Զբոսաշրջությունը Պերուում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարտեզում պատկերված են Պերուի ամենահայտնի զբոսաշրջային դեստինացիաները

Զբոսաշրջությունը Պերուում տնտեսության երրորդ ամենամեծ ճյուղն է՝ ձկնորսությունից և հանքարդյունաբերությունից հետո[1] Երկրում զարգացած են հնագիտական հուշարձաններին ուղղված զբոսաշրջությունը, էկոտուրիզմը, մշակութային, գաստրոնոմիական, արկածային և լողափնյա զբոսաշրջությունը։ Ըստ Պերուի կառավարության կատարած հետազոտության՝ Պերու այցելելուց հետո զբոսաշրջիկների բավարարվածության մակարդակը 94% է[2]։ Պերուում զբոսաշրջությունը տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է։ Այն վերջին հինգ տարիներին տարեկան աճել է մոտ 25%-ով[3]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուում չկա որևէ հստակ ազգային ավիաընկերություն, սակայն կան Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից, Եվրոպայից և Ասիայից մի շարք ավիաընկերություններ, որոնք ծառայություններ են մատուցում Պերուին։ Ամենահայտնի ավիաընկերություններից են LAN Airlines-ը (տեղական և միջազգային), Avianca Peru-ն (միջազգային) և Star Perú-ն (տեղական)։ Երկրի օդանավակայաններին սպասարկում են նաև այլ երկրների միջազգային ավիաընկերությունները։ Լիմայի Jorge Chávez միջազգային ավիաընկերությունը երկրի առաջատար ավիաընկերությունն է։ Այն 2013 թվականին ընդունել է 15.295.808 ուղևորների։ Տեղական օդային տրանսպորտը թույլ է տալիս զբոսաշրջիկներին և տեղացիներին Պերուի մի քաղաքից մյուսը գնալ։

Մայրուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուն սահմանակից է հինգ երկրների և նրանցից բոլորի հետ, բացի Կոլումբիայից, կապված է մայրուղիներով։ Այս բոլոր մայրուղիների վրա գործում են միջազգային ավտոբուսների երթուղիներ, որոնք Պերուն կապում են Հարավային Ամերիկայի քաղաքների հետ։ Տեղական մայրուղիները ծածկում են երկրի ամբողջ տարածքը՝ բացի Լորետո մարզից, ուր կարելի է հասնել նավով կամ էլ ինքնաթիռով։ Չնայած այն բանին, որ երկրում մայրուղիները շատ են, դրանք հիմնականում գտնվում են վտանգավոր վայրերում, և այդ պատճառով բազմաթիվ ավտովթարներ են լինում։

Երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմայի մետրոյի շինարարությունը գրեթե ավարտված է։ Լիմայից դուրս գործում են միայն երկու երկաթուղային համակարգեր, որոնցից մեկը գտնվում է երկրի կենտրոնական մասում, իսկ մյուսը՝ հարավային։ Կենտրոնական երկաթուղու սկիզբը գտնվում է Լիմայում և հավասար է ծովի մակարդակին։ Այն հատում է Անդերը։

Հարավային երկաթուղին զբոսաշրջիկների կողմից ամենաշատ օգտագործվող երկաթուղին է, քանի որ այն Կուսկո քաղաքից տանում է դեպի Մաչու Պիկչու, որը զբոսաշրջային հայտնի կենտրոն է։ Երկաթուղին սկսվում է Արեկիպա մարզի Մոլյենդո քաղաքից և ավարտվում է Կուսկոյում։

Գետային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոնի դաշտավայրում տրանսպորտի մեկ ուրիշ տեսակ է գետային տրանսպորտը, որի միջոցով կապ է ստեղծվում այդ տարածքի քաղաքների միջև։ Ջրային ցանցի հիմնական հանգույցներն են Իկիտոս, Պուերտո Մալդոնադո, Պուկալպա և Յուրիմագուաս քաղաքները։ Քանի որ տարածաշրջանում քիչ են ավտոճանապարհները, գետային տրանսպորտը և օդագնացությունը տրանսպորտի հիմնական տեսակներն են։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուում զբոսաշրջությունը տնտեսության երրորդ ամենամեծ ճյուղն է[4]։ Դրանում ներգրավված է Պերուի աշխատուժի մոտ 10,8%-ը , ընդ որում մեծամասնությունը աշխատում է հյուրանոցային և տրանսպորտային ոլորտում։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմում են Պերուի ՀՆԱ-ի 7%-ը։

Զբոսաշրջային ժամանումները՝ ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Պերու այցելած զբոսաշրջիկների մեծ մասը հետևյալ երկրներից էին.

Երկիր Զբոսաշրջիկների թիվ
1 Չիլի 874,000
2 ԱՄՆ 445,745
3 Էկվադոր 174,000
4 Կոլումբիա 150,000
5 Բրազիլիա 144,000
6 Արգենտինա 142,000
7 Իսպանիա 117,000
8 Ֆրանսիա 80,000
9 Գերմանիա 66,000
10 Կանադա 66,000

Զբոսաշրջության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմայի մայր տաճարը Լիմայի պատմական կենտրոնում

Պերուում զբոսաշրջության ամենազարգացած տեսակը մշակութային տուրիզմն է։ Երկրի վրա մեծ ազդեցություն են ունեցել նախակոլումբիական քաղաքակրթությունները, մասնավորապես Ինկերի կայսրությունը, Չավինյան մշակույթը, Մոչիկա և Նասկա քաղաքակրթությունները, որոնք թողել են մշակութային և հնագիտական բավականին մեծ ժառանգություն։ Զբոսաշրջային ամենահայտնի կենտրոնը Մաչու Պիկչուն է։ Հայտնի են նաև Չան Չան քաղաքը, Սիպանը, Կուելապ բնակավայրը, Նասկայի գեոգլիֆները, Օլանտայտամբո քաղաքը, Կարալ բնակավայրը, Սակսայուաման վանական համալիրը և Սիլլուստանի գերեզմանատունը։ Զբոսաշրջիկները այցելում են նաև Պերուի՝ Իսպանական գաղութային ճարտարապետության կոթողներ, որոնց կարելի է հանդիպել Կուսկոյում, Արեկիպայում և Լիմայում։ Դրանք կառուցվել են մոտ 500 տարի առաջ և եղել են Պերուի փոխարքայության կազմում։ Մայրաքաղաք Լիմայում կան բազմաթիվ թանգարաններ, որոնք արտացոլում են երկրի բազմադարյա պատմությունն ու մշակույթը։ Այդ թանգարանների շարքում են Ազգային թանգարանը, Մարդաբանության ազգային թանգարանը, Պերուի մշակույթի ազգային թանգարանը և Իտալական արվեստի թանգարանը և այլն։

Միջազգային կամավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուի ազգային պարկերում հանդիպող յագուարը

Պերուն միջազգային կամավորների հայտնի դեստինացիաներից է։ Միջազգային կամավորությունը ևս համարվում է զբոսաշրջության առանձին ճյուղ։ Պերուում այն կենտրոնացված է այլ երկրներից կամավորների հավաքագրմանը, ովքեր օգնում են պահպանել կենդանական աշխարհը, մշակութային, պատմական ժառանգությունը և շրջակա միջավայրը։ Սակայն զբոսաշրջության այս ճյուղը ավելի քիչ տարածված է, քան մյուս ճյուղերը։

Էկոտուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուի տարածքի մոտ 60%-ը պատկանում է Ամազոնի ավազանին։ Պերուում հատուկ պահպանության տարածքները և ազգային պարկերը ավելի շատ են քան Հարավային Ամերիկայի որևէ այլ երկրում։ Պերուական Ամազոնում են գտնվում աշխարհի ամենամաքուր և անարատ խոնավ անտառները, որի շնորհիվ երկիրը գրավում է զբոսաշրջիկների, ովքեր հետաքրքրվում են բնության և շրջակա միջավայրի պահպանությամբ։

Պերուական Ամազոնը բաժանված է երկու մասի՝ Վերին և Ստորին ջունգլիներ։ Վերին ջունգլիները ավելի հասանելի են, մինչդեռ ստորին ջունգլիները՝ ավելի լավ պահպանված։ Երկու տարածքներն էլ ունեն բացառիկ կենդանական և բուսական աշխարհ։ Զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրություն են ներկայացնում Մանու ազգային պարկը, Ռիո Աբիսեո ազգային պարկը, Տամբոպատա Կանդամո հատուկ պահպանության տարածքը և այլն։

Արկածային զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսկոյից դեպի Մաչու Պիկչու տանող Ինկերի արահետը

Պերուի տարածքի երկրաբանական բազմազանության շնորհիվ երկրում լավ զարգացած են արկածային զբոսաշրջության տարբեր տեսակները՝ լեռնագնացությունը, սերֆինգը, ռաֆտինգը և այլն։ Պերուում անցկացվել են սերֆինգի միջազգային շատ մրցույթներ։

Պերուն բաժանված է աշխարհագրական երեք մարզերի՝ ծովափ, լեռնաշղթաներ և ջունգլիներ։ Դրանցից յուրաքանչյուրը, իր կլիմային և շրջակա միջավայրի առանձնահատկություններին համապատասխան, հարմարեցված է զբոսաշրջության տարբեր տեսակների համար։ Վերջերս ազգային և միջազգային զբոսաշրջիկների շրջանում հայտնի է դարձել ռաֆտինգը, որը զարգացած է Լիմայում և Կուսկոյում, որտեղ ավելի մեծ բարձրություններից թափվող գետերում ռաֆտինգով են զբաղվում պրոֆեսիոնալները, իսկ ավելի ցածր բարձրություններում ՝ սկսնակները։ Պերուում նաև զարգացած է արշավագնացությունը, որի համար հարմար են Կուսկոյից դեպի Մաչու Պիկչու տանող ճանապարհը և այլ վայրեր, ինչպես օրինակ Անկաշը։ Լեռնային շրջաններում զարգացած է լեռնագնացությունը։

Գաստրոնոմիական զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուական խոհանոցը հիմնականում իսպանական խոհանոցի և ազգային բազադրիչների խառնուրդ է, որի վրա հետագայում մեծ ազդեցություն են թողել չինական, իտալական, Արևմտյան Աֆրիկայի և ճապոնական խոհանոցները։ Պերուում շատ դժվար է գտնել որոշ մթերքներ (կիտրոն, շազգամ, կաղամբ, շագանակ), և այդ պատճառով տեղացիները ընդունել են ներգաղթյալների խոհանոցները և դրանցում առկա բաղադրիչները։ Պերուական խոհանոցում երբեմն հանդիպում են ճաշատեսակներ, որոնք վերցված են այլ խոհանոցներից, սակայն դրանց բաղադրությունը փոփոխված և հիմնված է երկրում առկա մթերքների և համեմունքների վրա։

Պերուական ճաշատեսակ ծովամթերքով

Պերուական խոհանոցի երեք հիմնական բաղադրիչներն են ցորենը, կարտոֆիլը և լոբին։ Դրանք օգտագործվում են այլ խոհանոցներից վերցված մթերքների, օրինակ բրնձի, մսի հետ համատեղ։

Մերձափնյա զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուն հարուստ է ծովափերով, որոնք հարմար են ցանկացած տեսակի զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Ծովափերը գրավում են և՛ տեղացի, և՛ արտասահմանցի զբոսաշրջիկների։ Ափամերձ տարածքներում կառուցվել են բազմաթիվ հանգստավայրեր և հյուրանոցներ։ Ամենահայտնի ափերն են Մանկորան և Պունտա Սալը, որոնք գտնվում են համապատասխանաբար Պյուրա և Տումբես մարզերում։ Կլիման այս ափերում տաք է ամբողջ տարի, սակայն կան նաև ափեր, որոնք հարմար են միայն ամռան ամիսներին այցելության համար։

Զբոսաշրջությունը հիմնականում վատ ազդեցություն է թողնում ափերի վրա։ Դրանք ժամանակի ընթացքում լցվում են հյուրանոցներով և հանգստյան տներով, դառնում են գերծանրաբեռնված և աղտոտված։

Թանկարժեք զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լողափ Մանկորայում, Պյուրա մարզ

2005 թվականից Պերուում սկսել է զարգանալ թանկարժեք և ճոխ զբոսաշրջությունը։ Երկրի բացառիկ զբոսաշրջային դեստինացիաներում կառուցվել են բազմաթիվ թանկարժեք և բարձրակարգ հյուրանոցներ։ Հետաքրքրություն ներկայացնող հիմնական վայրերն են Կուսկոն, Ուրուբամբան և Մաչու Պիկչուն։ Վերջերս հայտնի են դարձել նաև Տիտիկակա լիճը, Պունո մարզը, Իկիտոս քաղաքը և Կոլկա կիրճը, որտեղ կառավարության ներդրումների շնորհիվ կառուցվել են ճանապարհներ, զարգացվել են ենթակառուցվածքները և քայլեր են ձեռնարկվել զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։

Դեստինացիաներ՝ ըստ մարզերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուում զբոսաշրջային ամենահայտնի կենտրոներն են Լիմա քաղաքը՝ իր պատմական կենտրոնով, Կուսկոն, որը հայտնի է հիմնականում Ինկերի սուրբ հովտով, Մաչու Պիկչուով և տեղի ճարտարապետությամբ։

Ամազոնաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոնաս նահանգը ընդգրկում է միկրոկլիմաներ, որոնցից յուրաքանչյուրին հատուկ է մեծ կենսաբազմազանություն։ Ավելին, այս տարածաշրջանը եղել է նախակոլումբիական քաղաքակրթությունների բնակավայրը։ Վերջիններս թողել են հսկայական մշակութային ժառանգություն։ Նահանգի մարզկենտրոնը՝ Չաչապոյասը հայտնի է յուրահատուկ գաղութային ճարտարապետությամբ։ Քաղաքի փողոցները նեղ են և արտացոլում են տեղի բազմազան մշակույթները։

Նահանգի ամենահայտնի դեստինացիան Կուելապ ամրոցն է։ Այն կառուցել է Չաչապոյա ժողովուրդը, որը դիմադրել է Ինկերի կայսրության ընդլայնմանը։ Այս նահանգում է գտնվում Գոկտա ջրվեժը, որը հայտնաբերվել է 2005 թվականին և աշխարհում բարձրությամբ երրորդն է։ Պերուի կառավարությունը այժմ քայլեր է ձեռնարկում այդտեղ զբոսաշրջությունը զարգացնելու համար։

Անկաշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկաշ նահանգի Հուասկարան ազգային պարկը

Անկաշ մարզում է գտնվում Կորդիլիերա Բլանկան, որը Պերուի ամենաբարձր լեռնաշղթան է։ Այն Պերուի արկածային զբոսաշրջության էպիկենտրոնն է։ Լեռնաշղթան արշավագնացների համար իսկական դրախտ է, քանի որ այն լի է արահետներով և ճանապարհներով, որոնցից ոչ բոլորն են հայտնի զբոսաշրջիկների շրջանում, և արշավագնացներին դուր է գալիս ամեն անգամ հայտնաբերել նոր արահետներ։ Այս շրջանում կան ավելի քան 12.000 լճեր և շատ գյուղեր, որոնց բնակիչները միշտ պատրաստ են ընդունելու զբոսաշրջիկների։

Մարզկենտրոն Ուարասում զարգացած են դահուկային սպորտը և հեծանվային արշավները։ Այնտեղ ճանապարհորդներին տրամադրվում են լեռնային հեծանիվեր։

Ապուրիմակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամփայ ազգային արգելոց

Ապուրիմակը գտնվում է Պերուի հարավում և բաղկացած է բազմաթիվ գյուղերից և քաղաքներից, որտեղ բնությունը բավականին լավ է պահպանված։ Այս քաղաքներին բնորոշ է իսպանական գաղութային ճարտարապետությունը։ Այստեղ հիմնական զբոսաշրջային զբաղմունքը արշավագնացությունն է։ Քանի որ Ապուրիմակը մոտ է Կուսկոյին, շատ զբոսաշրջիկներ Կուսկո այցելելուց հետո գնում են Ապուրիմակ։

Արեկիպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեկիպան Պերուի՝ երկրաբանական կառուցվածքով, մշակույթով և հասարակական կյանքով ամենաբազմազան նահանգն է։ Զբոսաշրջային հայտնի կենտրոններն այս նահանգում Արեկիպա քաղաքը և Կոլկա կիրճն են։ Այստեղ զարգացած է արկածային զբոսաշրջությունը։ Արեկիպան հայտնի է որպես «սպիտակ քաղաք», քանի որ նրա շենքերը հիմնականում կառուցված են սպիտակ քարից, որը ստացվում է տարածքի հրաբուխներից։

Քաղաքի վրա ստվեր է գցում Միստի հրաբուխը, որը քաղաքին գրավչություն է տալիս։ Արեկիպան Լիմայից հետո Պերուի ամենազարգացած քաղաքն է։ Նրա պատմական կենտրոնը դասվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի աշխարհի ժառանգության վայրերի շարքին, քանի որ այն հարուստ է իսպանական բարոկկո ոճով կառուցված եկեղեցիներով և առանձնատներով։

Արեկիպա քաղաքից 100 մղոն հեռավորության վրա գտնվում է Կոլկա կիրճը, որի խորությունը երկու անգամ գերազանցում է Ամերիկայի Մեծ կիրճի խորությունը։

Այակուչո[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեկիպայի մայր տաճար

Այակուչո նահանգը գտնվում է Հարավային Անդերում։ Այնտեղ կան զբոսաշրջային շատ կենտրոններ։ Ասում են, որ մարզկենտրոնի՝ Այակուչոյի ամեն անկյունում մի եկեղեցի կա։ Դրանք կառուցել են իսպանացիները գաղութացման ժամանակաշրջանում։ Նահանգում կան Ուարի քաղաքակրթության թողած ճարտարապետական շատ կոթողներ։

Կախամարկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախամարկա նահանգում միաձուլված են գաղութային ճարտարապետությունը, պատմական ժառանգությունը և գեղեցիկ բնությունը։ Քաղաքը մեծ դեր է խաղացել Հարավային Ամերիկայի պատմության մեջ։ Այն եղել է Ինկերի ամրոց, որը գրավել են իսպանացիները, ովքեր վերջում գրավել են ամբողջ մայրցամաքը և ստեղծել են Պերուի փոխարքայությունը։ Գրավումից հետո Կախամարկա քաղաքը դադարել է Ինկերին պատկանել և դարձել է իսպանական ճարտարապետության կրողը, որի շնորհիվ այժմ զբոսաշրջային մեծ կենտրոն է։

Մաչու Պիկչու

Զբոսաշրջային դեստինացիաների շարքում են Ինկերի կառուցած բաղնիքները, տաք աղբյուրները, գերեզմանատները և ագարակները։

Կալյաո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալյաո նահանգը ավելի շատ քաղաք է քան քաղաքական միավոր։ Այն մտնում է Լիմայի ագլոմերացիայի մեջ և երկրի տրանսպորտային կենտրոնն է։ Այստեղ է գտնվում Jorge Chávez միջազգային օդանավակայանը, որը երկրում ամենամեծն է։ Կալյաոն Պերուի ամենամեծ նավահանգիստն է։ Այն հիմնադրվել է 1537 թվականին։ Պերուի փոխարքայության ժամանակաշրջանում ամբողջ հարստությունը, որը բռնագանձվում էր Հարավային Ամերիկայից, այնուհետև անցնում էր քաղաքով։

Կալյաոյի զբոսաշրջային կենտրոններից է Ֆիլիպ արքայի ամրոցը, որը կառուցվել է 1747 թվականին՝ քաղաքը ծովահեններից պաշտպանելու համար։ Ամրոցը մեծ դեր է խաղացել Պերուի անկախության պատերազմի ժամանակ։ Լա Պունտայի շրջանը Լիմայի մեծահարուստների բնակավայրն էր։ Այնտեղ շատ են ափամերձ շքեղ տները, որոնցից շատերը կառուցվել են դեռևս 19-րդ դարում։

Սաքսայուաման ամրոցը Կուսկո քաղաքի մոտ

Կուսկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսկո նահանգը Պերուի ամենաշատ այցելվող շրջանն է։ Այստեղ են գտնվում Կուսկո քաղաքը, Ինկերի սուրբ հովիտը և Մաչու Պիկչուն, որը աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկն է։ Կուսկո քաղաքը եղել է Ինկերի կայսրության մայրաքաղաքը։ Այն 1983 թվականի դասվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի աշխարհի ժառանգության վայրերի շարքին։

Քաղաքում կարելի է տեսնել ինկերի բազմաթիվ հուշարձաններ։ Երբ իսպանացիները ներխուժեցին քաղաք, նրանք փորձեցին վերացնել Ինկերի կառուցած շինություններից և ներմուծել իրենց մշակույն ու ճարտարապետությունը։ Նրանք միայն մասամբ կարողացան հասնել իրենց նպատակին։ Դարերի ընթացքում երկրաշարժերից և բնական այլ աղետներից ինկերի կառույցները չտուժեցին։ Այժմ Կուսկոն իսպանական և ինկական մշակույթների հետաքրքիր խառնուրդ է։

Նասկայի գեոգլիֆները

Զբոսաշրջության տեսանկյունից Կուսկոն Պերուի ամենազարգացած նահանգն է։ Այստեղ ենթակառուցվածքները չափազանց լավ են զարգացած, և զբոսաշրջիկների համար կան ամեն տեսակի հարմարություններ։ Քաղաքում կան բազմաթիվ հյուրանոցներ՝ սկսած ամենահասարակ հոսթելներից մինչև հինգաստղանի հյուրանոցներ։ Այստեղ զարգացած է նաև գաստրոնոմիական զբոսաշրջությունը։ Քաղաքի ռեստորաններում մատուցում են և՛ տեղական, և՛ արտասահմանյան տարբեր խոհանոցների բազմատեսակ ուտեստներ։ Կուսկոյի փողոցներում կարելի է լսել բազմաթիվ լեզուներ՝ իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլն։

Զբոսաշրջային կենտրոններից հայտնի են քաղաքի պատմական կենտրոնը՝ իր գաղութային ճարտարապետությամբ, Սաքսայուաման ամրոցը, Ինկա Ռոկա ամրոցը, Ինկերի սուրբ հովիտը և հնագիտական որոշ վայրեր։ Պերուի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոնը Մաչու Պիկչույի ավերակներն են։ Կուսկոյից այնտեղ կարելի է հասնել գնացքով կամ էլ ոտքով՝ Ինկերի արահետով։

Ուանկավելիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուակաչինա օազիս

Ուանկավելիկան Պերուի ամենաաղքատ և ամենաքիչ զարգացած շրջանն է։ Չնայած այս փաստին՝ այս շրջանի պատմությունը բավականի հարուստ է, որը արտացոլված է տեղի գաղութային գեղեցիկ ճարտարապետության մեջ։ Մինչև Իսպանացիների կողմից Պերուի գրավումը այստեղ բնակվել են Ուարիները և Չանկաները։ Այնուհետև Ուանկավելիկան դարձել է Պերուի փոխարքայության մաս։ Իսպանացիները հաստատվել են այստեղ, քանի որ այս շրջանը հարուստ է եղել արծաթի և սնդիկի հանքերով։ Իսպանացիները Ուանկավելիկայի նույնանուն մայրաքաղաքում թողել են հարուստ ճարտարապետություն և մշակութային ազդեցություն։

Ուանուկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուանուկո մարզում առկա են աշխարհագրական երկու մարզեր՝ ջունգլիներ և լեռնաշղթաներ։ Մայրաքաղաքը՝ Ուանուկոն գտնվում է Անդյան լեռնաշղթայում։ Այն հիմնադրվել է 1539 թվականին Իսպանացիների կողմից և կրում է իսպանական գաղութային ճարտարապետության ազդեցությունը։ Ջունգլիներում գտնվում է Տինգո Մարիան, որը նահանգի երկրորդ ամենամեծ քաղաքն է։ Այստեղ է գտնվում Տինգո Մարիա ազգային պարկը, որը հայտնի է հարուստ բուսական և կենդանական աշխարհով։ Այստեղ կան նաև հետաքրքիր շատ քարանձավեր։

Իկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իկա նահանգը բազմաթիվ հին քաղաքակրթությունների կենտրոնն է։ Այս շրջանում հայտնի զբոսաշրջային կենտրոն են Նասկայի գեոգլիֆները՝ մի առեղծված, որը մինչև օրս հնէաբաններին չի հաջողվում բացահայտել։ Սրանք իրենցից ներկայացնում են անապատում մղոններով ձգվող գծեր, որոնք ունեն կենդանիների և տարբեր պատկերների տեսք և երևում են միայն մեծ բարձրությունից։ Մեկ այլ հայտնի կենտրոն է Պարակաս ազգային արգելոցը, որը գրավում է բազմաթիվ մշակութային և էկոլոգիական զբոսաշրջիկների։

Խունին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խունին նահանգը, Ուանուկոյի նման, բաժանված է ջունգլիների և լեռնաշղթաների, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար նահանգի արևելյան և արևմտյան հատվածները։ Մայրաքաղաքը՝ Ուանկայոն, Պերուի ամենամեծ քաղաքներից մեկն է և գտնվում է Մանտարո գետի հովտում։ Խունինի արևմտյան հատվածում բնակվել են իսպանացիները, և այստեղ պահպանվել է գաղութային ճարտարապետությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Turismo Total y Exportaciones, 1989–98» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  2. «Peru Travel – Peru.com – Trip to Peru, perfect vacation, tours to Perú, reservations, package tours, testimonials, hotels, restaurants, traveler's guide, tours, visas, transpo...». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  3. «Perú logra mayor crecimiento turístico en América del Sur» (իսպաներեն). Xinhua News Agency. 2004 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  4. «Perú supedita crecimiento de turismo en 2008 al aumento de la capacidad aérea». El Economista (իսպաներեն). Spain. 2003. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.