Կոորդինատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոորդինատներ, կոօրդինատներ [լատիներեն՝ co (cum)— համատեղ և ordinatus — կարգավորված, որոշված], թվերի համախումբ, որի տրումով որոշվում է կետի դիրքը հարթության, կամայական մակերևույթի վրա կամ տարածության մեջ։ Սիստեմատիկ կիրառություն գտած առաջին կոորդինատներն աստղագիտական և աշխարհագրական կոորդինատներն են ՝ լայնությունն ու երկայնությունը, որոնցով որոշում են կետի դիրքը երկնոլորտի կամ երկրագնդի մակերևույթի վրա։ XIV դարում ֆրանսիացի մաթեմատիկոս Ն. Օրեմը գրաֆիկների կառուցման համար օգտվել է հարթ կոորդինատներից՝ անվանելով երկայնություն և լայնություն այն, ինչ այժմ կոչվում են աբսցիս (լատիներեն՝ abscissus — կտրված, հատված) և օրդինատ։ Կոորդինատների մեթոդի ամբողջ նշանակությունը մաթեմատիկայում բացահայտվեց Ռենե Դեկարտի հետազոտությունների շնորհիվ։ Այդ մեթոդը հնարավորություն Է ընձեռում երկրաչափություն երկրաչափության խնդիրները փոխադրել մաթեմատիկական անալիզի լեզվի և ընդհակառակը՝ անալիզի փաստերը մեկնաբանել երկրաչափորեն։ Բացի կետի կոորդինատներից, դիտարկում են նաև ուղղի, հարթության և երկրաչափական այլ օբյեկտների կոորդինատներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png