Կարոլինգյան արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարոլինգյան արվեստ, Կարլոս Մեծի կայսրության և Կարուինգների թագավորական դինաստիայի թագավորությունների (VIII-X դարեր) արվեստը։ Ծաղկման է հասել «Կարոլինգյան վերածննդի» շրջանում VIII-IX դարերում, հիմնականում Ֆրանսիայում և Գերմանիայում։ «Կարոլինգյան վերածնունդն» ընթացել է անտիկ կրթության «վերածննդի» նշանաբանով. կազմակերպվել են նոր դպրոցներ (Տուրում, Կորբիում, Ֆուլդայում, Ռեյմսում և այլուր), արքունիք են հրավիրվել մի շարք ուսյալ գործիչներ, լուրջ ուշադրություն է դարձվել անտիկ գրականությանն ու ընդհանրապես աշխարհիկ գիտելիքներին, պատմագրության, կերպարվեստի և ճարտարապետության զարգացմանը, ձեռագրերի ընդօրինակմանը։ Այս արվեստում ձևավորվել են եվրոպական միջնադարյան ֆեոդալական արվեստի հիմունքները։ Այդ դարաշրջանի ինտենսիվ շինարարության մասին վկայում են գրական աղբյուրները (վանքերի, պալատների ընդարձակ համալիրներ, «բուրգ»-ամրություններ, բազիլիկ եկեղեցիներ)։ Պահպանված սակավաթիվ կառույցներից են՝ Ախենի բազմանկյուն կենտրոնակազմ կապելլան (մինչև 798-805), Ֆուլդայի Սանկտ-Միխայել կապելլա-ռոտոնդան (մոտ 820—822), Կորվեի եռանավ եկեղեցին (822—885), Լորշի վերդարպասյա կառույցը (մուռ 774)։ Տաճարների և պալատները գեղազարդվել են խճանկարներով (ժերմինյի-դե-Պրե եկեղեցի, 806 թվականից հետո) և որմնանկարներով (Մյունստերի եկեղեցու որմնանկարները, մոտ 800)։ Զարգացել է մանրանկարչությունը (ավետարանիչների պատկերներ, աստվածաշնչյան տեսարաններ, կարոլինգյան դինաստիայի միապետներ)։ Որոշ մանրանկարներ առանձնանում են անտիկ ոճավորման և միջնադարյան սիմվոլիկայի ու զարդանկարների համադրմամբ, մյուսները («Ադայի Ավետարան», IX դարի սկիզբ, Քաղաքային գրադարան, Թրիթ, «էբբոյի Ավետարան», մոտ 816-835, Քաղաքային գրադարան, էպերնե)՝ ազատ, դինամիկ կոմպոզիցիայով։ Փղոսկրից պատրաստվել են գրքերի կազմեր, զարդատուփեր և այլն։ Տարածված են եղել ձուլումը, դրվագումը, փորագրությունը, արծնակիտումը, քարի քանդակազարդումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png