Ֆաբուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆաբուլա (լատ․ fabula — պատմություն), գրականագիտական հասկացություն, որը սերտորեն առնչվում է սյուժեի հետ և կարող է իմաստավորվել միայն վերջինիս հետ հարաբերակցվելով։ Չնայած ֆաբուլայի և սյուժեի տեսական մշակման հարուստ պատմությանը, գրականագիտության մեջ առ այսօր չկա դրանց ըմբռնման և տարբերակման միասնական սկզբունք։ Այդ տերմինները երբեմն օգտագործվում են մեկը մյուսի փոխարեն։

Անտիկ գրականության մեջ «ֆաբուլա» բառով անվանում էին ոչ միայն պատմողական արձակի ամենափոքր ժանրերը՝ առակ, պատմվածք, հեքիաթ, ավանդություն, այլև գրական ստեղծագործության պատումային հիմքը։ Նոր ժամանակներում գրական երկում արտացոլված դեպքերի, գործողությունների ողջ ընթացքը բնորոշելու համար առաջանում է «սյուժե» հասկացությունը։ Ի տարբերություն դրա՝ ֆաբուլան սկսում է ընկալվել որպես այդ գործողությունների հիմնական համակարգ իրադարձային միջուկ, սյուժետային գլխավոր հանգույց։ Մեկ ուրիշ՝ նույնքան տարածված տեսակետի համաձայն, ֆաբուլան դիտվում է որպես գործողությունների բնական պատճառա-հետևանքային ժամանակագրական կապ, իսկ սյուժեն՝ որպես ֆաբուլայի ստեղծագործական մարմնավորում։

Ֆաբուլան անմիջականորեն կապված է իրականության հետ և գրողի պատկերացումներում նախորդում է սյուժեի առաջացմանը կամ ներկայացնում է վերջինիս վերապատումը (սյուժեի «եզերապատում»)։

Ֆաբուլայի այս սպեցիֆիկ իմաստները թույլ են տալիս հասկանալ ստեղծագործական գործընթացի ընթացքն ու նպատակը՝ ինչու է գրողը խախտել գործողությունների ժամանակագրական կարգը, ընդգծել այս կամ այն դեպքը, ինչ կոմպոզիցիոն հնարանքներով է վերամշակվել իրականության նյութը գեղարվեստական սյուժեում։ Ֆաբուլան սյուժեի և ընդհանրապես գեղարվեստական տեքստի վերլուծությանը նպաստող անհրաժեշտ միջոց Է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Ջրբաշյան, Գրականության տեսություն, 5 վերամշակ․ և լրց․ հրատ․, Երևան, 1980։
  • Գրական ստեղծագործություն։ Վերլուծության ուղիներն ու մեթոդները (ժող․), էջ 164—173, Երևան, 1983։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Ընթերցե՛ք «ֆաբուլա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։