Գերհարդ Մերկատոր
Գերհարդ Մերկատոր, Գերհարդ վան Կրեմեր (Gerhardus Mercator, Gerhardus van Kremer մարտի 5 1512 թ. - դեկտեմբերի 2 1594 թ.), ֆլամանդական քարտեզագիր: Լատինացված ազգանունը (Kremer-ը փոխված է Mercator-ի) երկու լեզվով էլ նշանակում է առևտրական:
Կենսագրությունը[խմբագրել]
Ծնվել է 1512 թվականին Րուպելմոնդում (արևելյան Ֆլանդրիա, այժմ Բելգիա): Սկզբում սովորել է Հերտոգենբոսում (այժմ Նիդերլանդներ), ապա Լուվենի (այժմ Բելգիա) համալսարանում: Համալսարանն ավարտելուց հետո՝ 1532 թվականից սկսում է Գեմմա-Ֆրիզի հետ Երկրի և Լուսնի գլոբուսներ պատրաստել, միաժամանակ պատրաստում է ճշգրիտ օպտիկական գործիքներ, դասավանդում աշխարհագրություն և աստղագիտություն:
1544 թվականին Մերկատորը, որ բողոքականության կողմնակից էր, մեղադրվում է հերետիկոսության մեջ և ձերբակալվում: Ազդեցիկ կապերի միջոցով ազատվում է, բայց վախենալով հետապնդումներից տեղափոխվում է Դույսբուրգ (Գերմանիա): Մահացել է այդտեղ 1594 թվականին:
Գործունեությունը[խմբագրել]
Զբաղվել է ճշգրիտ օպտիկական (գեոդեզիական) գործիքների, գլոբուսների, քարտեզների պատրաստումով: Հանույթային աշխատանքներ է կատարել Լոթարինգիայում ու Բավարիայում, կազմել այդ շրջանների առաջին տեղագրական քարտեզները: Իր կազմած քարտեզների ժողովածուն անվանել է «Ատլաս», որը մտել է համաշխարհային գրականության մեջ և օգտագործվում է աշխարհի բոլոր լեզուներով: Հաշվել է քարտեզագրական գլանային հավասարանկյուն պրոյեկցիան (Մերկատորի պրոյեկցիա), որը ծովային քարտեզների համար մինչև այժմ էլ անփոխարինելի է: Այդ պրոյեկցիայի վրա լոքսոդրոմիան պատկերված է ուղիղ գծով, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ որոշելու նավի կուրսը: Մեծ արժեք է ներկայացնում Մերկատորի կազմած և նրա մահից հետո՝ 1595 թվականին որդիների կողմից հրատարակված աշխարհի ատլասը, որը մաթեմատիկական ճշտությամբ և կատարման գեղեցկությամբ իր ժամանակին իր հավասարը չի ունեցել և օրինակ է ծառայել ուրիշ ատլասներ կազմելու համար: Մերկատորը որոշել է երկրի մագնիսական բևեռների աշխարհագրական կոորդինատները:
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Մերկատորի եվրոպայի ատլասը(1570) (անգլերեն)
- Մերկատորի ատլասը(անգլերեն)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |