Լայնականջ ոզնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայնականջ ոզնի
Լայնականջ ոզնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միջատակերներ
Ընտանիք Ոզնիներ
Ցեղ Ականջավոր ոզնիներ
Տեսակ Ականջավոր ոզնի
Լատիներեն անվանում
Hemiechinus auritus
Gmelin, 1770
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 633542
NCBI 217708

Լայնականջ կամ ականջեղ ոզնի (լատ.՝ Hemiechinus auritus), ոզնիների ընտանիքի կաթնասուն կենդանի։

Տարածվածությունը[խմբագրել]

Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Հարավարևեյան Եվրոպայում, Առաջավոր և Կենտրոնական Ասիայում, Հնդկաստանում, Ղազախստանում։ Գրանցված է ՀՀ և ԼՂՀ կենդանիների կարմիր գրքերում։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի և Արագածոտնի մարզերում։ Ղարաբաղի հարավում հանդիպում է Հադրութի շևջանի Թաղուտ գյուղի տարածքում, հյուսիսում Վարնկաթաղ (Լյուլասազ) գյուղի տարածքում։

Կենսակերպ[խմբագրել]

Գերադասում է բնակվել չոր տափաստաններում, կիսաանապատներում։ խույս է տալիս խիտ և բարձր բուսականությունից։ Հանդիպում է պտղատու այգիներում, բանջարանոցներում։ Կարող է բարձրանալ ծովի մակարդակից 1000-1300 մ։ Վարում է մթնշաղագիշերային կյանք։ Ցերեկները թաքնվում է իր պատրաստած բնում (խորությունը՝ 1-1,5 մ) կամ այլ կենդանիների լքված բներում։ Ունի լավ զարգացած հոտառություն։ Նոյեմբերից ապրիլ ձմեռային քուն է մտնում։ Զույգ է կազմում ձմեռային քնից արթնանալուց հետո։ Ամենակեր է, սակայն գերադասում է կենդանական ծագման կերերը։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 14-28 սմ է, պոչը՝ 1-2,5 սմ, ականջները՝ 3-5 սմ, կենդանի զանգվածը՝ 200-550 գ։ Փորի և կրծքի մորթին սպիտակավուն կամ բաց մոխրագույն է, հաճախ` միագույն, մռութը` գորշ սևից մինչև բաց շագանակագույն։ Փշերը կարժ են և տեղադրված մեջքի կողքերի հատվածում։ Ճակատն ունի մազաբաժիններ։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է միջատներով, որդերով, խխունջներով, օձերով, պտուղներով, հատապտուղներով և այլն։ Սննդային մրցակիցներից են սովորական ոզնիները, միջատակեր և գիշատիչ թռչունները։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բազմանում է ապրիլից մինչև ամռան կեսը։ Հղիությունը տևում է 7 շաբաթ։ Ունենում է մինչև 8 ձագ։ Թվաքանակը սահմանափակող գործոններից են բնակատեղերի յուրացումը, խամ ու խոպան հողերի հերկումը, կերահանդակներում անասունների ոչ ռացիոնալ արածեցումը, թունաքիմիկատների և պեստիցիդների օգտագործումը։

Թշնամիները[խմբագրել]

Թշնամիներից են գիշատիչ թռչունները, աղվեսները, թափառող շները, շնագայլերը, կզաքիսները։

Հիվանդությունները[խմբագրել]

Վարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։

Նշանակություն[խմբագրել]

Կարևոր նշանակություն ունի կենսոցենոզներում` որպես սննդային շղթայի օղակ և կարելի է օգտագործել որպես մկնանման կրծողների դեմ պայքարի կենսաբանական միջոց. ոչնչացնում է նաև վնասատու միջատներին[1][2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 182։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Красная книга Армянской ССР, Животные, Ер., 1987.
  4. Соколов В. Е., Систематика млекопитающих, Москва, Высшая школа, 1973.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png