Հովսեփ Էմին
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Էմինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովսեփ Էմին | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1726[1] |
Ծննդավայր | Համադան, Իրան[2][3] |
Մահացել է | օգոստոսի 2, 1809[2][3] (83 տարեկան) |
Մահվան վայր | Կալկաթա, Բրիտանական կայսրություն[2][3] |
Գերեզման | Սուրբ Նազարեթ եկեղեցի |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թագավորական ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | հայ ազատագրական պայքարի գործիչ |
Joseph Emin Վիքիպահեստում |
Հովսեփ Էմին (Էմին Հովսեփ Էմինյան օգոստոսի 2, 1726[1], Համադան, Իրան[2][3] - օգոստոսի 2, 1809[2][3], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[2][3]), հայ ազատագրական պայքարի գործիչ։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում։ Այստեղից իր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում։
Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, որը հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմանների հետ։ Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարներից։ Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը։ Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի Թագավորական ռազմական ակադեմիա։ Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները։ Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ։ Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրման իր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին։
1759 թ. Էմինը գալիս է Հայաստան։ Արևմտյան Հայաստանով ճանապարհորդելու ընթացքում զրույցի բռնվելով հայրենակիցների հետ` նա խոսում է հայրենիքի պատմության փառավոր դրվագների մասին։ Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության։ Ծանոթանալով իրավիճակին` Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ։ Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին։ Վերադառնալով Անգլիա՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին։ Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ։ Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ։ Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II–ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան։ Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրին։ Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սուրբ Կարապետի վանք|Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ։ Էմինը և Հերակլ II–ը 1764 թ. խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին։ Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցի, տեղեկանալով այդ մասին, կշտամբում է Հերակլ II–ին «անզգույշ քայլերի» համար, որոնք կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ։ Ստիպված Հերակլը Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից։
Մեկ տարի Հյուսիսային Կովկասում մնալուց հետո՝ 1766 թ., Էմինը վերադառնում է Հայաստան և հաստատվում Գետաշենում` Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ։ Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է նաև Շուշիում, ապա անցնում Գանձասար։ Այստեղ նրան տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն։ Համոզվելով, որ Արցախում ևս կատարում են կաթողիկոսի այդ հրամանը՝ Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան։ Սակայն լսելով,Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմինը ճանապարհվում է Խոյ։ Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել։ Այսքանից հետո նա 1770 թ. վերադառնում է Հնդկաստան։
Մահացել է 1809 թ.-ին ու թաղվել է Կալկաթայում։
Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել 1792 թվականին Լոնդոնում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում։
Կերպարն արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովսեփ Էմինի գործունեությանն է նվիրված արձակագիր Էդուարդ Ավագյանի երկու հատորից բաղկացած «Մի կյանքը քիչ է» վեպը, որը լույս է տեսել 1979-1980 թվականներին։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Life and Adventures of Joseph Emin, London, 1792 (հայերեն թարգմանություն՝ «Յովսէփ Էմինի կեանքն ու արկածները», Պէյրութ, տպ. Մշակ, 1958).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներսիսյան, Մ. Հովսեփ Էմին.- ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալ. Տեղեկագիր, 1941, № 1, էջ 41-60։
- Ստեփան Թոփչյան, «Հովսեփ Էմին», Երևան, «Լուսաբաց», 2017, 128 էջ
- Иоаннисян А. Р., «Иосиф Эмин», Ереван, 1945 (երկրորդ հմբագրությունը՝ 1989 թ.).
- «Life and Adventures of Emin Joseph Emin 1726—1809 Written by himself. Second edition with Portrait, Correspondence, Reproductions of original Letters and Map». Calcutta 1918.
- Անանյան Ժ. Հ., Մի Էջ XVIII դարի երկրորդ կեսի հայ- ռուսական հարաբերությունների պատմությունից (Նոր վավերագրեր Հովսեփ Էմինի մասին) - «Պատմա-բանասիրական հանդես», 1978, № 3, էջեր 244-264.
- Անանյան Ժ. Հ., Նոր վավերագրեր Հովսեփ Էմինի մասին - «Պատմա-բանասիրական հանդես», 1981, № 2, էջեր 263-280.
- Էդուարդ Ավագյան, «Одной жизни мало»։ Պատմական վեպ։ (Հովսեփ Էմինի մասին)։ Кн. 1 и 2 / Перевод с арм. С. Авакян, М. Кузанян; Худож. С. Кузяков, 408 էջ, 20 սմ, [Մոսկվա] "Сов. писатель", [1988] թ./
- Գրիգորյան Վ. Ռ., Հովսեփ էմինի և Հովսեփ Արղությանի անտիպ նամակները (1791—1792 թթ.).- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, № 4, էջ 185-201
- Վարդան Գրիգորյան, Հովսեփ Էմինի հայերեն անտիպ նամակները և նրան հասցեագրված խնդրագիրը.- «Պատմա-բանասիրական հանդես», 2000, № 3, էջ 264-270։
- Պավել Չոբանյան, Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին, Ս. Էջմիածին, 2006 (Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, Ա)։
- Sebouh D. Aslanian,A Reader Responds to Joseph Emin’s Life and Adventures: Notes toward a “History of Reading” in Late Eighteenth Century Madras,- «Հանդէս ամսօրեայ», 2012, pp. 363-418.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Էմին» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 45)։ |
|