Սերգեյ Դարոնյանը ծնվել է 1925 թվականի ապրիլի 1-ին, Խարկով քաղաքում։ Հայրը եղել է բնիկ էրզրումցի, մայրը՝ նախիջևանցի։ 1930 թ. ընտանիքով փոխադրվել է Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկինի շրջանի Կազանսկայա ստանիցա։ 1931 թ. ընդունվել է տեղի հայկական դպրոց, ապա փոխադրվել ռուսական դպրոց, որն ավարտել է 1942 թ.։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ 1951-1954 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1956 թ. «Միրզա Իբրահիմովի արձակը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1956-1963 թվականներին հայ գրականություն է դասավանդել Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ԽՍՀՄ ժողովուրդների գրականության բաժնում։ Աշխատել է Մոսկվայի գեղարվեստական գրականության հրատարակությունում որպես ժողովուրդների գրականության բաժնի վարիչ (1956-1964 թթ.)։ 1964 թ. փոխադրվել է Երևան։ 1964-1966 թթթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1966-1974 թվականներին եղել է նույն ինստիտուտի գրական բաժնի վարիչ։ 1974 թվականից եղել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։ 1968 թվականին «Միքայել Նալբանդյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Առանձին գրքերով ռուսերեն հրատարակել է «Միրզա Իբրահիմովի արձակը» (Բաքու, 1958), «Միրզա Իբրահիմով» (Մոսկվա, 1960), «Միքայել Նալբանդյան» (Մոսկվա, 1963), «Տուգելբայ Սիդիգբեկով» (1966, Մոսկվա), «Միքայել Նալբանդյանը և ռուս հեղափոխական դեմոկրատները» (Մոսկվա, 1967, 1979)։ «Միքայել Նալբանդյան» (Երևան, 1975), «Նաիրի Զարյան» (Մոսկվա, 1978)[6]։
1943-1945 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով, Արիության համար, Մարտական ծառայության համար, Կովկասի պաշտպանության համար, Վարշավայի ազատագրության համար և բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով[7]։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 317)։