Ստեֆան Օսուսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆան Օսուսկի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան և իրավաբան
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր մարտի 31, 1899(1899-03-31)[1] կամ հունիսի 7, 1889(1889-06-07)[2][3]
Ծննդավայր Brezová pod Bradlom, Myjava District, Տենչինի երկրամաս, Սլովակիա[2]
Վախճանի օր սեպտեմբերի 27, 1973(1973-09-27)[4][2][3]
Վախճանի վայր Herndon, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ կամ Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2]
Թաղված Օուկ Հիլ գերեզմանատուն
Քաղաքացիություն  Չեխոսլովակիա և  Ավստրո-Հունգարիա
 
Պարգևներ
Թոմաս Մասարիկի շքանշան, Թոմաշ Գարիգ Մասարիկի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Սպիտակ կրկնակի խաչի շքանշանի մեծ սպա և Կրկնակի սպիտակ խաչի շքանշան

Ստեֆան Օսուսկի (սլովակ.՝ Štefan Osuský մարտի 31, 1899(1899-03-31)[1] կամ հունիսի 7, 1889(1889-06-07)[2][3], Brezová pod Bradlom, Myjava District, Տենչինի երկրամաս, Սլովակիա[2] - սեպտեմբերի 27, 1973(1973-09-27)[4][2][3], Herndon, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ և Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2]), չեխոսլավակյան դիվանագետ և քաղաքական գործիչ, ինչպես նաև՝ գիտնական՝ փիլիսոփայության և իրավագիտության դոկտոր[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1889 թվականի մարտի 31-ին Հունգարիայի Թագավորության Բրեզովա պոդ Բրադլոմ քաղաքում, այժմ՝ Սլովակիայում։

1902 թվականից սովորել է այժմյան Բրատիսլավայի լյութերական ճեմարանում։ Բայց 1905 թվականին նրան այստեղից հեռացրել են սլովակյան հայրենասիրական զգացմունքների դրսևորման պատճառով[6]։ Այդ պատճառով 1906 թվականին նա մեկնել է ԱՄՆ և ուսումը շարունակել է Սփրինգֆիլդում և Չիկագոյում՝ ուսումնասիրելով աստվածաբանություն, բնական գիտություններ և իրավունք, 1916 թվականին՝ ստանալով դոկտորական աստիճան։ Միացյալ Նահանգներում Օսուսկին աշխատել է ազգային կազմակերպություններում՝ սկզբում Չեխական ազգային ասոցիացիայում, ավելի ուշ՝ ԱՄՆ-ում` Սլովակիայի Լիգայում։ 1915 թվականին նա հիմնել է Slovenské slovo («Սլովակյան խոսք») թերթը և Slovenský týždenník («Սլովակյան շաբաթաթերթ») շաբաթաթերթը։ 1916 թվականին Ստեֆան Օսուսկին դարձել է Սլովակյան Լիգայի փոխնախագահը և գնացել է Եվրոպա, որպեսզի Կլիվլենդյան համաձայնության (անգլ.՝ Cleveland Agreement) սկզբունքների հիման վրա բանակցություններ վարի Չեխիայի և Սլովակիայի համագործակցության վերաբերյալ։

Փարիզում սկսել է համագործակցել Չեխոսլովակյան ազգային խորհրդի հետ, որի նպատակը չեխերի և սլովակների ինքնուրույն պետականության ստեղծումն էր Ավստրո-Հունգարական կայսրության անկումից հետո։ 1917-1918 թվականներին աշխատել է Ժնևում գտնվող Չեխոսլովակյան տեղեկատվական գործակալությունում։ 1918 թվականի ապրիլին Միլան Շտեֆանիկի հետ միասին Հռոմում, ճնշված ազգերի Կոնգրեսում (անգլ.՝ Congress of Oppressed Nations) եղել է սլովակների ներկայացուցիչը։ 1918 թվականին մասնակցել է Իտալիայում Չեխոսլովակյան լեգեոնների ստեղծմանը։

Չեխոսլովակիայի ստեղծումից հետո Օսուսկին սկսել է աշխատել երիտասարդ հանրապետության դիվանագիտական ծառայությունում։ 1918 թվականի հոկտեմբերից զբաղեցրել է երկրի դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնը Միացյալ Թագավորությունում։ Որպես Չեխոսլովակյան պատվիրակության գլխավոր քարտուղար 1919-1920 թվականներին մասնակցել է Փարիզի խաղաղության կոնֆերանսին։ 1920 թվականի հունիսի 4-ին Մեծ Տրիանոն պալատում որպես Չեխոսլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Հունգարիայի հետ ստորագրել է Տրիանոնյան պայմանագիրը։ Նա մասնակից է եղել նոր ստեղծվան Ազգերի Լիգայի աշխատանքներին. եղել է Եվրոպայի նոր սահմանները ձևավորող հանձնաժողովի անդամ։ 1921 թվականից եղել է Չեխոսլովակիայի դեսպանը Ֆրանսիայում՝ այս պաշտոնում մնալով մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1939 թվականի մարտին Չեխոսլովակիայի անկումից հետո ստեղծել և մասնակցել է Չեխոսլովակյան ազգային Դիմադրությանը։ 1939 թվականի նոյեմբերին դարձել է Էդվարդ Բենեշի կողմից հիմնված Չեխոսլովակիայի ազգային կոմիտեի (սլովակ.՝ Národní výbor československý) անդամ։ 1940 թվականի հուլիսին Ստեֆան Օսուսկին նախարար է նշանակվել Չեխոսլովակիայի վտարանդի կառավարությունում (Լոնդոն) և նրա հարաբերությունները Բենհեշի հետ սկսել են վատանալ։ 1942 թվական մարտին Բենեշը նրան զրկել է բոլոր գործառույթներից. Օսուսկին հեռացել է ակտիվ քաղաքականությունից։

Նա սկսել է դասախոսություններ կարդալ Օքսֆորդի համալսարանում՝ դիվանագիտության պատմությունից և միջազգային հարաբերություններից։ 1945 թվականի գարնանը մեկնել է ԱՄՆ՝ դառնալով Համիլթոնի (Նյու-Յորքի նահանգ) Կոլգեյթյան համալսարանի պրոֆեսոր։ 1948 թվականի փետրվարին Չեխոսլովակիայի փետրվարյան իրադարձություններից հետո Օսուսկին եղել է Ազատ Չեխոսլովակիայի Խորհրդի (սլովակ.՝ Rade slobodného Československa) ակտիվ անդամը, միաժամանակ աշխատել է որպես լրագրող-քաղաքագետ։

Մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 27-ին Վիրջինիա նահանգի Հերնդոն քաղաքում։ Հուղարկավորվել է Ջորջթաուն (Վաշինգտոն) քաղաքի Oak Hill Cemetery գերեզմանատանը։

1992 թվականին հետմահու պարգևատրվել է Թոմաշ Գարրիգ Մասարիկի 1-ին աստիճանի շքանշանով։ 2001 թվականին հետմահու պարգևատրվել է Կրկնակի Սպիտակ խաչի 2-րդ դասի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #122038681 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Diplomat Štefan Osuský bol spolutvorcom zahraničnej politiky ČSR Արխիվացված 2019-04-18 Wayback Machine (սլովակ.)
  6. «Czech Republic and Slovakia - Štefan Osuský, . . . ideas defining a free society». Stanford, CA: Hoover Institution, Stanford University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]