Անձնային իմաստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անձնային իմաստը անձի կոնկրետ վերաբերմունքն է այն ամենի նկատմամբ, ինչի համար նա գործում է, անձի կողմից ինչ-որ բանի նշանակության հաստատում հենց իր համար։ Իմաստի՝ որպես հոգեբանական կատեգորիայի, խնդիրը գալիս է Վիլհելմ Դիլթեյի «Նկարագրական հոգեբանությունից»։ Նկարագրական, հասկացական հոգեբանության խնդիրը նա համարում էր անձի հոգևոր կյանքի իմաստային բովանդակության բացահայտումը։ Ինքը՝ Դիլթեյը չի օգտագործում «իմաստ» տերմինը, այլ անձի հոգևոր կյանքը նկարագրելիս դիմում է այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են «կյանքի միավոր», «կյանքի արժեք», «կենսական կապ»։ Ըստ Դիլթեյի՝ մարդու հոգևոր կյանքը գտնվում է շրջապատող իրականության և հոգեֆիզիկական գործընթացների հետ նպատակահարմար, կառուցվածքային փոխկապվածության մեջ։ Հոգևոր կյանքի կենտրոնը կազմում են դրդումներն ու զգացումները, որոնք հարաբերվում են կյանքի արժեքներին։ Արժեքավոր մարդու համար դառնում են միայն այն երևույթները, որոնք ապրվում են զգացումներում։ Բայց կյանքի արժեքը կազմված չէ միայն այդպիսի զգացումներից և չի կարող հաստատվել միայն նրանց միջոցով։ Մարդու գոյության մեջ արժեքավոր է կյանքի ամբողջական լցվածությունը։ Մարդն այդ արժեքը տեղոփոխում է իր գործունեության, կենսական բոլոր հարաբերությունների, ապրումերի, հայացքների և գաղափարների վրա, որոնցով լցված է նրա գոյությունը։ Արտաքին աշխարհի հետ մարդու կապի կարգավորիչը հենց կյանքն է։ Շպրանգերը հոգին դիտարկում է որպես կենսաբանական և հոգևոր կառուցվածք, ընդ որում, իմաստներն առկա են այդ կառուցվածքներում որպես վերանհատական կազմավորումներ, որոնք իրականացնում են ինտեգրող և կարգավորիչ գործառույթներ։

Իմաստի վերաբերյալ տեսական պատկերացումներն արևմտյան հոգեբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեվերլուծական մոտեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեվերլուծությունը դասվում է այն տեսությունների շարքին, որոնք փորձում են պնդել, որ վարքն ունի որոշակի իմաստ, որը կարելի է դուրս բերել այդ իմաստի պատմությունից։ Ֆրոյդի, Ալֆրեդ Ադլերի, Կառլ Յունգի տեսություններն ընդգրկում են իմաստի խնդրին վերաբերող ավելի ուշ մոտեցումների գրեթե բոլոր հիմնական գաղափարները։ Ֆրոյդը ցույց է տվել ոչ կամային վարքային դրսևորումների և ֆանտազիաների իմաստավորված բնույթը՝ կապ սահմանելով անձի ակտուալ դրդապատճառների և կյանքի պատմության միջև։ Ադլերն ուշադրություն է դարձրել կյանքի իմաստի հետ վարքային իմաստների վերջնական կապերին, մշակել կյանքի իմաստի և հոգեկան գործընթացների վրա նրա ազդեցության առաջին հոգեբանական տեսությունը, ինչպես նաև ուշադրություն դարձրել սուբյեկտիվ իմաստի վրա, որը մարդու համար ձեռք է բերում նրա կենսագործունեության հանգամանքը։ Յունգն ավելի վաղ, քան Ադլերը, նշել է մարդու ֆունդամենտալ ուղղվածությունը իր կյանքի իմաստի որոնման համար՝ այն ներկայացնելով որպես հատուկ խնդիր և պահանջմունք, ինչպես նաև ընդգծել է և´ կյանքի անհատական իմաստի, և´ երազի ու ֆանտազիայի պրոդուկտների իմաստի սոցիոմշակութային պայմանավորվածությունը։ Ադլերի և Յունգի մոտ իմաստը հանդես է գալիս երկակիորեն. մի կողմից այն բազիսային ինտեգրալ կազմավորում է, որը պատճառավորում է անհատի ամբողջ կեսագործունեության բովանդակությունն ու ուղղվածությունը, իսկ մյուս կողմից՝ որպես դրդապատճառներից և մի շարք այլ գործոններից ածանցված, գործունեության և անհատի գիտակցության մասնավոր կառուցվածքային տարր։ Փաստացի, այստեղ կարելի է նշել հոգեբանական երկու իրականությունների մասին, թեև փոխկապակցված։ Եվ պատահական չէ, որ հետագա հետազոտություններում այդ երկու իրականությունները տարանջատվել են. որոշ մոտեցումներում իմաստը ներկայացվում է որպես ինտեգրալ կազմավորում, իսկ մյուսներում՝ որպես ածանցյալ կառուցվածքային տարր։

Վիկտոր Ֆրանկլի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմաստի՝ որպես կյանքի խնդրի պատկերացումը, մանրամասն մշակված է Վիկտոր Ֆրանկլի` անձի և հոգեթերապիայի տեսության մեջ, որը նա բաժանել է երեք հիմանական մասերի` ուսմունք իմաստի ձգտման մասին, ուսմունք կյանքի իմաստի մասին և ուսմունք ազատ կամքի մասին։ Մարդու կողմից իր կյանքի իմաստի որոնման ձգտումն ու իրացումը Ֆրանկլը դիտարկում է որպես բնածին միտում, որը հատուկ է բոլոր մարդկանց և համարվում է անձի վարքի և զարգացման հիմնական շարժիչ. որպեսզի մարդն ապրի և ակտիվ գործի, պետք է հավատա իր արարքների իմաստին։ Իմաստի բացակայությունը մարդու մոտ առաջացնում է մի վիճակ, որը Ֆրանկլն անվանում է էքզիստենցիալ վակուում։ Հոգեկան առողջության անհրաժեշտ պայման է լարվածության որոշակի մակարդակը, որն առաջանում է մի կողմից մարդու և մյուս կողմից՝ արտաքին միջավայրում լոկալիզացված օբյեկտիվ իմաստի միջև, որը մարդը պետք է իրագործի։ Իմաստը պետք է միշտ գտնվի իրականությունից առաջ, և նրա հիմնական գործառույթը՝«իմաստի իմաստը», իրականությանը տեմպ հաղորդելն է։ Այսպիսով, մարդը ձգտում է ձեռք բերել իմաստ և ֆրուստրացիա կամ վակուում է զգում, եթե այդ ձգտումը մնում է ոչ կամածին։ Կյանքի իմաստի մասին ուսմունքը սովորեցնում է, որ իմաստը սկզբունքորեն հասանելի է ցանկացած մարդու՝ անկախ սեռից, տարիքից, ինտելեկտից, կրթությունից, բնավորությունից, միջավայրից և այլն։ Սակայն իմաստի գտնելը ոչ թե ճանաչողության, այլ կոչման խնդիր է։ Մարդը չի բարձրացնում կյանքի իմաստի հարցը, կյանքն է այդ հարցը դնում նրա առաջ։ Իմաստը սուբյեկտիվ չէ, մարդը չի ստեղծում այն, այլ գտնում է աշխարհում, օբյեկտիվ իրականության մեջ։ Իմաստների որոնման և գտնելու մեջ մարդում օգնում է խիղճը, որը Ֆրանկլը սահմանում է որպես իմաստային օրգան, որպես ինտուիտիվ ընդունակություն՝ փնտրելու յուրաքանչյուր իրավիճակում թաքնված իմաստը։ Ըստ Ֆրանկլի՝ իմաստի ընկալումը «գործունեության ֆոնին հնարավորության գիտակցումն է կամ այն բանի գիտակցումը, թե ինչ կարելի է անել տվյալ իրավիճակում»։ Սակայն իմաստը գտնելու հետ մեկտեղ այն պետք է նաև իրագործել։ Մարդը պատասխանատվություն է կրում իր կյանքի եզակի իմաստի իրագործման համար։ Իրականացնելով իր կյանքի իմաստը՝ մարդը դրանով իսկ իրականացնում է իրեն, այսպես կոչված, ինքնաիրացումն իմաստի իրականացման պրոդուկտ է։ Այնուամենայնիվ, մարդը երբեք չգիտի, արդյո˚ք նրան իսկապես հաջողվեց իրականացնել իր կյանքի իմաստը։ Այսպիսով, կյանքի իմաստի մասին Ֆրանկլի հիմնական դրույթն այն է, որ «մարդը չի կարող զրկվել իմաստից ոչ մի հանգամանքում. կյանքի իմաստը միշտ կարող է գտնվել։ Ֆրանկլի երրորդ` ազատ կամքի մասին ուսմունքի, հիմնական դրույթն այն է, որ մարդն ազատ է՝ գտնելու և իրացնելու իր կյանքի իմաստը, եթե նույնիսկ նրա ազատությունը նկատելիորեն սահմանափակվում է օբյեկտիվ հանգամանքներով։ «Մարդն ազատ է այն բանի շնորհիվ, որ նրա վարքը, առաջին հերթին որոշվում է արժեքներով և իմաստներով»։ Այսպիսով, Ֆրանկլի համար իմաստի ձեռք բերումն ու իրացումը հանդես են գալիս որպես մարդու առջև դրված խնդիր, որի լուծմանն է նա ուղղորդում իր բոլոր ջանքերը, ընդ որում, նրա լուծման հաջողությունը երաշխավորված չէ, իսկ անհաջողությունը հանգեցնում է անձնային զարգացման լուրջ խանգարումների։ Կարևոր են Ֆրանկլի դրույթներն իմաստային հատուկ իրականության, իմաստային չափման մասին, որոնք չեն հանգեցվում հոգեկան իրականությանը։

Ֆենիքսի մոտեցումը իմաստի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական և սոցիալական իրականության ինտեգրացիայի ասպեկտում իմաստի առավել քիչ զարգացած մոտեցում է Ֆենիքսի տեսությունը։ Ֆենիքսը նույնպես մարդու էությունը կապում է իմաստի իրագործման նրա ուղղվածության հետ։ Նա առանձնացնում է չորս պարամետրեր. 1) ապրում, ռեֆլեքսիվ ինքնագիտակցություն, որը միջնորդավորում է վարքային ռեակցիաները, 2) այդ ապրումի կառուցվածքավորման տրամաբանական սկզբունքներ, 3) պոտենցիալ համակցությունների բազմությունից նշանակալից իմաստների ընտրություն, 4) իմաստային կառույցների արտահայտում՝ համապատասխան սիմվոլիկ ձևերի միջոցով։ Իմաստների կարևոր բնութագիր է նրանց սոցիալականությունը։ Ֆենիքսի մոտ իմաստները հանդես են գալիս որպես ուսուցման առարկա. «գիտելիքի տարբեր կառույցներ տարբեր իմաստների էությունն են»։

Ժոզեֆ Նյուտտենի վարքային տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ժոզեֆ Նյուտտենի՝ վարքն ընդհանրապես հարաբերվում է իմաստավորված իրավիճակի հետ իմաստավորված աշխարհում։ Մեզ շրջապատող օբյեկտներն իմաստավորված են. «գործընթացը, որի ընթացքում օբյեկտն ընկալվում է որպես իմաստ ունեցող, ներառում է այդ օբյեկտի դերի իրացում ընդհանուր վարքային գեշտալտում»։ Միջավայրը, օբյեկտներն ու իրավիճակներն իմաստ ունեն միայն գործող սուբյեկտի նկատմամբ։ Ըստ Նյուտտենի՝ իմաստը կառուցվում է իրավիճակի և մոտիվացիայի միջև։ Իմաստավորված իրավիճակները կառուցվում են մարդու կողմից տեղեկատվության մշակման և աշխարհի կոնցեպտուալ պատկերի կառուցման գործընթացում։ Իրավիճակի և օբյեկտների իմաստով դրվում և ուղղորդվում է կոնկրետ վարքը։ Նյուտտենի տեսության հետ որոշակիորեն հարաբերվում է Ռոլո Մէյի` մարդկային վարքի էքզիստենցիալ տեսությունը։ Մարդու վարքը հասկանալու համար անհրաժեշտ է բացահայտել նրա իմաստը։ Դրա հետ մեկտեղ ցանկացած փոխըբռնում հիմնվում է համատեղ իմաստային մատրիցայի վրա. ընկերությունն ու սերը պահանջում են, որպեսզի մենք մասնակցենք ուրիշի իմաստային մատրիցային` չհրաժարվելով մերից։ «Այսպիսի եղանակով մարդկային գիտակցությունը հասկանում է, աճում է, փոխվում է, լուսավորվում և իմաստավորվում»։

Ջորջ Կելիի անձնային կոնստրուկտների տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Կելիի անձնային կոնստրուկտների տեսությունը կարելի է անվանել ուղղակիորեն անձնային իմաստների տեսություն։ Կոնստրուկտներն իրենից ներկայացնում են իրադարձությունների դասակարգման և գնահատման սուբյեկտիվ պարամետրեր, որոնք պարտադիր չէ՝ արտահայտված լինեն բառացի։ Իրադարձությունների իմաստները, ըստ Կելիի, սուբյեկտիվ են և միայն պրոյեկտվում են աշխարհում։ Իմաստները, որոնք մենք վերագրում ենք իրադարձություններին, արմատավորվում են այդ իրադարձությունների պատճառների և հետևանքների սուբյեկտիվ գնահատականում՝ նրանց ժամանակային դինամիկայով։ Կյանքի իմաստավորվածությունը Կելին կապում է ներկայում անցյալը, ներկան և ապագան տեսնելու ընդունակության հետ։

Ֆենոմենոլոգիական հոգեբանություն. Յուջին Ջենդլին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմաստը ձևավորվում է ապրումի և ինչ-ոչ բանի փոխազդեցության մեջ, որն իրականացնում է սիմվոլիկ գործառույթ», իմաստը միշտ ներառում է որոշակի ասպեկտներ, որոնք տվյալ պահին խորհրդանշված չեն։ Ապրվող իմաստների հիմնական բնութագրերը կապված են նրանց պոտենցիալ անսպառության հետ, հնարավորությամբ՝ հանդես գալու այլ իմաստների հետ բազմազան ֆունկցիոնալ հարաբերությունների մեջ՝ առաջացնելով նոր իմաստներ։ Ապրումների առանձին ասպեկտներ նույնպես կարող են ձեռք բերել նոր սիմվոլիկ վերափոխումներ, հանդես գալ հոր հարաբերություններում։

Իմաստի կատեգորիան Խորհրդային հոգեբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային հոգեբանության մեջ երկար ժամանակ անձնային իմաստն ընդունված էր սահմանել որպես այն օբյեկտների նկատմամբ անձի իրական վերաբերմունքի անհատականացված արտացոլում, որոնց համար ծավալվում է գործունեությունը. Վերջինս գիտակցվում է որպես «ինձ համար» նշանակություն»։

Գործունեության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության տեսության մեջ իմաստի վերաբերյալ տեսական պատկերացումները դիտարկվում են մարդու գործունեության, կենսագործունեության համատեքստում։ Այս ուղղության հիմքում ընկած են Վիգոտսկու պատմամշակութային հայեցակարգի շատ դրույթներ։ Լև Վիգոտսկին առաջիններից մեկն է խորհրդային հոգեբանության մեջ անդրադարձել իմաստի խնդրին՝ որպես հոգեբանական կատեգորիայի։ Ի սկզբանե, իմաստը նրա կողմից դիտարկվել է որպես հոգելեզվաբանական կատեգորիա։ Այնուհետեև, Վիգոտսկին իմաստի հասկացությունը տեղափոխում է մարդկային գիտակցության ոլորտ՝ նշելով, որ «գիտակցությունն ամբողջությամբ ունի իմաստային կառուցվածք»։ Մշակելով բարձրագույն հոգեկան ֆունկցիաների խնդիրը, աֆեկտի և ինտելեկտի հարաբերակցությունը՝ Վիգոտսկին առաջադրում է գործունեության իմաստային կարգավորման հարցը։ Սահմանելով իմաստը՝ որպես հոգեբանական բոլոր գործոնների համագումար, բարդ դինամիկ կազմավորում՝ նա ներմուծում է իմաստային դաշտ հասկացությունը, որը հասկացվում է որպես մարդու կողմից գիտակցվող իր վարքի ակտուալ վիճակ։ Այս դրույթը մեծապես հարաբերվում է Կուրտ Լևինի կյանքի տարածության հասկացության հետ։ Ի տարբերություն Լևինի՝ Վիգոտսկին չի տարանջատում իրավիճակի դինամիկան ինտելեկտից։ Ըստ նրա՝ դինամիկ իմաստային համակարգը` որպես ամբողջական բաղադրիչ, ներառում է իր մեջ աֆեկտիվ և ինտելեկտուալ գործընթացներ` իրենց միասնությամբ։ Ծագած ապրումը (իրականության նկատմամբ աֆեկտիվ վերաբերմունքը) հանդես է գալիս որպես դինամիկ համակարգի միավոր։ Վիգոտսկու «ապրում» հասկացությունը հիմք հանդիսացել Ալեքսեյ Լեոնտևի կողմից մշակված անձնային իմաստի խնդրի համար գործունեության տեսության մեջ։ Վերլուծելով մարդկային գործունեության կառուցվածքը, հաստատելով օբյեկտիվ հարաբերություններ նրա օբյեկտիվ բաղադրիչների միջև՝ Լեոնտևը ցույց է տվել, որ իմաստը ստեղծվում է սուբյեկտի կողմից իր և այն բանի միջև հարաբերության արտացոլման արդյունքում, ինչին ուղղված են նրա գործողությունները։ Հենց նպատակի նկատմամբ նրա դրդապատճառի հարաբերություն է առաջացնում անձնային իմաստ՝ ընդգծելով, որ իմաստաձևավորող ֆունկցիան այդ հարաբերության մեջ պատկանում է դրդապատճառին։ Ծագելով գործունեության մեջ՝ իմաստը դառնում է մարդկային գիտակցության միավոր։ Իմաստը չի պատկանում սուբյեկտին։ Իմաստը սուբյեկտիվ-օբյեկտիվ կատեգորիա է։ Մարդու համար սկզբում իմաստը հանդես է գալիս որպես հասարակական նշանակություն, և միայն հետո՝ իմաստ նրա համար։ Ըստ Ա. Լեոնտևի՝ անձնային իմաստ հասկացության տակ թաքնված է անձի համակարգային հոգեբանական հետազոտության կարևորագույն խնդիրներից մեկը։ Վիգոտսկու և Ա. Լեոնտևի աշխատանքներում արծածված դրույթները հետագայում արտացոլվել են գործունեության տարբեր ասպեկտների հետ կապված իմաստի խնդրի մշակումներում։

Օլեգ Տիխոմիրով. Մտածողության իմաստային կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրելով իմաստային կարգավորման օրինաչափությունները մտավոր խնդիրների լուծման համատեքստում` Տիխոմիրովը` որպես կարգավորման միավոր, առանձնացնում է վերջնական նպատակի բազմակի վերափոխվող իմաստը։ Հենց վերջնական նպատակի իմաստն էլ պայմանավորում է իրավիճակի իմաստն ամբողջությամբ։

Ֆյոդոր Վասիլյուկի մոտեցումը իմաստի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ. Վասիլյուկն անդրադարձել է կամային գործընթացներով իմաստի պայմանավորվածության խնդրին։ Իմաստը՝ որպես կենսական հարաբերությունների ամբողջական համագումար, Վասիլյուկի մոտ համարվում է «անձի դրդապատճառա-արժեքային համակարգի պրոդուկտ և հասկացվում որպես ինչ-ոչ ներքին և սուբյեկտիվ»։ Իմաստ հասկացությունը սերտ կապված է ժամանակային հեռանկարի հետ։ Նա նշում է, որ թեև իմաստը ինքնին «անժամանակային է», այն մարմնավորվում է ժամանակային ձևում՝ որպես «իմաստային ապագա»։ Ակնհայտ է, որ իմաստը չի կարող գոյություն ունենալ զարգացման, հեռանկարի, ապագայի համատեքստից դուրս, որը Վասիլյուկը պատկերավոր անվանում է «իմաստի տուն»։ Ըստ նրա՝ «իմաստային ապագան» իրականության նկատմամբ իմաստի հարաբերության արտացոլումն է։

Ալեքսանդր Ասմոլով. Իմաստը անձի կառուցվածքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերլուծելով անձի կառուցվածքը՝ Ասմոլովը, որպես վերլուծության միավոր, առանձնացնում է դինամիկ իմաստային համակարգը։ Այս համակարգի հիմնական բնութագրերն են հարաբերական ինքնուրույնությունը, կյանքն իր ներքինում, նրա ածանցումն իրեն առաջացնող գործունեությունների համակարգից։ Ասմոլովն առաջ է քաշում իմաստային դիրքորոշում հասկացությունը՝ որպես անձնային իմաստի արտահայտման ձև՝ ուղղորդված գործունեության իրագործման պատրաստակամության տեսքով։ «Անձնային իմաստը դիրքորոշման բովանդակությունն է»։ Անձնային իմաստը հասկացվում է որպես աշխարհում անձի օբյեկտիվ հարաբերությունների ներքնայնացման արդյունք գիտակցության մեջ։ Այսպիսով, անձնային իմաստները, դրդապատճառները, դիրքորոշումները այլ անձնային կազմավորումների հետ ձևավորում են անձի ինքնավար իմաստային համակարգը, որն էլ պայմանավորում է անձի դինամիկան, արտացոլում նրա ներքին միասնությունը և կարգավորում վարքի ուղղվածությունը։

Դմիտրի Լեոնտևի Իմաստի հայեցակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմաստ կատեգորիայի բազմակողմանի և համակարգային հասկացումն արտացոլված է Դ․ Լեոնտևի հետազոտության մեջ։ Այս ֆենոմենի բազմասպեկտությունը ցույց տալու համար նա ներմուծում է «իմաստային իրականություն» հասկացությունը, որը և պայմանավորում է ամբողջ կենսագործունեության իմաստային կարգավորումը հոգեբանական տարբեր համակարգերում։ Որպես վերլության միավոր՝ նա առանձնացնում է կյանքի իմաստը, որը չի հանգեցվում անձնայինին։ Իմաստի հասկացությունն, ըստ Լեոնտևի՝ բազմամակարդակ, դինամիկ կազմավորում է, որը պայմանավորում է մարդու կենսական աշխարհը։

Անձնային իմաստների մակարդակային կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմաստի» վերաբերյալ տարբեր հոգեբանական մոտեցումներ ընդհանրացնելով՝ կարելի է ներկայացնել նրանց մակարդակային կառուցվածքը։ Այսպիսի համակարգի առաջին մակարդակը կենսաբանորեն պայմանավորված իմաստների մակարդակն է։ Նրանք ծագում են զգայությունների հիմքի վրա և պայմանավորում օրգանիզմի գործառնությունը և շրջապատող իրականության ֆիզիկական ներգործության նկատմամբ նրա ռեակցիաները։ Այստեղ իմաստները ներկայացված են որպես շրջապատող միջավայրի փոփոխությունների նկատմամբ օրգանիզմի կենսաբանական ադապտացիայի գործոններ։ Անկակսած, իմաստների այդ մակարդակը չի կարելի անվանել անձնային, քանի որ այդ իմաստները պայմանավորված են ոչ թե անձով, այլ ամբողջ կենդանական կյանքի բնույթով։ Կենսաբանական իմաստների մակարդակը մեծապես պայմանավորում է զգայությունների առաջնային մեկնաբանությունը և հիմնային է պահանջմունքների, դրայվերի, դրդապատճառների ծագման համար։ Երկրորդ մակարդակում, իմաստները կրում են անհատական բնույթ և արտացոլում անձի պահանջմունքային ոլորտը։ Դրանք դեռ թույլ գիտակցվող կազմավորումներ են, որոնք արտահայտում են դրդապատճառի հարաբերութունը նպատակի հետ։ Այդ հարաբերութունը մոտիվացնող նպատակների դերում հանդես են գալիս ցանկությունները, առարկայական աշխարհի տարրերը և սոցիալական միջավայրի սահմանափակումները։ Իրականության տարրերի նկատմամբ հարաբերությունները կառուցվում են որոշակի գիտելիքների վրա, որոնք կրում են պատկերացումների բնույթ։ Երրորդ մակարդակն անձնային իմաստներն են։ Դրանք կայուն անձնային կազմավորումներ են, որոնք միջնորդավորում են մարդու կենսագործունեությունը։ Այս մակարդակում իմաստները հանդես են գալիս անձի արժեքային կողմնորոշիչների դերում, որոնց հիմնական ֆունկցիան է անձի ինտեգրացիան սոցիալական կյանքի պայմաններում։ Ինտեգրացիան ենթադրում է «Ես» կոնցեպցիայի ձևավորման բավական բարձր մակարդակ, իմաստային վերաբերմունք սեփական ընդունակություններին, սոցիալական դերերին այլ մարդկանց և աշխարհին ամբողջությամբ։ Աձնային իմաստների համակարգի չորրորդ մակարդակն արտացոլում է մարդու կենսաիմաստային հարաբերությունները՝ ինքն իր, աշխարհի, այլ մարդկանց նկատմամբ։ Դա մարդու կողմից իր կյանքի ամբողջական ընկալումն է։ Օբյեկտիվ իրականության ցանկացած տարր իր իմաստային բովանդակությունը ստանում է՝ շնորհիվ այն բանի, որ նրան հաղորդվում է իմաստ։ Իմաստի հաղորդման ակտի շնորհիվ մարդն ընկալվող իրը կապի մեջ է դնում իր սուբյեկտիվ իրականության հետ։


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Асмолов А.Г. Психология личности М.։ Изд.-во МГУ, 1990.-367с.
  2. Большой энциклопедический словарь в 2-х т/ Гл. ред. А.М. Прохоров- М.Сов. Энциклопедия, 1991. Г2-767с.
  3. Васильюк Ф. Е. Психология переживания. Изд. –во Моск. Ун-та, 1984- 200с.
  4. Выготский Л.С. Собрание сочинений։ В 6т М.։ Педагогика, 1982 Т5-368с
  5. Дильтей В. Описательная психология. Западное издание. –СПб. Издательство «Алетейя» При содействия фонда «Университетская книга», 1986-160с
  6. Леонтьев Д.А. Психология смысла։ природа, строение и динамика смысловой реальности- М.։ Смысл, 1899-487с.
  7. Психология. Словарь./ Под общ. Ред. А.В. Петроского, М.Г. Ярошевского- 2-е изд- М, 1990,-494с
  8. Серый А.В. Психологические механизмы функционирования системы личностных смыслов. -Кемерово։ Кузбассвузиздат, 2001. – 186с.