Փարիզի կատակոմբներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի կատակոմբներ
Տեսակթանգարան և Կատակոմբ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 14-րդ շրջան
Պատկանում էՓարիզի Թանգարաններ
ՀասցեPlace Denfert-Rochereau75014place Denfert-Rochereau? և avenue du Colonel-Henri-Rol-Tanguy? (1)
Հիմնադրվել է1787
Այցելուներ601 900 մարդ (2019)[1]
Կայքcatacombes.paris.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Փարիզի կատակոմբներ (ֆր.՝ Catacombes de Paris), 1.5 կմ երկարությամբ ստորգետնյա թունելների ցանց Փարիզի տակ գտնվող հին հռոմեական քարհանքերի տեղում[2]։ 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի կեսեր ընկած ժամանակահատվածում այստեղ են բերվել մոտ վեց միլիոն մարդու մնացորդներ[3]։ Ստորգետնյա գերեզմանոցի ամբողջ տարածքը 11 000 քմ է2։ Մեր օրերում կատակոմբները համարվում են Կառնավալե թանգարանի մի մասը և բաց են այցելուների համար[3]։

Քարհանքերի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի քարի հանքերի մեծամասնությունը գտնվել է Սենի ձախ ափին, սակայն 10-րդ դարրում բնակչությունը տեղափոխվել է աջ ափ, ոչ հեռու մերովինգների ժամանակաշրջանի հին քաղաքից։ Սկզբում քար հատել են բաց եղանակով, սակայն 10-րդ դարի վերջում դրա պաշարներն սկսել են չբավականացնել։

Կրաքարի ստորգետնյա առաջին հանքերը գտնվել են այժմյան Լյուքսեմբուրգյան այգու տարածքի տակ, երբ Լյուդովիկոս 11-րդը զոհաբերել է Վովերտի ամրոցի տարածքը` կրաքար հատելու համար։ Նոր հանքերն սկսել են բացվել քաղաքի կենտրոնից ավելի ու ավելի հեռու. դրանք այժմյան Վալ դե Գրաս հիվանդանոցի, Գոբելենի, Սեն Ժակ, Վոժիրար և Սեն Ժերմե դե Պրե փողոցների շրջանում են։ 1259 թվականին մոտակա վանքի վանականները անձավները հարմարեցրել են գինու նկուղների և շարունակել ստորգետնյա մշակումները։

Փարիզի բնակելի մասի ընդլայնումը Վերածննդի դարաշրջանում և ավելի ուշ՝ Լուի Արև արքայի օրոք, հանգեցրել է նրան, որ մինչև 17-րդ դարը քարհանքներից վերև գտնվող հողերն արդեն գտնվում էին քաղաքի սահմաններում, իսկ բնակելի տարածքների զգալի մասը փաստացի «կախվել» էր անդունդի վրա։ Ամենավտանգավոր վայրերն էին «Սուրբ Վիկտորի արվարձանը» (Ռյու դեզ Էկոլի արևելյան ծայրից դեպի հարավ, մինչև Ժոֆրուա Սենտ Իլեր), Սեն-Ժակ փողոցը և, վերջապես, Սեն Ժերմեն դե Պրե արվարձանը (այն ժամանակ փոքր քաղաք` ամրոցի հարևանությամբ)։

1777 թվականի ապրիլին Լուի XVI թագավորը հրաման է արձակել Քարհանքերի ընդհանուր տեսչության ստեղծման մասին, որը գոյություն ունի մինչ այսօր։ Ավելի քան 200 տարիների ընթացքում այս տեսչության աշխատակիցները հսկայական աշխատանքներ են կատարել՝ ստեղծել ամրություններ, որոնք կարող էին հետաձգել կամ նույնիսկ ամբողջովին կանխել ստորգետնյա աստիճանաբար զարգացող սողանքները։ Ստորգետնյա տարածքների ամրապնդման մտահոգիչ խնդիրը լուծում են ամբողջ ստորգետնյա տարածքի բետոնալցմամբ, որը ֆինանսական մեծ ծախսեր չի պահանջում։ Բետոնալցման արդյունքում անհետանում են այնպիսի պատմական հուշարձաններ, ինչպիսիք են, օրինակ Փարիզի հյուսիսում գտնվող գիպսի քարհանքները։ Այնուամենայնիվ, բետոնի ամրությունը ժամանակավոր լուծում է, քանի որ Սեն գետի ստորգետնյա ջրերը վաղ թե ուշ ելքեր կգտնեն այլ վայրերում։

Ոսկորատան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեռելաթաղ ջահակիրների դամբարանը Փարիզի կատակոմբներում

Համաձայն հաստատված քրիստոնեական ավանդույթի` հանգուցյալին թաղել են եկեղեցու մոտակայքում։ Միջնադարի ժամանակաշրջանի սկզբում կաթոլիկ եկեղեցին ամեն կերպ խրախուսում էր հանգուցյալին եկեղեցիների հարևանությամբ թաղելու գաղափարը՝ ստանալով զգալի շահույթ մահացածների և գերեզմանոցում թաղման արարողությունների համար։ Հետևաբար քրիստոնեական գերեզմանատները տեղակայված էին ոչ միայն Փարիզի, այլև` ամբողջ Եվրոպայի բնակավայրերի կենտրոնում։

Օրինակ, 7000 մետր քառակուսի տարածք զբաղեցնող Անմեղների գերեզմանոցում, որը գործում է 11-րդ դարից, թաղվել են ծխականներ 19 եկեղեցուց, ինչպես նաև` անհայտ դիակներ։ 1418 թվականին Բուբոնային ժանտախտը կամ, այսպես ասած, Սև մահը ավելացրել է ևս 50 000 դիակ[4]։ 1572 թվականին գերեզմանատանը տեղավորել են Բարդուղիմեոսյան գիշերում զոհվածների հազարավոր դիակներ։ Քանի որ գերեզմանոցը դարձել էր երկու միլիոն դիակների թաղման վայր, թաղման շերտը խորացել էր 10 մետրով, իսկ հողի մակարդակը` բարձրացել ավելի քան երկու մետրով։ Մեկ գերեզմանոցի տարբեր մակարդակներում կարող էին գտնվել տարբեր ժամանակաշրջանի 1500 մնացորդներ։ Գերեզմանատունը դարձել էր վարակների բույն, այն արտանետում էր գարշահոտություն, որի պատճառով, ինչպես ասում էին, թթվում էր կաթն ու գինին։ Այնուամենայնիվ, քահանաները դեմ էին քաղաքային գերեզմանատների փակմանը։ Բայց չնայած եկեղեցու ներկայացուցիչների դիմադրությանը, 1763 թվականին Փարիզի խորհրդարանում հրամանագիր է ստորագրվել քաղաքի պատերի ներսում թաղումների արգելման մասին։

1780 թվականին Ռյու դե լա Լյանժրի փողոցի հարևանությամբ գտնվող տները Անմեղների գերեզմանոցից բաժանող պատը փլվել է։ Մոտակա տների նկուղները լցվել են մահացածների մնացորդներով և մեծ քանակությամբ կեղտով։ Գերեզմանոցը վերջնականապես փակվել է և Փարիզում թաղումները արգելվել են։ 15 ամիս շարունակ ամեն գիշեր սևավորված պահակախումբը ոսկորները հանում, ախտահանում, մշակում և տեղավորում էր 17,5 մետր խորությանբ լքված Տոմբ Իսուար քարհանքում։ Հետագայում որոշվել է մաքրել քաղաքի ևս 17 գերեզմանոց և 300 պաշտամունքի վայր։

Ոսկորներ և գանգեր

Հայտնի ռուս պատմաբան և հրապարակախոս Վ․ Ստրոյևը իր «Փարիզը 1838 և 1839 թվականներին» գրքում գրել է։

Այստեղ առաջ քարհանքներ կային, որոնք շինանյութ էին մատակարարում Փարիզում կառուցվող տներին։ Ամբողջ թաղամասի տակ դատարկություն գոյացավ, բնակիչները վախեցած էին, կառավարությունն ինժեներներ ուղարկեց, ովքեր կառուցեցին ստորգետնյա սրահներ և պահուստներ։ Սրահները գտնվում էին փողոցներին զուգահեռ, յուրաքանչյուր տուն ունի իր համարը գետնի տակ, այնպես որ վերևում տեղի ունեցած միջադեպի դեպքում հնարավոր է ձեռնարկել պաշտպանական միջոցներ ներքևում։ Ոստիկանականապետ Լենուրն առաջարկել է ստորգետնյա սրահները վերածել կատակոմբների, մաքրել գերեզմանատների ոսկորները և դրանք տեղադրել գետնի տակ։ Նրա ծրագիրը ընդունվում և կատարվում է։ Ավելի քան հինգ միլիոն կմախքներ տեղափոխվեցին կատակոմբների մռայլ կամարների տակ և դասավորվել են սիմետրիկ կարգով։

Նեղ աստիճանահարթակի երկայնքով հարյուր ոտնաչափ իջնելով՝ մտնում եք նախադուռ, որի վրա գրված է.

Կանգնիր, այստեղ մահվան թագավորությունն է ...

Մուտքի վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարհանքների մուտքը գտնվում է շենքի ձախ մասում

Դանֆեր Ռոշրո (ֆր.՝ Denfert-Rochereau) մետրոյի կայարանի մոտ գտնվում է մի փոքր տաղավար (կողմնորոշիչը քանդակագործ Բարտոլդի հայտնի «Առյուծ» աշխատանքն է)։ Հենց դա է հայտնի փարիզյան կատակոմբների մուտքը։

Կատակոմբները հսկվում են ոստիկանության հատուկ սպորտային բրիգադը, որը ստեղծվել է 1980 թվականին՝ 1955 թվականի նոյեմբերի 2-ին ընդունած օրենքը պահպանելու համար, որն արգելելում է բոլոր կողմնակի անձանց լինել Փարիզի ստորգետնյա քարհանքերի զբոսաշրջային տարածքներից դուրս։ Խախտման համար նվազագույն տուգանքը 60 եվրո է։

Որոշ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստորգետնյա սրահները ունեին էլեկտրականություն։ Կայսրը Նապոլեոն III սիրում էր այստեղ հյուրեր ընդունել։
  • Այսօր զբոսաշրջիկների այցելության համար կահավորված են մոտ 2 կմ ստորգետնյա անցումներ։ Կատակոմբ այցելելիս չի կարելի հրաժարվել ոսկորատուն այցելելուց։ Զբոսաշրջային տարածք մուտք գործել չի թույլատրվում միաժամանակ 200 հոգուց ավելի մարդկանց, այդ պատճառով հերթը երբեմն երկարում է։ Կատակոմբները փակվում են երեկոյան հինգին, զբոսաշրջիկների վերջին ընդունելիությունը չորսին է (ամռանը` համապատասխանաբար` 20.00 և 19.00)։
  • Վալ դե Գրաս եկեղեցու պահակ Ֆիլիբեր Ասպերը, որոնելով գինու նկուղները, փորձել է ուսումնասիրել հարյուրավոր կիլոմետրեր ձգվող քարհանքների թունելները։ 1793 թվականին նա մոլորվել է այդ լաբիրինթոսում և նրա կմախքը գտել են միայն 11 տարի անց` ճանաչելով նրան իր հագուստով և բանալիով։
  • 1889 թվականին Համաշխարհային փարիզյան ցուցահանդեսի ժամանակ հատուկ այդ ցուցահանդեսի համար կառուցված Էյֆելյան աշտարակի հակառակ մասում՝ Շայո պալատի ստորգետնյա սրահում, բացվել է «Կատակոմբներ» անունով սրճարան։
  • Փարիզի կատակոմբների գոյությունը վտանգի տակ է։ Հիմնական պատճառը ստորերկրյա ջրերն են, որոնք ողողում են կատակոմբների հիմքերը և ամրությունները։ 1980 թվականին ստորերկրյա ջրերի մակարդակը որոշ վայրերում սկսել է բարձրանալ, որի արդյունքում մի քանի սրահներ փլվել են։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սենի ձախ ափին, քարհանքներից մեկում տեղադրված է եղել գերմանական բանակի հույժ գաղտնին բունկերը։ Դրանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա 1944 թվականի օգոստոսին գտնվում էր Դիմադրության շարժման առաջնորդների շտաբը։
  • Սառը պատերազմի ժամանակ Փարիզի ստորգետնյա սրահներում տեղակայված է եղել ռմբապաստարան, Միջուկային պատերազմի դեպքում գործի դնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  2. Франция. Лингвострановедческий словарь / Под ред. Л. Г. Ведениной. — М.: Интердиалект+ : АМТ, 1997. — С. 156. — ISBN 5-89520-003-6
  3. 3,0 3,1 «Les catacombes de Paris». Musée Carnavalet. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. «Огненная чума. Филиппов Б., Ястребицкая А. Европейский мир X-XV вв». foreandming.tumblr.com. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի կատակոմբներ» հոդվածին։