Նիզակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիզակ

Նիզակ (նաև գեղարդ, տեգ), մոտիկից և հեռվից նետմամբ խոցող հնագույն զենք։ Գործածվել է որսի ժամանակ և մարտերում։ Երևան է եկել պալեոլիթի դարաշրջանում։ Նախնական նիզակը եղել է սրածայր փայտե ձող։ Հետագայում 1.5 մետրից մինչև 5 մետր երկարությամբ ձողի ծայրին ամրացրել են սուր շեղբեր։ Նիզակը առանձնապես տարածվել է երկաթի դարում։ Լայնորեն օգտագործվել է Հին Արևելքի երկրների ու անտիկ աշխարհի զարաբանակներում։ Եվրոպայում նիզակով զինվել են գլխավորապես ասպետական զորքերը։ Հաճախ օգտագործվել են սուր ծայրի կողքերից զույգ կեռեր կամ մի կողմից սակր ունեցող նիզակներ։ Նիզակի գործածությունը որոշ երկրներում հարատևել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի որոշ բնիկների մոտ նիզակը առայսօր օգտագործվում է որպես որսի զենք։ Հնում նիզակը դիտվել է իշխանության խորհրդանիշ։ Լանգոբարդները հանդիսավորությամբ նիզակ են հանձնել նորընծա թագավորին, հռոմեացիները՝ բարձր դաս փոխադրվող քաղաքացուն։ Պատերազմում պարտված հակառակորդին ու գերիներին նիզակներից պատրաստած յուրահատուկ «լծի» տակով անցկացնելու հին սովորույթը համարվել է անարգանքի ու ստորացման նշան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png