Jump to content

Մադհուբալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադհուբալա
փուշթու՝ مدهوبالا[1]
Ծնվել էփետրվարի 14, 1933(1933-02-14)[2]
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
Մահացել էփետրվարի 23, 1969(1969-02-23)[2] (36 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունկինոդերասանուհի
Ամուսին(ներ)Կիշոր Կումար

Մադհուբալա (ուրդու` مدهو بالا, հինդի` मधुबाला, իրական անունը՝ Մումթազ Ջեհան Դեհլավի, փետրվարի 14, 1933(1933-02-14)[2], Նյու Դելի, Հնդկաստան - փետրվարի 23, 1969(1969-02-23)[2], Մումբայ, Հնդկաստան), հնդկական կինոյի դերասանուհի։ Իր ժամանակակիցների՝ Նարգիսի և Մինա Կումարիի հետ միասին, Մադհուբալան Բոլիվուդի ամենաազդեցիկ դերասանուհիներից մեկն էր։ Նա նկարահանվել է հնդկական կինոյի դասական ֆիլմերում։ Նրան հաճախ անվանում էին «բոլիվուդյան Մերիլին Մոնրո»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադհուբալան ծնվել է աֆղանական փուշթուների ավանդական ընտանիքում, որտեղ նա 11 երեխաներից հինգերորդն էր։ Հայրն աշխատում էր Փեշավարում գտնվող Imperial Tobacco կազմակերպությունում։ Կորցնելով աշխատանքը, նա ընտանիքի հետ տեղափոխվել է Դելի, իսկ հետագայում՝ Բոմբեյ։ Մադհուբալայի երեք քույրերը և երկու եղբայրները մահացել են հինգից վեց տարեկանում։ 1944 թվականին «Ֆորտ Ստայկին» շոգենավի պայթյունի հետևանքով այրվել էր նաև նրանց տունը, ընտանիքը փրկվել էր տանը չլինելու պատճառով։

9 տարեկանից Մադհուբալան արդեն նկարահանվում էր կինոյում։ 1942 թվականին նկարահանված «Գարուն» կինոնկարից հետո նա սկսեց հանդես գալ Մադհուբալա բեմական անունով, որը թարգմանաբար նշանակում էր մաքուր մեղր։ 14 տարեկանում նա նկարահանվել է Ռաջ Կապուրի «Neel Kamal» (1947 թ.) կինոնկարում։ Մադհուբալան աշխատել է իր ժամանակի ամենահայտնի դերասանների հետ միասին՝ Աշոկ Կումար, Ռաջ Կապուր, Ռեհման, Շամմի Կապուր, Դիլիպ Կումար, Սունիլ Դատ, Դև Անանդ և այլք։ Նրա ամենահաջողված ֆիլմերից են «Սրտի թագուհին» (1947 թ.), «Հավերժ սեր» (1948 թ.), «Առանձնատունը» (1949 թ.), «Անսիրտը» (1952 թ.), «Միսթր և միսիս 55» (1955 թ.), «Սև ջրեր» (1958 թ.), «Նա, ով կառավարում է մեքենան» (1958 թ.), «Մեծ Մողոլը» (1960 թ.) և այլ կինոնկարներ։ Դերասանուհու վերջին ֆիլմը «Jwala» կինոնկարն էր, որը թողարկվել է նրա մահից հետո՝ 1971 թվականին։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին, երբ Մադհուբալան 18 տարեկան էր, նկարահանումների ժամանակ ծանոթացել էր 29-ամյա Դիլիպ Կումարի հետ։ Նրանց հարաբերություններին վերջակետ դրեց Մադհուբալայի հոր դատական հայցը, որով վերջինս պահանջում էր, որպեսզի Դիլիպ Կումարն ամուսնանա իր դստեր հետ։ Սակայն դատաքննությունն ավարտվեց հօգուտ Դիլիպ Կումարի։

1950 թվականին Մադհուբալայի սրտում բժիշկները հայտնաբերեցին բացվածք։ Սակայն որպեսզի նա շարունակեր նկարահանվել և նյութապես կարողանար օգնել ընտանիքին, այդ փաստը գաղտնի պահվեց։ 1960 թվականին Լոնդոնում բժիշկները հրաժարվեցին նրան վիրահատել, քանի որ սիրտն արդեն վատ վիճակում էր։ Բժիշկների կանխատեսումները, թե Մադհուբալան կապրի ընդամենը մեկ տարի, չիրականացան։ Նա ապրեց ևս 9 տարի։

1960 թվականին Մադհուբալան ամուսնացել է երգիչ և դերասան Կիշոր Կումարի հետ, ով այն ժամանակ արդեն ամուսնալուծված էր։ Քանի որ Կիշոր Կումարը հինդուս էր, իսկ Մադհուբալան մուսուլմանուհի, Կիշոր Կումարի հարազատները չէին ցանկանում ընդունել հարսնացուին։ Ցանկանալով մեղմել հարազատների վրդովմունքը, նրանք իրենց ամուսնությունը նշեցին հինդուիստական ծիսակատարությամբ։ Այնուամենայնիվ նրանց տանը տիրում էր լարված մթնոլորտ։

Մադհուբալան մահացել է 1969 թվականի փետրվարի 23-ին, 36 տարեկանում ` սրտի ծանր հիվանդությունից։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1944 Մումթազ Մահալ Mumtaz Mahal -
1947 Սրտի թագուհին Dil-Ki-Rani (Sweet-Heart) Ռաջ Կումարի Սինգհ
1947 Հաղթանակ Չիտորում Chittor Vijay -
1948 Հավերժ սեր Amar Prem -
1949 Առանձնատունը Mahal Կամինի
1949 Բարին ու չարը Neki Aur Badi -
1950 Մադհուբալա Madhubala -
1951 Տարանա Tarana Տարանա
1952 Անսիրտը Sangdil Կամալ
1954 Ամար Amar Անջու
1955 Միսթր և միսիս 55 Mr. & Mrs. '55 Անիտա Վերմա
1957 Հրեայի դուստրը Yahudi Ki Ladki -
1957 Դիմակը Ek-Saal Ուշա Սինհա
1958 Նա, ով կառավարում է մեքենան Chalti Ka Naam Gaadi Ռենու
1958 Հովրահի կամուրջը Howrah Bridge Էդնա
1958 Սև ջրեր Kalapani Աշա
1959 Ժողովուրդն արթնանում է Insan Jaag Utha Գաուրի
1959 Երկու տեր Do Ustad Մադհու Շարմա
1960 Մեծ Մողոլը Mughal-E-Azam Անարկալի
1961 Անձնագիր Passport Ռիտա Բհագվանդաս
1961 Մտերիմը Boy Friend Սանգիտա
1962 Արտոնյալ տոմս Half Ticket Ռաջնիդևի, Աշա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադհուբալա» հոդվածին։