Լյուտնյա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լյուտնյա (այլ կիրառումներ)
Լյուտնյա | |
---|---|
Որակավորում | plucked string necked bowl lute? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.321-5 |
Լյուտնյա (իտալ.՝ liuto, արաբ․՝ al ud), լարային կսմիթային երաժշտական գործիք։ Ունի արևելյան ծագում (Հնդկաստան, Իրան, Միջին Ասիա), հայկական ուդի նախատիպը։ Ունի ուռուցիկ, ձվաձև իրան, կարճ, լայն վզիկ, ետ թեքված գլխիկ և 6—16 լար (երբեմն մինչև 24)։ Եղել են տարբեր լարվածքի, ըստ որում լարվածքը փոփոխվել է նաև ըստ կատարվող ստեղծագործության։ Մուտք է գործել Իսպանիա, որտեղից էլ հետագայում տարածվել եվրոպական երկրներում, ուր լյուտնյա նվագելու արվեստն իր գագաթնակետին հասավ XV-XVII դարերում։ XVIII դարի 2-րդ կեսից փոխարինվել է կիթառով։ Արդիական եվրոպական լյուտնյան ունի 6 միակի լար և լարվում է վեցլարանի կիթառի նման[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուտնյա գործիքի ծագման մասին հստակ հիշատակություն չկա։ Գործիքի զանազան տարբերակները հնագույն ժամանակներից օգտագործվել են Եգիպտոսի, Խեթական թագավորության, Հունաստանի, Հռոմի, Բուլղարիայի, Չինաստանի, Կիլիկիայի մշակույթներում։ 7-րդ դարի սկզբներին լյուտնյային նման գործիքներ հայտնվեցին Պարսկաստանում, Հայաստանում, Բյուզանդիայում և Արաբական խալիֆայությունում։ 6-րդ դարում բուլղարների շնորհիվ լյուտնյա երաժշտական գործիքը տարածում գտավ ողջ Բալկանյան թերակղզում, իսկ 8-րդ դարում մավրերը այն տեղափոխեցին Իսպանիա և Կատալոնիա։ Լյուտնյայի տարածման պատմությունն այսքանով չավարտվեց, երաժշտական այս գործիքի հիմքի վրա ստեղծվեց իտալական կիթառը։
15-16-րդ դարերում իսպանացի, կատալոնացի և պորտուգալացի բազմաթիվ կատարողներ լյուտնյայի հետ միաժամանակ կիրառում էին վիուելա (գործիք, որն իր ձևով և լարվածքով նման է լյուտնյային)։ Արաբական երկրներում, լյուտնյան համարվում էր թագավորական երաժշտական գործիք, շնորհիվ մեղմ հնչողության՝ լյուտնյան շատ կրոններում ուներ սիմվոլիկ նշանակություն։ Բուդդայականության մեջ նվագը երաժշտական այս գործիքի վրա հանգստության և մարդկանց ու աստվածների աշխարհում ներդաշնակության գրավականն էր, իսկ քրիստոնեության մեջ լյուտնյան արտացոլում էր երկնային գեղեցկությունն ու բնության ուժերի նկատմամբ հսկողությունը[2]։
Լյուտնյայի բազմազանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գոյության պատմության ողջ ընթացքում լյուտնյայի կառուցվածքը տարբեր փոփոխությունների է ենթարկվել։ Վարպետները փորձեր էին կիրառում կորպուսի ձևի, լարվածքի, լարերի քանակի, չափի և այլնի վրա։ Այդ պատճառով էլ ձևավորվեցին առանձին լարային բազմաթիվ գործիքներ, որոնց նախատիպը համարվում է լյուտնյան.
- Սիտար (Հնդկաստան) - այս գործիքն առանձնանում է լարերի մեծ քանակով, որոնցից միայն 7-ն են հիմնական։
- Կոբզա (Ուկրաինա) - ունի առավել կլոր կորպուս ու կարճ գրիֆ, ունի միայն 8 լադ[2]։
- Վիուելա (Իտալիա)
- Մանդոլին (Իտալիա)
- Սազ - նման է մանդոլինին, առավել տարածված է Կովկասյան ժողովուրդների մոտ։
- Ռեբաբ (Իրան) - տարածված էր միջնադարում Արևելքի երկրների մշակույթում, ունի 1-3 լար։
- Կիթառ ի հայտ է եկել Եվրոպայում 15-րդ դարում վիուելայի հիման վրա[3]։
- Ուդ - ի հայտ է եկել վաղ միջնադարում Մերձավոր ու Միջին Արևելքում[4]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մելիք-Վրթանեսյան Կ.Ե., Տոնյան Մ.Ա., «Երաժշտական բացատրական բառարան», Երևան, 1989
- Большая российская энциклопедия Արխիվացված 2018-03-02 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մելիք-Վրթանեսյան, Կ.Ե. (1989). Երաժշտական բացատրական բառարան. Երևան: «Խորհրդային գրող».
- ↑ 2,0 2,1 «Лютня: что это такое, строение, звучание, история, разновидности, использование». muzinstru.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «ГИТАРА • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «УД • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուտնյա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 647)։ |