Տրիսկաիդեկաֆոբիա
Տրիսկաիդեկաֆոբիա (կամ տերդեկաֆոբիա, հին հունարեն՝ τρεισκαίδεκα՝ տասներեք և φόβος՝ վախ), վախ 13 թվից։ Այս վախը համարվում է սնահավատություն, որը պատմականորեն կապված է կրոնական նախապաշարմունքների հետ։ Վախը ուրբաթ 13-ից անվանում են պարասկևիդեկատրիաֆոբիա կամ ֆրիգգատրիսկայդեկաֆոբիա։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս հետազոտողները չունեն ընդհանուր կարծիք տրիսկաիդեկաֆոբիայի առաջացման մասին։
Կա տարբերակ, ըստ որի 13-ը համարվում է «վատ» թիվ այն պատճառով, որ այն մեծ է 12-ից՝ թվից, որը սուրբ է համարվում շատ ազգերի համար։
Կա աստվածաշնչյան պատմություն, համաձայն որի Հուդա Իսկարիովտացին, ով դավաճանել է Հիսուսին, գաղտնի երեկոյի ժամանակ նստել է տասներեքերորդ սեղանի մոտ։ Այդ դավաճանության հետ է կապված XIX դարում տարածված կարծիքը, որ եթե ճաշի սեղանի շուրջ հավաքվել են 13 մարդ, ապա նրանցից մեկը այդ տարվա ընթացքում կմահանա։
Քրիստոնեության մեջ տարածվել է համոզմունք, որ Սատանան եղել է 13-րդ հրեշտակը։
Ըստ մեկ այլ տարբերակի վախը պայմանավորված է նաև նրանով, որ հրեական օրացույցում (լուսնա-արևային տոմար) որոշ տարիներ ունեն 13 ամիս, հակառակ նրան, որ արևային գրիգորյան օրացույցը և լուսնային Իսլամական օրացույցը ունեն 12 ամիս։
Տրիսկաիդեկաֆոբիան արմատներ ունի վիկինգների առասպելաբանության մեջ. աստված Լոկին (խորամանկության և խարդախության աստված) եղել է 13-րդը հին սկանդինավյան պանթեոնում։
Բացի այդ, XIII քարտը «Տարո» խաղաթղթերում նշանակում է մահ։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայն տարածում ունի ավանդությունը, որ տրիսկաիդեկաֆոբիայի ամենավաղ օրինակը Միջագետքի Համմուրաբի թագավորի օրենքներն են (մոտավոր Մ.թ.ա. 1780 թվական), որոնցում իբր թե բացակայում է 13-րդ հոդվածը։ Սակայն իրականում 13-րդ հոդվածն այնտեղ առկա է[1]։
Որոշ շինություններում (օրինակ, Նյու-Յորքի հյուրանոցներում) հարկերը համարկալվում են այնպես, որ տրիսկաիդեկաֆոբները չնյարդայնանան. 12-րդ հարկին միանգամից հաջորդում է 14-րդը, կամ շինությունը կարող է ունենալ 12Ա և 12Բ հարկեր, կամ 13-րդ հարկն օգտագործվում է տեխնիկական նպատակներով։ Նյու-Յորքի Դաշնային պահուստային բանկում երկար ժամանակ վերջին հարկը 12-րդն էր՝ շատ բարձր առաստաղով։ Սակայն այն ի վերջո բաժանվեց 2 հարկի[2]։ Երբեմն դա վերաբերվում է նաև տների համարակալմանը։
Ադոլֆ Հիտլերն ունեցել է տրիսկաիդեկաֆոբիա[3]։
Օդաչուների սնահավատության պատճառով ԱՄՆ-ում երբեք չի եղել F-13 համարով կործանիչ։ YF-12 մոդելին (SR-71 կործանիչային մոդիֆիկացիայի նախատիպ) միանգամից հաջորդում էր F-14-ը։ Շատ ավիաընկերություններ ուղևորային ինքնաթիռների նստատեղերի համարակալման մեջ խուսափում են 13-րդ շարքից (12-րդին հաջորդում է 14-րդը)։
Ժամանակակից «Ֆորմուլա 1»-ում չկա 13 համարի մեքենա։ Որպես բացատրություն ենթադրվում է, որ համար 13-ը հանվել է Գրան-պրի ավտոաշրավների մեկնարկային ցուցակներից 1925 և 1926 թվականներին տասներեքերորդ համարի մեքենաների վթարներից հետո։
Ավստրիացի կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգը տրիսկաիդեկաֆոբ է եղել։ Ահա այդ պատճառով իր վերջին օպերան կրում է «Մոիսեյ և Արոն» («Moses und Aron») անվանումը՝ «Մոիսեյ և Աարոնի»-ի («Moses und Aaron») փոխարեն. տառերի քանակը երկրորդ անվանման մեջ տասներեք է։ Նա ծնվել է սեպտեմբերի 13-ին, ինչը միշտ համարել է վատ նախանշան, և մահացել է հուլիսի 13-ին[4]։ Նա կտրականապես հրաժարվել է վարձով վերցնել 13 համարի տուն։ Կոմպոզիտորը վախեցել է այն օրից, երբ կլրանա իր 76-ամյակը, քանի որ 7-ի և 6-ի գումարը կազմում է 13։ Շատերին է հայտնի այն լեգենդը, ըստ որի Շյոնբերգը սարսափելի վախենում էր իր 1951 թվականի հուլիսի 13-ից, որը ուրբաթ 13 էր և լրանում էր իր 76 տարին։ Նա ամբողջ այդ օրը պառկում է անկողնում՝ պատրաստվելով ենթադրյալ մահվանը։ Կինը փորձում է համոզել ամուսնուն վեր կենալ և «վերջ տալ այդ հիմարությունները», և որքան էլ դա զարմանալի է, նա միայն արտասանում է «հարմոնիա» բառը և մահանում։ Առնոլդ Շյոնբերգը հեռանում է կյանքից 23:47՝ կեսգիշերից 13 րոպե առաջ։
Ամերիկացի հեղինակ-կատարող Ջոն Մեյերը թողարկել է «Room for Squares» ալբոմը 14 երգերով, որոնցից 13-րդը տևում է ընդամենը 0.2 վայրկյան և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան լռություն։ 13-րդ ստեղծագործությունը չի նշվում ալբոմի շապիկի վրա։ Նույն կերպ 13 թվից խուսափում է «Hot Hot Heat» խումբը. «Elevator» ալբոմում՝ 13-րդը չկա երգերի ցուցակում, իսկ ձայնագրության մեջ նրան փոխարինում է 4 վայրկյան աղմուկ։
Իսպանացի Անխել Նիետոն, իր խոսքերով, հաղթել է 12+1 մոտոցիկլետային սպորտի համաշխարհային առաջնությունը։ Իր կյանքի մասին ֆիլմը հենց այդպես էլ կոչվում է՝ «12+1»
Կան նաև հակառակ օրինակներ. շախմատիստ Գարրի Կասպարովը միշտ համարել է 13-ը իր երջանիկ թիվը։ 1985 թվականին հաղթելով Անատոլի Կարպովին 13:11 հաշվով՝ նա դարձել է շախմատի աշխարհի տասներեքերորդ չեմպիոնը։
Իտալիայի և Չինաստանի մշակույթներում 13-ը ավանդաբար երջանիկ թիվ է համարվում։
Նման ֆոբիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տետրաֆոբիա, վախ 4 թվից, Չինաստանի, Ճապոնիայի և Կորեայի հիվանդնոցներում և հյուրանոցներում հազվադեպ է հանդիպում չորրորդ հարկ։ Այս ֆոբիայի առաջացման պատճառը «չորս» նշանակող չինական հիերոգլիֆի (չինարեն՝ 四) արտասանությունն է։ Այն հնչում է գրեթե այնպես, ինչպես «մահ» նշանակող բառը (չինարեն՝ 死), նրանք տարբերվում են միայն տոնայնությամբ։
- Հեքսակոսիոիհեքսեկոնտահեքսաֆոբիա, վախ 666-ից, որը Նոր Կտակարանում հիշատակված է որպես գազանի կամ սատանայի թիվ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Законы Хаммурапи
- ↑ Грег Фаррелл Крах титанов: История о жадности и гордыне, о крушении Merrill Lynch и о том, как Bank of America едва избежал банкротства = Crash Of The Titans Greed, Hubris, The Fall Of Merrill Lynch, And The Near-Collapse Of Bank Of America. — М.: Альпина Паблишер, 2014. — 412 с. — ISBN 978-5-9614-4746-0
- ↑ Adolf Hitler was triskaidekaphobic
- ↑ Arnold Schoenberg
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lachenmeyer, Nathaniel (2004). 13: The Story of the World’s Most Popular Superstition. New York: Four Walls Eight Windows. ISBN 1-56858-306-0.