Հյուսիսային Սենտինել կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Սենտինել կղզի
Տեսակկղզի
Երկիր Հնդկաստան
Վարչատարածքային միավորAndaman and Nicobar Islands?
ՎայրԲենգալյան ծոց
Մասն էSentinel Islands?
Երկարություն12 կմ
Լայնություն10 կմ
Մակերես59,67 կմ²
Բնակչություն42 մարդ (2011)
Քարտեզ
Քարտեզ

Հյուսիսային Սենտինել կղզի (անգլ.՝ North Sentinel Island), արևադարձային կղզի Բենգալյան ծոցի Անդամանյան կղզեխմբում։ Մակերեսը կազմում է 72 կմ2։ Տեղակայված է Հարավային Անդաման կղզու հարավային ափերի արևմտյան հատվածում։ Մակերևույթը մեծ մասամբ պատված է խիտ անտառներով և շրջապատված է կորալային խութերով։

Կղզին հայտնի է այն հանգամանքով, որ դրանում ապրող սենտինելյան բնիկ ցեղի անդամներն ուղղակիորեն հրաժարվում են որևէ կերպ հաղորդակցվել ժամանակակից քաղաքակրթության հետ՝ հնարավոր արտաքին միջամտումները դիմավորելով զինված հարձակմամբ[1]։ Այս կերպ սենտինելյան բնիկներն համարվում են աշխարհի այն քչագույն ցեղերից, որոնց չի դիպել ժամանակակից քաղաքակրթությունը։

Հայտնաբերվել է 18-րդ դարում։ 1867 թվականին կղզու ջրային տարածքում հնդկական առևտրային նավ է խորտակվում, որից հետո 106 փրկվածներ նավակներով իջնում են կղզու ափ։ Հարձակման ենթարկվելով բնիկների կողմից՝ խորտակված նավի անձնակազմի անդամները փրկվում են մոտակայքում գտնվող բրիտանական ռազմանավի անձնակազմի կողմից[1]։ Հետագայում նույնպես, կղզու բնակիչների հետ կապ հաստատելու բոլոր փորձերը ձախողվել են։ 2004 թվականին, երբ կղզին ֆիզիկապես մեծ վնասներ էր կրել Հնդկական օվկիանոսի ցունամիի և երկրաշարժի հետևանքով, Հնդկաստանի կառավարությունը (որին էլ միջազգային իրավունքով պատկանում է կղզին) ռազմական ուղղաթիռ է ուղարկում՝ հնարավոր տուժածներին օգնելու և կղզու վիճակը պարզելու համար, սակայն բնիկները կրկին հաղորդակցության նշաններ ցույց չեն տալիս և նիզակներ են նետում ուղղաթիռի ուղղությամբ։ 2006 թվականին բնիկները սպանում են կղզու ջրերում անօրինական կերպով հայտնված ձկնորսներին[1]։

Ներկայումս կղզին երեք մղոն շառավղով հսկվում է Հնդկաստանի ռազմածովային ուժերի կողմից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2004 թվականի ցունամին, կղզին ունեցել է 72 կմ2 մակերես և գրեթե քառակուսաձև ուրվագիծ։ Նեղ ափերի ետևում կղզու մակերևույթը բարձրանում է մինչև 20 մ, իսկ կենտրոնական մասերում հասնում մինչև 98 մ-ի[2]։

Կղզու տակ գտնվող տեկտոնիկական շերտերը մեծապես թեքվել են 2004 թվականի երկաշարժի հետևանքով՝ բարձրանալով 1-2 մետրի չափով։ Երկրաշարժի պատճառով նաև մերկացել են շրջապատող կորալային խութերի բազմաթիվ տեղամասեր, որոնք կա՛մ ընդմիշտ ցամաքել են, կա՛մ էլ վերածվել մակերեսային բուստալճակների՝ այդ կերպ մեծացնելով կղզու ավազանը (1 կմ դեպի հարավ և արևմուտք)[3][4]։

Սկզբնական նեղ ափերից և բարձրացած խութերից զատ, կղզին մեծ մասամբ ծածկված է անտառներով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Սենտինելի գոյության մասին տեղյակ են եղել անդամանյան Օնգե ցեղի անդամները՝ այն իրենց լեզվով կոչելով «Չիա դաաԿվոկվեյե»[2][4]։ Չնայած մինչ օրս կղզու բնակիչների մասին քիչ տեղեկություն կա, ենթադրվում է, որ օնգեները սենտինելցիների հետ որոշակի մշակութային նմանություններ ունեն[4]։ Այնուամենայնիվ, օնգեները, ովքեր տվյալ տարածաշրջան էին բերվել 19-րդ դարում բրիտանացիների կողմից, հաղորդակցվելիս չեն հասկացել սենտինելյան լեզուն, ուստի առավել հավանական է երկու ցեղերի տևականորեն անջատ լինելը[2][4]։

Բրիտանական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Սենտինել կղզու (նշված կարմիրով) և Անդամանյան կղզիների ուրվագծային քարտեզ

Պատմությանը հայտնի առաջին հիշատակումը կղզու մասին արվել է 1771 թվականին՝ ոմն բրիտանացի աշխարհագետ Ջոն Ռիչիի կողմից, ով Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությանը պատկանող «Դիլիջենթ» ծովագրական հետազոտանավի տախտակամածից նկատել էր, որ մոտակա կղզում առկա են «բազմաթիվ լույսեր»[2][5][6]։ 1867 թվականի մարտ ամսին դեպի կղզի ճամփորդություն է կատարել Հոմֆրի անունով մի գաղութապետ[7]։ Նույն տարվա անձրևային շրջանի ավարտին կղզու խութերում խորտակվում է «Նինվե» անվամբ հնդկական առևտրային նավը։ 106 մարդուց բաղկացած նավի անձնակազմը և ուղևորները նավակներով հասնում են մինչև կղզու ափ, որտեղ նրանց զինված հարձակմամբ դիմավորում են սենտինելյան բնիկները։ Ի վերջո, նավաբեկությունից փրկվածներին օգնության է հասնում բրիտանական նավատորմին պատկանող մի ռազմանավ[6]։

1880 թվականի հունվարին կղզում վայրէջք է կատարում բրիտանական մի արշավախումբ՝ նահանգապետ-կառավարիչ Մորիս Վիդալ Պորտմանի ղեկավարությամբ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել տեղաբնիկների սովորույթները։ Անտառներում հանձնախումբը գտնում է փորված կածաններ և բազմաթիվ փոքր և լքված գյուղեր։ Մի քանի օր անց, խումբը գերեվարում է վեց սենտինելցու, որոնցից երկուսը տարեց ամուսիններ էին, իսկ չորսը՝ երեխաներ։ Բնիկներին հանձնախումբն իր հետ տանում է Պորտ Բլեյր նավահանգիստ։ Փախցվածների համար պատասխանատու գաղութարար սպան իր հուշերում գրում էր, որ նավահանգիստ հասնելուն պես գերեվարվածներն անմիջապես հիվանդանում են, ծերունին ու կինը շուտով մահանում են, իսկ երեխաներին ստիպված մեծաթիվ նվերներով ետ են ուղարկում իրենց հայրենի կղզի[2][5][7]։

Պորտմանը երկրորդ անգամ կղզի է այցելում 1883 թվականի օգոստոսի 27-ին՝ այն բանից հետո, երբ Կրակատաու հրաբխի ժայթքումից առաջացած աղմուկը Պորտմանը սխալմամբ ընկալում է որպես նավի կայանման կրակոցային ազդանշան։ Կղզի է իջնում փոքր խումբ և այնտեղ թողնում բազմաթիվ նվերներ։ Կղզին լքելուց հետո խումբը վերադառնում է Պորտ Բլեյր[2][7]։ 1885 թվականի հունվարից մինչև 1887 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Պորտմանը բազմաթիվ առիթներով կրկին այցելում է կղզի[7]։

Հետագա զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղաբնիկները զինված դիմավորում են ափի մոտ գնտվող նկարահանող անձնակազմին։ Տեսանյութի էկրանային պատկերը վերցված է «National Geographic»-ի անավարտ վավերագրական ֆիլմից (1975)

Հրաման ստանալով բարեկամական հարաբերություններ հաստատել տեղաբնիկների հետ՝ հնդկական հետախուզական խմբերը 1967 թվականից սկսած մի քանի տարին մեկ անգամ կարճատև վայրէջքներ էին կատարում կղզում։ 1975 թվականին Բելգիայի թագավոր Լեոպոլդ III-ը Անդամանյան կղզիներ ճամփորդության ընթացքում տեղացի պաշտոնյաների հետ գիշերով նավարկում է Հյուսիսային Սենտինելի ջրերում։ 1977 և 1981 թվականներին կղզու ծանծաղուտների մեջ են խրվել համապատասխանաբար «Ռասլի» և «Փրիմռոուզ» նավերը։ Հայտնի է նաև այն փաստը, որ կղզու ջրերում ավերված նավերում բնիկները սովորաբար երկաթ են որոնում։ Պորտ Բլեյրի բազմաթիվ բնակիչներ իրենց հերթին այցելել են կղզու մոտակա ջրերը՝ փորձելով գտնել խորտակված նավերի բեռները։ 1991 թվականին փրկարարական ջոկատներին նավերի ապամոնտաժման լիազորություն է տրվել։

1981 թվականի օգոստոսի 2-ին «Փրիմռոուզ» նավը հայտնվում է կղզու խութերում։ Խորտակվելու վտանգ նավը չուներ, ուստի ռադիոալիքներով օգնության ազդանշան ուղարկելուց հետո անձնակազմը ստիպված էր մի քանի օր սպասել օգնության ժամանմանը։ Լույսը բացվելուն պես ծովայինները նկատում են, որ նավից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու առկա է արևադարձային կղզի, որն առաջին հայացքից անմարդաբնակ տեսք ուներ։ Աշխատակազմի մի մասը լաստանավով փորձում է լողալ դեպի կղզին։ Շուտով նավի աշխատակիցները ափի մոտ նկատում են մերկ սևամորթերի, որոնք նիզակներով, նետ ու աղեղով կամ այլ պարզունակ զենքերով, փորձում էին հեռու քշել մոտեցողներին։ Ալեկոծման շնորհիվ անձնակազմին հաջողվում է հեռու մնալ բնիկների կրակահերթից։ Մեկ շաբաթ անց նավի անձնակազմը փրկվում է «Indian Oil And Natural Gas Commission» (ONGC) անդրազգային կազմակերպության ուղղաթիռի օդաչուների կողմից։

1975 թվականին «National Geographic» հեռուստացանցի աշխատակիցները, վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով իջնում են կղզու ափ, այնտեղ թողնում որոշակի քանակությամբ կոկոսներ ու բանաններ (որոնք չեն աճում կղզում), ինչպես նաև այլ «ժամանակակից» պարագաներ և մի քանի մետրով ետ լողում կղզուց՝ սպասելով բնիկների ժամանմանը։ Շուտով ափ են հասնում բնիկները և սկսում նիզակներ նետել նկարահանման անձնակազմի ուղղությամբ։ Բնիկներից մեկին նույնիսկ հաջողվում է նիզակը մխրճել ռեժիսորի ազդրի մեջ[8]։

Արտաքին տեսաֆայլեր
Սենտինելցի բնիկների կարճատև հաղորդակցումը հնդիկ մարդաբանների հետ (1991
Sentinelese Contact with Indians(անգլ.)

Առաջին խաղաղ հաղորդակցությունը տեղի է ունեցել 1991 թվականի հունվարի 4-ին՝ Հնդկաստանի մարդաբանության ինստիտուտի տնօրեն Թրիլոքինաթ Փանդիթի ղեկավարությամբ։ Մոտենալով ափին՝ Փանդիթի արշավախումբը սկսում է կոկոսներ նետել դեպի ափ։ Զարմանալիորեն, բնիկներն առանց խուճապի մոտենում և սկսում են կոկոսները հավաքել։ Այնուամենայնիվ, աշխատանքն ավարտելուց հետո բնիկները փոքր նետերով սկսում են նախազգուշական ժեստեր կատարել, որպեսզի եկվորներն անմիջապես հեռանան իրենց կղզուց[8]։ 1997 թվականին Հնդկաստանի կառավարությունը որոշում է դադարեցնել նման այցելությունները։

Տեղաբնիկներին նույնիսկ հաջողվել է փրկվել 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից։ Կառավարությունը ռազմական ուղղաթիռ է ուղարկում, որպեսզի վերջինս փորձի հնարավոր տուժածներին օգնություն ցուցաբերել, ինչպես նաև պարզել կղզու վիճակը[8]։ Այնուամենայնիվ, բնիկները սկսում են նիզակներ նետել ուղղաթիռի ուղղությամբ[2][6][9]։ Չնայած երկաշարժի պատճառով կղզու մակերևույթը մասնակիրոն դեֆորմացվել է, սենտինելցիները ենթադրաբար արդեն հարմարվել են նոր պայմաններին։

2006 թվականի հունվարի 26-ին կղզու ջրերում ապօրինի կերպով հայտնված երկու ձկնորս սպանվում են բնիկների նիզակներից[10]։

2018 թվականի նոյեմբերին, 26-ամյա ամերիկացի քրիստոնյա միսիոներ Ջոն Ալեն Չոն, ապօրինի կերպով փորձել է մուտք գործել կղզի՝ բնիկների շրջանում քրիստոնեություն քարոզելու համար։ Չոյին այդտեղ հասցրած յոթ ձկնորսները տեսել էին, թե ինչպես են բնիկներն անմիջապես հարձակվել նրա վրա՝ նետերով ու աղեղներով սպանելով նրան, այնուհետև կիսով չափ թաղել լողափի ավազի մեջ[11]։

Քաղաքական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականից ի վեր կղզին պաշտոնապես պատկանում է Հնդկաստանի Հանրապետությանը և մտնում Անդամանյան և Նիկոբարյան կղզիների կազմի մեջ[12]։ Այնուամենայնիվ, քանի որ որպես այդպիսին որևէ փաստաթուղթ չի կնքվել կղզու ներկայացուցիչների հետ, կամ էլ չկան հիշատակումներ այն մասին, որ կղզաբնակներն հռչակել են իրենց ինքնիշխանության մասին, անորոշություններից խուսափելու համար միջազգային իրավունքի տեսանկյունից կղզին դիտարկվում է որպես Հնդկաստանի պաշտպանության տակ գտնվող ինքնավար տարածքային միավոր։ Այս պատճառով էլ Հյուսիսային Սենտինելն համարվում է Հնդկաստանի դե ֆակտո ինքնավար շրջաններից մեկը։

2005 թվականին Անդամանի և Նիկոբարի ղեկավարությունը հայտարարել է, որ որևէ մտադրություն չունի միջամտելու կղզու բնական միջավայրին և/կամ բնիկների ապրելակերպին և այլևս չի փորձի հաղորդակցվել վերջիններիս հետ[13]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ratha, S. N.; Pfeffer, Georg; Behera, Deepak Kumar (1997). Contemporary Society: Developmental issues, transition, and change. Concept Publishing Company. ISBN 81-7022-642-2. {{cite book}}: External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.)
  • Venkateswar, Sita (2004). Development and ethnocide: colonial practices in the Andaman Islands. IWGIA. ISBN 87-91563-04-6. {{cite book}}: External link in |title= (օգնություն)(անգլ.)
  • Pandya, Vishvajit (2009). In the forest: visual and material worlds of Andamanese history (1858-2006). University Press of America. ISBN 0-7618-4153-9. {{cite book}}: External link in |title= (օգնություն)(անգլ.)
  • National Geospatial Intelligence Agency (2005). Prostar Sailing Directions 2005 India & Bay of Bengal Enroute. ProStar Publications. ISBN 1-57785-662-7. {{cite book}}: External link in |title= (օգնություն)(անգլ.)
  • Great Britain, Hydrographic Dept (1887). The Bay of Bengal pilot. {{cite book}}: External link in |title= (օգնություն)(անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Աբորիգենները սպանում են բոլոր նրանց, ովքեր մոտենում են իրենց կղզուն». «Life.panorama.am». 2013 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին.(հայ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Weber, George. «Chapter 8: The Tribes; Part 6. The Sentineli». The Andamanese. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին.
  3. Ջորջ Ուեբեր (2009), «2004 թ. Հնդկական օվկիանոսի երկաշարժը և ցունամին» Արխիվացված 2010-07-15 Wayback Machine, վերցված է՝ հուլիսի 12, 2012
  4. 4,0 4,1 4,2 4,3 Pandya (2009) էջ 347.
  5. 5,0 5,1 Ադամ Գուդհարթ (2000) «Վայրենիների վերջին կղզին» Արխիվացված 2012-08-25 Wayback Machine, «Ամերիքըն սքոլար», աշուն, 2000(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 Pandya (2009) էջ՝ 362-363
  7. 7,0 7,1 7,2 7,3 Ratha; Pfeffer; Behera (1997) էջ 288.
  8. 8,0 8,1 8,2 «Արգելված կղզին». «Thelivingmoon.com». 2013 թ․ նոյեմբերի 25.(անգլ.)
  9. Բանքոմ, Էնդրյու (2010 թ․ փետրվարի 6). «Մեկ շնչով մի ամբողջ ժողովուրդ ու լեզու կվերանա». «The New Zealand Herald». «The Independent». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.(անգլ.)
  10. Փիթեր Ֆոստեր (2006)։ «Քարե դարի ցեղը սպանել է կղզուն մոտ գտնվող ձկնորսների» «The Telegraph», վերցված է հոկտեմբերի 11, 2011(անգլ.)
  11. «Հյուսիսային Սենտինել կղզում բնակվող վայրի ցեղի ներկայացուցիչներն ամերիկացու են սպանել. India Today». «Tert.am». 2018 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  12. Ջորջ Ուեբեր «Անդամանցիները՝ Մաս 1-ին. հաղորդակցություն» Արխիվացված 2011-10-03 Wayback Machine, վերցված է՝ հոկտեմբերի 8, 2011(անգլ.)
  13. Սուբիր Բհաումիկ «Վերացման վտանգ անդամանյան բնիկների համար» Արխիվացված 2012-09-14 archive.today, մարտի 5, 2005(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Սենտինել կղզի» հոդվածին։