Jump to content

Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերե
ֆր.՝ Frédéric DuBois de Montperreux
Ծնվել էմայիսի 28, 1798(1798-05-28)[1]
Môtiers, Նևշատել, Պրուսիայի թագավորություն[1]
Մահացել էմայիսի 7, 1850(1850-05-07)[1] (51 տարեկան)
Peseux, Նևշատել, Շվեյցարիա
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և Շվեյցարիա
Մասնագիտությունգրող, բնագետ, հնագետ և պատմաբան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2]
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
 Marie-Frédéric Dubois de Montpéreux Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերե, (ֆր.՝ Frédéric Dubois de Montpéreux, մայիսի 28, 1798(1798-05-28)[1], Môtiers, Նևշատել, Պրուսիայի թագավորություն[1] - մայիսի 7, 1850(1850-05-07)[1], Peseux, Նևշատել, Շվեյցարիա), ֆրանսիական ծագմամբ շվեյցարացի հնագետ, ճանապարհորդ, ազգագրագետ և բնագետ։ Հայաստանում առավելապես ճանաչված է 1831-1834 թթ. ձեռնարկած ճանապարհորդությամբ դեպի Ղրիմ, Կովկաս և Արևելյան Հայաստան, որի արդյունքում գրեց վեց հատորից բաղկացած «Ճանապարհորդություն Կովկասի շուրջ՝ չերքեզների ու աբխազների մոտ, Կողքիսում, Վրաստանում, Հայաստանում և Ղրիմում» աշխատությունը՝ կից ատլասով, նկարներով, գծանկարներով ու սխեմաներով, որոնք կատարել էր ինքը՝ հեղինակը, իր հետազոտությունների ընթացքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասկանայի ամրոցը՝ Վրաստանում

Ֆրեդերիկ Դյուբուան ծնվել է Շվեյցարիայի Նեվշատել լեռնային գավառում՝ բնիկ տեղացիների ընտանիքում։ Սերում էր աղքատացած ազնվականների տոհմից. նրա նախնիները դեռևս 16-րդ դարում բնակության էին հաստատվել Մոնպերե գյուղում, Լը Լոքըլ քաղաքի մոտ։ Ավելի ուշ այդ հանգամանքը Ֆրեդերիկ Դյուբուային հիմք է տալիս իր անվանն ավելացնել «դը Մոնպերե» մասնիկը, որ նշանակում է Մոնպերեացի։ Նրա հայրը՝ Շարլ Դյուբուան էր, որ զբաղվում էր ժանյակավոր գործվածքների վաճառքով, իսկ մայրը՝ Մարի-Աննա Լարդի դ'Օվերնիեն էր։ Ապագա գիտնականի մանկությունն անցել է Նեվշատելյան լճի ափին։ Նրա ձեռագրերում գտնվել է հետևյալ գրառումը. «Եթե ես հպարտանալու բան ունեմ, ուրեմն այն միտքն է, որ ես բնիկ Նեվշատելցի եմ»։ Ֆրեդերիկը նախնական կրթությունը ստացել է Նեվշատելում։ Ապա երկու տարի (1817-1819 թթ.) ֆրանսերեն է դասավանդել Սենտ Գալլեն քաղաքում (գտնվում է Շվեյցարիայի արևելքում)։ Դրանից հետո նա երկու տարի եղել է Կուրլյանդիայի դքսության (գտնվել է ժամանակակից Լատվիայի արևմտյան հատվածում) գուվերները (համապատասխանում է հայկական մարզպետի պաշտոնին), իսկ 1821-1829 թվականներին՝ կառավարիչը։ 1829-1831 թթ. Ֆրեդերիկ Դյուբուան սովորել է Բեռլինի համալսարանում՝ այնպիսի հայտնի գիտնականների ղեկավարությամբ, ինչպիսիք էին երկրաբան Լեոպոլդ ֆոն Բուխը, բնագետ Ալեքսանդր ֆոն Հումբոլդտը և աշխարհագրագետ Կարլ Ռիտտերը։ Ըստ որոշ տեղեկությունների, նրանցից այս վերջինն էր, որ հսկայական ազդեցություն ունեցավ երիտասարդ գիտնականի ճակատագրի վրա՝ խորհուրդ տալով ճամփորդել դեպի Ղրիմ ու Կովկաս։

Ճանապարհորդությունը դեպի Ղրիմ, Կովկաս և Արևելյան Հայաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատն՝ ըստ դը Մոնպերեի:

1831-1834 թթ. Ֆրեդերիկ Դյուբուան ձեռնարկեց ինքնուրույն գիտարշավ դեպի Ռուսաստանի հարավ։ Այդ արշավը նա հետագայում նկարագրեց իր «Ճանապարհորդություն Կովկասի շուրջ՝ չերքեզների ու աբխազների մոտ, Կողքիսում, Վրաստանում, Հայաստանում և Ղրիմում» վեցհատորանոց աշխատությունում (1839—1843): Առանձին ուշադրության է արժանի պատկերազարդ ատլասը, որ կցված էր այդ աշխատանքին և ընդգրկում էր մեծ թվով նկարներ ու սխեմաներ՝ նկարագրություններով Ղրիմի, Կովկասի ու Արևելյան Հայաստանի պատմա-ճարտարապետական այն հուշարձանների, որոնցից շատերը չեն պահպանվել մինչև մեր օրերը։

Արևելյան Հայաստանում նա այցելել է Երևան, Էջմիածին և Նախիջևան՝ թողնելով նրանցում պահպանված պատմա-ճարտարապետական հուշարձանների նկարագրությունը ևս։ Անդրադարձել է Էջմիածնի Մայր տաճարին, որի պատկերը ստեղծվել է 1832 թվականին։ Նույն թվականին է նաև ստեղծվել «Արարատ լեռը, տեսարան Երևանի բերդից» բնանկարը։ Նկարի ձախ կողմում պատկերված է Երևանի բերդի՝ դեռևս կանգուն պարիսպները։ Աջ կողմի ներքևի անկյունում Երևանի միջնադարյան Կարմիր կամուրջն է, որը վերակառուցվել էր 1679 թվականի երկրաշարժից հետո (ներկայում կիսավեր վիճակում է)։ Նկարի կենտրոնում պատկերված են երևանյան հանրահայտ Դալմայի այգիները, որոնց մասին հիացմունքով է խոսում Ֆրեդերիկ Դյուբուան իր գրքում, նշելով, որ այդտեղ ամեն մի հողատարածք ունի իր գինու մառանը, որտեղ պատրաստվում և պահվում է գինի։ Ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի՝ վերջին շրջանում կատարված հետազոտությունների ընթացքում Դալմայի այգիներում հայտնաբերվել են պարսկական տիրապետության ժամանակաշրջանին վերաբերող (16-18-րդ դարերի) լավ պահպանված հնձան-մառաններ, որոնք կարող են գրավիչ լինել զբոսաշրջության համար։

1838 թվականին բացվում է Նեվշատելի ակադեմիան, որտեղ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեն սկսում է դասավանդել հնագիտություն։ Իսկ երբ 1843 թվականին ակադեմիայում բացվում է հնագիտության ամբիոն, նրան շնորհվում է վերջինիս ղեկավարումը և պրոֆեսորի կոչում։ 1848 թվականին նա թողնում է ուսուցչական գործունեությունը և հեռանում ակադեմիայից՝ ամբողջությամբ նվիրվելու Նեվշատելի հնագիտական հետազոտությունների աշխատանքին։ Պեղումների արդյունքում նա բացեց շինությունների հետքեր՝ կառուցված հռոմեական դարաշրջանում։

«Ճանապարհորդություն» գրքին կցված ատլասը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեի ատլասը մինչև այժմ մասնագետների համար մնում է անդրսևծովյան և կովկասյան պատմությանն ու ճարտարապետությանը նվիրված ամենահարգված աշխատանքներից մեկը՝ որպես սկզբնաղբյուր, որտեղ փաստագրված է 1830-ականներին արդեն անհետացող կամ կիսավեր կոթողների վիճակը։ Ֆրեդերիկ Դյուբուայի պատկերազարդ ատլասի հրատարակության նյութական ծախսերը հոգացել է ցարական Ռուսաստանի կառավարությունը և անձամբ Նիկոլայ I ցարը։ Այսօրվա դրությամբ ատլասը համարվում է մատենագիտական եզակի նմուշ։ Այդ հրատարակությունից Ռուսաստանում պահպանված կա միայն երեք օրինակ, որոնցից մեկը գտնվում է Ռուսաստանի Պետական Գրադարանում, մեկը՝ Սանկտ Պետերբուրգի Ռուսական աշխարհագրական ընկերությունում և Գելենջիկի պատմա-երկրագիտական թանգարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 SIKART — 2006.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  • Дюбуа-де-Монперре, Фредерик // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերե» հոդվածին։