Ծնվել է 1868 թ. Լանչխութիում։ Թիֆլիսի հոգևոր ուսումնարանն ավարտելուց հետո 1891 թ. տեղափոխվել է Վարշավա։ Վարշավայի անասնաբուժական ինստիտուտում սովորելու տարիներին ծանոթացել է մարքսիզմի գաղափարների հետ։ Վրաստան վերադառնալուց հետո դարձել է «Մեսամե դասիի» («Երրորդ խումբ») առաջնորդներից մեկը։
Եղել է Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական Աշխատավորական կուսակցության երկրորդ կոնգրեսի (1903 թ.) պատվիրակ։ 1906 թ. Թիֆլիսից ընտրվել է որպես 1-ին Պետական Դումայի պատգամավոր, դարձել սոցիալ-դեմոկրատական խմբակցության ղեկավարը։ 1907 թ. Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական Աշխատավորական կուսակցության հինգերորդ կոնգրեսը նրան ընտրեց որպես կենտրոնական կոմիտեի անդամ։ Վիբորգյան մանիֆեստը ստորագրելու համար 1907 թ. դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման։
1917 թ. նոյեմբերին դարձել է Վրաց ազգային խորհրդի նախագահ։ 1918 թ. հունիսի 24-ին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինեց Նոյ Ռամիշվիլիին։ 1921 թ. Վրաստանի խորհրդայնացումից հետո տեղափոխվել է Փարիզ՝ Ֆրանսիա, որտեղ մահացել է 1953 թ.:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 301)։