Պավել Կուզնեցով (նկարիչ)
Պավել Կուզնեցով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5 (17), 1878[1] |
Ծննդավայր | Սարատով, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | փետրվարի 21, 1968[3][4][5] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և տեքստիլ նկարիչ |
Ոճ | օրիենտալիզմ և սիմվոլիզմ[6] |
Աշակերտներ | Պյոտր Մալցև |
Պարգևներ | |
Pavel Kuznetsov Վիքիպահեստում |
Պավել Վարֆոլոմեևիչ Կուզնեցով (ռուս.՝ Павел Варфоломеевич Кузнецов, նոյեմբերի 5 (17), 1878[1], Սարատով, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 21, 1968[3][4][5], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս գեղանկարիչ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1928)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է սրբապատկերների նկարիչ Վարֆոլոմեյ Ֆեդորովիչ Կուզնեցովի ընտանիքում։ Նրա հայրական պապը այգեպան է եղել։ Երբ Կուզնեցովի գեղարվեստական հակումները որոշակի են դարձել, ընդունվել է Սարատովի գեղարվեստի սիրահարների միությանը կից «Գեղանկարչության և նկարչության ստուդիա», որտեղ 1891-1896 թվականներին սովորել է Վասիլի Վասիլևիչ Կոնովալովի և Հեկտոր Պավլովիչ Սալվինի-Բարակկիի ղեկավարությամբ։ Այնտեղ Վիկտոր Էլպիդիֆորովիչ Բորիսով-Մուսատովի հետ հանդիպումը լուրջ ազդեցություն է ունեցել ինչպես նրա, այնպես էլ նրա համադասարանցի և ընկեր, ականավոր քանդակագործ Ալեքսանդր Տերենտևիչ Մատվեևի, ինչպես նաև Սարատովի ողջ գեղարվեստական երիտասարդության վրա։
1897 թվականին փայլուն հանձնել է ընդունելության քննությունները Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում և սովորել նախ Աբրամ Եֆիմովիչ Արխիպովի, ապա՝ Կոնստանտին Ալեքսեևիչ Կորովինի և Վալենտին Ալեքսանդրովիչ Սերովի մոտ։ Ուսումնառությունը նրան տվել է ընկերների և համախոհների լայն շրջանակ, որոնք հետագայում ստեղծել են «Գոլուբայա ռոզա» գեղարվեստական միավորումը։
1902 թվականին մտերմացել է Վալերի Յակովլևիչ Բրյուսովի և սիմվոլիստների հետ։ Համագործակցել է նաև սիմվոլիստական հրատարակությունների՝ «Արվեստ», «Ոսկե գեղմ» ամսագրերի հետ, եղել «Արվեստի աշխարհ» միավորման անդամ։ 1902 թվականին Կուզմա Սերգեևիչ Պետրով-Վոդկինի և Պյոտր Սավվիչ Ուտկինի հետ համատեղ նկարազարդել են Սարատովի Կազանյան Աստվածամոր տաճարը։ Գտնվելով այն ժամանակվա գեղարվեստական մտքի առաջնագծում (մասնակցելով «Արվեստի աշխարհի» գործունեությանը)՝ եկեղեցում տաղանդավոր երիտասարդները փորձել են ազատվել կանոններից, ինչը առաջացրել է հասարակության վրդովմունքը, որոնք էլ ոչնչացրել են նրանց զարդանկարները։
1904 թվականին եղել է «Կարմիր վարդ» ցուցահանդեսի կազմակերպիչներից, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել է «Կապույտ վարդ» արվեստի միության ձևավորմանը, որը վերջնականապես կայացել է 1907 թվականի համանուն ցուցահանդեսից հետո։
1906 թվականին Սերգեյ Պավլովիչ Դյագիլևի հրավերով մեկնել է Փարիզ, որտեղ այցելել է մասնավոր արվեստի ստուդիաներ, իսկ նրա աշխատանքները մասնակցել են ռուսական արվեստի ցուցահանդեսին, ինչի արդյունքում Կուզնեցովն ընտրվել է Աշնանային սալոնի անդամ (ցմահ)։ Եղել է «Արվեստի աշխարհ», «Ռուս նկարիչների միություն», «Չորս արվեստ» միավորումների անդամ։
20-րդ դարի սկզբին Կուզնեցովի ստեղծագործական կյանքում ճգնաժամ է առաջացել։ Սկսվել են կրկնօրինակումներ, թվում էր, թե վարպետն արդեն իրեն սպառել է։ Սակայն Պովոլժիեի տափաստաններ (1911-1912) և Միջին Ասիա (1912-1913) ուղևորություններից հետո Կուզնեցովի ստեղծագործական հանճարը կրկին բարձրացավ, նույնիսկ ավելի բարձր, քան «Կապույտ վարդի» ժամանակաշրջանում։ Մնալով նուրբ, նուրբագեղ նկարիչ, որը ունակ է «մի երազանքը մեկ այլ երազանքից բաժանելու», Ասիայում շրջագայություններից նա իր հետ էր բերել Արևելքի ռիթմն ու պոետիկան և արևելյան ժողովուրդների հազարամյա պատմության շունչը։ Գունային մատուցման պարզությունն ու նրբությունը, սյուժեի խորհրդավորությունը՝ նրա «Ղրղզական սյուիտը» և դրան կից «Բուխարա շարքը» Կուզնեցովին դասել են համաշխարհային մակարդակի նկարիչների շարքին։
Հեղափոխության տարիներին աշխատել է մեծ եռանդով, մասնակցել «Ազատագրության ուղի» ամսագրի հրատարակմանը, մանկավարժական աշխատանք է կատարել, ղեկավարել Կրթության ժողովրդական կոմիսարիատի կերպարվեստի բաժնի գեղանկարչության սեկցիան (1919-1924), ստեղծել արևելյան մոտիվների նոր տարբերակներ, որոնցում նկատելի էր հին ռուսական գեղանկարչության ազդեցությունը, նկարել է կնոջ՝ Ելենա Միխայլովնա Բեյբուտովայի գեղեցիկ դիմանկարները, ձևավորել «Թուրքեստան» և «Լեռնային Բուխարա» (1922-1923) վիմագրական շարքերը։
1923 թվականին Կրթության ժողովրդական կոմիսարիատի գործուղումով մասնակցել է Փարիզի անհատական ցուցահանդեսին (մեկնել է Բեյբուտովայի հետ), որից հետո ստեղծվել են հանրահայտ «Փարիզյան կատակերգուները»։
Ղրիմ և Կովկաս կատարված ուղևորությունները (1925-1929) ստեղծագործական բացահայտումներ են բերել նկարչին։ Լույսով և էներգետիկ շարժումներով հագեցած՝ նրա ստեղծագործությունների կոմպոզիցիան խորություն է ձեռք բերել, որի վառ օրինակն է նրա «Խաղողի բերքահավաքը» (1928) հանրահայտ մեծանկարը։ Նկարիչը ձգտել է ընդլայնել իր կտավների թեմաները՝ դիմելով աշխատանքի և սպորտի թեմաներին։ Նկարչի կարծիքով, 1930 թվականին Հայաստան կատարած իր ճանապարհորդությունը խթան է հանդիսացել մի շարք կտավների ստեղծման համար, որոնցում զգացվել է «մոնումենտալ շինարարության հավաքական պաթոսը, որտեղ մարդիկ, մեքենաները, կենդանիները և բնությունը միաձուլված են մեկ հզոր ակորդի մեջ»։ 1920-ականների վերջի և 1930-ականների սկզբի աշխատանքները Կուզնեցովի ստեղծագործական վերելքի վերջին, երրորդ բարձրագույն կետն են եղել։
Եղել է «Չորս արվեստ» գեղարվեստական ընկերության կազմակերպիչն ու նախագահը (1924-1931)։ 1928 թվականին Կուզնեցովին շնորհվել է ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գոծիչի կոչում։ 1917-1937, 1945-1948 թվականներին դասավանդել է Վխուտեմասում, Բարձրագույն գեղարվեստա-տենիկական արվեստանոցում, Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտում և այլ ինստիտուտներում։ Կանքի վերջին երեք տասնամյակների ընթացքում չի դադարել ակտիվորեն աշխատել հիմնականում բնանկարի և նատյուրմորտի ժանրում։ Այդ գործերից մի քանիսը գտնվում են Սարատովի Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչևի անվան արվեստի պետական թանգարանի հավաքածուում։
Մահացել է Մոսկվայում 1968 թվականի փետրվարի 21-ին։ Թաղվել է Վվեդենսկոե գերեզմանատանը (7-րդ տեղամաս)։ Ավելի ուշ նրա կողքին թաղվել է կինը[7]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կապույտ շատրվան (տեմպերա, 1905, Տրետյակովյան պատկերասրահ),
- Առավոտ (տեմպերա, 1905, Տրետյակովյան պատկերասրահ),
- Ծնունդ (1906),
- Փարախում քնածը (1911),
- Միրաժը տափաստանում (տեմպերա, 1912, Տրետյակովյան պատկերասրահ),
- Երեկոն տափաստանում (տեմպերա, 1912, Տրետյակովյան պատկերասրահ),
- Ոչխարների խուզում (1912),
- Անձրև տափաստանում (1912),
- Թեյարան (1912),
- Նատյուրմորտ ճապոնական փորագրությամբ (1912),
- Գուշակություն (1912),
- Թռչունների շուկա (1913),
- Բուդդայական տաճարում (1913),
- Մրգերի հավաքում, Ասիական շուկա (Կազանի կայարանի նկարազարդման էսքիզներ, 1913-1914, չի իրականացվել),
- Աղբյուրի մոտ (1919-1920),
- Ուզբեկուհին (1920),
- Թռչնանոց (1920 թվականների սկիզբ),
- Լեռնային Բուխարա (ավտոլիտոգրաֆիաների շարք, 1923),
- Թուրքեստան (ավտոլիտոգրաֆիաների շարք, 1923),
- Փարիզյան կատակերգուներ (1924-1925),
- Ծխախոտագործ բանվորուհիներ (1926, Կրասնոդարի մարզային արվեստի թանգարան),
- Հովիվների հանգիստը (սեկկո, 1927, Ռուսական պետական թանգարան),
- Խաղողի բերքահավաք (պաննո, 1928),
- Ղրիմյան կոլտնտեսություն (պաննո, 1928),
- Քանդակագործ Ա. Տ. Մատվեևի դիմանկարը (1928),
- Կամուրջ Զանգու գետի վրա (1930),
- Մայրը (սեկկո, 1930, Տրետյակովյան պատկերասրահ),
- Բամբակի տեսակավորում (1931, Տրետյակովյան պատկերասրահ),
- Արթիկի տուֆի մշակում (1929, Տրետյակովյան պատկերասրահ),
- Պուշբոլ (1931, Տրետյակովյան պատկերասրահ),
- Ոչխարների խուզում (77,5×81,5, գունամատիտ, տեմպերա, կտավ, Ռուսական թանգարան)։
-
Կապույտ շատրվան, 1905
-
Տափաստանում։ Միրաժ, 1911
-
Նատյուրմորտ ճապոնական փորագրությամբ, 1912
-
Արևելյան մոտիվ, 1913-1914
-
Բերքահավաք։ Ասիական բազար, 1913-1914
Թատերական գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուզնեցովն աշխատել է թատերական հարդարանքի ասպարեզում։ Իրեն դրսևորել է որպես ինքնատիպ թատերական նկարիչ։ Նրա նշանավոր աշխատանքներից են՝
- Կալիդասայի «Շակունտալա»-ն Կամերային թատրոնում, 1914, բեմադրել է Ալեքսանդր Յակովլևիչ Թաիրովը,
- «Հոգևոր օր Տոլեդոյում». Կամերային թատրոն, 1915,
- «Վ. Կամենսկու «Ստենկա Ռազին» պիեսի առաջին գործողության դեկորացիայի էսքիզ, 1918,
- «Բալետի վարագույրի էսքիզ՝ Ն. Ա. Ռիմսկու սյուիտի հիման վրա,
- Կորսակովա «Շեհերազադե», 1923,
- «Կախարդված այգին. Բեմադրության ձևավորում Ի.Ֆ. Ստրավինսկու «Հրեղեն թռչուն» բալետի համար, 1923։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փարիզ (1906)
- «Կապույտ վարդ» (1907)
- «Արվեստի աշխարհ» (1913)
- Փարիզ (1923)
1974 թվականին Սարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան արվեստի թանգարանում կայացել է Կուզնեցովի աշխատանքների ցուցահանդեսը։ Դրա համար վերականգնվել է նկարչի 36 կտավ։ Աշխատանքին մասնակցել են բազմաթիվ հայտնի նկարիչ ռեստավրատորներ, այդ թվում՝ Սարատովցի ռեստավրատորներ Վ. Ա. Սոլյանովը, Վ. Վ. Լոպատինը և մոսկովյան ռեստավրատորների խումբը՝ Պավել Իվանովիչ Բարանովի գլխավորությամբ։
Ղրիմը Կուզնեցովի ստեղծագործություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Կուզնեցովի ստեղծագործությունների մի մասը ստեղծվել են Ղրիմում։ «Ղրիմի ճարտարապետական հուշարձանները և բնական արգելոցները ռուսական կերպարվեստում» վիրտուալ ցուցահանդեսում կարելի է դիտել Պավել Կուզնեցովի աշխատանքները Ռուսաստանի արվեստի թանգարանների հավաքածուներից, ինչպես նաև Ղրիմում աշխատած այլ նկարիչների գործեր, որտեղ ընդգրկված են 500-ից ավելի ստեղծագործություններ[8]։
Ժառանգորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ականների սկզբին Կուզնեցովի և Բեբուտովայի պաշտոնական ժառանգները՝ Պավել Միխայլովիչ Կուզնեցովը, Օլգա Միխայլովնա Դուրիլինան, Վալերիա Վալերիևնա Բեբուտովան, ավելի քան չորս հարյուր գեղանկարչական կտավներ են նվիրաբերել Ա.Ն. Ռադիշչևի անվան թանգարանին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эфрос А. Юбилейный эпилог. П. Кузнецов М.: Русское искусство, 1923. — № 2-3, с. 6.
- Выставка картин заслуженного деятеля искусства проф. живописи Павла Кузнецова. Вступительная статья А. Луначарского. М. Изд-во Государственной Третьяковской галереи. 1929. 48 с.
- Ромм А. Г. П. В. Кузнецов.- М., 1960.
- Алпатов М. В. П. В. Кузнецов. - М., 1972.
- Сарабьянов Д. П. Кузнецов. — М.: Советский художник, 1975, с. 19.
- Мочалов Л. В. Павел Кузнецов: 1878-1968.- Л.: Художник РСФСР, 1979.
Ավտոլիթոգրաֆների ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [Натюр-морт] в литографиях / С. Герасимов, Н. Григорьев, Павел Кузнецов, А. Лентулов, А. Осмеркин, Н. Синезубов, Р. Фальк, Н. Чернышев, А. Шевченко, Д. Штеренберг. — Б. м. : Б. и., 1921. — 11 л. ил. в папке; 21 см.
- Кузнецов П. Туркестан. 1-я серия рисунков Павла Кузнецова со вступительной статьёй художника. — М.; Пг.: ГИЗ, 1923. 22,4х17,2 с— 14 листов автолитографий. Тираж 2000 экз.[9]
- Кузнецов, П. В. Туркестан. Автолитографии. II-ая серия рисунков. М.-Пг.: Государственное издательство, 1923. 14 л. ил. 37х29 см. 2000 экз.
- Павел Кузнецов Автолитографии в красках. Горная Бухара. М. Государственное издательство. 1923. 16 цветных литографий.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Кузнецов Павел Варфоломеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Кузнецов Павел Варфоломеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Pavel Varfolomeevich Kuznetsov (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Burleigh-Motley M. Kuznetsov, Pavel // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T048401
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ «Кузнецов Павел Варфоломеевич, 17.11.1878-21.02.1968». bozaboza.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Виртуальная выставка из коллекции Русского музея и 40 музеев России». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Павел Кузнецов. Туркестан.Литографии. 1923 г. | Частная коллекция». Частная коллекция (ռուսերեն). 2017 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кузнецов Павел Варфоломеевич. Биография и творчество художника на Artonline.ru
- Истинный художник Павел Кузнецов Արխիվացված 2021-08-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Կուզնեցով (նկարիչ)» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 17 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Սարատով քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 1968 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս բեմանկարիչներ
- Ռուս նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ
- Սիմվոլիստ նկարիչներ
- Վվեդենսկյան գերեզմանատանը թաղվածներ
- Օրիենտալիստ նկարիչներ