Ջրհեղեղ Լոռու և Տավուշի մարզերում
Ջրհեղեղ Լոռու և Տավուշի մարզերում | |
---|---|
Տեսակ | ջրհեղեղ և հորդառատ անձրև |
Երկիր | Հայաստան |
Տարեթիվ | մայիսի 26, 2024 |
Զոհվածներ | 4 մարդ |
Ջրհեղեղ Լոռու և Տավուշի մարզերում, խոշոր աղետ, ջրհեղեղ Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ մասնավորապես Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի ավազաններում, որը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 26-ին։ Հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել է և Ձորագետ ավանից մինչև «Բագրատաշենի» սահմանային անցակետ դարձել ավերածությունների պատճառ[1]։ Միաժամանակ նմանատիպ աղետ է տեղի ունեցել նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում, որտեղ գետի ջրերը դուրս են եկել ափերից և լցվել բնակելի թաղամասեր։
Աղետի հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոռու մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր։ Ջրի տակ է հայտնվել Ալավերդու գլխավոր Թումանյան փողոցի մի հատվածը։ Ջրհեղեղի հետևանքով կտրվել է ցամաքային կապը Դեբեդ թաղամասի հետ։ Մեծ վնասեր են ունեցել նաև Ախթալա և Քարկոփ բնակավայրերը[2]։ Ալավերդիում անջատվել է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, ինտերնետ և հեռախոսային կապը գործել է խափանումներով[3]։ Գետի ջրերը քշել-տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ։
Ավերվել և անանցանելի են դարձել Մ6 մայրուղու տարբեր հատվածներ։ Հաղորդակցության խնդիր է առաջացել ջրածածկ հատվածներում արգելափակված մարդկանց հետ։ Արգելափակվել են Ախթալա, Շամլուղ քաղաքները, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող և Թեղուտ բնակավայրերը։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հեղեղվել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31-րդ կմ-ը և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է[4]։ Չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքների երթևեկությունը[5]։ Ջրհեղեղի հետևանքով դադարեցվել է 16 համայնքների ջրամատակարարումը[6]։
Տավուշի մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Մ-4 միջպետական ճանապարհի 110-րդ կմ-ից (Դիլիջանից դեպի Իջևան), որտեղ Աղստև գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել ճանապարհի փլուզում[7]։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Դիլիջան - Իջևան հատվածում հեղեղումները պատճառել են մեծ վնասներ[8]։
Ավերածությունների նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկային կորուստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրհեղեղի հետևանքով կա առնվազն 3 զոհ և 1 անհետ կորած[9][10][11]։
Պատկան մարմինների արձագանք և գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փրկարարական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամը 11։30-ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ՝ 324 փրկարարական ծառայողով։ Վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի[12]։
ՊԵԿ հայտարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղետի սկսվելուց մի քանի ժամ անց Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց՝ հորդորելով տնտեսվարող սուբյեկտներին դեպի Վրաստան բեռնափոխադրումներ իրականացնել «Բավրա» և «Գոգավան» մաքսային անցակետերով, քանի որ աղետի պատճառով անանցանելի է դարձել «Բագրատաշենի» անցակետի ճանապարհը[13]։
Երկաթուղու երթևեկության դադարեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղետի սկսվելուց մի քանի ժամ անց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որ աղետի հետևանքով Երևան-Թբիլիսի երկաթգծի տարբեր հատվածներ վնասվել են, ուստի մայիսի 26-ից միջազգային երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է[14]։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 27-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ ժամը 13։00-ի դրությամբ «Բագրատաշեն» մաքսակետ - Նոյեմբերյան - Իջևան - Դիլիջան - Երևան երթուղով երթևեկությունը վերականգնված է[15]։ «Բագրատաշեն» մաքսակետ - Հաղթանակ գյուղ և Իջևան - Դիլիջան հատվածներում երթևեկությունը կազմակերպվել է՝ օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի)[15]։
Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոռու մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ մայիսի 29-ի ուշ երեկոյան անցկացվել է ամփոփիչ խորհրդակցություն, որին ներկա են եղել Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը, Հայաստանի ՏԿԵ նախարարության, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի այլ պատասխանատու աշխատակիցներ[16]։ Արամ Ղազարյանին են ներկայացվել աղետի հետևանքով առաջացած վնասների գույքագրման աշխատանքների արդյունքները[16]։ Քննարկվել են սննդի պաշարների բաշխվածության, ինչպես նաև բնակիչներին անհրաժեշտ դեղորայքով ապահովելու և առողջապահական ծառայությունների մատուցման հետ կապված հարցեր[16]։ Ներկայացվել է անասնահամաճարակային իրավիճակի կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը[16]։
Հունիսի 9-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հաղորդում են, որ ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը (Մ 6 ճանապարհ)) երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար[17]։
Տավուշի մարզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 27-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել է, որ ժամը 09։30-ի դրությամբ, Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման ավտոճանապարհի (Մ 4 ճանապարհ) Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է, սակայն, որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է[18]։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ ճանապարհը սպասարկող ընկերությունն ամրաշինական աշխատանքներ է կատարել՝ կանխարգելելու համար Աղստև գետի ավերածությունները Դիլիջան - Իջևան ճանապարհին[19]։
Հունիսի 9-ին այաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հաղորդում են, որ ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի` Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման ավտոճանապարհի (Մ 4 ճանապարհ) Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է[17]։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է, իսկ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է[17]։
Միջազգային արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Հունաստանն իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին երկրի հյուսիսային մարզերում հորդառատ անձրևների հետևանքով մարդկային կորուստների և զգալի վնասների կապակցությամբ։ Պատրաստ ենք օգնություն ցուցաբերել»[20]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան (ֆոտո)». 2024 թ․ մայիսի 26. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԱՂԵՏ Է. ՎԱՐԱՐԱԾ ԴԵԲԵԴՆ ԻՐ ՃԱՄՓԻՆ ՔՇԵԼ ՏԱՐԵԼ Է ԱՄԵՆ ԲԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)».
- ↑ «Ալավերդիում աղետալի իրավիճակ է. վարարած Դեբեդը քանդել է միջպետական ճանապարհը, հեղեղել տներ, քշել մեքենաներ (տեսանյութ)». Armtimes.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Դեբեդ գետի վարարման հետևանքով քանդվել են ճանապարհներ, կամուրջներ․ կան զոհեր».
- ↑ LLC, Helix Consulting. «Այսօրվանից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքների երթևեկությունը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Դեբեդ գետի վարարման հետևանքով 16 համայնքների ջրամատակարաումը դադարեցված է».
- ↑ «Աղստև գետի վարարման հետևանքով փլուզվել է Դիլիջանից Իջևան տանող ճանապարհի մի հատվածը». 1lurer.am. 2024 թ․ մայիսի 26. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին». 1lurer.am. 2024 թ․ մայիսի 26. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Ռ/Կ, «Ազատություն» (2024 թ․ մայիսի 26). «Դեբեդի վարարման հետևանքով կա մեկ զոհ, մեկ քաղաքացի ընկել է գետը՝ նախնական տվյալներով». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Դեբետ գետի վարարման հետեւանով կա զոհ, մեկ տարեց քաղաքացի ընկել է գետը, կան փլուզումներ, արգելափակված քաղաքացիներ. ՆԳՆ». news.am. 2024 թ․ մայիսի 26. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա երեք զոհ, երկուսի ինքնությունը հայտնի է». armenpress.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Ռ/Կ, «Ազատություն» (2024 թ․ մայիսի 26). «Տարհանվել է 232 քաղաքացի». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով», (արխիվացված 26․05․2024 թվականին)։
- ↑ «Կչեղարկվի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքների երթևեկությունը», (արխիվացված 26․05․2024 թվականին)։
- ↑ 15,0 15,1 ««Բագրատաշեն» մաքսակետ-գյուղ Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երթևեկությունը կազմակերպվում է մեկ երթևեկաշերտով. ՏԿԵՆ». 1lurer.am. 2024 թ․ մայիսի 27. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 «Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ մայիսի 29-ին՝ ուշ երեկոյան, անց է կացվել ամփոփիչ խորհրդակցություն». news.am. 2024 թ․ մայիսի 30. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 «ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ». armenpress.am. 2024 թ․ հունիսի 9. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է». 1lurer.am. 2024 թ․ մայիսի 27. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Ամրաշինական աշխատանքներ են կատարվել՝ կանխարգելելու Աղստև գետի ավերածությունները Դիլիջան-Իջևան ճանապարհին». 1lurer.am. 2024 թ․ մայիսի 27. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Հունաստանը ցավակցում է Հայաստանին պատուհասած աղետի կապակցությամբ». news.am. 2024 թ․ մայիսի 29. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.