Աբրահամ Լինքոլն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լինքոլն (այլ կիրառումներ)
Աբրահամ Լինքոլն
անգլ.՝ Abraham Lincoln
ԱՄՆ-ի 16-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝մարտի 4, 1861
Լքեց պաշտոնը՝ապրիլի 15, 1865
Փոխնախագահ՝Հաննիբալ Համլին (1861-1865)
Էնդրյու Ջոնսոն (1865)
Կուսակցություն՝Հանրապետական
Նախորդող՝Ջէյմս Բյուկենեն
Հաջորդող՝Էնդրյու Ջոնսոն
Ծննդյան օր՝ 1809 փետրվարի 12
Ծննդավայր՝Հարդին Քաունթի, Քենթուկկի, ԱՄՆ
Վախճանի օր՝ապրիլի 15, 1865(1865-04-15) (տարիքը 56)
Վախճանի վայրը՝Վաշինգտոն ԱՄՆ
Ամուսին ՝Մարի Թոդ Լինքոլն[1]
Երեխաներ՝Էդվարդ Բեյքեր Լինքոլն[1][2], Թեդ Լինքոլն[3][1][2], Ռոբերտ Թոդ Լինքոլն[1][2] և Ուիլյամ Ուոլաս Լինքոլն[1][2]
Դինաստիա՝Lincoln family?
Հայր՝Թոմաս Լինքոլն
Մայր՝Նենսի Լինքոլն
Изображение автографа

Աբրահամ Լինքոլն[Ն 1] (անգլ.՝ Abraham Lincoln, փետրվարի 12, 1809(1809-02-12)[4][7][8][…], Sinking Spring Farm, Հարդին շրջան, Կենտուկի, ԱՄՆ[9][10] - ապրիլի 15, 1865(1865-04-15)[4][5][6][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[11]), ամերիկացի քաղաքական գործիչ և իրավաբան, ԱՄՆ 16-րդ նախագահ 1861 թվականի մարտից մինչև իր սպանությունը՝ 1865 թվականի ապրիլի 15-ին։ ԱՄՆ առաջին նախագահն էր Հանրապետական կուսակցությունից։ Նախագահել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ[12][13]։ Այդ ընթացքում նա կարողացել է պահպանել ամերիկյան նահանգների միությունը, վերացնել ստրկությունը, ամրապնդել ԱՄՆ դաշնային կառավարությունը և արդիականացրել տնտեսությունը։

Լինքոլնը ծնվել է Կենտուկի նահանգի Հոջենվիլ քաղաքում և մեծացել Կենտուկի և Ինդիանա նահանգների արևմտյան սահմանին։ Մեծ մասամբ ինքնուս Լինքոլնն Իլինոյս նահանգում դարձել է փաստաբան և Վիգերի կուսակցության առաջնորդներից մեկը, ընտրվել Իլինոյս նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 1846 թվականին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Իլինոյսից։ 1849 թվականին վերադարձել է Իլինոյս և վերսկսել փաստաբանական գործունեությունը։ 1854 թվականին վերադարձել է քաղաքականություն, դարձել նորաստեղծ Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը։ 1858 թվականին առաջադրվել է ԱՄՆ Սենատի ընտրություններում և հասել լայն հայտնիության իր մրցակից դեմոկրատ Սթիվեն Ա. Դուգլասի հետ մի շարք բանավեճերին մասնակցելու արդյունքում։ Հանդես էր գալիս ստրկության ընդլայնման դեմ։ 1860 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում հյուսիսային նահանգների աջակցությամբ ընտրվել է ԱՄՆ նախագահ, որը Ամերիկայի քաղաքացիական պատերազմի սկիզբ դրեց։ Լինքոլնի հաղթանակը դիտարկելով իբրև սպառնալիք ստրկատիրությանը՝ հարավային ստրկատիրական յոթ նահանգներ անջատվել են Միացյալ Նահանգներից և հռչակել Ամերիկայի Համադաշնային Նահանգները՝ նախքան Լինքոլնի պաշտոնակալությունը (ևս չորս նահանգ անջատվել է պատերազմի բռնկումից հետո)։ Հյուսիսի և Հարավի միջև տարաձայնությունները հարթելու Լինքոլնի փորձերը ձախողվեցին։ Լինքոլնի պաշտոն ստանձնելուց մեկ ամիս անց Համադաշնությունը գրավել է Ֆորթ Սամթերը, ինչից հետո Լինքոլնը ուժեր է մոբիլիզացրել անջատողական նահանգների ապստամբությունը ճնշելու համար։

Լինքոլնը Հանրապետական կուսակցության չափավոր խմբակցության առաջնորդն էր։ Նրա դաշնակիցները՝ ռադիկալ խմբակցության հանրապետականները և պատերազմին կողմ դեմոկրատները, պահանջում էին ավելի խիստ քայլեր ձեռնարկել Հարավի դեմ։ Լինքոլնին հակառակվում էին հակապատերազմական դեմոկրատները, իսկ անհաշտ անջատողականները պլանավորում էին նրա սպանությունը։ Պատերազմի ընթացքում Լինքոլնին հաջողվել է ներքին միասնականություն պահպանել տարբեր խմբակցությունները միմյանց դեմ հանելով, պաշտոններ բաժանելով և դիմելով ամերիկացի ժողովրդին իր հզոր հռետորաբանությամբ[14]։ Նրա Գեթիսբուրգյան ուղերձը ազգային, հանրապետական, հավասար իրավունքների, ազատական և ժողովրդավարական գաղափարների նշանակալի հաստատումն էր։ Նա կասեցրել է «Հաբեաս կորպուսը» Մարիլանդ նահանգում, իսկ «Թրենթ» նավի հետ կապված միջադեպի ժամանակ խուսափել է բրիտանական հնարավոր միջամտությունը։ Լինքոլնը անձամբ էր վերահսկում պատերազմական գործողությունները և առանձին ուշադրություն էր դարձնում գեներալների նշանակումներին։ 1863 թվականին հրապարակել Ազատագրության (էմանսիպացիա) մասին հռչակագիրը, որն ազատել է ապստամբող նահանգներում գտնվող ստրուկներին և զինված ուժերը հանձնարարել ազատված ստրուկներին պաշտպանել և ծառայության ընդունել։ Հորդորում էր ԱՄՆ-ից չանջատված ստրկատիրական նահանգները վերացնել ստրկությունը։ Աջակցել է ԱՄՆ Սահմադրության 13-րդ ուղղման ընդունմանը, որը մշտապես արգելեց տրկատիրությունը ԱՄՆ-ում։

1864 թվականին վերընտրվել է ԱՄՆ նախագահ։ Արագացնելով պատերազմի ավարտը՝ Լինքոլնը ձգտել է բաժանված երկրի հաշտեցմանը։ 1865 թվականի ապրիլի 14-ին՝ անջատողական նահանգների կապիտուլյացիայից և պատերազմի ավարտից հինգ օր անց, Լինքոլնը մահացու վիրավորում է ստացել Համադշնության համակիր Ջոն Ուիլքս Բութի արձակած գնդակից և մահացել հաջորդ օրը։

Լինքոլնը համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հերոսներից մեկը։ Ինչպես գիտնականների[15], այնպես էլ հանրության կողմից[16] Լինքոլնը հաճախ դասվում է ԱՄՆ մեծագույն և ամենասիրելի նախագահների շարքին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին։ ԱՄՆ-ի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից (1861-1865), ամերիկյան ստրուկների ազատողը, համարվում է ԱՄՆ-ի ժողովրդի ազգային հերոս։ Աբրահամ Լինքոլնը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Նա հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում, սակայն նա հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր, որը նա շատ էր սիրում։ Երբ նա դարձավ չափահաս, սկսեց վարել ինքնուրույն կյանք, զբաղվեց ինքնուսուցմամբ և տալով քննություններ՝ կարողացավ ծավալել իրավաբանական գործունեություն։ Իլլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միացել է ոստիկանությանը, ընտրվել կապիտան, բայց չի մասնակցել մարտական գործողություններին։ Եղել է նաև Իլլինոյիսի օրենսդրական խորհրդի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ հանդես է եկել ամերիկա-մեքսիկական պատերազմի դեմ։ 1858 թ.-ին եղել է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվել է ընտրություններում։

Լինելով նոր տարածքներում ստրկության ընդլայնման հակառակորդ՝ եղել է Հանրապետական կուսակցության նախաձեռնողներից մեկը, այդ կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու և հաղթել է 1860 թ.-ին կայացած ընտրություններում։ Նրա ընտրվելը եղել է հարավային նահանգների անջատման և Կոնֆեդերացիայի ստեղծման ազդակ։ Իր նախագահական երդման ժամանակ երկրի միավորման կոչ է արել, սակայն չի կարողացել կանխել ընդհարումը։

Լինկոլն անձամբ էր ուղղորդում պատերազմական գործողությունները, որոնք էլ հաղթանակ բերեցին Կոնֆեդերացիայի դեմ պայքարում 1861-1865 թ.-ների Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նրա նախագահական գործունեությունը ամրապնդել է գործադիր իշխանությունը և վերացրել է ստրկությունը ԱՄՆ-ի տարածքում։ Լինկոլնը կառավարության մեջ է ընդգրկում նաև իր հակառակորդներին և կարողանում է նրանց ներգրավել ընդհանուր նպատակի մշակման մեջ[17]։ Նախագահը պատերազմի ամբողջ ընթացքում պաշտպանեց Մեծ Բրիտանիային և այլ եվրոպական երկրներին ինտերվենցիայից։ Նրա նախագահության տարիներին կառուցվեց միջցամաքային երկաթգիծը, ընդունվեց ագարային հարցը լուծող Հոմսթեդ ակտը։ Լինկոլն աչքի ընկնող հռետոր էր, նրա ելույթները ոգեշնչել են բոլորին և վառ ժառանգություն են համարվում մինչև հիմա[18][19]։ Պատերազմի ավարտից հետո առաջարկել է չափավոր վերակառուցման պլան՝ կապված ազգային համաձայնության և վրեժից հրաժարվելու հետ։ Հանդիսացել է ամերիկյան հասարակություն՝ սևամորթների ինտեգրման կողմնակիցը։ 1865 թ.-ի ապրիլի 14-ին Լինկոլնը մահացու վիրավորվեց թատրոնում և պատմության մեջ մտավ որպես ԱՄՆ-ի առաջին սպանված նախագահ։ Համաձայն համընդհանուր տեսակետին և սոցհարցումներին՝ նա առաջվա պես մնում է Ամերիկայի[20][21][22] ամենալավ և ամենասիրված նախագահներից մեկը՝ չնայած իր նախագահության տարիներին ենթարկվել է սուր քննադատության[23][24][25][26]։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հյուղակը, որտեղ ծնվել է Աբրահամ Լինքոլնը

Հայրական կողմից Լինքոլնի նախահայրը եղել է Սամուել Լինքոլնը։ Նա ջուլհակ էր, ով 1637 թ.-ին Բրիտանիայի Հինգեմից գաղթել է Մասաչուսեթսի/ԱՄՆ/ Հինգեմ։ Լինքոլնը ծնվել է 1809 թ փետրվարի 12-ին Կենտուկի նահանգի Հարդին մարզի մի փոքրիկ խրճիթում անկիրթ գյուղացիներ Թոմաս Լինքոլնի և Նենսի Հենքսի ընտանիքում։ Նրան անվանակոչել են ի պատիվ պապի, ով սպանվել էր հնդկացիների կողմից։ Նա 7 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ինդիանա, այնուհետև՝ Իլլինոյիս նահանգ։ 9 տարեկանում նա կորցնում է մորը, իսկ դրանից հետո հայրն ամուսնանում է Սառա-Բուշ Ջոնսոնի հետ, ով այրի էր։

Խորթ մայրը, ով նախկին ամուսնությունից ուներ 3 զավակ, գտնում է, որ երեխաները պետք է ստանան կրթություն[25]։ Լինքոլն ընտանիքի առաջին զավակն էր, ով սովորեց գրել ու կարդալ՝ չնայած նա խոստովանել է, որ դպրոց հաճախել է ընդամենը մեկ տարի՝ ընտանիքին օգնելու պատճառով։ Դեռ մանուկ հասակից նա սիրում էր գիրք կարդալ, ինչը և անում էր ամբողջ կյանքում։ Նրա մանկության ընկեր Դենիսը հետագայում գրել է, որ երբ լրացել է Աբրահամի 12 տարին, ինքը նրան երբեք չէր տեսնում առանց գիրքը ձեռքին և շատ էր զարմանում, որ տղան կարող է այդքան կարդալ։

Մանուկ ժամանակ Լինքոլնը կարդացել էր Աստվածաշունչը, «Ռոբինզոն Կրուզոն», Եզովպոսի առակները, «Ջորջ Վաշինգտոնի պատմությունը»[25][27]։ Քաղաքական գործիչ լինելու ժամանակ նա շատերին էր զարմացնում Սուրբ Գրքի մասին ունեցած գիտելիքներով, որտեղից էլ նա մեջբերումներ էր անում իր ելույթներում։ Դրա վառ օրինակն է Լինքոլնի «Բաժանված տուն» խոսքը, որի հիմնական մոտիվը եղել է երիտասարդ երկրի «կիսաստրուկ և կիսաազատ» կարգավիճակով գոյության անհնարությունը[28]։ Բացի դրանից, Լինքոլնն օգնում էր հարևաններին գրել նամակներ՝ դրանով հղկելով իր քերականությունն ու ոճաբանությունը[29]։ Երբեմն նա ոտքով գնում էր երեսուն մղոն հեռավորության վրա գտնվող դատարանը, որպեսզի լսի իրավաբանների ելույթները։

Վաղ հասակում Աբրահամը օգնում էր իր ընտանիքին դաշտային աշխատանքներում, փող էր վաստակում տարբեր եղանակներով՝ աշխատելով փոստում, որպես փորագրիչ, տեսուչ և մակույկավար։ Որսորդությունից ու ձկնորսությունից խուսափում էր իր բարոյական համոզմունքների պատճառով։ Ֆիզիկապես Աբրահամը շատ ավելի զարգացած էր, քան իր հասակակիցները[30]։

Լինքոլնի աշխարհայացքում ստրկատիրությունը զբաղեցրել է նշանակալից տեղ։ Նրա հորեղբայրը և իր հոր հորեղբայրը ունեին շատ ստրուկներ։ Լինկոլնի հայրը դատապարտեց ստրկությունը ինչպես բարոյական, այնպես էլ նյութական պատճառներով՝ լինելով բանվոր նա չէր կարող մրցակցել գերու աշխատանքի հետ։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Լինքոլնը երիտասարդ տարիքում

1830 թվականին Աբրահամ Լինքոլնի ընտանիքը կրկին տեղափոխվեց։ Դառնալով չափահաս՝ Լինքոլնը որոշում է ինքնուրույն կյանք վարել։ Նա գտնում է ժամանակավոր աշխատանք, որի ընթացքում նա հնարավորություն է ունենում, լողալով Միսսիսիպի գետն ի վար, լինել Նոր Օռլեանում[25]։ Այստեղ Լինքոլն այցելեց ստրուկների շուկա և դրանից հետո ամբողջ կյանքի ընթացքում պահպանեց հակակրանքը ստրկության հանդեպ։ Շուտով նա բնակություն է հաստատում Իլինոյս նահանգի Նյու-Սեյլեմ գյուղում։ Այնտեղ իր ամբողջ ազատ ժամանակը Լինքոլնը նվիրում էր ինքնուսուցմանը և տեղական դպրոցի ուսուցչի հետ դասերին[31]։ Գիշերները ապագա նախագահը մոմի լույսի ներքո գիրք էր կարդում։

1832 թվականին Լինքոլնը փորձում է անդամագրվել Իլլինոյիսի օրենսդիր խորհրդում, սակայն պարտություն է կրում։ Դրանից հետո նա սկսում է սիստեմատիկ ուսումնասիրել գիտություններ։ Սկզբում Լինքոլնը ցանկանում էր դարբին դառնալ, բայց ծանոթանալով միջազգային դատարանին՝ ընտրում է իրավաբանի մասնագիտությունը։ Միևնույն ժամանակ իր գործընկերոջ հետ փորձել է գումար վաստակել առևտրի խանութ հիմնելով, բայց այդ գործերն այնքան էլ հաջող չէին ընթանում։ Նախագահի նշանավոր կենսագրության հեղինակ Սենդբերգը գրում է. «Լինքոլնը կարդում և երազում էր։ Նա ոչ մի գործ չուներ և նա կարող էր օրերով նստել ու լուռ մտածել։ Ոչ ոք նրան չէր խանգարում։ Այդ արտաքին հանգստության տակ թաքնված էր մտավոր և բարոյական հասունացումը՝ դանդաղ և կայուն»։

1832 թվականին Իլլինոյիսում բռնկվեց հնդկացիների ապստամբությունը, ովքեր չէին ցանկանում լքել իրենց տներն ու տեղափոխվել արևմուտք՝ Միսսիսիպի գետից այն կողմ։ Լինքոլնը գործի ընդունվեց ոստիկանությունում, սակայն պայքարին չմասնակցեց։

1833 թվականին Լինքոլնը նշանակվեց Նյու-Սեյլեմի փոստապետ։ Դրա շնորհիվ նա շատ ազատ ժամանակ էր ունենում, որը նվիրում էր ուսումնասիրություններին։ Նոր պաշտոնը նրան հնարավորություն տվեց կարդալ քաղաքական բովանդակությամբ նամակներ՝ մինչ դրանց ուղարկելը։

1833 թվականի վերջում Լինքոլնը ստացավ տեսուչի պաշտոն։ Համաձայնելով այդ աշխատանքին՝ նա վեց շաբաթվա ընթացքում ինտենսիվ սովորեց Գիբսոնի «Տեղագրական գործի տեսությունն ու պրակտիկան» և Ֆլինտի «Երկրաչափության, եռանկյունաչափության և տեղագրության կուրս» գրքերը[32]։

Նյու-Սեյլեմում ապրելու տարիներին Լինքոլնը հաճախ էր ստիպված լինում պարտքով գումար վերցնել։ Նրա՝ պարտքերն ամբողջությամբ մարելու սովորության շնորհիվ նա վաստակեց իր ամենահայտնի մականուններից մեկը՝ «Ազնիվ Էյբ»[25]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանի և քաղաքական գործչի կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Թոդը՝ Լինքոլնի կինը

1835 թվականին/26 տարեկանում/ Լինքոլնը ընտրվեց Իլինոյիս նահանգի Օրենսդիր խորհրդի անդամ։ Երբ Լինքոլը մտավ քաղաքական ասպարեզ, ԱՄՆ-ի նախագահը Էնդրյու Ջեքսոնն էր։ Լինքոլնը ողջունում էր նրա աջակցությունը ժողովրդի քաղաքական գործողություններին, սակայն չէր ընդունում նահանգների տնտեսական կյանքի պետական կարգավորման հարցերում Դաշնային կառավարության ձեռնպահ մնալը[25] Վեհաժողովի նիստից հետո նա ավելի հաստատակամ, քան առաջ, սկսեց իրավունքի ուսումնասիրությունը։ 1836 թվականին ինքնուս Լինքոլնը քննություն է տալիս՝ իրավաբանի կոչում ստանալու համար։ Նույն թվականին Օրենսդիր ժողովում Լինքոլնին հաջողվում է հասնել նրան, որ նահանգների մայրաքաղաքը Վանդեյլիից տեղափոխվի դեպի Սփրինգֆիլդ։ 1837 թվականին նա ինքն էլ այնտեղ է տեղափոխվում։ Այնտեղ Ուիլիամ Բաթլերի հետ միասին միացավ «Ստյուարտ և Լինքոլն» ընկերությանը։ Երիտասարդ օրենսդիրն ու իրավաբանը արագ ձեռք բերեց վստահություն՝ շնորհիվ իր հռետորական ունակությունների և անբասիր համբավի։ Հաճախ հրաժարվում էր վերցնել անապահով քաղաքացիների վճարները, որոնց նա պաշտպանել էր դատարանում։ Մեկնում էր նահանգի տարբեր մասեր, որպեսզի մարդկանց օգներ դատավարությունների վերլուծությունների ժամանակ։ 1840 թվականին Լինքոլնը ծանոթանում է Կենտուկի նահանգից Մերի Թոդ/1818-1882 թթ/ անունով մի աղջկա հետ, և 1842 թվականի նոյեմբերի 4-ին նրանք ամուսնանում են։ Մերին ունենում է 4 որդի, որոնցից միայն ավագը՝ Ռոբերտ Լինքոլնն է բավական երկար ապրել։ Էդվարդ Լինքոլնը ծնվել է 1846 թվականի մարտի 10-ին և մահացել 1850 թվականի փետրվարի 1-ին Սփրինգֆիլդում։ Ուիլյամ Լինքոլնը ծնվել է 1850 թվականի դեկտեմբերի 21-ին ու մահացել 1862 թվականի փետրվարի 20-ին Վաշինգտոնում՝ հոր նախագահության ժամանակ։ Թոմաս Լինքոլնը ծնվել է 1853 թվականի ապրիլ 4-ին, մահացել է 1871 թվականի հուլիսի 16-ին Չիկագոյում[33][34][35][36]։

Քաղաքական կարիերան մինչև նախագահությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Լինքոլնը 1846 թվականին

1846 թվականին Լինքոլնը Վիգերի կուսակցությունից ընտրվում է Ներկայացուցիչների պալատի անդամ (1847-1849)։ Վաշինգտոնում, չլինելով ազդեցիկ քաղաքական գործիչ, ակտիվ քարոզարշավներ էր կազմակերպում 11-րդ նախագահ Պոլկի վարած ամերիկա-մեքսիկական պատերազմական գործողությունների դեմ՝ համարելով այն Միացյալ Նահանգների կողմից անհիմն ագրեսիա։ Այնուամենայնիվ, Լինքոլնը կողմ էր քվեարկում Կոնգրեսի կողմից բանակին, զինվոր-հաշմանդամներին և պատերազմում ամուսին կորցրած կանանց միջոցներ տրամադրելու համար, բացի դրանից պաշտպանում էր նաև կանանց ընտրական իրավունք տրամադրելու պահանջը։ Լինքոլը ստրկության հակառակորդներից էր, սակայն ծայրահեղ քայլերի չէր գնում, կողմնակից լինելով ստրուկների աստիճանական ազատագրմանը, քանի որ Միության ամբողջականությունը սևամորթների ազատությունից ավելի վեր էր դասում[19]։

Հայտնի ամերիկա-մեքսիկական պատերազմին դեմ լինելը վնասում է Լինքոլնի հեղինակությանը իր հարազատ նահանգում, և նա որոշում է հրաժարվել Ներկայացուցիչների պալատում վերընտրվել։ 1849 թվականին Լինքոլնին տեղեկացնում են, որ նա նշանակվել է քարտուղար այն ժամանակ դեռ Օրեգոնի տարածքում[37]։ Այս առաջարկի ընդունումը Իլլինոյսում աճող նրա կարիերայի վերջը կլիներ, այդ պատճառով նա մերժեց նշանակումը։ Լինքոլնը հեռացավ քաղաքական ասպարեզից և հետագա տարիներին զբաղվում էր իրավաբանական գործունեությամբ։ Այդ տարիներին նա դարձավ նահանգի առաջատար իրավաբաններից մեկը, դարձավ «Իլլինոյիս Սենթրալ» երկաթուղու իրավական խորհրդականը։ Իր իրավաբանական կարիերայի 23 տարիների ընթացքում Լինքոլնը մասնակցել է շուրջ 5100 գործերի (բացառությամբ չգրանցվածների), իր գործընկերների հետ միասին նահանգի Գերագույն դատարանի առաջ հանդես է եկել գրեթե 400 անգամ[38]։

1856 թվականին Լինքոլնն ու բազմաթիվ այլ վիգեր ընդգրկվում են 1854 թվականին ստեղծված Հանրապետական կուսակցությանը, որը հանդես էր գալիս ստրկատիրության դեմ, և 1858 թվականին առաջադրվում է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու։ Ընտրություններում նրա մրցակիցը դեմոկրատ Սթիվեն Դուգլասն էր։ Լինքոլնի և Դուգլասի միջև բանավեճերը, որոնց ընթացքում քննարկվում էր ստրկատիրության հարցը, շատ հայտնի էին դարձել (որոշ մարդիկ դա անվանում էին բանավեճեր «փոքրիկ հսկա»-ի (Դուգլաս) և «մեծ կաթնակեր»-ի (Լինքոլն) միջև)։ Լինքոլնը աբոլիցիոնիստ չէր, սակայն ստրկության դեմ էր հանդես գալիս բարոյակականության հիմքեր ունենալով։ Նա ստրկությունը համարում էր անխուսափելի չարիք Հարավի ագրարային տնտեսության պայմաններում։ Հակառակ Դուգլասի բերած փաստարկներին, ով Լինքոլնին մեղադրում էր արմատականության մեջ, Աբրահամը հավաստիացնում էր, որ չի պայքարում հանուն սևամորթների քաղաքացիական և քաղաքական իրավունքների։ Ստրկության հարցը, նրա կարծիքով, մտնում է առանձին նահանգների իրավասության մեջ և դաշնային կառավարությունը այս հարցին միջամտելու սահմանադրական իրավունք չունի։ Դրա հետ մեկտեղ Լինքոլնը վճռականորեն դեմ էր արտահայտվում ստրկության տարածմանը նոր տարածքների վրա։ Ընտրություններում հաղթեց Սթիվեն Դուգլասը, սակայն Լինքոլնի «Բաժանված տունը» հակաստրկական ելույթը, որում նա ապացուցել էր «կիսաստրուկ և կիսաազատ» վիճակում երկրի գոյության հետագա անհնարինությունը, լայնորեն տարածվեց ԱՄՆ-ում՝ նրա հեղինակին տալով ստրկության դեմ մարտիկի համբավ։

1859 թվականին Հարավում բռնկվեց Ջոն Բրաունի ապստամբությունը, ով առգրավվել էր կառավարական զինանոցը և պլանավորում էր Հարավի ստրուկների ապստամբությունը։ Ջոկատը շրջապատվեց զորքերի կողմից և ոչնչացվեց։ Լինքոլնը դատապարտեց Բրաունի գործողությունները՝ դրանք որակելով որպես ստրկության հարցի ուժային լուծման փորձ։

Նախագահական ընտրությունները և երդման հանդիսավոր արարողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահի թեկնածու Աբրահամ Լինքոլնը 1860 թ

1860 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից Լինքոլնը առաջադրվեց որպես նախագահի թեկնածու։ Հարավային նահանգները հանրապետականների հաղթանակի դեպքում սպառնացին դուրս գալ միության կազմից։ Երկու կուսակցություններն էլ՝ Հանրապետական և Դեմոկրատական, պայքար էին մղում այն արժեքների համար, որոնք արժևորում էին թեկնածուները։ Լինքոլնի անհատականությունը ամերիկացիները ասոցացնում էին աշխատասիրության, ազնվության, սոցիալական շարժունակության հետ[25]։ 1860 թվականի նոյեմբերի 6-ի ընտրություններին առաջին անգամ մասնակցեց բնակչության 80 տոկոսից ավելին։ Լինքոլնին, շնորհիվ Դեմոկրատական կուսակցության պառակտման, որը առաջադրել էր 2 թեկնածու, հաջողվեց առաջ անցնել իր մրցակիցներից և դառնալ ԱՄՆ-ի առաջին նախագահը Հանրապետական կուսակցությունից։ Լինքոլնը հաղթեց ընտրություններում հիմնականում շնորհիվ Հյուսիսի աջակցության։ Հարավային 9 նահանգներում Լինքոլնի անունը ընդհանրապես չի հայտնվում է քվեատուփերի վրա, և նա կարողացավ հաղթել 996 շրջաններից միայն 2-ում։

Միության տարանջատումը և երդման հանդիսավոր արարողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինքոլնը ստրկության տարածման հակառակորդն էր, և նրա հաղթանակը ընտրություններում նույնիսկ ավելի բաժանեց ամերիկյան ժողովրդին։ Անգամ մինչ նրա երդման արարողությունը յոթ հարավային նահանգներ Հարավային Կարոլինայի նախաձեռնությամբ հայտարարեցին Միացյալ Նահանգների կազմից դուրս գալու մասին։ Հարավի վերին նահանգները (Դելավեր, Մերիլենդ, Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի, Կենտուկի, Միսուրի և Արկանզաս) ի սկզբանե մերժեցին անջատողականների առաջարկը, բայց շուտով միացան ապստամբությանը։ Գործող նախագահ Ջեյմս Բյուքենենը և նորընտիր նախագահ Լինքոլը հրաժարվեցին ընդունել անջատումը։ 1861 թվականի փետրվարին Մոնթգոմերի (Ալաբամա) Սահմանադրական կոնգրեսը հայտարարեց Ամերիկայի Դաշնային Նահանգների ձևավորման մասին, որի նախագահ էր ընտրվել Ջեֆերսոն Դեյվիսը, ով նախագահական երդում տվեց հենց այդ ամսում։ Պետության մայրաքաղաք դարձավ Ռիչմոնդը։

Լինքոլնը Բալթիմորում խուսափեց հնարավոր մարդասպաններից և 1861 թվականի փետրվարի 23-ին հատուկ գնացքով ժամանեց Վաշինգտոն։ Մարտի 4-ին՝ նրա երդման արարողության ժամանակ քաղաքը լի էր կարգը պահպանող զորքերով։ Իր ելույթում Լինքոլնն ասաց.

«Կարծում եմ, որ Սահմանադրության տեսանկյունից այս նահանգների միությունը հավերժ է։ Հավերժությունը, նույնիսկ եթե դա ուղղակիորեն չի արտահայտվում, ենթադրվում է բոլոր պետական կառավարման ձևերի Հիմնական իրավունքում։ Մենք կարող ենք վստահաբար ասել, որ ոչ մի կառավարման համակարգ որպես այդպիսին իր Հիմնական օրենքում երբեք կետեր չի ունեցել իր գոյության դադարեցման մասին։ Եվ կրկին, եթե Միացյալ Նահանգները չի համարվում կառավարման համակարգ բառիս բուն իմաստով, այլ պարզապես պայմանագրի հիման վրա նահանգների միավորում, ապա կարող է այն, որպես պայմանագիր, խաղաղ լուծարվել կողմերի ավելի քիչ քանակության նախաձեռնությամբ, քան այն ստեղծվել է։ Մի կողմը՝ պայմանագրի մասնակիցը կարող է խախտել այն, սակայն արդյոք չի պահանջում բոլորի համաձայնությունը, որպեսզի օրինական կերպով կանխեն նրա գործողությունները։ Ելնելով այս ընդհանուր սկզբունքներից՝ մենք գալիս ենք այն համոզման, որ իրավական տեսանկյունից Միությունը հավերժ է և դա հաստատում է Միության պատմությունը։ Այստեղից հետևում է, որ նահանգներից ոչ մեկը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ դուրս գալու Միությունից, որ այս նպատակով ընդունվող որոշումները և կանոնակարգերը չունեն իրավական ուժ, և ցանկացած նահանգում կամ նահանգներում կատարված բռնությունները, որոնք ուղղված են Միացյալ Նահանգների Կառավարության դեմ, կախված հանգամանքներից որակվում են որպես ապստամբություն կամ հեղափոխություն»[39]։

Իր ելույթում Լինքոլնը նաև ասել է, որ ինքը «որևէ մտադրություն չունի ուղղակիորեն կամ անուղղակիորեն միջամտել ստրկության ինստիտուտների գործունեությանը այն նահանգներում, որտեղ դրանք գոյություն ունեն»։ «Ես կարծում եմ, որ ոչ մի օրինական իրավունք չունե անել դա, և ես հակված էլ չեմ դա անել»։ Լինքոլնը հակամարտության խաղաղ լուծման և Միացյալ Նահանգների միասնության վերականգնման կոչ է արել։ Սակայն նահանգներն արդեն անջատվել էին, և Կոնֆեդերացիան պատրաստվում էր ռազմական գործողությունների։ Հարավային նահանգների ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը լքեց ԱՄՆ-ի Կոնգրեսը և անցավ հարավի կողմը։

Պաշտոնի անցնելուց հետո Լինքոլնը ակսեց արմատական փոփոխություններ կատարել, նշանակել պաշտոններ։ Արդեն 1861 թվականի գարնանը դեմոկրատների զբաղեցրած պաշտոնների 80 տոկոսը զբաղեցնում էին հանրապետականները[25]։ Կառավարություն ձևավորելիս Լինքոլնը պաշտոններ տվեց նաև իր հակառակորդներին. ԱՄՆ-ի պետքարտուղար նշանակվեց Ուիլյամ Սթյուարդը, գլխավոր դատախազ՝ Էդվարդ Բեյթսը, ֆինանսների նախարար՝ Սալմոն Չեյզը։

Քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկիզբը (1861-1862)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Լինքոլնի դիմանկարը Սպիտակ Տանը

Մարտական գործողությունները սկսվեցին 1861 թվականի ապրիլի 12-ին՝ Չարլստոնի ծոցում գտնվող Սամթեր ամրոցի վրա հարձակումով, որը պատկանում էր “հարավցիներին”։ 34-ժամյա փոխհրաձգությունից հետո ամրոցը ստիպված եղավ հանձնվել։ Ի պատասխան Լինքոլնը հայտարարեց, որ հարավային նահանգներն ապստամբել են և հրամայեց արգելափակել կոնֆեդերացիայի մուտքը ծովի կողմից։ Այնուհետև կամավորներին կոչ արեց դեպի բանակ։ Ավելի ուշ մտցրեց զինապարտությունը։ Դեռ մինչև Լինքոլնի երդման արարողությունը դեպի հարավ էր առաքվել մեծ քանակով զենք և զինամթերք՝ դաշնային զինանոցներից ու պահեստներից[40]։ Այստեղ տեղակայվել էին առավել մարտունակ զորամասերը, որոնք համալրվեցին դաշնային բանակը լքած հարյուրավոր սպաներով։

Սկզբում քաղաքացիական պատերազմը Հյուսիսի համար անհաջող էր ընթանում։ “Հարավցիները” պատրաստվելով մարտական գործողություններին, շտապում էին ոչնչացնել Միության զորքերը, քանի դեռ Հյուսիսը չէր կենտրոնացրել գերազանցող ռազմական և տնտեսական ներուժը։ Լրջորեն քննադատելով ռազմական ձախողումը և տնտեսական դժվարությունները, Լինքոլնը, թեև մարտական փորձառություն չուներ, վճռական քայլեր կատարեց՝ մարտունակ բանակ ստեղծելու համար՝ ընդհուպ մինչև քաղաքացու ազատությունների սահմանափակում կամ Կոնգրեսի կողմից դեռևս չհաստատված ֆինանսական միջոցների ծախսում[41]։ 1861 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած առաջին խոշոր ընդհարումը Վիրջինիայում՝ երկաթգծի Մանասաս կայարանի մոտ դաշնային զորքերի համար անհաջող ավարտվեց։ Նոյեմբերի 1-ին Լինքոլնը գլխավոր հրամանատար նշանակեց Ջորջ Մակքլելանին, ով խուսափում էր ակտիվ գործողություններից։ Հոկտեմբերի 21-ին նրա զորախմբերը կոտորվեցին Վաշինգտոնից ոչ հեռու։ 1861-ի նոյեմբերի 8-ին գրավվեց բրիտանական “Տրենտ” շոգեքարշը, որի տախտակամածին էին գտնվում “հարավցիների” պատվիրակները։ Դա հրահրեց այսպես կոչված “Տրենտի գործը” և հազիվ պատերազմ չծագեց Մեծ Բրիտանյայի դեմ։

1862-ի փետրվար-մարտ ամիսներին գեներալ Ուլիս Գրանտին հաջողվեց “հարավցիներին” դուրս շպրտել Թեննեսիից ու Կենտուկիից։ Ամռանն ազատագրվեց Միսուրի նահանգը և Գրանտի զինվորները մտան Միսիսիպիի և Ալաբամայի հյուսիսային շրջանները։ Դեսանտային մի օպերացիայի շնորհիվ 1862-ի ապրիլի 25-ին գրավվեց Նոր Օռլեանը։ Լինքոլնը Մակքլելանին հեռացրեց գլխավոր հրամանատարի պաշտոնից և նշանակեց բանակներից մեկի հրամանատար, որի հանձնարարությունների մեջ մտնում էր Ռիչմոնդի գրավումը։ Մակքլելանը փոխանակ հարձակվելու, նախընտրեց պաշտպանողական դիրք գրավել։ Օգոստոսի 29-30-ին “հյուսիսցիները” կոտորվեցին Բուլլ-Ռանի մոտ ունեցած ճակատամարտում, ինչից հետո Լինքոլնը զորակոչեց ևս 500 հազար մարդու։ Սեպտեմբերի 7-ին Անտիետամ գետի մոտ Մակքլելանի 70 հազարանոց բանակը հարձակվեց Հարավի 40 հազարանոց բանակի վրա՝ հաղթելով կոնֆեդերատներին։ Պոտոմակ գետի վարարումը կտրեց Հարավի զորահրամանատար Ռոբերտ Էդուարդ Լիի նահանջի ճանապարհը։ Բայց Մակքլելանը, հակառակ Լինքոլնի հրամանի, հրաժարվեց հարձակումից և բաց թողեց “հարավցիների” վերջնական ջախջախման հնարավորությունը։

Անտիետամ գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրաժարվեցին պատերազմից և Կոնֆեդերացիայի ճանաչումից։ Ռուսաստանը պատերազմի տարիներին պահպանում էր բարեկամական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ 1863-64 թվականներին ռուսական նավատորմերը ժամանեցին Սան Ֆրանցիսկո և Նյու Յորք։

1862 թվականը նշանավորվեց նաև պատմության մեջ առաջին անգամ զրահապատ նավերի ճակատամարտով, որը տեղի ունեցավ մարտի 9-ին, Վիրջինիայի ափերին։ 1862-ի արշավն ավարտվեց “հյուսիսցիների” պարտությամբ՝ Ֆրիդերիկսբերգ մոտ, դեկտեմբերի 13-ին։

Քաղաքական գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Լինքոլնը և գեներալ Ջորջ Մակքլելանը 1862 թվականի մարտի 10-ին

Դաշնային զորքերի ծանր վիճակն առաջացրեց բնակչության դժգոհությունը։ Լինքոլնը ենթարկվում էր Հանրապետական կուսակցության ճնշումներին, որին մասնակցում էին ինչպես ստրկությունն անհապաղ վերացնելու, այնպես էլ այն փուլ առ փուլ հաղթահարելու կողմնակիցները։ Լինքոլնն ընտրեց փոխզիջման քաղաքականություն, ինչի շնորհիվ կարողացավ կանխել կուսակցության պառակտումը։ Նա համոզված էր, որ անգամ պատերազմական ժամանակաշրջանում երկրում պետք է զարգանան քաղաքական գործընթացները[25]։ Դա թույլ էր տալիս Քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքում պահպանել խոսքի ազատությունը, խուսափել քաղաքացիական ազատությունների լուրջ սահմանափակումներից և երկկուսակցական համակարգի ճգնաժամային վիճակներից[25]։ Լինքոլնի նախագահության ընթացքում անցկացվեցին ընտրություններ, քաղաքացիները մասնակցություն ունեցան պետության կառավարման գործին։ “Հարավցիների” Սամթեր ամրոցի վրա հարձակումից հետո Դեմոկրատների կուսակցության անդամների մի մասը ստեղծեցին “լոյալ ընդդիմություն”՝ աջակցելով կառավարության քաղաքականությանը։ 1862 թվականի օգոստոսի 22-ին “Նյու Յորք Տրիբուն” թերթին տված հարցազրույցում, պատասխանելով, թե ինչու է նա դանդաղում ստրուկների ազատագրման գործում, Լինքոլնը պատասխանել է.

-Այս պայքարում իմ ամենամեծ նպատակը միության պահպանումն է, ոչ թե ստրկության պահպանումը կամ վերացումը։ Եթե ինձ հաջողվի փրկել միությունը՝ թեկուզ առանց ազատելու անգամ մեկ ստրուկի, ես կանեի դա։ Եվ եթե ես կարողանամ փրկել միությունը՝ ազատելով ստրուկների մի մասին, իսկ մյուսին՝ ոչ, այդ կերպ կվարվեի։ Այս կերպ եմ վերաբերվում ստրկությանն ու ռասաների գույներին, որովհետև վստահ եմ՝ դա կօգնի պահպանել միությունը… Այսպիսով, ես բացատրեցի իմ մտադրությունները, որոնք դիտում եմ իբրև պաշտոնական պարտականություն։ Բայց մտադիր չեմ փոխել իմ հաճախ արտահայտած անձնական ցանկությունը, որ բոլոր մարդիկ ամենուր պետք է ազատ լինեն։

Հոմսթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Լինքոլնն իր կրտսեր որդու՝ Թեդի հետ, 1864 թ.

Աբրահամ Լինքոլնի նախաձեռնությամբ 1862 թվականի մայիսի 20-ին ընդունվեց որոշում՝ Հոմսթեդի մասին, ըստ որի Միացյալ Նահանգների 21 տարին լրացած և Կոնֆեդերացիայի կազմում չկռված յուրաքանչյուր քաղաքացի հանրային ֆոնդից կարող է ստանալ ոչ ավել, քան 160 ակր (65 հեկտար) հողակտոր՝ գրանցման համար վճարելով 10 դոլար։ Օրենքը կիրառվեց 1863 թվականի հունվարի 1-ից։ Այն նորաբնակն, ով սկսել է զբաղվել հողագործությամբ և շինարարությամբ, հինգ տարի անց անվճար ստանում է սեփականության իրավունք այդ հողակտորի վրա։ Հողակտորը կարող է գնվել և նախատեսված ժամկետից շուտ՝ վճարվելով յուրաքանչյուր մեկ ակրի դիմաց 1.25 դոլար։ Հոմսթեդ - փաստաթղթով Միացյալ Նահանգներում հատկացվեց շուրջ 2 միլիոն հոմսթեդ՝ ընդհանուր մակերեսով մոտ 285 միլիոն ակր (115 հեկտար)։ Այդ օրենքը արմատապես լուծեց գյուղատնտեսության խնդիրը՝ ֆերմերային ճանապարհով զարգացումն ուղղորդելով դեպի այս բնագավառ։ Այսպիսով կարգավորվեց դատարկ տարածությունների հարցը՝ Լինքոլնի համար ապահովելով հասարակության լայն շերտերի աջակցությունը[42]։

Ստրուկների ազատագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը

Պատերազմի անհաջողությունները և ձգձգումը փոխեցին Լինքոլնի վերաբերմունքը ստրկատիրության հանդեպ։ Նա եկավ եզրահանգման, որ Միացյալ Նահանգները կամ պետք է լինի միայն ազատների երկիր, կամ ամբողջովին ստրկատիրական։ Պարզ դարձավ, որ պատերազմի գլխավոր նպատակը՝ միության վերականգնումը, դարձել է անիրականանալի՝ առանց ստրկության վերացման։ Լինքոլնը, որ մշտապես հանդես էր գալիս հանուն ստրկատերերին փոխհատուցելով՝ սևամորթների աստիճանաբար ազատագրման, այժմ համարում էր, որ ստրկությունը պետք է անհապաղ վերացնել[25]։ Ստրկության վերացման նախապատրաստությունը կատարվեց 1862-ին։ Դեկտեմբերի 30-ին նախագահը ստորագրեց “Ստրուկների ազատագրման հռչակագիրը”՝ ԱՄՆ-ի դեմ ապստամբած տարածքներում ապրող սևամորթներին հայտարարելով “այժմ և ընդմիշտ” ազատ։ Փաստաթուղթն ազդակ եղավ ամերիկյան սահմանադրության 13-րդ փոփոխության (1865 թ), որով լիովին վերացվեց ստրկությունը Միացյալ Նահանգներում։ Հռչակագիրն արդարացիորեն քննադատեցին արմատական հանրապետականները, քանզի ստրուկների ազատագրումն իրականացվեց այնտեղ, ուր չէր տարածվում դաշնային կառավարության իշխանությունը, սակայն հռչակագիրը փոխեց Քաղաքացիական պատերազմի բնույթը՝ այն փոխարկելով պատերազմի՝ հանուն ստրկության վերացման։ Բացի դրանից, այն ստիպեց այլ պետություններին, այդ թվում և Մեծ Բրիտանիային, չաջակցել Կոնֆեդերացիային։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հենրի Ջոն Թեմպըլ Պալմերստոնը չկարողացավ միջամտել՝ հասարակական դիմադրության պատճոռով։ Ստրուկների ազատագրումը թույլ տվեց բանակ զորակոչել սևամորթ ամերիկացիներին։ Պատերազմի ավարտին դաշնային զորքերում կար 180 հազար սևամորթ։

Շրջադարձ քաղաքացիական պատերազմում. Գեթիսբերգի ճակատամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի մարտի 3-ին առաջին անգամ Միացյալ Նահանգների պատմության մեջ կիրառվեց զինապարտությունը։ Ընդ որում հարուստներին թույլատրվում էր իրենց փոխարեն ուրիշների վարձել և խուսափել ծառայությունից։ Դա բողոքի ալիք բարձրացրեց, որի ընթացքում զոհվեցին բազմաթիվ սևամորթներ՝ դառնալով Լինչի դատաստանի զոհ։ 1863-ի մայիսին միության 130 հազարանոց բանակը պարտություն կրեց գեներալ Լիի 60 հազարանոց զորքերից։ “Հյուսիսցիները” նահանջեցին, իսկ կոնֆեդերատները հյուսիսից շրջանցելով Վաշինգտոնը՝ մտան Պենսիլվանիա։ Նման իրավիճակում մեծապես կարևորվում էր Գետիսբերգի եռօրյա ճակատամարտի ելքը, որի մուտքի մոտ զոհվեց ավելի քան 50 հազար մարդ։ Լիի բանակը պարտվեց և նահանջեց Վիրջինիա։ Հուլիսի 4-ին արևմտյան ճակատում մի քանի օրվա պաշարումից և երկու անհաջող գրոհից հետո գեներալ Գրանտը գրավեց Վիկսբերգ ամրոցը։ Հուլիսի 8-ին վերցվեց Հուդզոնի նավահանգիստը Լուիզանա նահանգում։ Դրանով վերահսկողության տակ վերցվեց Միսիսիպի գետի հոսանքը, իսկ Կոնֆեդերացիան բաժանվեց երկու մասի։ 1863-ի նոյեմբերի 19-ին կայացավ Գետիբերգի ազգային գերեզմանատան բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ թաղված էին ճակատամարտում զոհված մասնակիցները։ Հուշարձանի բացման պահին Լինքոլնն արտասանեց իր ամենահայտնի ճառերից մեկը՝ ևս մեկ անգամ ցույց տալով իր հռետորական ձիրքը։ Կարճ ելույթից հետո հնչեց.

«Մենք պետք է հանդիսավոր խոստանանք, որ այս մահերն իզուր չեն լինելու և մեր ազգը Աստծո հոգածությամբ կստանա ազատության նոր աղբյուր։ Եվ այս կառավարությունը, որ ստեղծված է ժողովրդի կողմից, ժողովրդի մասնակցությամբ և հանուն ժողովրդի, երբեք չի վերանա երկրի երեսից[43]։

1863 թվականի դեկտեմբերին Լինքոլնը համաներում խոստացավ բոլոր ապստամբներին (բացի Կոնֆեդերացիայի ղեկավարներից)՝ Միացյալ Նահանգներին հավատարմության երդում տալու և ստրկատիրությունից հրաժարվելու պայմանով։ Տարին ավարտվեց Չատանուգի մոտ տարած հաղթանակով։

Վերընտրությունը, պատերազմի ավարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդի մեջ գնալով ավելի էր խորանում պատերազմն ավարտելու միտքը։ Լինքոլնի առջև խնդիր էր առաջացել ամերիկացիների մեջ հավատ ներշնչել հաղթանակի հանդեպ։ Նախագահը հրաժարվեց բանտարկյալներին դատարանի առջև կանգնեցնելուց, ինչի արդյունքում բանտում մնացին դասալիքները, ստրկության, նաև խաղաղության կողմնակիցները[23][24]։ Կոնգրեսի 1863 թվականի ընտրությունների ժամանակ դեմոկրատները կարողացան լրացնել իրենց բացը մանդատներում, բայց հանրապետականներին ամեն դեպքում հաջողվեց պահպանել մեծամասնությունը Սենատում և Ներկայացուցիչների պալատում։

Աբրահամ լինքոլնը 1864 թվականի փետրվարի 9-ին

1864 թվականի մարտին Լինքոլնը գլխավոր հրամանատար նշանակեց գեներալ Ուլիս Գրանտին, ով Վիլիամ Շերմանի ու Ֆիլիպ Շերիդանի հետ իրականացնում են Լինքոլնի մշակած ծրագիրը՝ կազմակերպված հարձակումներով թուլացնել “հարավցիներին” և ոչնչացնել։ Հիմնական հարվածը հասցրեց Շերմանի բանակը՝ հարձակումը սկսելով մայիսին Ջորջիա ներխուժմամբ։ Գրանտի բանակը գործում էր գեներալ Լիի բանակի դեմ։

Չնայած կուսակցության առաջնորդների կասկածներին ու առարկություններին՝ Լինքոլնը որոշեց առաջին ժամկետի լրացումից հետո իր թեկնածությունն առաջադրել երկրորդ անգամ, թեև վերջին չորս տարիների ընթացքում նա շատ թշնամիներ էր վաստակել, նրան հաճախ քննադատում էին թերթերը և ատում էին շատ մարդիկ։ Դեմոկրատական կուսակցությունն իր կարգախոսը հայտարարեց պատերազմի ավարտը և բանակցությունների անցկացումը։ Կուսակցությունն առաջադրեց գեներալ Ջորջ Մակքլելանի թեկնածությունը, ում Լինքոլնը հեռացրել էր գլխավոր հրամանատարի պաշտոնից 1862 թվականին։ Հանրապետական կուսակցությունից ձգտում էր առաջադրվել նաև ֆինանսների նախարար Սալմոն Չեյզը, բայց թեկնածությունն առաջադրեց միայն Լինքոլնը։ 1864 թվականի սեպտեմբերի 2-ին գրավեց Ատլանտա քաղաքը, որտեղ գտնվում էին Կոնֆեդերացիայի պահեստները, և դա թույլ տվեց Լինքոլնին ընտրություններում հաղթել իր մրցակցին՝ խաղաղության կողմնակից Մակքլելանին և հավաքելով ընտրողների 233 ձայներից 212-ը։ Լինքոլնի կոչով Կոնգրեսը 1865 թվականի հունվարի 31-ին ընդունեց ԱՄՆ սահմանադրության 13-րդ փոփոխությունը՝ արգելելով ստրկությունը երկրի տարածքում։ 1865-ի սկզբին “հյուսիսցիների” հաղթանակն արդեն վճռված էր։ Իր երկրորդ երդման խոսքում Լինքոլնը կոչ արեց հրաժարվել վրեժխնդրությունից, առաջադրեց Հարավի վերակառուցում՝ Միությանը համահունչ։

«Ոչ ոքի հանդեպ քեն չտածելով, լինելով ողորմած, ճշմարտության մեջ՝ ամուր, ամերիկացիները պետք է կապեն երկրի վերքերը… անեն ամեն հնարավորը, որպեսզի ձեռք բերեն ու պահպանեն արդարացի ու տևական խաղաղություն իրենց տանը և աշխարհի բոլոր ժողովուրդների հետ»։

Գրանտը 1865 թվականին բանակում իր տրամադրության տակ ունենալով 115 հազար մարդ, Լիին՝ ով իր տրամադրության տակ ուներ 54 հազար մարդ, հարկադրեց թողնել Պիտերսբուրգը, իսկ ապրիլի 2-ին՝ Կոնֆեդերացիայի մայրաքաղաք Ռիչմոնդը[44]։ 1865-ի ապրիլի 9-ին Լին ստորագրեց կապիտուլյացիան, առանձին դիմադրությունները կասեցվեցին մայիսի վերջին։ Ջեֆերսոն Դեֆիսի և նրա կառավարության անդամների ձերբակալությունից հետո Կոնֆեդերացիան դադարեց գոյություն ունենալ։

Լինքոլնի սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորդի թատրոնը, որտեղ կրակեցին Լինքոլնի գլխին
Աբրահամ Լինքոլնի վերջին լուսանկարը՝ մահից 5 օր առաջ, կատարված 1865 թվականի ապրիլի 10-ին

Քաղաքացիական պատերազմն ավարտվեց 1865-ի ապրիլի 9-ին՝ Ամերիկայի կոնֆեդերատիվ նահանգների հանձնվելով։ Հարկավոր էր վերականգնել Հարավային նահանգները և սևամորթներին ինտեգրել ամերիկյան հասարակությանը։ Պատերազմի ավարտից հինգ օր անց, Չարչարանաց ուրբաթ օրը, 1865-ի ապրիլի 14-ին, «Իմ ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում) “հարավցիների” կողմնակից դերասան Ջոն Ուիլքս Բուտը թափանցեց նախագահական օթյակ և կրակեց Լինքոլնի գլխին։ Հաջորդ առավոտյան, գիտակցության չգալով, Աբրահամ Լինքոլնը վախճանվեց։

Միլիոնավոր ամերիկացիներ՝ սևամորթ թե սպիտակամորթ, եկան հարգանքի վերջին տուրքը տալու իրենց նախագահին, հուղարկավորության գնացքի՝ Վաշինգտոնից Սփրինգֆիլդ մեկնելու ճանապարհին։ Գնացքը տանում էր երկու դագաղ, որոնցից մեծի մեջ հանգչում էր Աբրահամ Լինքոլնի աճյունը, փոքրի մեջ՝ նրա որդի Վիլյամի, ով մահացել էր դրանից երեք տարի առաջ՝ Լինքոլնի նախագահության ժամանակ[45]։ Աբրահամ և Վիլյամ Լինքոլնները թաղվեցին Սփրինգֆիլդի Օուկ-Ռիջ գերեզմանատանը։

Լինքոլնի ողբերգական մահը նրան բերեց մի մարդու համբավ, ով իր կյանքը տվեց հանուն իր երկրի վերամիավորման և սևամորթ ստրուկների ազատագրման։

Նախագահության արդյունքները և Աբրահամ Լինքոլնի պատմական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմը դարձավ ԱՄՆ-ի պատմության ամենաարյունահեղ ռազմական հակամարտությունը և ամենածանր փորձությունը՝ ամերիկյան դեմոկրատիայի համար։ Աբրահամ Լինքոլնը դարձավ պատմական ամենագլխավոր կերպարը՝ ամերիկյան ժողովրդի ձևավորման գործում, մարդ, ով կանխեց Միացյալ Նահանգների անկումը և մեծ ներդրում ունեցավ ամերիկյան հասարակության կայացման և ստրկության վերացման գործում, որը երկրի հետագա նորմալ զարգացման հիմնական խոչընդոտն էր[25]։ Լինքոլնը դրեց Հարավի զարգացման հիմքը, ստրուկների ազատագրումը։ Նրան է պատկանում դեմոկրատիայի հիմնական նպատակների ձևակերպումը. «Ժողովրդի կողմից ստեղծված կառավարությունը ժողովրդինն է և ժողովրդի համար է»։ Նրա նախագահության օրոք կառուցվեց միջմայրցամաքային երկաթուղին՝ դեպի Խաղաղ օվկիանոս, ընդարձակվեցին նորաստեղծ բանկային համակարգի ենթակառուցվածքները, լուծվեց գյուղատնտեսական խնդիրը։ Սակայն պատերազմի ավարտից հետո երկրի առջև ծառացան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում ազգի համախմբումը և սևամորթների ու սպիտակամորթների իրավունքների հավասարեցումը։ Մասամբ այդ խնդիրներն այսօր էլ կանգնում են ամերիկյան հասարակության առջև։ Լինքոլնի սպանությունից հետո Միացյալ Նահանգների տնտեսությունը երկար ժամանակ շարունակեց մնալ աշխարհի առավել արագ զարգացող տնտեսությունը, ինչը թույլ տվեց երկրին 20-րդ դարասկզբին լինել համաշխարհային լիդեր։ Շատ ասպարեզներում նրա առանձին որակները թույլ էին տալիս համախմբել կառավարության ուժերը և վերամիավորել երկիրը։ Լինքոլնն ապրում էր խիստ բարոյական սկզբունքներով, ուներ հումորի զգացում[46], բայց հակված էր և ուժեղ մելամաղձության[47][48][49]։ Մինչև այսօր նա համարվում է Միացյալ Նահանգների ամենաինտելեկտուալ նախագահներից մեկը։ Ի նշան ամերիկացի ժողովրդի երախտագիտության Վաշինգտոնում կանգնեցվել է հուշարձան՝ նվիրված Աբրահամ Լինքոլնին, որպես Միացյալ Նահանգների պատմական զարգացմանը նպաստած չորս նախագահներից մեկի[Ն 2]:

Լինքոլնի հուշարձանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինքոլնի հուշարձանն այսօր
Լինքոլնի արձանը հուշարձանի ներսում

Լինքոլնի հիշատակն անմահացած է 1914-1922 թթ կառուցված և Վաշինգտոնի կենտրոնում տեղադրված հուշարձանով՝ Էսպլանադայի կենտրոնում։ Այն խորհրդանշում է նախագահի հավատամքը, որ բոլոր մարդիկ պետք է ազատ լինեն։ Միացյալ Նահանգները խորհրդանշող շինությունը հենված է 36 սյուների վրա՝ ըստ երկրի նահանգների թվի՝ Լինքոլնի օրոք։ Սպիտակ մարմարե այդ շինության ներսում քանդակագործ Դենիել Ֆրենչը տեղադրել է մտախոհ ազատարար-նախագահի վեցմետրանոց արձանը։ Հուշարձանի ներքին պատերին փոխաբերական պատկերազարդումներով վերարտադրված են Գետիսբերգի ազգային գերեզմանատան բացման և Երկրորդ երդման ժամանակ Լինքոլնի արտասանած ճառերը։ Բացի դրանից, Լինքոլնի պատվին Միացյալ Նահանգներում բացվել են բազմաթիվ հուշարձաններ, անվանվել են քաղաքներ, փողոցներ, համալսարաններ, տարբեր կենտրոններ, հեղինակավոր ավտոմեքենաների մակնիշ։ Նախագահի կիսադեմը քանդակվել է ազգային հուշարձան Ռոշմոր լեռան վրա։ Աբրահամ Լինքոլնի ծննդյան օրը մի քանի նահանգներում նշվում է իբրև ազգային տոն։ Ինչպես նաև Լինքոլնը պատկերված է 5 դոլարանոցի և 1 ցենտանոցի վրա։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երբեմն՝ Լինկոլն
  2. Նկատի ունի Ջորջ Վաշինգտոնին, Թոմաս Ջեֆերսոնին, Աբրահամ Լինքոլնին, Ֆրանկլին Ռուզվելտին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 House Divided: The Civil War Research Engine at Dickinson College
  3. 3,0 3,1 Union List of Artist Names — 2015.
  4. 4,0 4,1 4,2 Current R. N. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 https://www.pbs.org/newshour/health/april-15-1865-tragic-last-hours-abraham-lincoln
  6. 6,0 6,1 McPherson J. M. Lincoln, Abraham (1809-1865), sixteenth president of the United States // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0400631
  7. http://www.history.com/this-day-in-history/abraham-lincoln-is-born
  8. http://www.bbc.co.uk/history/historic_figures/lincoln_abraham.shtml
  9. 9,0 9,1 https://www.nps.gov/abli/planyourvisit/sinkingspringfarm.htm
  10. 10,0 10,1 http://www.abraham-lincoln-history.org/early-life/
  11. 11,0 11,1 http://web.archive.org/web/20210706062354/https://www.fords.org/visit/historic-site/petersen-house/
  12. William A. Pencak (2009). Encyclopedia of the Veteran in America. ABC-CLIO. էջ 222. ISBN 978-0-313-08759-2. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  13. Paul Finkelman; Stephen E. Gottlieb (2009). Toward a Usable Past: Liberty Under State Constitutions. U of Georgia Press. էջ 388. ISBN 978-0-8203-3496-7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  14. Randall (1947), pp. 65–87.
  15. "Ranking Our Presidents" Արխիվացված Հունվար 31, 2012 Wayback Machine. James Lindgren. November 16, 2000. International World History Project.
  16. "Americans Say Reagan Is the Greatest President" Արխիվացված Մարտ 14, 2012 Wayback Machine. Gallup Inc. February 28, 2011.
  17. Սենդբերգ Կ․ Линкольн / Карл Сэндберг; сокр. пер. с англ. Б. Грибанова и Л. Шеффера. - Москва : Молодая гвардия, 1961. - 700 с, стр. 371. Генри Дауэс:"Ни у одного человека не было такой политической проницательности, дававшей ему возможность собирать вокруг себя людей, искренне поддерживающих правительство, и соперников, имевших антогонистические теории, непримиримых врагов, которые в других условиях развалили бы любое другое правительство
  18. Дейл Карнеги. т.1, стр. 230, из-во «Новый Мир», М., 1983.
  19. 19,0 19,1 «Бурова И. И., Силинский С. В. США. СПб., 2002». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  20. Американцы определили наилучшего президента США
  21. Независимая информация и аналитика из США (չաշխատող հղում)
  22. «Линкольн на сайте "Когда? Где? Как?». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  23. 23,0 23,1 Սենդբերգ Կ․ Линкольн / Карл Сэндберг; сокр. пер. с англ. Б. Грибанова и Л. Шеффера. - Москва : Молодая гвардия, 1961. - 700 с, стр. 243 Лондонская газета «Морнинг кроникл» писала: «Авраам Линкольн, чей приход к власти приветствовали по эту сторону океана, проявил себя как человек ничтожный, без широкого кругозора, весьма посредственный».
  24. 24,0 24,1 Սենդբերգ Կ․ Линкольн / Карл Сэндберг; сокр. пер. с англ. Б. Грибанова и Л. Шеффера. - Москва : Молодая гвардия, 1961. - 700 с, стр. 289 Уэнделл Филлипс: «У президента нет своего мнения. Он не произнёс ни единого слова, которое дало бы хоть малейшее представление о его намерениях в вопросе об отмене рабства. Вероятно, он человек честный; однако никого не интересует, честна ли черепаха или нет. У президента нет ни интуиции, ни предвидения, ни решимости».
  25. 25,00 25,01 25,02 25,03 25,04 25,05 25,06 25,07 25,08 25,09 25,10 25,11 <Биография Авраама Линкольна на сайте www.presidents.h1.ru
  26. Биография Авраама Линкольна на сайте энциклопедии «Кругосвет»
  27. Սենդբերգ Կ․ Линкольн / Карл Сэндберг; сокр. пер. с англ. Б. Грибанова и Л. Шеффера. - Москва : Молодая гвардия, 1961. - 700 с стр. 15
  28. http://www.hrono.ru биография Авраама Линколна - основные вехи, даты и описания.
  29. Սենդբերգ Կ․ Линкольн / Карл Сэндберг; сокр. пер. с англ. Б. Грибанова и Л. Шеффера. - Москва : Молодая гвардия, 1961. - 700 с стр. 16
  30. «Некоторые считают, что многие способности Линкольна объясняются тем, что он страдал синдромом Марфана, но эти предположения не имеют под собой никаких научных доказательств». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  31. Սենդբերգ Կ․ Линкольн / Карл Сэндберг; сокр. пер. с англ. Б. Грибанова и Л. Шеффера. - Москва : Молодая гвардия, 1961. - 700 с стр. 23
  32. Սենդբերգ Կ․ Линкольн / Карл Сэндберг; сокр. пер. с англ. Б. Грибанова и Л. Шеффера. - Москва : Молодая гвардия, 1961. - 700 с, стр. 30
  33. Cathy Young "Co-opting Lincoln's sexuality" Boston Globe Jan 31, 2005
  34. A Review by Gregory M. Lamb at www.powells.com Արխիվացված 2007-01-08 Wayback Machine of "We Are Lincoln Men": Abraham Lincoln and His Friends" D. H. Donald
  35. Richard Brookhiser Was Lincoln Gay? New York Times Jan 9, 2005
  36. Michael Burlingame Afterword: The Intimate World of Abraham Lincoln pg 226-238 Free Press 2005 ISBN 0-7432-6639-0
  37. Սենդբերգ Կ․ Линкольн / Карл Сэндберг; сокр. пер. с англ. Б. Грибанова и Л. Шеффера. - Москва : Молодая гвардия, 1961. - 700 с, с.83
  38. Данные взяты из статьи об Аврааме Линкольне в англоязычной википедии.
  39. Первая инаугурационная речь Линкольна на сайте «История США в документах»
  40. Это произошло до инаугурации Линкольна, во время президентства Джеймса Бьюкенена
  41. Սենդբերգ Կ․ Линкольн / Карл Сэндберг; сокр. пер. с англ. Б. Грибанова и Л. Шеффера. - Москва : Молодая гвардия, 1961. - 700 с, стр.211.
  42. Биография Авраама Линкольна на сайте «Хронос»
  43. Геттисбергская речь Авраама Линкольна
  44. После взятия Линкольн посетил город, в том числе и Белый дом конфедерации, где он посидел несколько минут в задумчивости за рабочим столом Джефферсона Дэвиса
  45. William Wallace «Willie» Lincoln
  46. Авраам ЛИНКОЛЬН. Честный, добрый и упрямый «старина Эйб» /ДЕНЬ/
  47. Авраам Линкольн: «Я самый жалкий из всех живущих. Если то, что я чувствую, разделить на весь род человеческий, на земле не останется ни одной улыбки. Стану ли я лучше - не знаю. Боюсь, что нет, и это ужасно. Оставаться таким, как есть, невозможно. Я должен умереть или стать лучше…» Высказывание есть на этом сайте Արխիվացված 2008-07-25 Wayback Machine
  48. Г.Уитни: «Ни одна черта характера мистера Линкольна не была столь очевидной, как его таинственная и глубокая меланхолия»
  49. Սենդբերգ Կ․ Линкольн / Карл Сэндберг; сокр. пер. с англ. Б. Грибанова и Л. Шеффера. - Москва : Молодая гвардия, 1961. - 700 с, стр.94 Джон Т.Стюарт видел в Линкольне безнадёжную жертву меланхолии. Генри К.Уитни, коллега Линкольна, писал: «Я… увидел Линкольна в углу, он сидел одиноко. Его лицо омрачалось глубокими горестными переживаниями».
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 618