Հետախուզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հետախույզներ, 26 դեկտեմբերի, 1941 թվական
Առաջին պարեկը հետախուզության ժամանակ, «Огонёк» հասարակական-քաղաքական և գրական-գեղարվեստական նկարազարդ ամենաշաբաթյա հանդես, № 4, 1940 թվական
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1942 թվական

Հետախուզություն, թշնամու զորքերի (կամ մրցակցի) վիճակի, գործողությունների և մտադրությունների, ինչպես նաև տեղանքի, ճառագայթային, քիմիական իրադրության և այլնի մասին տվյալներ հավաքելու միջոցառումների ամբողջությունը, որն անհրաժեշտ է հակառակորդին բազմակողմանիորեն գնահատելու և ճիշտ որոշում ընդունելու, իր անվտանգությունն ապահովելու և նրա նկատմամբ առավելության հասնելու համար ռազմական ուժերի, ռազմական գործողությունների, քաղաքականության կամ տնտեսության բնագավառում։ Կազմակերպում է ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային և հակաօդային պաշտպանության զորատեսակների հրամանատարությունը։ Հետախուզության միջոցների և ձևերի զարգացումը սերտորեն կապված է պատերազմավարության միջոցների և ռազմական գործողությունների փոփոխման հետ։ Դրանց կատարելագործման համեմատ հետախուզության նշանակությունը անընդհատ մեծացել է։

Հետախուզությունը կարող է օգտագործել ինֆորմացիայի հավաքման ինչպես օրինական (օրինակ՝ բաց աղբյուրների տվյալների հավաքում և վերլուծություն, արտասահմանյան ռադիոկայանների ունկնդրում, հետախուզական արբանյակների օգնությամբ հետևում), այնպես էլ անօրինական միջոցներ, որոնք վերաբերում են «լրտեսության» և «ինֆորմացիայի գողության» ոլորտներին։

Թշնամու հետախուզության դեմ պայքարը կոչվում է հակահետախուզություն։

Ըստ տարածական սկզբունքի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտաքին հետախուզություն – տվյալների հավաքում արտասահմանյան երկրների և այն մասին, թե ինչ է տեղի ունենում նրանց տարածքներում,
  • Ներքին հետախուզություն – սեփական երկրում հանցագործ գործունեության վերաբերյալ մասին տեղեկությունների հավաքում (անգլ.՝ domestic intelligence, անգլ.՝ criminal intelligence

Ըստ նշանակության[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմական հետախուզություն – գործող կամ հավանական հակառակորդի, նրա ռազմական ռեսուրսների, մարտական հնարավորությունների և խոցելիության, ինչպես նաև ռազմական գործողությունների թատերաբեմի մասին տվյալների ստացման և մշակման միջոցառումների համալիր։ Այն բաժանվում է մարտավարական հետախուզության, որը ներառում է նաև ինժեներական հետախուզությունը, և ռազմավարական հետախուզության,
  • Քաղաքական հետախուզություն – գործունեություն, որն ուղղված է օտարերկրյա պետության ներքին և արտաքին քաղաքականության մասին տեղեկություններ ստանալուն,
  • Տնտեսական հետախուզություն – արտաքին հետախուզության տեսակ, որի օբյեկտներն են արդյունաբերությունը, տրանսպորտը, առևտուրը, ֆինանսական և դրամավարկային համակարգերը, բնական ռեսուրսները և այլն,
  • Արդյունաբերական լրտեսություն,
  • Գիտատեխնիկական հետախուզություն – արտաքին հետախուզության տեսակ, որի օբյեկտ են հանդիսանում օտարերկրյա պետությունների գիտատեխնիկական հիմնարկները և գիտատեխնիկական ներուժը,
  • Գործարարական հետախուզություն,
  • Արտաքին հակահետախուզություն – արտաքին հետախուզության տեսակ, որի օբյեկտներն են օտարերկրյա պետությունների հետախուզական ծառայությունները, դրանց գործունեության մասին տեղեկություններ կորզելը,
  • Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների և արտասահմանում նախապատրաստվող պետական հեղաշրջումների (սեփական երկրում) մասին տեղեկությունների ձեռքբերում,
  • Միջազգային կազմակերպված հանցավորության մասին տեղեկությունների ձեռքբերում։

Ըստ օգտագործված միջոցների[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զորային հետախուզությունն իրականացվում է ռազմական գործողությունների ժամանակ հետախուզական ստորաբաժանումների, օգտագործվում են դիտակայանները, հետախուզական պարեկախմբերը, հետախուզական ջոկատները, հետախուզական խմբերը, որոնումներ, դարանակալում իրականացնող խմբերը, մարտի հետախուզում իրականացնող ստորաբաժանումներ, օգտագործվում է տեղի բնակիչների հարցումը, գերիների և փախչողների հարցաքննությունը, հակառակորդից զավթված փաստաթղթերի, տեխնիկայի և սպառազինության ուսումնասիրությունը,
  • Գործակալական հետախուզությունը ներառում է հետախուզական մարմինների գործողությունները, որոնք ուղղված ենհակառակորդի մասին անհրաժեշտ տեղեկություններ կորզելու հատուկ միջոցների և գործակալների միջոցով,
  • Տիեզերական հետախուզությունն արտասահմանյան բանակներում իրականացվում է Երկրի արհեստական արբանյակների (հետախուզական և օդերևութաբանական) միջոցով և համարվում է հետախուզության ռազմավարական և օպերատիվ մասշտաբի միջոց,
  • Օդային հետախուզությունն իրագործվում է օդային նկարահանումների, դիտարկումների և բազմազան այլ միջոցներով,
  • Նավային հետախուզությունը կատարվում է նավատորմի վերջրյա և ստորջրյա ուժերով, տարբեր տեխնիկական միջոցներով,
  • Ռադիոէլեկտրոնային հետախուզությունը ներառում է ինչպես բանակցությունների գրավումը՝ ռադիոհետախուզությունը, այնպես էլ կապի համակարգերի գրավումը տեխնիկական համակարգերի միջև և ռադիոճառագայթման աղբյուրների հայտնաբերումը՝ ռադիոտեխնիկական հետախուզություն,
  • Կիբեռլրտեսություն։

Նշվում է նաև բաց աղբյուրների հիման վրա կատարվող հետախուզության մասին։ Այն իրականացվում է ոչ միայն հատուկ հետախուզական ծառայությունների, այլև պետական ու ոչ պետական այլ կազմակերպությունների կողմից։

Հետախուզական տեղեկատվության հավաքում և հետախուզական ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետախուզական ցիկլը ներառում է՝

  • Հետախուզական տեղեկատվության հավաքում,
  • Ստացված տեղեկությունների ստուգում,
  • Հետախուզական տեղեկատվության վերլուծություն։
  • եզրակացությունների հասցնում շահագրգիռ ատյաններին։

ԱՄՆ-ում ընդունված է առանձնացնել հետախուզական ցիկլի հետևյալ տարրերը՝ տեղեկություններ հավաքման ցուցում, տեղեկատվության հավաքագրում, մշակում, տարածում և օգտագործում։

Հետախուզական գործունեությունը ներառում է տեղեկատվության հավաքումը, նրա արժանահավատության գնահատումը և առանձին փաստերի միավորումն ընդհանուր պատկերի մեջ։ Վերլուծաբանները գնահատում և ինտեգրում են տեղեկատվությունը, մեկնաբանում դրա նշանակությունն ու նշանակալիությունը։ Ընդ որում, մեծ նշանակություն ունի ստացված տեղեկատվության արժանահավատության գնահատումը։ Օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական հետախուզությունը ստացված տեղեկատվության արժանահավատությունը գնահատել է A1-ից մինչև D5 տառերի և թվերի համակարգի միջոցով։ Տառով նշվել է աղբյուրի հուսալիությունը, թվանշանով՝ իրականությանը տեղեկատվության համապատասխանության աստիճանը։ Այսպես, օրինակ, եթե գործակալը, որն աշխատում է հոսպիտալում, հայտնում է սպանվածների ու վիրավորների թվի մասին, ապա այդ ինֆորացիան նշվում է A տառով, իսկ եթե նա պատմում է որևէ նավի վնասվելու մասին, ապա այն ստանում է C տառը։ Օդային հետախուզության լուսանկարները միշտ չէ, որ գնահատվել են ամենաբարձր գնահատականով, քանի որ այստեղ հնարավոր էին լուսանկարների ապակոդավորիչների սխալները։ Այս տեղեկատվությունը կարող է ունենալ A2, B1 և ավելի ցածր գնահատականներ։ Ընդ որում, ռադիոգրերի, հեռագրերի կամ հեռախոսազրույցների գաղտնալսման շնորհիվ ստացված տեղեկատվությունը հաճախ գնահատվում է ամենաբարձր գնահատականով, սակայն հակառակորդը կարող է տեղեկատվություն տրամադրել հատուկ՝ իմանալով, որ նրա գաղտնագրերը հայտնի են կամ որ նրա հաղորդագրությունները հայտնվում են հակառակորդի մոտ։

ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին աշխատակից Վ. Պլեթն իր «Ռազմավարական հետախուզության տեղեկատվական աշխատանքը» գրքում գրում է, որ փաստն ինքնին ոչինչ չարժե։ Այն պետք է ներգրավվի համակարգում։ Վ. Պլեթը ներկայացնում է հետևյալ օրինակը. ահա մենք իմանում ենք, որ ԽՍՀՄ-ում տարեկան ինժեների որակավորում է ստանում 10 հազար մարդ, բայց այդ փաստն ինքնին ոչինչ չարժե, քանի որ հայտնի չէ, թե կոնկրետ քանի ինժեներ է անհրաժեշտ, ինչ չափով են նրանք օգտագործվում ռազմական գործում, քանի մարդ է ինժեների որակավորում ստանում ԱՄՆ-ում։ Իսկ երբ այդ փաստը դրվում է իր նման մյուսների փաստերի համակարգում, միայն այդ ժամանակ է այն դառնում ինչ-որ հարցի պատասխան[1]։

Հավաքված տեղեկատվության տարրերը զգալիորեն տարբերվում են ճշգրտությամբ և ամբողջականությամբ։ Բացի այդ, որքան էլ հավաստի լինեն հետախուզական տվյալները, դրանք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, ուստի դրանք պետք է պարբերաբար ստուգվեն և թարմացվեն։

Հետախուզությունը մեծ դժվարությունների է բախվում նույնիսկ խաղաղ ժամանակ տեղեկատվություն ստանալու ժամանակ։ Այսպես, վստահություն առաջացնող տեղեկատվության աղբյուրը կարող է սխալվել կամ միտումնավոր ապատեղեկատվություն հաղորդել։ Բռնապետական ռեժիմները հազվադեպ են թույլ տալիս բաց մամուլում իրենց երկրների մասին հավաստի և ամբողջական վիճակագրական տվյալների հայտնվելը, նման ռեժիմներով երկրներում հրապարակվող բոլոր նյութերը գրաքննության են ենթարկվում և հաճախ միտումնավոր խեղաթյուրված տեղեկություններ են պարունակում։ Նման երկրների ամբողջական շրջաններփակ են լինում այցելության համար։ Ոչ ժողովրդավարական երկրներում զինված ուժերին վերաբերող գրեթե ցանկացած հարց համարվում է պետական գաղտնիք։

Այլ երկրներում հիմնական դժվարությունները կարող են լինել լեզվական արգելքը և հուսալի քարտեզների բացակայությունը։

Պատերազմի ժամանակ ավելի դժվար է ժամանակին հավաստի տեղեկություններ ստանալ հակառակորդի մասին։ Օդային և ցամաքային հետախուզությունը մարտական գործողությունների ժամանակ կարող է դժվար լինել հակառակորդի կողմից հակազդեցության կամ բարդ եղանակային պայմանների պատճառով։ Անբարյացակամ տրամադրված տեղացիները կարող են ոչ հավաստի տեղեկություններ տալ կամ հրաժարվել տեղեկատվություն տալուց։ Ռադիոգրավումը կանխելու համար հակառակորդը կարող է օգտագործել բարդ կոդեր կամ ընդհանրապես արգելել իր ռադիոկայանների աշխատանքը (ռադիոլռության)։ Բացի այդ, հակառակորդը կարող է կիրառել քողարկում և ապատեղեկատվություն։

Դրա հետևանքով, հատկապես ռազմական գործողությունների ժամանակ, հակառակորդի մասին տեղեկությունները հաճախ լինում են սուղ, հատվածական, անհուսալի և հակասական։ Դրա համար անհրաժեշտ է հետախուզական միջոցառումների մանրակրկիտ պլանավորում և տեղեկատվության հնարավորինս մեծ թվով անկախ աղբյուրների օգտագործում։

Հետախույզի իրավաբանական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան՝ հակամարտության մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմից ցանկացած անձ, որը հակառակ կողմի վերահսկողության տակ է հայտնվում այն ժամանակ, երբ նա զբաղվում է լրտեսությամբ (հակառակորդի քաղաքացիական հագուստով կամ համազգեստով), ռազմագերու կարգավիճակ ստանալու իրավունք չունի, և նրա հետ կարող են վարվել որպես լրտեսի, այսինքն՝ նրան կարող են ենթարկել քրեական հետապնդման։

Սակայն, եթե հետախույզը, որը հակամարտության մեջ գտնվող կողմի զինված ուժերի զինծառայող է, ժողովրդական աշխարհազորի անդամ կամ պարտիզանական շարժման մասնակից և հավաքում կամ փորձում է տեղեկատվություն հավաքել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, կրում է համապատասխան համազգեստ կամ ունի տարբերանշաններ, ապա նա ճանաչվում է որպես կոմբատանտ և գերի ընկնելու դեպքում ունի ռազմագերու կարգավիճակ։

Հակամարտության մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմից այն անձը, որը չի բնակվում հակառակ կողմից գրավված տարածքում, և որն զբաղվում է այդ տարածքում լրտեսությամբ, չի կորցնում ռազմագերու կարգավիճակի իր իրավունքը, և նրա հետ չեն կարող վարվել որպես լրտեսի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տարածքը բռնազավթվել է մինչև այն, երբ այն կրկին միանում է այն զինված ուժերին, որոնց այն պատկանում է։

Համապատասխանաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից հետախույզներ կարող են համարվել միայն ճակատային հետախույզները (հետախուզական-դիվերսիոն խմբերի անդամները), որոնք կրում են իրենց զինված ուժերի համազգեստը։ Բոլոր գործակալական հետախույզները, ըստ սահմանման, լրտեսներ են և ռազմագերու կարգավիճակի իրավունք չունեն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Горбовский А., Семенов Ю. Без единого выстрела: Из истории российской военной разведки. — М.: Молодая гвардия, 1984. — 368 с.
  • Леверкюн П. Германская военная разведка. Шпионаж, диверсии, контрразведка. — Минск: ФУИнформ, 2010. — 408 с.
  • Кокарев К. А. Советские спецслужбы и Восток // Азия и Африка сегодня. — 2014, № 5, с. 77.
  • Дегтярев К., Колпакиди А. Внешняя разведка СССР. — М.: Яуза, Эксмо, 2009. — 736 с. — (Энциклопедия спецслужб). — 4000 экз. — ISBN 978-5-699-34180-1
  • Густерин П. У истоков советской разведки на Востоке // Азия и Африка сегодня. — 2012. — № 3 (656).
  • Павел Густерин. Советская разведка на Ближнем и Среднем Востоке в 1920—30-х годах. — Саарбрюккен, 2014. — ISBN 978-3-659-51691-7.
  • Долгополов Н. Гении внешней разведки. — М.: Молодая гвардия, 2004.
  • Млечин Л. Служба внешней разведки. — М.: Эксмо, Яуза, 2004.
  • Филби К. Моя тайная война. — М: Воениздат, 1980.
  • Даллес А. Искусство разведки. — М.: Междунар. отношения — МП «Улисс», 1992.
  • Черняк Е. Б. Пять столетий тайной войны. Из истории секретной дипломатии и разведки. — М.: Международные отношения, 1991.
  • Роуан Р. У. Очерки секретной службы. Из истории разведки. — М.: Воениздат, 1946.
  • Дроздов Ю. Записки начальника нелегальной разведки. — М.: Олма-Пресс, 2000.
  • Колвин И., Пинто О., Захариас Э. Секретные миссии. — М.: Воениздат, 1964.
  • Чехович А. Семь трудных лет. Воспоминания. — М.: Воениздат, 1975.
  • Эйджи Ф. За кулисами ЦРУ. — М.: Воениздат, 1978.
  • Аграновский В. Профессия — иностранец. — М.: Вагриус, 2000 ISBN 5-264-00248-7, ISBN 978-5-264-00248-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 371
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետախուզություն» հոդվածին։