Կարլոս Մեծ
Կարլոս I Մեծ (լատիներեն՝ Carolus Magnus կամ Կաղապար:Langi-de2, գերմ. Karl der Große, ֆրանսերեն՝ Charlemagne, 747թ. ապրիլի 2 — 814թ. հունվարի 28, Աախեն) — ֆրանկների արքա 768թ-ից, լանգոբարդների արքա 774թ-ից, Բավարիայի դուքս 788թ-ից, Արևմուտքի կայսր 800թ-ից: Պիպին Կարճահասակի ավագ որդին: Նրա անունով Պիպինների հարստությունը սկսվել է կոչվել Կարոլինգյան: Կարլոսը «Մեծ» է հորջորջվել դեռևս կենդանության օրեք:
Կարլոս Մեծը պատմության մեջ նշանավոր միաետներից մեկն է: Գահակալության վերջին տարիներին նրա իշխանությունը տարածվում էր ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի վրա` Հյուսիսային ծովից մինչև Միջերկրական և Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծովի արևելյան ափը: Կարլոսը արշավանքներ է կատարել Իսպանիա և Արևելյան Եվրոպա, իսկ Բալկաններում մոտեցել է անմիջականորեն Բյուզանդական կայսրության տիրույթներին:
Կարլոս Մեծը ոչ միայն նշանավոր զորավար էր, այլ նաև փայլուն վարչարար, որը արտառոց արդյունավետությամբ կառավարում էր իր հսկայական և բարդ կառուցվածք ունեցող տիրույթները: Նա անց է կացրել մազմաթիվ տնտեսական և ագրարային բարեփոխումներ, հովանավորել է կրթությանը, ակտիվորեն մասնակցել է բարդ եկեղեցական հարցերի լուծմանը: