Jump to content

Չէին սպասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չէին սպասում (այլ կիրառումներ)
Չէին սպասում
տեսակգեղանկար
նկարիչԻլյա Ռեպին
տարի1888
բարձրություն160,5 սանտիմետր
լայնություն167,5 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր[1]
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Ne zhdali Վիքիպահեստում

«Չէին սպասում» (ռուս.՝ Не ждали), ռուս նկարիչ Իլյա Ռեպինի (1844-1930) նկարը՝ ստեղծված 1884-1888 թվականներին։ Այն կազմում է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մասը (ինվ․ 740)։ Նկարի չափսերը՝ 160․5 × 167.5 սմ[2][3]։

Ռեպինը նկարի հիմնական տարբերակի վրա աշխատանքն սկսել է 1884 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ Մարտիշկինոյի ամառանոցում[4]։ Նույն թվականին նկարը ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկների») 12-րդ ցուցադրության ժամանակ, որը տեղի է ունեցել Պետերբուրգում, որից հետո այդ կտավն ներառվել է ցուցադրության կազմում և շրջել Ռուսաստանի այլ քաղաքներում[5]։

1885 թվականին նկարի հեղինակից գնել է Պավել Տրետյակովը։ Սակայն, ավելի ուշ Իլյա Ռեպինը շարունակել է աշխատել նկարի վրա․ 1885, 1887 և 1888 թվականներին նա նկարը ենթարկել է փոփոխությունների, որոնք հիմնականում վերաբերում էին ներս մտնող տղամարդու դեմքին[2]։

Նկարում պատկերված պահը ներկայացնում է աքսորված նարոդովոլեց-հեղափոխականի վերադարձի առթիվ ընտանիքի անդամների առաջին արձագանքը։ Այս ստեղծագործությունը համարվում է «հեղափոխական թեմայով Ռեպինի կտավներից ամենակարևորն ու վեհակերտը»[6]։

«Չէին սպասում» նկարը վերաբերում է Ռեպինի, այսպես կոչված, «նարոդովոլեցական շարքին», որում, բացի այս նկարից, ներառված են «Պրոպագանդիստի ձերբակալությունը» (1880-1889, 1892, Տրետյակովյան պատկերասրահ), «Խոստովանությունից առաջ» (կամ «Հրաժարում խոստովանությունից», 1879-1885, Տրետյակովյան պատկերասրահ), «Ժողով» (1883, Տրետյակովյան պատկերասրահ) և այլ նկարներ[7][8]։

Ռեպինը «Չէին սպասում» նկարի վրա սկսել է աշխատել 1880-ական թվականների սկզբին՝ տպավորվելով 1881 թվականի մարտի 1 (17)-ին տեղի ունեցած Ալեքսանդր II կայսրի սպանությունից, ինչպես նաև մարտիմեկյան նարոդովոլեցների հրապարակային մահապատժից, որը տեղի է ունեցել 1881 թվականի 3 (15)-ին և որին ինքն անձամբ է մասնակցել[9]։

«Չէին սպասում» նկարն ունի երկու տարբերակ։ Առաջինն սկսել է 1883 թվականին, և նրանում ընտանիք վերադարձածն ուսանողուհի է։ Յուղաներկով փայտի վրա նկարված այդ նկարը եղել է համեմատաբար փոքր չափերով՝ 45,8 × 37 սմ [2][10]։ 15 տարի անց՝ 1898 թվականին, Ռեպինն սկսել է մշակել նկարի այդ տարբերակը՝ փոքր-ինչ փոխելով ներս մտնող աղջկա կերպարը[11], որն իր դեմքով հիշեցնում էր նրա դուստր Նադյային[12]։ Ներկայումս նկարի այս տարբերակը նույնպես համարվում է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մաս (ինվ.՝ 11162)[2]։

«Չէին սպասում» (նկարի առաջին տարբերակը, որը Ռեպինն սկսել է 1883 թվականին)

1884 թվականին Ռեպինն սկսել է նկարել նկարի երկրորդ, հիմնական տարբերակը, որը չափերով էապես մեծ է, և որում սենյակ է մտնում ոչ թե աղջիկ, այլ՝ տղամարդ։ Նկարի աշխատանքներն սկսվել են Մարտիշկինոյի ամառանոցում, իսկ նկարչի առաջ կեցվածք են ընդունել նրա ընտանիքի անդամներն ու այլ ծանոթներ[4]։ Մասնավորապես, որպես ներս մտնող տղամարդու կին նկարված են Վերա Ալեքսեևնան՝ Ռեպինի կինը և Վարվարա Դմիտրիևնա Ստասովան, մայրը՝ նկարչի զոքանչը, տղան՝ Սերգեյ Կոստիչևը՝ ամառանոցի հարևանի տղան (հետագայում՝ հայտնի կենսաքիմիկոս, պրոֆեսոր և ակադեմիկոս), աղջիկը՝ Վերա Ռեպինան՝ նկարչի դուստրը, իսկ աղախինները՝ Ռեպինի սպասուհիները[6][13][14]։ Ենթադրվում է, որ որպես ներս մտնող տղամարդու դեմք կարող է նկարված լինել Վսեվոլոդ Գարշինի դեմքը, որի դիմանկարը Ռեպինը նկարել էր 1884 թվականին։ Տեղեկություններ կան, որ Գարշինի հետ առավել նմանություն կար նկարի միջանկյալ տարբերակներից մեկում[15][16][17]։

Վ․ Մ․ Գարշինի դիմանկարը (1884, Մետրոպոլիտեն թանգարան)

Նկարի հին տարբերակներից մեկում պատկերված է աքսորյալի հայրը՝ մնացած բոլորին զգուշացնելով նրա վերադարձի մասին։ Բացի այդ, քննադատ Վլադիմիր Ստասովը հիշել է, որ եղել է նաև «ինչ-որ ծերունու» պատկեր։ Վերջնական տարբերակում Ռեպինը թողել է միայն այն կերպարները, որոնք, ըստ իրեն, անհրաժեշտ են եղել իրենց կողմից ընտրված թեմայի հոգեբանական բացահայտման, ինչպես նաև «տեսարանի ազդեցության պահպանման» համար[6]։

1884 թվականին նկարը ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկների») ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել Պետերբուրգում[5]։ Սկզբում Պավել Տրետյակով չէր շտապում գնել այդ նկարը[17]։ Նա Ռեպինին ասել է․ «Ձեր նկարն ունի բազմաթիվ արժանիքներ, բայց կան և թերություններ․ նրա բովանդակությունն ինձ չի հետաքրքրում, բայց, թվում է, այն հասարակության վրա շատ է ազդում»[5]։ Ռեպինն ինքը լիովին գոհ չէր նրանից, որ նկարում որոշվում էր գեղարվեստական գաղափար, մասնավորապես՝ աքսորից վերադարձած գլխավոր հերոսի կոնցեպցիան[18]։

Դրանից հետո «Չէին սպասում» նկարը եղել է ցուցադրության կազմում, որը շրջել է Ռուսաստանի մյուս քաղաքներում։ Այդ ճանապարհորդության վերջում Պավել Տրետյակովը նկարչին վերջապես հայտնել է, որ ինքը ցանկանում է գնել այդ նկարը։ Ռեպինը, սակայն, հրաժարվել է վաճառել այն՝ ասելով, որ, առաջին հերթին, Ֆյոդոր Տերեշենկոն արդեն ցանկություն է հայտնել գնել այդ կտավը, և երկրորդ, ինքը պատրաստվում է վերանկարել նկարի գլխավոր հերոսին։ Երբ այդ աշխատանքն ավարտվեց, Պավել Տրետյակովին հաջողվեց ձեռք բերել նկարը, չնայած դրա համար նա ստիպված եղավ գինը 5000-ից հասցնել 7000 ռուբլու[18]։

Դրանից հետո Ռեպինը նկարը վերամշակել է 1885, 1887 և, վերջապես, 1888 թվականներին։ Հետագայում կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում էին ներս մտնող տղամարդու դեմքի արտահայտությանը։ Նկարն այդ ձևով, որպիսին եղել է մինչև 1885 թվականի փոփոխությունը, լուսանկարել է Անդրեյ Դենյերը և 1884 թվականի հոկտեմբերին լուսանկարը նվիրել արվեստաբան, քննադատ Վլադիմիր Ստասովին[2]։

Ըստ Տրետյակովյան պատկերասրահի հսկիչ Նիկոլայ Մուդրոգելի՝ աքսորից վերադարձածի դեմքի փոփոխություններից մեկն Իլյա Ռեպինը կատարել է Պավել Տրետյակովի բացակայության ժամանակ՝ պատկերասրահի աշխատակիցներին ասելով․ «Դուք մի՛ անհանգստացեք։ Ես Պավել Միխայլովիչի հետ խոսել եմ «Չէին սպասում» նկարում դեմքը փոփոխելու մասին։ Նա գիտի, թե ինչ եմ ես պատրաստվում անել»։ Տրետյակովին այդ փոփոխությունը դուր չի եկել․ նա գտնում էր, որ այն փչացնում է նկարը[19]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է այն պահը, երբ ներկաների համար անսպասելի սենյակ է մտնում հեռավոր վայրերից վերադարձած քաղաքական աքսորյալը։ Ակնհայտ է, որ նրան չէին սպասում, և այդ պատճառով էլ տարբեր է ընտանիքի անդամների առաջին ռեակցիան։ Անկասկած է դաշնամուրի մոտ նստած կնոջ (նրա կնոջ) և աթոռին նստած տղայի ուրախությունը։ Աղջիկը նայում է տագնապալի․ հնարավոր է՝ նա դեռ չի հասկացել, թե ով է այդ տղամարդը։ Դռան մոտ կանգնած սպասուհիների հայացքներում զգացվում է անվստահություն և զարմանք։ Առաջին պլանի տարեց կինը վերադարձած տղամարդու մայրն է։ Նրա կորացած ֆիգուրան արտահայտում է խորը ցնցում կատարվածից[3][20]։

Աքսորվածի դեմքը (նկարի մանրամասնություն)

Նկարչի հիմնական խնդիրն է եղել ցույց տալ աքսորված նարոդովոլեցի վերադարձի անսպասելիությունը, ինչպես նաև նրա և նրա ընտանիքի անդամների ապրումների հետ կապված ողջ գամման։ Վերադարձած տղամարդու դեմքի արտահայտությունը, ինչպես նաև նրա գլխի թեք վիճակը Ռեպինը վերանկարել է առնվազն երեք անգամ՝ ընտրություն կատարելով վեհ-հերոսական և տանջված, հոգնած տարբերակների միջև ու վերջապես կանգ առելնելով հարցական-անվստահ արտահայտության վրա, ինչն իր մեջ միաժամանակ համատեղում է հերոսություն ու տառապանք[6]։ Վերջնական տարբերակում վերադարձած տղամարդու կերպարը զուգորդվում է «անառակ որդու վերադարձի հետ»[18]։

Նկարի հոգեբանական գլխավոր հանգույցը աքսորյալի և նրա մոր պատկերների դինամիկան է, նաև նրա հայացքների հատումը։ Վերադարձի առաջին պահին մոր կերպարը կապող օղակ է ծառայում որդու, որը դեռ կարծես խորթ է այդ լուսավոր սենյակում և ընտանիքի մնացած անդամների միջև։ Որդու անսպասելի վերադարձի հետ կապված մոր շարժումներն ընդգծված են նկարի առաջին պլանում գտնվող տեղաշարժված բազկաթոռով[6][18]։ Համոզիչ են նկարված աքսորյալի մոր և դաշնամուրի մոտ նստած կնոջ ձեռքերը[6]։

Այն ժամանակ, երբ բազմաթիվ հեղափոխական-նարոդովոլեցներ երկարատև աքսորի մեջ էին, նրանցից մեկի վերադարձը հարազատ տուն կարող էր դիտվել որպես «անսպասելի հրաշք երևույթ» կամ նույնիսկ որպես «հարություն»։ Արվեստաբանները նշել են, որ նկարի կոմպոզիցիան, մասնավորապես, որդուն դիմավորելու համար բազկաթոռից վեր կացած մոր պատկերը, նմանություն ունի Ղազարոսի հարության ավետարանական սյուժեի և Էմմաուսի ընթրիքի, ինչպես նաև Ալեքսանդր Իվանովի «Քրիստոնյա ժողովրդի երևան գալը» նկարի հետ[21]։

Շատ «մանրունքներ», ինչպիսիք են կտավի առաջին մասում աթոռին նստած երեխաների պատկերները և սենյակի ինտերիերի մանրամասները, նկարին հաղորդում են կենդանություն, ժանրային համոզչություն և քնարական ջերմություն։ Այդպիսի մանրամասնություններին են վերաբերում սեղանի տակ ոտքերը խաչաձևած աղջկա կերպարը, ինչպես նաև այդ ժամանակվա կրթված ընտանիքների բնակարաններին բնորոշ կահավորանքը[6]։

Բնակարանի ներսը զարդարված է այնպիսի վերարտադրություններով, որոնք համապատասխանում են այդ ընտանիքի քաղաքական տրամադրությանը և նկարի սիմվոլիկային։ Դրանք դեմոկրատ գրողներ Նիկոլայ Նեկրասովի և Տարաս Շևչենկոյի դիմանկարներն էին, նարոդովոլեցների կողմից սպանված, մահվան մահճում գտնվող Ալեքսանդր II կայսեր, Հիսուսը Գողգոթայում (տառապանքի և քավության խորհրդանիշ) նկարները[12][18]։

Տարաս Շևչենկոյի դիմանկարը
Կառլ Շտեյբեն «Գողգոթայում» (1841)
Նիկոլայ Նեկրասովի դիմանկարը
Կոնստանտին Մակովսկի «Մահվան մահճում գտնվող Ալեքսանդր II-ի դիմանկարը» (1881, Տրետյակովյան պատկերասրահ)

Ի թիվս այլ առավելությունների՝ քննադատները հատկապես ընդգծել են նկարի արվեստների համադրությունն ու կոլորիտը։ Մասնավորապես, արվեստաբան Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովը գրել է, որ այս ստեղծագործության հորինվածքային և երանգային համադրությունը «ներկայացվում է այնքան լավ գտնված, հստակ կառուցված, որ այն ինքն իրեն թվում է հասկանալի, պարզապես բնական»։ Շարունակելով այդ միտքը՝ նա գրել է[6]

Իրականում բնականն այստեղ կանոնավորված ու բերված է սահմանված, առավել ևս ավելի խիստ ու ներդաշնակ համակարգի, որ կենդանի իրականության թվացյալ պատահականությունները կատարում են բարձր բարոյականությունը, հոգևոր վեհությունն ու վեհ արարքները որպես սովորական կյանք և հասարակ մարդկանց զգացմունքներ ցույց տալու խնդիր։ Պահպանելով իրենց բնականությունը՝ Ռեպինի նկարներում դրանք դարձել են այնքան հավաստի պատմական կերպարներ, որքանով որ դա անցյալի պատմական գեղանկարչության հերոսների պայմանական բարձունքն էր։

Հետագայում նման կոմպոզիցիա օգտագործվել է այլ նկարիչների որոշ ստեղծագործություններում, օրինակ՝ Ֆյոդոր Ռեշետնիկովի «Նորից երկուս» նկարում (1952, Տրետյակովյան պատկերասրահ)[22]։

Արձագանքներ և քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Չէին սպասում» նկարը ԽՍՀՄ նամականիշի վրա (1969)

Քննադատ Վլադիմիր Ստասովը բարձր է գնահատել «Չէին սպասում» նկարը՝ այն անվանելով «ամբողջ ռուսական դպրոցի գլուխգործոց»[12]։ Երբ նկարը հայտնվել է պերեդվիժնիկների ցուցահանդեսում, նա գրել է[23]

Ամբողջ ցուցահանդեսի ամենատաղանդավոր, ամենահիանալի նկարը Ռեպինի «Չէին սպասում» կտավն է։ Նրանում առավել խորն է բովանդակություն, պայծառ գաղափարնեի արտացոլումը։ Նա առանց կարմրաներկի և կեղծիքի պատկերում է այժմեական կյանքը, նրան ավելի բարձր են գնահատել և սիրել այդ հասարակության համար։

Նկարիչ և քննադատ Ալեքսանդր Բենուան խոսել է «Չէին սպասում» նկարի վերաբերյալ ունեցած հակասական վերաբերմունքի նկատմամբ։ Իր «19-րդ դարի ռուսական գեղանկարչության պատմություն» գրքում նա նշել է, որ այս նկարի թույլ կողմը ֆաբուլայի «սարքովի լինելն է, դերասանների ծամածռությունը, պատմության կոպտությունը»։ Նա գրել է, որ այս նկարում «մեր հայացքը սահում է անբնական մելոդրամայի, բավականին մակերեսորեն ստեղծված կերպարների վրայով, սակայն հաճույքով կանգնելով հիանալի կերպով նկարված intérieur-ի, թունդ գորշ ներկերի, առույգ, պարզ նկարի վրա»[24]։

Արվեստաբան Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովը Ռեպինի մասին իր գրքում գրել է[6][11]

«Չէին սպասում» նկարն իր գեղանկարչական լուծումների գեղեցկությամբ ու վարպետությամբ Ռեպինի նշանավոր կտավն է։ Այն նկարված է պլենէր, լի է լույսով և օդով, նրա լուսավոր կոլորիտը հաղորդում է մեղմացուցիչ դրամայի քնքուշ ու լուսավոր քնարականությունը… Գտնելով և ցույց տալով իր ժամանակների իսկական հերոսներին՝ նկարիչը մի մեծ քայլ է կատարել և՛ կենցաղային, և՛ պատմական գեղանկարչության զարգացման մեջ։ Ավելի ճիշտ նա հասել է դրանց յուրահատուկ միաձուլման, ինչը տվել է արդիական թեմաներով պատմական գեղանկարչություն հնարավորություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20210113083221/https://tretyakovgallery.ru/collection/ne-zhdali-37031/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 217—218. — 560 с. — ISBN 5-900743-22-5
  3. 3,0 3,1 «Репин Илья Ефимович — Не ждали». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  4. 4,0 4,1 С. Королёва Илья Ефимович Репин (Великие художники, том 20). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — ISBN 978-5-87107-193-9
  5. 5,0 5,1 5,2 Татьяна Юденкова. «Неустанное служение (К истории коллекции П.М. Третьякова)» (HTML). Наше наследие — www.nasledie-rus.ru. Վերցված է 30.06.2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 А. А. Фёдоров-Давыдов И. Е. Репин. — Москва: Искусство, 1989. — С. 68—70. — 121 с. — ISBN 5-98724-030-1
  7. Юденкова, Татьяна Витальевна Картина И. Е. Репина «Не ждали». Художественное самосознание общества 1880-х годов // Искусствознание. — 1998. — № 2.
  8. Эмилий Арбитман. «Искусствознание. Журнал по истории и теории искусства. — 1998. № 2» (HTML). magazines.russ.ru. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  9. Г. Ю. Стернин, Кириллина, Елена Владимировна․ Илья Репин (1844—1930). — Санкт-Петербург: Аврора, 1996. — С. 63. — 174 с. — (Великие мастера живописи). — ISBN 5-1-85995-212-7
  10. «Репин Илья Ефимович — Не ждали, 1883—1898» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 30.06.2015-ին.
  11. 11,0 11,1 А. А. Фёдоров-Давыдов. «Репин, Илья Ефимович. Не ждали». Российский общеобразовательный портал — artclassic.edu.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  12. 12,0 12,1 12,2 Е. Н. Евстратова Репин. — Москва: ОЛМА Медиа Групп, 2008. — С. 72—75. — 127 с. — ISBN 978-5-37300-683-5
  13. А. И. Леонов. Русское искусство: очерки о жизни и творчестве художников. — Москва: Искусство, 1971. — Т. 2. — С. 20.
  14. Н. Г. Машковцев. И. Е. Репин: краткий очерк жизни и творчества (1844—1930). — Москва: Искусство, 1943. — С. 67. — 107 с.
  15. А. А. Парамонов. Иллюстрации И. Е. Репина. — Москва: Искусство, 1952. — С. 144. — 217 с.
  16. Elizabeth Kridl Valkenier. «The writer as artist's model: Repin's portrait of Garshin» (PDF). The Metropolitan Museum of Art — www.metmuseum.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 17.06.2015-ին.
  17. 17,0 17,1 «Собрание Третьяковки: Картина Ильи Репина «Не ждали»» (HTML). Радио «Эхо Москвы» — echo.msk.ru. Վերցված է 30.06.2015-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Т. В. Юденкова. «Репин неисчерпаем». Художник, 2010, № 1 — artist-mag.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 30.06.2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  19. Н. А. Мудрогель. «Третьяков и художники: Репин Илья Ефимович (из книги «Пятьдесят восемь лет в Третьяковской галерее»)» (HTML). Государственная Третьяковская галерея — tretyakovgallery.blogspot.com. Վերցված է 18.06.2015-ին.
  20. «Илья Репин. Галерея картин и рисунков художника — Не ждали, 1884». ilya-repin.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  21. Екатерина Алленова Илья Репин. — Москва: Белый город, 2000. — С. 63. — 121 с. — ISBN 9785779302203
  22. Н. В. Злыднева. Визуальный нарратив: к проблеме темпоральности как имплицированной вербальности (случай позднего авангарда) // Язык как медиатор между знанием и искусством : сборник. —Москва, 2009. — С. 221—228.
  23. В. В. Стасов Избранное: живопись, скульптура, графика. — Искусство, 1950. — Т. 1 — Русское искусство. — С. 186.
  24. А. Н. Бенуа. История русской живописи в XIX веке. — Москва: Республика, 1995. — С. 267, 272. — 448 с. — ISBN 5-250-02524-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]