Jump to content

Օձեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օձ (այլ կիրառումներ)
Օձեր
Օձեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Ophidia կամ Serpentes



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Աշխարհում օձերի տարածվածությունը

Օձեր (Ophidia կամ Serpentes), ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգի ենթակարգ։ Հայտնի են 26 ընտանիքի շուրջ 2978 (2006 թվականի դրությամբ), Հայաստանում՝ 4 ընտանիքի 23 տեսակ։

Ըստ կենսակերպի՝ հայտնի են օձերի հետևյալ տեսակների խմբերը՝

  • ցամաքային,
  • կիսաջրային,
  • ծովային։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Oձերի գլխի կառուցվածքը

Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սանտիմետրից 12 մետր է, զանգվածը՝ 5 գ-ից 200 կգ, կյանքի տևողությունը՝ 8-40 տարի։

Գանգի ոսկորները միացած են շարժուն ձևով, իսկ ստորին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝ ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը և նրանց թույլ է տալիս առանց ծամելու մանրացնել և կուլ տալ բավական խոշոր կենդանիներ։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Ողերն ու կողերը բազմաթիվ են, գրեթե միանման։ Կրծքավանդակ չունեն։ Զուրկ են վերջույթներից, միայն որոշ տեսակախմբերում պահպանված են հետին վերջույթների մնացորդներ, որոնք որոշ տեսակների մոտ արտահայտված են նաև հետանցքի կողքերում գտնվող զույգ ճանկերի տեսքով։ Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ. աջը սովորաբար ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը։ Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ։ Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով։ Արտաքին ականջ չունեն. լսողությունը գրեթե զարգացած չէ, տեսողությունը զարգացած է համեմատաբար լավ։ Հիմնական զգայարանը վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանն է. օդում և առարկաների վրա առկա քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է յակոբսոնյան օրգանների մակերեսին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ և անծանոթ լինելը։ Սնվում է բացառապես կենդանական ծագման կերով, այդ թվում՝ լեշերով։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում։ Հայաստանում հիմնական մասն ապրում է նախալեռնային կիսաանապատների, տափաստանների (արևմտյան վիշապիկ, դեղնափոր, բազմագույն սահնօձեր, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, գյուրզա և այլն), որոշ տեսակներ (պղնձօձ, Դարևսկու և տափաստանային իժեր)՝ անտառային և մերձալպյան գոտիների քարքարոտ զառիվայրերում, ժայռերում, քարակույտերում և այլուր։

Օձերը վարում են ցամաքային, կիսաջրային, ծովային, ծառաբնակ և ստորգետնյա կենսակերպ։ Ունեն ճկուն, վերջավորություններից զուրկ մարմին, որը մերթ պարանի պես ոլորվում է, մերթ անսպասելի ուժով ուղղվում է և գետնին գալարվելով սողում։ Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սմ-12 մ է, զանգվածը՝ 5գ-200 կգ, կյանքի տևողությունը՝ 8-40 տարի։

Բազմանում է ձվադրությամբ, ձվակենդանածնությամբ կամ կենդանածնությամբ (2-100 ձու)։ Ձվերը ծածկված են փափուկ թաղանթով։ Թունավոր տեսակների թույնն օգտագործվում է բժշկության մեջ։ Մաշկն արժեքավոր է։

Օձի չոր մաշկը ծածկված է թեփուկներով։ Տեղաշարժվում է՝ փորի վրայի թեփուկներով գետնին հենվելով. եթե թեփուկները շփման հենարան չունենան, օձը շարժվել չի կարողանա։ Դրա փոխարեն օձերը հեշտությամբ սողում են ծառն ի վեր. այդ դեպքում նրանց օգնում է հզոր մկանունքը։ Օձերը նաև լողում են։ Անակոնդա հսկա վիշապօձը կամ ջրային լորտուն երկար են մնում ջրում։ Իսկ ծովային օձերի ողջ կյանքն անցնում է ջրում։ Օձերը նայում են անթարթ, նրանց աչքերը կոպեր չունեն, ծածկված են լոկ թափանցիկ թաղանթով։ Ժամանակ առ ժամանակ օձերը մաշկափոխվում են, նույնիսկ աչքերի վրայի կլոր, թափանցիկ թաղանթն է ընկնում։ Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ։ Կաշին մնում է և նույնիսկ այնպես է փայլում, ասես լաքած լինի։ Մաշկափոխությունից հետո օձերն արտակարգ գեղեցկանում են։ Շատ թունավոր շառաչող օձերի պոչի ծայրին կան եղջրային բոժոժներ։ Որևէ կենդանու նկատելիս օձը վեր է ցցում պոչն ու թափահարում բոժոժները, որոնց շառաչյունն ազդանշան է, թե ինքը նկատել է կենդանուն, և պետք չէ իրեն մոտենալ։

Մարդկանց վրա օձերը գրեթե չեն հարձակվում։ Օձը խայթում է, երբ նրան տրորում են կամ ձեռքը մտցնում նրա թաքստոցը։ Օձի թույնը որսի և պաշտպանության նույնպիսի զենք է, ինչպես գիշատիչների ժանիքներն ու ճանկերը։ Թույնն արտադրվում է գլխի 2 կողմերում տեղադրված հատուկ գեղձերում, որտեղից ծորաններով անցնում է թունավոր ատամների մեջ։ Օձերը չեն կծում, այլ «կտցահարում» են՝ թույնը ներարկելով ատամներով առաջացրած վերքի մեջ։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Այն, ինչը սխալմամբ խայթ են անվանում, պարզապես օձի լեզուն է, որ միշտ «պարում» է նրա շուրթերի շուրջը։ Լեզուն շոշափում է շրջապատը, այն օձի շոշափելիքի օրգանն է. օդում և առարկաների վրա եղած քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ ու անծանոթ լինելը։ Շառաչող (բոժոժավոր) օձի աչքերից քիչ ներքև կան 2 փոսիկներ։ Դրանք ընկալում են կենդանիների մարմնից անջատվող ջերմությունը՝ զանազանելով ջերմաստիճանի մեկ հազարերորդականի հասնող տարբերությունները։ Այդ պատճառով էլ օձը կարող է հանգիստ որս անել լիակատար մթության մեջ։ Գիտնականները ջանում են բացահայտել օձի այդ օրգանի գաղտնիքը և դրան նմանվող սարք պատրաստել։ Բացի թունավոր օձերից՝ կան նաև բազմաթիվ ոչ թունավոր օձեր։ Մարդիկ հաճախ անխտիր ոչնչացնում են օձերին. փոքրերին՝ թույնի վախից, մեծերին՝ հանուն շահույթի. օձերի կաշվից գեղեցիկ պայուսակներ, գոտիներ և կոշիկներ են պատրաստում։

Օձի թույնի օգտակարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակարությունն այն է, որ նրանց թույնից պատրաստում են արժեքավոր դեղորայք, իսկ թունավոր օձերի խայթոցի դեմ հատուկ շիճուկ են կիրառում։ Օձի թույն ստանալու նպատակով այժմ օձեր են բազմացնում բուծարաններում։ Օձից թույնը վերցնում են՝ նրան ստիպելով «կծել» ապակե փոքրիկ բաժակի շուրթը։ Շատ օձեր ամիսներ շարունակ թույն են տալիս։ Օձերն այլ օգուտ էլ են տալիս. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու կրծողների։

Հայաստանում հանդիպող օձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 26 ընտանիքի շուրջ 2 978 տեսակ, Հայաստանում՝ 4 ընտանիքի (կույր օձեր, վիշապներ, իժեր, լորտուներ) 23 տեսակ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չափավոր կլիմայով գոտիներում օձերը ձմեռային քուն են մտնում, որն անցկացնում են խոր ընդարմացման մեջ։ Գարնանն սկսում են զուգընկեր փնտրել՝ բազմանալու համար։ Արուները հաճախ կռվի են բռնվում կամ «ներկայացում» են տալիս՝ էգի ուշադրությունը գրավելու նպատակով։ Զուգավորումից հետո էգերը դնում են 2-100 ձու։ Որոշ օձեր ծնում են կենդանի ձագեր։
  • Հայտնի է ծովային օձերի 50 տեսակ, որոնցից շատերը խիստ թունավոր են, սակայն խայթում են միայն լուրջ վտանգի դեպքում։
  • Իժերը հատուկ թունավոր ատամների օգնությամբ թույնը ներարկում են զոհի մարմնի մեջ։ 2 ատամներից յուրաքանչյուրը տեղադրված է շարժուն ոսկրիկի վրա, ինչի շնորհիվ նրանք տեղավորվում են բերանի մեջ, իսկ եթե այդ հարմարանքը չլիներ, օձի բերանը բաց կմնար։
  • Հայաստանի բնաշխարհ, Ե., Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2006, էջ 543։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օձեր հոդվածին
Ընթերցե՛ք «օձեր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օձեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օձեր» հոդվածին։