Աբհիջնյանաշակունտալամ (դրամա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբհիջնյանաշակունտալամ (սանսկրիտ՝ अभिज्ञान शाकुन्तलम्, Abhijñānashākuntala IAST, «Շակունտալան, որ ճանաչվեց նվերից»),  հնդկական մեծ բանաստեղծ և դրամատուրգ Կալիդասայի սանսկրիտ պիեսը։ Այն իրենից ներկայացնում է հին հնդկական «Մահաբհարաթա» էպոսի դրվագներից մեկի ազատ վերապատմումը։ Պիեսի գլխավոր հերոսը Շակունտալան է՝ ապսարա Մենակայից իմաստուն Վիշվամիտրայի դուստրը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելուց անմիջապես հետո ծնողների կողմից լքված Շակունտալան մեծացավ իմաստուն Քանվայի աշրամում՝ դառնալով գեղեցիկ և համեստ աղջիկ։ Մի օր, մինչ Քանվան ուխտագնացության էր գնում, Հաստինապուրայի արքա Դուշյանտան որսորդության ժամանակ պատահաբար գտնում է իմաստունի աշրամը։ Հիացած Շակունտալայի արտասովոր գեղեցկությամբ՝ Դուշյանտան ամուսնության առաջարկություն է անում նրան և ամուսնանում նրա հետ։ Սակայն շուտով թագավորական պարտականությունները Դուշյանտային տանում են Հաստինապուրի։ Կնոջը թողնելուց առաջ նրան տալիս է իր մատանին, որը ներկայացնելով պալատում նրան կճանաչեն որպես արքայազնի կին և կընդունեն համապատասխան ձևով։ Շուտով աշրամ է ժամանում Դուրվասի իմաստունը, որը հայտնի է իր բարկացկոտ բնույթով։ Շակունտալան նրան պատշաճ չի ընդունում, և Դուրվասին անիծում է նրան, որ իր ամուսինը՝ Դուշյանտան, մոռանա Շակունտալայի գոյության մասին։ Միակ բանը, որ կարող էր հիշեցնել Դուշյանտային Շակունտալայի մասին, նախկինում նվիրած մատանին էր։

Շակունտալան մեկնում է Հաստինապուրա իր ամուսնու հետ հանդիպման, սակայն ճանապարհին անցնելով գետը, մատանին ընկնում է ջրի մեջ։ Պալատ հասնելուց հետո Դուշյանտան հրաժարվում է ճանաչել նրան որպես իր կին, և Շակունտալան վերադառնում է իրեն որդեգրած հոր աշրամը։ Սակայն շուտով մի ձկնորս իր բռնած ձկան որովայնում մատանի է գտնում։ Դուշյանտան գիտակցում է իր սխալը, սակայն շատ ուշ էր։ Այնուհետև Դուշյանտան ջախջախում է տիտանների բանակը և, որպես պարգև, Ինդրայից ստանում է երկնային մոլորակներում ճանապարհորդելու հնարավորություն։ Երկիր վերադառնալուց հետո Դուշյանտան պատահաբար հանդիպում է Շակունտալային ու նրա որդուն և ճանաչում նրանց։

Մահաբհարաթայում նկարագրված պատմության սկզբնական տարբերակում Շակունտալան վերամիավորվում է ամուսնու հետ միայն այն բանից հետո, երբ Դուշյանտան գտնում է իրենց որդուն ՝ Բհարատային, առյուծների հետ խաղալիս։ Բհարատան Կաուրավասի և Պանդավասի նախնին է, ովքեր կռվել են Կուրուքսեթրայի արյունալի ճակատամարտում։

Թարգմանություններ ՝ եվրոպական լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբհիջնյանաշակունտալան դարձել էր առաջին հնդկական դրաման, որը թարգմանվել էր եվրոպական լեզուներով։ Առավել վաղ անգլերեն թարգմանությունը («Sacontalá or the Fatal Ring: an Indian drama») կատարվել Էր Ուիլյամ Ջոնսի կողմից՝ 1789 թվականին։

Դրաման գրավել էր ընթերցող հանրության, այդ թվում Գյոթեի և Վիլհելմ Հումբոլդտի համընդհանուր ուշադրությունն ու հիացմունքը։ Պիեսի անգլերեն մեկ այլ հայտնի թարգմանությունը Մոնիե Վիլյամսի կողմից արվել էր 1855 թվականին։ 1792 թվականին Նիկոլայ Միխայլովիչ Կարամզինը Մոսկովսկի ամսագրում հրապարակել էր հատվածներ Աբհիջնյանա-Շակունտալայից։ Կարամզինը դրանք թարգմանել էր Ֆորսթերի գերմանական թարգմանությունից, որը կատարվել էր Ու. Ջոնսի անգլերեն թարգմանությունից[1]։ Այդ ժամանակվանից ի վեր հայտնվել են գրեթե բոլոր եվրոպական լեզուներով շուրջ հինգ տասնյակ թարգմանություններ (այդ թվում՝ բնօրինակից ռուսերեն թարգմանությունը, որը հրապարակվել է 1880-ականների սկզբին՝ «Ռուսերեն տեղեկագրում») և սանսկրիտյան բնօրինակ տեքստի հրատարակություններ, որոնք ունեն մի քանի գրական ակնարկներ։ Հնդկական լեզուներով «Աբհիջնյանաշակունտալամ» նույնպես բազմիցս թարգմանվել է։ Օրինակ, մալայալամերենում կա 25 տարբեր թարգմանություն։

Բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին ռեժիսոր Ալեքսանդր Թաիրովը իր հիմնադրած «Կամերային թատրոնի» պրեմիերային ներկայացման համար ընտրել էր Կոնստանտին Բալմոնտի թարգմանությամբ «Շակունտալա» պիեսը։ Պիեսի պրեմիերան կայացել է Մոսկվայում՝ 1914 թվականի դեկտեմբերի 24-ին։ Շակունտալայի դերում հանդես էր եկել դերասանուհի Ալիսա Կոոնենը, ներկայացման դեկորացիաները ստեղծել է նկարիչ Պավել Կուզնեցովը, իսկ Ինայաթ Հանի կողմից ներկայացված հնդկական ավանդական երաժշտության մշակումը կատարել էր կոմպոզիտոր Վլադիմիր Պոլը[2]։

1921 թվականին իտալացի կոմպոզիտոր Ֆրանկո Ալֆանոն ստեղծեց «La leggenda di Sakùntala» (Շակունտալայի լեգենդը) օպերան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Булич С. К. (1890–1907). «Шакунтала». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Маковский Сергей Константинович. «На Парнасе Серебряного века» XXI-согласие, 2000

Հրատարակություններ ռուսերեն լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբհիջնյանաշակունտալամ (դրամա)» հոդվածին։