Ռուսաստանի Պետական Գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի Պետական Գրադարան
Pashkov house.jpg
Երկիր Ռուսաստան
Տեսակ ազգային գրադարան
Հիմնվել է 1862
Կոորդինատներ: 55°45′6.9984000000062″ հս․ լ. 37°36′34.999199999992″ ավ. ե. / 55.751944000000001722° հս․. լ. 37.60972199999999788° ավ. ե. / 55.751944000000001722; 37.60972199999999788
Այլ տվյալներ
Կայք http://www.rsl.ru
Russian State Library Վիքիպահեստում

Ռուսաստանի Պետական Գրադարան (ռուս.՝ Российская государственная библиотека), պետական գրադարան Մոսկվայում: Համարվում է Եվրոպայի և աշխարհի խոշորագույն գրադարաններից, գրադարանագիտության, գրքի պատմության, մատենագիտության բնագավառների ԳՀ առաջատար հիմնարկ։ Հիմնվել է 1862 թվականի հուլիսի 1-ին, ընդգրկված է Ռումյանցևյան հանրային թանգարանի կազմում։ Կազմավորման սկզբից ստանում է հայրենական հրատարակությունների պարտադիր օրինակներ (մինչև 1922 թվականը՝ 1, 1922-1944 թվականներին՝ 2, 1945 թվականից՝ 3 օրինակ)։ 1925 թվականից կոչվել է Վ. Ի. Լենինի անվան ԽՍՀՄ գրադարան, 1992 թվականից` Ռուսաստանի Պետական Գրադարան։

Գրադարանի ընթերցողներից են եղել Լև Տոլստոյը, Ֆեոդոր Դոստոևսկին, Դմիտրի Մենդելեևը, Կոնստանտին Ցիոլկովսկին, Կլիմենտ Տիմիրյազևը, Անտոն Չեխովը, Վալերի Բրյուսովը և ուրիշներ։ 1893 թվականին և 1897 թվականին գրադարանի ընթերցասրահում աշխատել է Վ․ Ի․ Լենինը, 1919-1921 թվականներին եղել է բաժանորդ։ 1924 թվականին Ռումյանցևյան գրադարանը վերանվանվել է Վ․ Ի․ Լենինի անվան ռուսական, 1925 թվականի փետրվարի 6-ին՝ Վ․ ի․ Լենինի անվան ԽՍՀՍ պետական գրադարան։ 1945 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Լենինի պետական գրադարանի ֆոնդերում 1982 թվականին եղել է 11,7 միլիոն գիրք, 10,1 միլիոն ամսագիր, աշխարհի 200 (ԽՍՀՍ ժողովուրդների 89) լեզուներով 397 հազար թերթերի տարեկան հավաքածու, 330 հազար միավոր ձեռագիր, 1,3 միլիոն միավոր քարտեզ, 405 հազար միկրոժապավեն։

Գրադարանն ունի 22 ընթերցասրահ։ Լայն կապերի մեջ է արտասահմանյան գրապահոցների և գրքի գործերով զբաղվող կազմակերպությունների հետ։ Գրադարանի հին շենքում (նախկինում՝ Պաշկովի տուն, կլասիցիզմ, 1784-1786, ճարտարապետ Վասիլիյ Բաժենով) տեղավորված են ընդհանուր և պատանիների ընթերցասրահները։ 6 նոր մասնաշենքերը (այդ թվում 9 հարկանի գրապահոցը) կառուցվել են 1928-1958-ին (ճարտարապետներ՝ Վ․ Գ․ Գելֆրեյխ, Վ․ Ա․ Շչուկո և ուրիշներ) և գլխավոր մուտքի կողմից միավորված են բարձր մույթավոր պորտիկով։

Գրադարանի ճակատները հարդարված են քանդակներով (գրողների և գիտնականների կիսանդրիներ (քանդակագործներ՝ Ն․ Վ․ Կրանդիևսկայա, Ս․ Ա․ Եվսեև), բանվորի, կոլտնտեսականի, գիտնականի և այլ ֆիգուրներ (քանդակագործներ՝ Վ․ Ի․ Սուխինա, Ս․ Գ․Սանիզեր, Վ․ Վ․ Լիշև, Ե․ Ա․ Ցանսոն-Սանիզեր և այլք)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png