արտեմի; Ջանփոլադյան, Հռիփսիմե Միքայելի; Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, eds. (1977). Դիվան հայ վիմագրության։ Պր. 6-րդ։ Իջևանի շրջան. Երևան։: ՀՍՍՀ ԳԱ հրատ.
  3. Ջանփոլադյան, Հռիփսիմե Միքայելի (1974). Առաքելյան, Բաբկեն Նիկոլայի (ed.). Դվինի միջնադարյան ապակին IX-XIII դդ. =: Средневековое стекло Двина IX-XIII вв. Հայաստանի հնագիտական հուշարձանները № 7. ՀՍՍՀ ԳԱԱ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն.
  4. Ջանփոլադյան, Հռիփսիմե Միքայելի; Քալանթարյան, Արամ Աշոտի (1988). Առաքելյան, Բաբկեն Նիկոլայի (ed.). Միջնադարյան Հայաստանի առևտրական կապերը VI-XIII դդ.: (Ըստ ապակեգործության տվյալների) =: Торговие связи Средневековой Армении в VII-XIII вв. Հայաստանի հնագիտական հուշարձանները № 14. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն.
  5. Б. И. Маршак, В. И. Распопова. Памяти Р. М. Джанполадян.– “Археологические вести”, 2005, № 12. СПб., с. 332
  6. Երևան, 1982, Հայաստանի հնագիտական հուշարձաններ, պր. 12
  7. Ջանփոլադյան, Հռիփսիմե Միքայելի (1982). Առաքելյան, Բաբկեն Նիկոլայի (ed.). Դվինից և Անիից հայտնաբերված ձվաձև անոթներ =: Сфероконические сосуды из Двина и Ани. Հայաստանի հնագիտական հուշարձանները № 12. ՀՀ ԳԱԱ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգիթ Ղարիբյան «Անվանի վիմագրագետ-հնագետը» (Հռիփսիմե Ջանփոլադյանի ծննդյան 90-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 2008, էջ 312-318։
  • Աղավնի Ժամկոչյան և Հակոբյան, Նյուրա (2018) Անվանի հայագետը (Հռիփսիմե Ջանփոլադյանի ծննդյան 100-ամյակի առթիվ). Պատմա-բանասիրական հանդես, № 3 . pp. 286–290. ISSN 0135-0536

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]