Իշտվան Սեչենյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմս Իշտվան Սեչենյին:

Կոմս Իշտվան Սեչենյի (հունգարերեն՝ Gróf Széchenyi István) (1791 թ. սեպտեմբերի 21 - 1860 թ. ապրիլի 8), հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ: Եղել է Բատթյանյիի կառավարության հասարակական երթևեկության նախարար: Իր ժամանակակիցների կողմից արդեն արժանացել է «մեծագույն հունգարացի» կոչմանը, որը նրան տվել է Լայոշ Կոշութը: Սեչենյին եղել է արդիական Հունգարիայի ստեղծողներից մեկը: Նա Հունգարիայի քաղաքական պատմության ամենանշանավոր դեմքերից էր, բարեփոխելով Հունգարիայի տնտեսությունը, երթևեկությունը, ինչպես նաև քաղաքական, գիտական և մարզական կյանքը: Նա նախաձեռնեց Բուդապեշտի առաջին կամրջի կառուցումը, որը 1915 թվականից կրում է նրա անունը (Սեչենյիի շղթայակապ կամուրջ):

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Կոմս Իշտվան Սեչենյին ծնվել է 1791 թ. սեպտեմբերի 21-ին Վիեննայում: Նրա հայրը եղել է կոմս Ֆերենց Սեչենյին, Հունգարիայի Ազգային Թանգարանի հիմնադիրը: Իր մանկությունն անցկացրել է Նադյցենկում և Վիեննայում: 1808-1826 թթ. ծառայել է Ավստրիայի բանակում, մասնակցել է Նապոլեոնյան պատերազմում, մեծ դեր է խաղացել մանավանդ Լայպցիգի և Տոլենտինոյի ճակատամարտում: Արձակուրդներն անցկացնում էր ճանապարհորդություններով Ֆրանսիայում, Անգլիայում՝ ուսումնասիրելով տեղական մշակույթը և արդիական տեխնիկայի նվաճումները: Եղել է նաև Իտալիայում, Հունաստանում և Օսմանյան կայսրությունում: Վերադառնալով Հունգարիա, նկատել է հայրենիքի մշակութային, տնտեսական և տեխնիկական հետամնացությունը և նախաձեռնել է մի շարք հիմնական բարեփոխում մարզական, գիտական, երթևեկային և տնտեսական ասպարեզի վրա: 1836 թ. ամուսնացել է: Հունգարիայի 1848-1849 թթ. հակաավստրիական հեղափոխության ժամանակ դարձավ հասարակական երթևեկության և հանրային աշխատանքի նախարար 1848 թ. մարտի 23-ին: Առողջական վիճակը ստիպեց արձակուրդ վերցնել սեպտեմբերի 5-ին, սակայն այլևս չի վերադարձել: Կյանքի մնացած մասն անցկացրել է Դյոբլինի հոգեբուժարանում, որտեղ դանդաղ լավանում էր իր առողջական վիճակը: Բարձր պաշտոն ունեցող հյուրեր էր ընդունում, որի պատճառով Ավստրիայի ոստիկանությունը խուզարկություն անցկացրեց նրա սենյակում: 1860 թ. ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը ինքնասպանություն գործեց:

[խմբագրել] Նախաձեռնություններ

[խմբագրել] Ձիարշավ

Սեչենյին 1822 թ. հունվարի 31-ին գրավոր դիմում ներկայացրեց Ֆրանցիսկ Ա թագավորին Հունգարիայում ձիարշավներ կազմակերպելու մասին: Նույն նպատակով մի քանի ամիս անցկացրեց Գերմանիայում, Ֆրանսիայում և Անգլիայում, որպեսզի ձիաբուծությունն ուսումնասիրի: 1827 թվականին հիմնադրել է Արշավային Ընկերակցությունը, որը 1830 թվականին վերանվանվեց որպես Անասնաբուծական Ընկերակցություն, 1835 թվականին որպես Հունգարիայի Տնտեսական Ընկերակցություն: 1842 թվականին դրանից առանձնացավ Ձիարշավային Ընկերակցությունը: Վերջինիս գլխավոր հովանավորը դարձավ նադոր Հովսեփը:

[խմբագրել] Հունգարիայի Գիտությունների Ակադեմիա

Հունգարիայի 1791 թվականի Ազգային Ժողովն արդեն զբաղվում էր Հունգարիայի Գիտությունների Ակադեմիայի հիմնադրման հարցով: 1825 թվականի, այնպես կոչված «բարեփոխական Ազգային Ժողովի» ժամանակ Սեչենյին իր բոլոր հողերի մի տարվա եկամուտը տրամադրեց Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրման գործին: Առաջարկին հետևեցին մյուսների առաջարկները, այդ թվում նաև նադոր Հովսեփինը: Թագավորական համաձայնություն ձեռք բերելուց հետո Ազգային Ժողովը 1827 թվականին օրենք ընդունեց Հունգարիայի Գիտությունների Ակադեմիայի հիմնադրման մասին:

[խմբագրել] Ազգային Կասինո

1825 թվականին Սեչենյին այցելեց հերցոգ Մետտերնիխին, որպեսզի վերջինին համոզեր իր քաղաքական բարեփոխական նախագծերի մասին: Մետտերնիխը զգուշացրեց նրան, որ «շատ հեռու է գնում»: Այնուամենայնիվ Սեչենյին 1825 թվականի Ազգային Ժողովին բազմաթիվ անգամ ելույթ ունեցավ հունգարերեն լեզվի, ազատությունների և կրոնական հանդուրժողության մասին: Ազգային Ժողովի ընթացքում առաջարկեց Ազգային Կասինոյի հիմնադրումը՝ քաղաքական, տնտեսական և հասարակական հարցեր քննարկելու նպատակով, բայց նաև իր գաղափարները տարածելու հեռանկարով: 1827 թվականին հիմնադրվել է Ազգային Կասինոն: 1830 թվականին նաև Մետտերնիխին համոզել է, որ անդամագրվեր:

[խմբագրել] Շոգենավարկություն և գետերի կարգավորում

1830 թվականին Սեչենյին իր նավով ճանապարհորդեց Պեշտից մինչև Կոստանդնուպոլիս, որպեսզի իր իսկ փորձից տեղեկանա Դանուբ գետը նավարկելի դարձնելու հետ կապված անելիքների մասին: 1833 թվականին նադոր Հովսեփից ստացել է հանձնարարություն, որ Դանուբ գետն ամբողջ երկարությամբ նավարկելի դարձնի: Տասը տարով ղեկավարում էր Դանուբի հունի կարգավորման աշխատանքները: 1845 թվականին նախաձեռնել և սկսել է Տիսա գետի հունի կարգավորումը: Սեչենյին է ստեղծել շոգենավարկությունը նաև Բալատոն լճի վրա, որտեղ առաջին շոգենավը մեկնարկվել է 1846 թվականին:

[խմբագրել] Տնտեսական և քաղաքական բարեփոխումներ

Տնտեսական, ֆինանսական և քաղաքական բարեփոխումների վերաբերող իր տեսակետները լուսաբանել է Վարկ (1830 թ.), Լույս (1831 թ.) գործերում, որոնց հրապարակությունն այդ տարիների մեծագույն իրադարձությունն էր համարվում. բանավեճեր սկսվեցին Հունգարիայի ամբողջ հասարակությունում՝ նկարագրված բարեփոխումների շուրջ: 1833 թվականին հրապարակեց Փուլ վերնագրով աշխատությունը, որում 12 կետում ամփոփեց իր ֆինանսական, տնտեսական և քաղաքական գաղափարները (հավասարություն օրենքի առջև, ոչ ազնվականների պաշտպանություն, մենաշնորհների վերացում և այլն): 1834 թվականին սկսել է գրել մի աշխատություն հունգարերենի պաշտոնական լեզու դարձնելու մասին (Հունգարիայի պաշտոնական լեզուն եղել է լատիներենը մինչև 1844 թ.):

[խմբագրել] Շղթայակապ կամուրջ

Սեչենյին 1828 թվականից զբաղվում էր Դանուբի վրա կամուրջ կառուցելու նախագծով: Անգլիա է մեկնել, որպեսզի արդիական կամուրջներն ուսումնասիրի, այդտեղ համոզվեց, որ կախովի կամուրջ է կառուցելու: 1832 թվականին հիմնադրել է Կամրջային Միությունը, որի բաժինները զբաղվում էին քաղաքական, տեխնիկական և ֆինանսական պայմանները ստեղծելու գործերով: 1836 թվականին օրենք է ընդունվել կամուրջը կառուցելու մասին: 1837 թվականին նախաձեռնել է Շղթայակապ Կամրջի Բաժնետիրական Ընկերության հիմնադրումը: Շինարարությունը սկսվել է 1840 թվականին, Սեչենյին վերահսկում էր աշխատանքները մինչև իր հիվանդանալը և քաղաքական կյանքից հեռացումը (1848 թ. սեպտեմբերի 4): 1849 թ. նոյեմբերի 20-ին գործարկվել է Շղթայակապ կամուրջը, որը 1915 թվականին վերանվանվել է Սեչենյիի անունով:

[խմբագրել] Գլխավոր երկեր

  • Lovakrul («Ձիերի մասին»), Պեշտ 1828:
  • Hitel («Վարկ»), Պեշտ 1930:
  • Világ, vagyis felvilágosító töredékek némi hiba s előítélet eligazítására («Լույս: Լուսավորական հատվածներ ինչ-որ սխալ և նախապաշարմունք ուղղելու համար»), Պեշտ 1931:
  • Stadium («Փուլ»), Լայպցիգ 1833:
  • A Kelet népe («Արևելքի ժողովուրդը»), Պեշտ 1841:
  • Balatoni gőzhajózás («Բալատոնի շոգենավարկություն»), Պեշտ 1846:

[խմբագրել] Տես նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով