Ստեֆան Օսուսկի
Ստեֆան Օսուսկի | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան, իրավաբան և քահանա |
---|---|
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | մարտի 31, 1899[1] |
Ծննդավայր | Brezová pod Bradlom, Ավստրո-Հունգարիա[2] |
Վախճանի օր | սեպտեմբերի 27, 1973[3][2][4] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Herndon, Վիրջինիա, ԱՄՆ |
Թաղված | Օուկ Հիլ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա և Ավստրո-Հունգարիա |
Պարգևներ | |
Ստեֆան Օսուսկի (սլովակ.՝ Štefan Osuský մարտի 31, 1899[1], Brezová pod Bradlom, Ավստրո-Հունգարիա[2] - սեպտեմբերի 27, 1973[3][2][4], Herndon, Վիրջինիա, ԱՄՆ), չեխոսլավակյան դիվանագետ և քաղաքական գործիչ, ինչպես նաև՝ գիտնական՝ փիլիսոփայության և իրավագիտության դոկտոր[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1889 թվականի մարտի 31-ին Հունգարիայի Թագավորության Բրեզովա պոդ Բրադլոմ քաղաքում, այժմ՝ Սլովակիայում։
1902 թվականից սովորել է այժմյան Բրատիսլավայի լյութերական ճեմարանում։ Բայց 1905 թվականին նրան այստեղից հեռացրել են սլովակյան հայրենասիրական զգացմունքների դրսևորման պատճառով[9]։ Այդ պատճառով 1906 թվականին նա մեկնել է ԱՄՆ և ուսումը շարունակել է Սփրինգֆիլդում և Չիկագոյում՝ ուսումնասիրելով աստվածաբանություն, բնական գիտություններ և իրավունք, 1916 թվականին՝ ստանալով դոկտորական աստիճան։ Միացյալ Նահանգներում Օսուսկին աշխատել է ազգային կազմակերպություններում՝ սկզբում Չեխական ազգային ասոցիացիայում, ավելի ուշ՝ ԱՄՆ-ում` Սլովակիայի Լիգայում։ 1915 թվականին նա հիմնել է Slovenské slovo («Սլովակյան խոսք») թերթը և Slovenský týždenník («Սլովակյան շաբաթաթերթ») շաբաթաթերթը։ 1916 թվականին Ստեֆան Օսուսկին դարձել է Սլովակյան Լիգայի փոխնախագահը և գնացել է Եվրոպա, որպեսզի Կլիվլենդյան համաձայնության (անգլ.՝ Cleveland Agreement) սկզբունքների հիման վրա բանակցություններ վարի Չեխիայի և Սլովակիայի համագործակցության վերաբերյալ։
Փարիզում սկսել է համագործակցել Չեխոսլովակյան ազգային խորհրդի հետ, որի նպատակը չեխերի և սլովակների ինքնուրույն պետականության ստեղծումն էր Ավստրո-Հունգարական կայսրության անկումից հետո։ 1917-1918 թվականներին աշխատել է Ժնևում գտնվող Չեխոսլովակյան տեղեկատվական գործակալությունում։ 1918 թվականի ապրիլին Միլան Շտեֆանիկի հետ միասին Հռոմում, ճնշված ազգերի Կոնգրեսում (անգլ.՝ Congress of Oppressed Nations) եղել է սլովակների ներկայացուցիչը։ 1918 թվականին մասնակցել է Իտալիայում Չեխոսլովակյան լեգեոնների ստեղծմանը։
Չեխոսլովակիայի ստեղծումից հետո Օսուսկին սկսել է աշխատել երիտասարդ հանրապետության դիվանագիտական ծառայությունում։ 1918 թվականի հոկտեմբերից զբաղեցրել է երկրի դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնը Միացյալ Թագավորությունում։ Որպես Չեխոսլովակյան պատվիրակության գլխավոր քարտուղար 1919-1920 թվականներին մասնակցել է Փարիզի խաղաղության կոնֆերանսին։ 1920 թվականի հունիսի 4-ին Մեծ Տրիանոն պալատում որպես Չեխոսլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Հունգարիայի հետ ստորագրել է Տրիանոնյան պայմանագիրը։ Նա մասնակից է եղել նոր ստեղծվան Ազգերի Լիգայի աշխատանքներին. եղել է Եվրոպայի նոր սահմանները ձևավորող հանձնաժողովի անդամ։ 1921 թվականից եղել է Չեխոսլովակիայի դեսպանը Ֆրանսիայում՝ այս պաշտոնում մնալով մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1939 թվականի մարտին Չեխոսլովակիայի անկումից հետո ստեղծել և մասնակցել է Չեխոսլովակյան ազգային Դիմադրությանը։ 1939 թվականի նոյեմբերին դարձել է Էդվարդ Բենեշի կողմից հիմնված Չեխոսլովակիայի ազգային կոմիտեի (սլովակ.՝ Národní výbor československý) անդամ։ 1940 թվականի հուլիսին Ստեֆան Օսուսկին նախարար է նշանակվել Չեխոսլովակիայի վտարանդի կառավարությունում (Լոնդոն) և նրա հարաբերությունները Բենհեշի հետ սկսել են վատանալ։ 1942 թվական մարտին Բենեշը նրան զրկել է բոլոր գործառույթներից. Օսուսկին հեռացել է ակտիվ քաղաքականությունից։
Նա սկսել է դասախոսություններ կարդալ Օքսֆորդի համալսարանում՝ դիվանագիտության պատմությունից և միջազգային հարաբերություններից։ 1945 թվականի գարնանը մեկնել է ԱՄՆ՝ դառնալով Համիլթոնի (Նյու-Յորքի նահանգ) Կոլգեյթյան համալսարանի պրոֆեսոր։ 1948 թվականի փետրվարին Չեխոսլովակիայի փետրվարյան իրադարձություններից հետո Օսուսկին եղել է Ազատ Չեխոսլովակիայի Խորհրդի (սլովակ.՝ Rade slobodného Československa) ակտիվ անդամը, միաժամանակ աշխատել է որպես լրագրող-քաղաքագետ։
Մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 27-ին Վիրջինիա նահանգի Հերնդոն քաղաքում։ Հուղարկավորվել է Ջորջթաուն (Վաշինգտոն) քաղաքի Oak Hill Cemetery գերեզմանատանը։
1992 թվականին հետմահու պարգևատրվել է Թոմաշ Գարրիգ Մասարիկի 1-ին աստիճանի շքանշանով։ 2001 թվականին հետմահու պարգևատրվել է Կրկնակի Սպիտակ խաչի 2-րդ դասի շքանշանով։
-
Օսուսկու գերեզմանը ԱՄՆ-ում
-
Օսուսկուն նվիրված Հուշարձան Սլովակիայում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #122038681 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ https://archiv.prezident.sk/schuster/indexffd5.html?373 (словацк.)
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k4585623t/f5.item.r=honoris.zoom
- ↑ Bertrand G. Trois siècles d'université en Bourgogne — Éditions universitaires de Dijon, 2022. — ISBN 978-2-36441-442-6
- ↑ Diplomat Štefan Osuský bol spolutvorcom zahraničnej politiky ČSR Արխիվացված 2019-04-18 Wayback Machine (սլովակ.)
- ↑ «Czech Republic and Slovakia - Štefan Osuský, . . . ideas defining a free society». Stanford, CA: Hoover Institution, Stanford University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Osuský, Štefan (1889-1973) (սլովակ.)
- JUDr. Štefan Osuský (սլովակ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Օսուսկի» հոդվածին։ |
|