Սկզբում հարել է սոցիալիստներին, ապա՝ չափավոր լիբերալներին։ 1894 թվականից հրատարակել է «Վալենսիա» վիպապատմվածաշարը, որի վրա զգալի է նատուրալիզմի ազդեցությունը[7]։ «Անհոգ կյանք» (1894), «Նարինջի այգիներում» (1900) վեպերում խարազանել է բուրժուական իրականությունը։ 1906-1909 թվականներին հրատարակել է իր հոգեբանական-փիլիսոփայական վիպաշարը՝ «Մերկ Մախան» (1906), «Արյուն և ավազ» (1908), «Մեռածները հրամայում են» (1909) և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) իրադարձությունների միտումնավոր և ազգայնամոլ լուսաբանումը դարձավ Բլասկո Իբանեսի հետագա վեպերի («Ապոկալիպսիսի չորս հեծյալները», 1916, «Մեր ծովը», 1918 և այլն) անհաջողության պատճառը։ 1923 թվականին Իսպանիայում ռազմական դիկտատուրա հաստատվելուց հետո վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ հրատարակել է «Ալֆոնս XIII-ը առանց դիմակի» (1924) պամֆլետը[8]։ «Մեծ Իրանին որոնելիս» (1928) վեպը նվիրել է Քրիստափոր Կոլումբոսին[9]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 452)։