Ռոստրա (իտալ.՝ Rostri, նավի քիթ), ընդարձակ հարթակ Հռոմում հանրապետության և կայսրության ժամանակաշրջանում[1]։ Ճարտասանները կանգնում էին ռոստրայի վրա, դեմքով դեպի կոմիցիումի հյուսիսային կողմն ու ճառ էին արտասանում։ Հաճախ դա վերաբերվում է ամբիոններին կամ տրիբունաներին[2], որոնց առաջին տարբերակները թվագրվում են Հռոմի թագավորության ժամանակաշրջանին, ինչպիսին օրինակ Վուլկանալն էր[3][4]։
Տրիբունան ստացել է ռոստրա անվանումը, քանի որ զարդարված է եղել թշնամու նավերի քթերով, որոնք բերվել էին Ք․ ա․ 338 թվականին Անցիումում տարած հաղթանակի ժամանակ (Ք․ ա․ 340-338 թթ)[5]։
Առաջին ռոստրաներն ունեին փայտից պատրաստված սովորական հարթակ, որը նման էր հռոմեական տրիբունային[6]։ Ռոստրայի առաջին օրինակը Ռոստրա Վետերան էր, որն իրենից ներկայացնում էր առանձին շինություն Կոմիցիումում։ Կառուցվել է Մ․ թ․ ա․ 500 թվականին։ Հին ռոստրայի մնացորդները տուֆից աստիճանների հետ միասին պեղել են հնագետները[7]։ Այն ունեցել է ամֆիթատրոնի պես կոր ձև, սյուների վրա կառուցված հարթակ, որի վրա կարելի էր բարձրանալ կողմնային աստիճաններով։
Ք․ ա․ 44 թվականին Հուլիոս Կեսարը Հռոմի ֆորումի վերակառուցման ժամանակ վերացրել է Ռոստրա Վետերան[8]։ Ֆորումի կենտրոնական առանցքում կառուցել է նոր ամբիոն, որը նշվում էր որպես Ռոստրա Նովա կամ Կեսարյան Ռոստրա։ Վերջինս անավարտ է մնացել Կեսարի մահվան պատճառով, և դրա կառուցումը ավարտին է հասցրել Օգոստոսը՝ ընդլայնելով այն և ուղղանկյուն դարձներով առջևի մասը։ Այս ռոստրայի հետքերը կարելի է տեսնել առ այսօր։
Ք․ ա․ 29 թվականին Օգոստոսն ավարտին է հասցնում Կեսարի տաճարի կառուցումը, որի բարձրադիր հիմքը ներառում էր մեկ այլ ռոստրա։ Այն գտնվում էր Կեսարյան Ռոստրայի դեմ դիմաց և զարդարված էր Ակտիումի ծովամարտից բերված նավաքթերով։
↑Sumi, Geoffrey (September 28, 2005). Ceremony and power: performing politics in Rome between Republic and Empire. University of Michigan Press; illustrated edition. pp.78–80. ISBN 978-0-472-11517-4.