Jump to content

Հանրային մասնակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հուլիսի 24, 2024) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Հանրային մասնակցություն, հայտնի է նաև որպես քաղաքացիական մասնակցություն կամ հասարակության ներգրավվածություն, ցանկացած կազմակերպության կամ ծրագրի գործունեության մեջ հանրության ներգրավումը։ Հանրային մասնակցությունն ավելի լայն է, քան շահագրգիռ կողմերի ներգրավումը, ինչը ենթադրում է, որ այն ներառում է ոչ միայն նրանց, ովքեր ուղղակիորեն հետաքրքրված են արդյունքով, այլև հասարակության լայն զանգվածներին՝ գործընթացը դարձնելով ավելի ընդգրկուն։

Ընդհանուր առմամբ, հանրային մասնակցությունը նպատակ ունի ներգրավել նրանց, ովքեր պոտենցիալ ազդում են այս կամ այն որոշման վրա կամ հետաքրքրված են դրանով և նպաստում են դրա իրականացմանը։ Սա կարող է վերաբերել անհատներին, պետական մարմիններին, հաստատություններին, ընկերություններին կամ ցանկացած այլ կազմակերպության, որոնք ազդում են հանրային շահերի վրա։ Հանրային մասնակցության սկզբունքը նշում է, որ նրանք, ում վրա ազդում է այս կամ այն որոշումը, իրավունք ունեն մասնակցելու որոշումների կայացման գործընթացին։ Հանրային մասնակցությունը ենթադրում է, որ հասարակության ներդրումը կազդի որոշումների կայացման վրա[1][2]։ Հանրային մասնակցությունը դիտարկվում է ինչպես հզորացման ձև, այնպես էլ ժողովրդավարական կառավարման կարևորագույն տարր[2]։ Գիտելիքիների կառավարման համատեքստում, կարծում են, որ լայն մասնակցության վրա հիմնված շարունակական գործընթացների ստեղծումը կարևոր է կոլեկտիվ բանականության և ներառականության զարգացման համար։ Սա պայմանավորված է ողջ համայնքի կամ հասարակության՝ որոշումների կայացման գործընթացում ակտիվ մասնակցությամբ[2]։

Հանրային մասնակցությունը հիմնված է «ժողովրդակենտրոն» կամ «մարդակենտրոն» սկզբունքների վրա, որոնք վերջին երեսուն տարիների ընթացքում լայն տարածում են գտել արևմտյան մշակույթում։ Այս սկզբունքներն ազդել են տարբեր ոլորտների վրա, այդ թվում՝ կրթության, բիզնեսի, հանրային քաղաքականության, միջազգային օգնության և զարգացման ծրագրերի։ Հանրային մասնակցության խթանմանն աջակցում են հումանիստական շարժումները, որոնք ընդգծում են որոշումների կայացման գործընթացներում համամարդկային արժեքների և կարիքների հաշվառման կարևորությունը։ Հանրային մասնակցությունը կարող է ընդլայնվել «մարդն ամեն ինչից վեր» պարադիգմի փոփոխության շրջանակներում։ Այս փոփոխությունը կասակածի տակ է դնում այն գաղափարը, որ ավելի մեծ, կենտրոնացված հիերարխիաներն իրենց էությամբ ավելի լավն են։ Փոխարենը, այն խթանում է այն գաղափարը, որ մեծ թվով մարդկանց ներգրավելը («մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ») օգուտ է բերում։ Փաստարկն այն է, որ հանրային մասնակցությունը կարող է նպաստել ավելի արդյունավետ և երկարաժամկետ փոփոխությունների՝ ներառելով տարբեր տեսակներ և գաղափարներ[3]։

Որոշ իրավական և այլ համակարգերում ընդունվել է հանրային մասնակցության իրավապաշտպան մոտեցումը։ Օրինակ՝ տնտեսական և մարդկային զարգացման մեջ հանրային մասնակցության իրավունքը պաշտոնապես ամրագրվել է 1990 թվականին Զարգացման և վերափոխման մեջ բնակչության մասնակցության Աֆրիկյան խարտիայում[4]։ Շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման կարևորագույն համաձայնագրերը, ինչպիսիք են Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը,[5] ևս ճանաչում և ամրագրում են հասարակության մասնակցության իրավունքը։ Այս համաձայնագրերում նշվում է, որ հանրային մասնակցությունը հիմնարար իրավունք է։

Ըստ բնագավառի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուջետավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցային բյուջետավորումը ժողովրդավարական քննարկման և որոշումների կայացման գործընթաց է, որի ժամանակ քաղաքի սովորական բնակիչները որոշում են, թե ինչպես բաշխել համայնքային կամ պետական բյուջեի մի մասը։ Մասնակցային բյուջետավորումը սովորաբար բնութագրվում է մի քանի հիմնական առանձահատկություններով՝ համայնքի անդամների կողմից առաջնահերթ ծախսերի որոշում, բյուջեի պատվիրակների ընտրություն, որոնք կներկայացնեն տարբեր համայնքներ, պետական ծառայողների կողմից աջակցություն և տեխնիկական օգնություն, տեղական և ավելի բարձր մակարդակի հանդիպումներ՝ քննարկելու և քվեարկելու առաջնահերթ ծախսերը, և համայնքի վրա անմիջապես ազդող տեղական նախագծերի իրականացում։

Մասնակցային բյուջետավորումը կարող է օգտագործվել աշխարհի տարբեր քաղաքներում և, որպես այդպիսին, առաջին անգամ կիրառվել է Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում, որտեղ 1989 թվականին մշակվել է մասնակցային բյուջետավորման առաջին լիարժեք գործընթացը։

2011 թվականին արված տեսանյութ։ «Առանց մարդկանց մասնակցության՝ զարգացմանն ուղղված գործողությունները ձախողվում են».- Շ․ Կումար։

Տնտեսական զարգացման տեսության մեջ գոյություն ունի մասնակցային զարգացման դպրոց։ Մարդասիրական օգնության տրամադրման և զարգացման գործում հանրային մասնակցության ընդլայնման ցանկությունը հանգեցրել է բազմաթիվ ֆորմալ մեթոդաբանությունների, մատրիցաների, մանկավարժական հնարքների և հատուկ մոտեցումների ստեղծմանը, որոնք հաշվի են առնում կոնկրետ համատեքստի առանձնահատկությունները։ Դրանք ընդգրկում են գիտակցումն ու պրակտիկան, մասնակցային գործողությունների հետազոտությունը, գյուղական համայնքների արագ գնահատումը, գյուղական համայնքների մասնակցային գնահատումը, վերահսկողության վրա գնահատման ազդեցության վերլուծությունը, «բաց տարածության» (open space) մոտեցումները, նպատակներին ուղղված նախագծերի պլանավորումը, խոցելիության և ներուժի վերլուծությունը[3]։

Շրջակա միջավայր և կայուն զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին հանրային մասնակցությունը սկսել է դիտարկվել որպես շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծման և կայուն զարգացման ապահովման կարևորագույն մաս։ Այս համատեքստում սահմանափակվում են որոշումներ կայացնելու համար բացառապես տեխնոկրատ բյուրոկրատական մենաշնորհին ապավինելու հնարավորությունները, և նշվում է, որ հանրային մասնակցությունը կառավարություններին թույլ է տալիս մշակել քաղաքականություններ և ընդունել օրենքներ, որոնք վերաբերում են համայնքներին և հաշվի են առնում նրանց կարիքները[6]։

Հանրային մասնակցությունը ընդունվում է որպես էկոլոգիական սկզբունք և ամրագված է Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագրում։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջ աշխարհում փորձագետները սերտորեն համագործակցում են տեղական համայնքների հետ[7]։ Տեղական համայնքները ժառանգության պահպանման կարևորագույն շահագրգիռ կողմերն են[8]։

Մշակույթի կառավարման գործընթացներում տեղական համայնքների հետ խորհրդատվությունը խիստ կարևոր է։ Այն անհրաժեշտ է մշակութային օբյեկտի նշանակությունը ճիշտ որոշելու համար։ Հակառակ դեպքում, միայն «փորձագետների» կարծիքի վրա կենտրոնանալով, կարելի է բաց թողնել շատ կարևոր արժեքներ[9]։ Մինչև 20-րդ դարի վերջը ժառանգության կառավարումը հիմնականում հենվում էր փորձագիտական կարծիքի վրա։ Սակայն պարադիգմի փոփոխությունը սկսվեց 1979 թվականին, երբ Ավստրալիայի ԻԿՕՄՈՍ-ը (Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ) ընդունեց Բուրրա Խարտիան։ Այս փաստաթուղթը հետագայում լրամշակվեց 2000-ական թվականներին GCI-ի աշխատանքների ընթացքում[10][11][12]։ Այսօր համաշխարհային ժառանգության օբյեկտների կառավարման հիմքում ընկած է «արժեքների պահպանման» սկզբունքը։ Շահագրգիռ կողմերի և նրանց հետ կապված արժեքների նույնականացումը դարձել է հիմնարար քայլ նման օբյեկտների կառավարման պլանի մշակման գործում։

Շահագրգիռ կողմերի հայեցակարգն ընդլայնվել է՝ ներառելով տեղական համայնքները։ Այս գործընթացում կարևոր դերակատարներ են դարձել տեղական ինքնակառավարման մարմինները, գիտահետազոտական ինստիտուտները, ձեռնարկությունները, բարեգործական կազմակերպությունները, և համայնքները։ Տեղական մակարդակում մասնակցությունն ապահովելու համար արդյունավետ են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են գիտելիքի փոխանակումը, կրթությունը, խորհրդատվությունը, ցուցադրությունները, ակադեմիական իրադարձությունները, գովազդային արշավները և այլն։

Այս մոտեցման կիրառման մի քանի հաջողված օրինակներ կան աշխարհում։ Սիրիայի Հոմս քաղաքում տեղական բարեգործական կազմակերպությունները համայնքների հետ համատեղ իրականացնում են նախագծեր՝ ուղղված տեղի ժառանգության պահպանմանը[13]։

Սուդանի Դանգեյլ քաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրի թիմն օգտագործեց տեղի բնակչության հետ իր սոցիալական և տնտեսական կապերը՝ ապահովելով ծրագրի երկարաժամկետ կայունությունը[14]։

Ավստրալիայում բնիկ համայնքներն աստիճանաբար ստանձնում են իրենց մշակութային ժառանգության օբյեկտների և լանդշաֆտների պահպանման ու կառավարման ծրագրերի ղեկավարումը։ Նրանք հատկապես ուշադրություն են դարձնում ժայռապատկերներ պարունակող վայրերի խնամքին, մոնիթորինգին և պահպանմանը[15]։

Հանրային քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներում հանրային մասնակցությունը դարձել է ժողովրդավարական մարմինների շրջանակներում հանրային քաղաքականության ձևավորման կենտրոնական սկզբունք։ Քաղաքակությունը դառնում է լեգիտիմ, երբ քաղաքացիները հնարավորություն ունեն ազդելու այդ գործընթացում ներգրավված քաղաքական գործիչների և կուսակցությունների վրա[16]։ Մեծ Բրիտանիայում և Կանադայում նկատվել է, որ կառավարման բոլոր մակարդակներում քաղաքացիներին և շահագրգիռ կողմերին սկսել են ներգրավել քաղաքականության մշակման գործընթացներում։ Քաղաքականության մշակման մեջ ակտիվորեն ներգրավված քաղաքացիները կարող են աշխատել փոխհատուցելու կառավարության ձախողումները՝ թույլ տալով իրականացնել բարեփոխումներ, որոնք ավելի շատ կհամապատասխանեն քաղաքացիների կարիքներին[17]։ Քաղաքականության մեջ քաղաքացիների ներգրավման միջոցով քաղաքականությունը կարտացոլի առօրյա կարքիներն ու ու իրողությունները, այլ ոչ թե քաղաքական գործիչների և քաղաքական կուսակցությունների մեքենայությունները[18]։ Սա կարող է ներառել լայնածավալ խորհրդատվություններ, ֆոկուս խմբային հետազոտություն, առցանց քննարկման ֆորումներ կամ խորհրդակցական ձայնի իրավունքով երդվյալ ատենակալների քաղաքացիական դատարաններ։ Կան հանրային մասնակցության շատ տարբեր մեխանիզմներ, չնայած դրանք հաճախ ունեն ընդհանուր առանձնահատկություններ[19]։

Հանրային մասնակցությունը դիտարկվում է որպես գործիք, որը նախատեսված է միջոցառումների պլանավորման, կազմակերպման կամ ֆինանսավորման մասին հանրությանը տեղեկացնելու համար։ Հանրային մասնակցությունը կարող է օգտագործվել նաև իրագործելի նպատակները չափելու, ազդեցությունը գնահատելու և ապագա պրակտիկայի համար դասեր քաղելու համար[20]։ 2005 թվականին Բրազիլիայում ստեղծված բնակարանային խորհուրդներում քաղաքացիների մասնակցությունը քաղաքականության մշակմանը բարելավեց բնակչությանը հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու օպերատիվությունը[18]։ Ժողովրդական ինքնիշխանության հայեցակարգն ու սկզբունքը ամրագրված են ժամանակակից բոլոր սահմանադրություններում և հիմնարար օրենքներում։ Այս սկզբունքը հռչակում է, որ ժողովուրդը հանրային կամ պետական իշխանության հիմնական աղբյուրն է։ Ըստ ժողովրդական իշխանության հայեցակարգի՝ քաղաքական գործողությունների համար կազմակերպված հասարակության մեջ ժողովրդի կամքը՝ որպես ամբողջություն, հանդիսանում է քաղաքական գործողությունների միակ ճիշտ չափանիշը։ Հանրային մասնակցությունը կարելի է դիտարկել որպես զսպումների և հակակշիռների ու ներկայացուցչական ժողովրդավարության կարևոր տարր։ Այն ապահովում է, որ ժողովուրդն անուղղակիորեն իրավունք ունենա մասնակցել հանրային քաղաքականության և օրենքների մշակման գործընթացին[21]։

ԱՄՆ-ում վարչական նորմերի ստեղծման գործընթացում հանրային մասնակցությունը կարևոր դեր է խաղում։ Այս մասնակցությունը ենթադրում է, որ առաջարկվող նորմերը որոշակի ժամանակահատվածում ենթարկվում են հանրային քննարկման։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարության գործադիր մարմինների կողմից հաստատվող կանոնների համար հանրային մասնակցությունը պարտադիր է։ Այս ժամանակահատվածում կանոնադրությունները կամ գործակալությունների քաղաքականությունները կարող են նախատեսել նաև հանրային լսումների անցկացում[22]։

Հանրային վստահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին շատ ժողովրդավարական հասարակություններում իշխանությունների և քաղաքական գործիչների նկատմամբ հանրային վստահության անկումը դարձել է լուրջ խնդիր։ Հանրային ծառայությունների մատուցման թերությունները թուլացրել են քաղաքացիների և տեղական կառավարման մարմինների միջև հարաբերությունները[17]։ Այս իրավիճակում հանրային մասնակցությունը դիտարկվում է որպես կառավարման ճգնաժամի և վստահության անկման հնարավոր լուծումներից մեկը՝ հատկապես Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և ժողովրդավարական այլ երկրներում։ Քաղաքացիների անմիջական մասնակցությունը կարող է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, լեգիտիմությունը և սոցիալական արդարությունը[16]։ Գաղափարն այն է, որ հասարակությունը պետք է ավելի ակտիվ ներգրավված լինի քաղաքական գործընթացում՝ դառնալով ոչ թե պասիվ ստացող, այլ որոշումների կայացման մասնակից։

Քաղաքական տեսաբանները, սոցիալական մեկնաբանները և նույնիսկ քաղաքական գործիչները կարծում են, որ հանրային մասնակցությունը կարող է մեծացնել իշխանությունների նկատմամբ վստահությունը, բարձրացնել քաղաքացիների ներգրավվածությունը, ամրապնդել ժողովրդավարական իդեալները և բարելավել քաղաքական որոշումների որակը։ Սակայն այս ենթադրյալ օգուտները դեռևս պետք է հաստատվեն գործնականում[23][24][25]։ Քաղաքացիական մասնակցությունն ապահովվում է միայն այն դեպքում, եթե քաղաքացիները աջակցում են դրան, և եթե պետական մարմիններն ակտիվ խրախուսում են նրանց մասնակցությունը։

Հաշվետվողականություն և թափանցիկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային մասնակցությունը կարող է նաև դիտարկվել որպես հաշվետվողականության խթանման միջոց։ Այն հնարավորություն է տալիս համայնքներին վերահսկել պետական մարմինների գործունեությունը և հաշվետու պահել նրանց ծրագրերի իրականացման համար[6]։ Օրինակ, Միացյալ Թագավորությունում քաղաքացիներին ներգրավում են բանտարկյալներին կալանքի տակ պահելու պայմանների վերահսկման գործընթացում։ Կամավորները դառնում են անկախ դիտորդական խորհրդի անդամներ՝ մշտադիտարկելով բանտային պայմանները և նպաստելով արդար ու մարդասիրական վերաբերմունքի ապահովմանը[26]։

Համայնքային շատ կազմակերպություններ հիմնականում բաղկացած են միջին խավի բարեկեցիկ քաղաքացիներից, որոնք ունեն մասնակցության համար անհրաժեշտ ժամանակ և հնարավորություններ[16]։ Մինչդեռ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները հաճախ բախվում են ինքնակազմակերպման և հանրային խնդիրների լուծմանը մասնակցելու դժվարությունների[27]։ Նրանց մասնակցությունը ցածր է այնպիսի խոչընդոտների պատճառով, ինչպիսիք են երեխաների մատչելի խնամքի բացակայությունը, աշխատանքից հետո ազատ ժամանակի սղությունը և կրթական հնարավորությունների հասանելիությունը[16]։ Այս խնդիրները հաղթահարելու և բոլոր սոցիալական խմբերի ավելի լայն մասնակցությունը խթանելու նպատակով առաջադեմ արտոնյալ խավերը համագործակցում են ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների հետ։ Կազմակերպությունները ձգտում են ստեղծել մասնակցության խթաններ՝ օգտագործելով մատչելի լեզու և ապահովելով ջերմ միջավայր[28]։ Այս մոտեցումը նպաստում է միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների միջև փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը և խթանում է ավելի ներառական հանրային մասնակցություն։

Քննադատական մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային մասնակցության հայեցակարգն ու պրակտիկան ենթարկվել են քննադատության՝ հաճախ օգտագործելով Ֆուկոյի վերլուծական մոտեցումները[29]։ Նման զեկույցները նկարագրում են, թե ինչպես մասնակցությունը կարող է ծառայել որպես համայնքային գործունեությունը իշխանության և վերահսկողության համակարգերին ինտեգրելու միջոց՝ միաժամանակ նշելով, որ ներգրավումն ու հզորացումը կարող են տեղի ունենալ միաժամանակ։

1990 թվականին, ի պատասխան պրակտիկայի նկատմամբ աճող հետաքրքրությանը, մասնագետները հիմնեցին Հանրային պրակտիկանտների միջազգային ասոցիացիան։ Ավելի ուշ, նրանք հիմնեցին Հանրային մասնակցության միջազգային ասոցիացիան (IAP2)[30]։ Ներկայումս «հանրային մասնակցության պրակտիկան» լայն տարածում է գտել աշխարհում։ Հանրային մասնակցության միջազգային ասոցիացիան ունի մասնաճյուղեր տարբեր երկրներում, ինչը վկայում է հանրային մասնակցության կարևորության և դրա նկատմամբ գլոբալ հետաքրքրության մասին[31]։

Հանրային մասնակցությունը շրջակա միջավայրի կառավարման մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակա միջավայրի խնդիրների աճող բարդության պատճառով հանրային մասնակցությունն արդիական է դարձել շրջակա միջավայրի կառավարման մասին ժամանակակից բանավեճերի գիտական վերլուծության մեջ։

Շրջակա միջավայրի կառավարման գործում հանրային մասնակցությունը համարվում է կարևորագույն տարր, որը նպաստում է ավելի արդյունավետ որոշումների ընդունմանը։ Ընդհանուր առմամբ ընդունված է, որ շրջակա միջավայրի պահպանման խնդիրները չեն կարող լուծվել միայն կառավարության ուժերով[32]։ Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին մասնակցությունը հասարակությանն արդյունավետորեն կապում է շրջակա միջավայրի կառավարման հետ։ Շրջակա միջավայրի վերաբերյալ քննարկումներում ներգրավելով հանրությանը, որն ընկած է ինչպես շրջակա միջավայրի խնդիրների պատճառների, այնպես էլ լուծումների հիմքում, մեծացնում է թափանցիկության և հաշվետվողականության հասնելու հավանականությունը։ Սա ապահովում է որոշումների կայացման ժողովրդավարական լեգիտիմությունը, որից կախված է շրջակա միջավայրի լավ կառավարումը[33][34]։ Կարելի է պնդել, որ շրջակա միջավայրի կառավարմանը հանրային ակտիվ մասնակցությունը կարող է մեծացնել շահառուների հետաքրքրությունը, ինչը նպաստում է շրջակա միջավայրի վերաբերյալ օրենսդրության պահպանմանը և իրավակիրառմանը։ Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (GIS) կարող է արժեքավոր գործիք լինել նման աշխատանքի համար։ Բացի այդ, որոշ ընդդիմախոսներ պնդում են, որ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը ընթացակարգային է և «կարող է դիտվել որպես շրջակա միջավայրի պահպանության հիմնարար իրավունքի մաս»[35]։ Էթիկական այս տեսանկյունից ակնկալվում է, որ շրջակա միջավայրի կառավարումը կիրականացվի «արդարության սահմանադրական սկզբունքին՝ ներառյալ հավասարությանը», համապատասխան շրջանակներում, որն անխուսափելիորեն պահանջում է «բնապահպանական իրավունքների» պահպանում, և ի վերջո, պահանջում հանրային մասնակցություն[35]։ Շրջակա միջավայրի խնդիրների հետ կապված գիտական զգալի անորոշության պայմաններում հանրային մասնակցությունն օգնում է դիմակայել այդ անորոշությանը։ Այն նաև վերացնում է շրջակա միջավայրի՝ գիտականորեն սահմանված խնդիրների և շահագրգիռ կողմերի փորձի ու արժեքների միջև անջրպետը[33][36]։ Ակնկալվում է, որ կառավարության և գիտնականների համատեղ ջանքերի շնորհիվ, որը կուղեկցվի հասարակության հետ համագործակցությամբ, հնարավոր լուծումներից ամենաընդունելին կիրառելու միջոցով հնարավոր կլինի հասնել շրջակա միջավայրի առավել արդյունավետ կառավարման։

Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության հայեցակարգը, չնայած լայն պայմանավորվածությունների առկայությանը, անընդհատ քննադատվում է իրական արդյունքների մասով։ Քննադատները պնդում են, որ հանրային մասնակցությունը հիմնականում նպատակ ունի փոխհամաձայնության հասնել միևնույն արժեքներ կիսող և նույն արդյունքների ձգտող սուբյեկտների միջև։ Այդուհանդերձ, շրջակա միջավայրի խնդիրների անորոշ բնույթը կարող է խաթարել հանրային մասնակցության կարևորությունը։ Շատ դեպքերում քննարկման մասնակիցները խնդրի և դրա լուծման վերաբերյալ ունեն խիստ տարբեր տեսակետներ, որոնք դժվար թե փոխհամաձայնության գան[37]։ Սա կարող է հանգեցնել փորձագիտական կողմնակալության և հետագա օտարման, քանի որ փոխհամաձայնությանը դեմ անձինք կարող են հետ մղվել որոշումների կայացման գործընթացից՝ խախտելով մասնակցային մոտեցման ենթադրյալ առավելությունը։ Այս համատեքստում հարց է առաջանում, թե արդյոք փոխհամաձայնությունը պետք է լինի մասնակցության հաջող արդյունքի ցուցիչ[38]։ Աննա Դևիսի կարծիքով, մասնակցային ժողովրդավարությունը չի կարող երաշխավորել շրջակա միջավայրի պահպանության էական օգուտներ, «եթե կան մրցակցային տեսակետներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի շրջակա միջավայրը և ինչի է այն այդքան արժեքավոր»[39]։ Հետևաբար, առանցքային են դառնում հետևյալ հարցերը՝ ով և որ փուլերում պետք է մասնակցի շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին, և որն է այս տեսակի մասնակցության նպատակը։ Այս հարցերը շրջակա միջավայրի կառավարման կարևորագույն խնդիրներ են դարձել հանրային մասնակցության քննարկումներում[33]։

Քաղաքացիական գիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական գիտությունը տերմին է, որը նկարագրում է ոչ մասնագետների մասնակցությունը գիտական հետազոտություններում։ Այս մոտեցումն ունի մի շարք առավելություններ՝ հատկապես քաղաքականության վերաբերյալ հետազոտություններում։ Կարևոր է ապահովել ոչ պրոֆեսիոնալ գիտնականների ավելի լայն ներգրավվածությունը քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություններում։ Հենց գիտական համայնքներն են պատասխանատու «քաղաքականության վերաբերյալ հետազոտությունների ժողովրդավարացմանը» նպաստելու համար[40]։ Սա ներառում է քաղաքացիների ներգրավումը ոչ միայն տվյալների հավաքագրման, այլև բուն հետազոտությունների մշակման գործում։

Քաղաքականության մշակման մեջ քաղաքացիական գիտության հաջողության բանալին «համապատասխան, հուսալի և հայտնի որակի տվյալներն են, որոնք անհրաժեշտ են ապացույցների վրա հիմնված քաղաքականություն մշակելու համար»[41]։ Սակայն կան որոշակի խոչընդոտներ այս մոտեցման կիրառման համար։ Դրանք ներառում են հավաքագրված տվյալների և դիտարկվող քաղաքականության անհամապատասխանությունը, ինչպես նաև ոչ մասնագետների կողմից հավաքված տվյալների նկատմամբ թերահավատությունը[41]։

Հանրային մասնակցության արդյունավետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչո՞ւ է հասարակությունն առաջին հերթին շահագրգռված մասնակցելու քաղաքականության մշակմանը։ Քրիստոֆեր Մ. Վեյբլը, ուսումնասիրելով շահագրգիռ կողմերի օրինակը, պնդում է, որ մարդկանց մոտիվացնում են իրենց համոզմունքների համակարգերը[42]։ Նրանք ձգտում են իրենց համոզմունքները վերածել քաղաքականության։ Վեյբլը առաջարկում է «եռաստիճան հիերարխիկ հավատքի համակարգ»՝ առաջին մակարդակն անփոփոխ, հիմնարար համոզմունքներն են, որոնց հետևում է մարդը։ Միջին մակարդակը բաղկացած է քաղաքականության վերաբերյալ հիմնարար, բայց ավելի ճկուն համոզմունքներից։ Վերջին մակարդակը պարզապես երկրորդական նշանակության համոզմունքներն են։

Ինչպես երևում է Քրիստոֆեր Վեյբլի ուսումնասիրության մեջ, ակնհայտ է, որ հասարակությունը ներքին ցանկություն ունի այս կամ այն չափով մասնակցելու քաղաքականության մշակմանը։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ որքանո՞վ է քաղաքականության մշակման համար արդյունավետ հանրային մասնակցությունը։ Այս հարցին պատասխանում է Միլենա Նեշկովայի և Հաի Գուոյի հետազոտությունը[43]։ ԱՄՆ նահանգային տրանսպորտային գործակալությունների տվյալների վերլուծության հիման վրա նրանք եզրակացրել են, որ հանրային մասնակցությունը կապված է կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման հետ։ Պետական հաստատություններն ավելի արդյունավետ են գործում, երբ հասարակությանը ներգրավում են որոշումների կայացման գործընթացում։ Այսպիսով, այս երկու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակությունը ոչ միայն հետաքրքրված է քաղաքականության մշակմամբ և առաջնորդվում է իր համոզմունքներով, այլև նրա մասնակցությունն արդյունավետ գործիք է քաղաքականության և օրենքների մշակման գործում։

Հանրային մասնակցության իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային մասնակցության իրավունքը մարդու իրավունքներից մեկն է, որն ամրագրված է ազգային և միջազգային իրավական որոշ համակարգերում։ Այն պաշտպանում է քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման կոնկրետ գործընթացներում։ Միջազգային իրավական փաստաթղթերը հստակ սահմանում են այս իրավունքը։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ամրագրում է յուրաքանչյուր անհատի իրավունքը՝ մասնակցելու իր երկրի կառավարմանը՝ ուղղակիորեն կամ ներկայացուցիչների միջոցով[44]։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 20-րդ և 27-րդ հոդվածները ևս ամրագրում են պետական գործերի կառավարմանը մասնակցության իրավունքը[45]։ Քաղաքական մասնակցության իրավունքն այն իրավունքն է, որով իշխող իշխանությունը պարտավորվում է ապահովել քաղաքացիների իրավունքները՝ ներառյալ ներկայացուցիչներ նշանակելու և ընտրելու իրավունքը, հանրային պաշտոններ զբաղեցնելու հավասար հնարավորությունը, մասնավոր և հանրային հավաքներին մասնակցելու իրավունքը, ինչպես նաև կուսակցություններ ստեղծելու և դրանց միանալու իրավունքը[46][47]։

Իրավական որոշ համակարգերում հանրային մասնակցության իրավունքն օրենսդրական ամրագրում ունի։ Հանրային մասնակցության իրավունքը կարող է դիտարկվել նաև որպես մարդու իրավունք կամ որպես հավաքների և միավորման ազատության իրավունքի դրսևորում։ Նիդերլանդների, Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի իրավական համակարգերում դեռ միջնադարյան ժամանակաշրջանից գործում են հանրային մասնակցության և տեղեկատվության ազատության դրույթները[48]։ Ժողովրդավարությունը և հանրային մասնակցությունը սերտորեն կապված են ժողովրդավարական հասարակությունների հետ, որոնք դարեր շարունակ իրենց օրենսդրական համակարգերում ներառել են հանրային մասնակցության իրավունքները։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում խնդրագրեր ներկայացնելու իրավունքը 1791 թվականին ներառվել էր ամերիկյան սահմանադրության I փոփոխության մեջ[48]։ Իսկ արդեն Նոր Զելանդիայում, սկսած 1970-ական թվականներից, ընդունվել են բազմաթիվ օրենքներ (օրինակ՝ առողջապահության, տեղական ինքնակառավարման, շրջակա միջավայրի պահպանության մասին), որոնք պետական պաշտոնյաներից պահանջում են «խորհրդակցել» նրանց հետ, որոնք լինելու են տվյալ որոշման ազդեցության թիրախ և որոշումներ կայացնելիս հաշվի առնել նրանց կարծիքները։

Արդյունավետ հանրային մասնակցությունը պահանջում է ճշգրիտ և համապարփակ տեղեկատվության հասանելիություն։ Հետևաբար, հանրային մասնակցության օրենքները հաճախ կապված են տեղեկատվության մատչելիության և տարածման ազատության հետ[48]։ Մասնակցության իրավունքը կարող է նաև դիտարկվել հավասարության և խմբային իրավունքների համատեքստում, ինչը նպատակ ունի ապահովել բոլոր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, հավասար և համապարփակ մասնակցությունը հասարակության մեջ։

Հանրային մասնակցության և ներգրավման հաշվետվողականություն և գնահատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային մասնակցության հաշվետվողականության և գնահատման մեթոդները շարունակական խնդիր են տարբեր գիտակարգերում և լեզուներում, ինչը դժվարացնում է կատարողականի գնահատումը։ Այս խնդիրը լուծելու համար մշակվել են մի քանի գործիքներ, որոնք ստանդարտացված տերմինաբանության միջոցով հնարավորություն են տալիս հաշվետու լինել մասնակցության վերաբերյալ տարբեր գիտակարգերում[49][50]։ Օրինակ՝ 2022 թվականին հրապարակվեց Նախաձեռնությունների վերաբերյալ ստանդարտացված տվյալների (STARDIT) բետա տարբերակը։ Այն օգտագործում է վիքիտվյալները՝ տարբեր լեզուներով տերմինաբանության համաձայնեցումն ապահովելու համար։ «STARDIT»-ը նկարագրում է մասնակցության խնդիրները, մեթոդները, հաղորդակցման եղանակները և մասնակցության ցանկացած ազդեցություն կամ արդյունք։ «STARDIT»-ն օգտագործվում է մի շարք կազմակերպությունների կողմից նախաձեռնությունների վերաբերյալ զեկույցներ հրապարակելու համար[51]։ Այդ կազմակերպությունների թվում են՝ Առողջապահության և խնամակալության հետազոտությունների ազգային կենտրոնի կողմից ֆինանսավորվող հետազոտական նախագծերը, Առողջապահության ոլորտում Լա Տրոբի համալասարանի ակադեմիական և հետազոտական համագործակցությունը[52], քաղաքացիական գիտության նախագծերը և «Wiki Journals»[53][54]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «IAP2 Core Values for the Practice of Public Participation». Iap2.org. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Principles of Public Participation». Co-intelligence.org. 2008 թ․ մայիսի 23. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  3. 3,0 3,1 [1] Արխիվացված Հուլիս 11, 2008 Wayback Machine
  4. African Charter for Popular Participation in Development and Transformation Արխիվացված Մայիս 2, 2008 Wayback Machine
  5. Shelton, Dinah. "A rights-based approach to public participation and local management of natural resources." 3rd IGES International Workshop on Forest Conservation Strategies for the Asia and Pacific Region. 1999.
  6. 6,0 6,1 Nazrul Islam, Nazrul Isable Martinez and Wang Xi, "Environmental Law in Developing Countries: Selected Issues, IUCN, 2002, pg.7
  7. ICCROM. People-Centred Approaches to the Conservation of Cultural Heritage: Living Heritage. 2015 https://www.iccrom.org/sites/default/files/PCA_Annexe-2.pdf
  8. «Engaging local communities in stewardship of World Heritage: a methodology based on the COMPACT experience». unesdoc.unesco.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. Clark, Kate. “Preserving What Matters. Value-Led Planning for Cultural Heritage Sites.” Conservation, The GCI Newsletter 16, no. 3 (2001): 5-12. [2](չաշխատող հղում)
  10. «Charters». australia.icomos.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. Avrami, Erica C., Randall Mason, and Marta De la Torre. 2000. Values and Heritage Conservation: Research Report. Los Angeles, CA: Getty Conservation Institute. http://hdl.handle.net/10020/gci_pub/values_heritage_research_report
  12. De la Torre, Marta, ed. 2002. Assessing the Values of Cultural Heritage: Research Report. Los Angeles, CA: Getty Conservation Institute. [3]
  13. Azzouz, Ammar (2019 թ․ փետրվարի 11). «A tale of a Syrian city at war». City (անգլերեն). 23 (1): 107–122. Bibcode:2019City...23..107A. doi:10.1080/13604813.2019.1575605. ISSN 1360-4813. S2CID 150357708.
  14. Guiducci, Francesca; Sweek, Tracey; Anderson, Julie (2020 թ․ օգոստոսի 31). «Finding Sustainability in the Desert: Conservation of the Archaeological Site of Dangeil, Sudan, and Its Associated Collections». Studies in Conservation. 65 (sup1): P113–P118. doi:10.1080/00393630.2020.1761183. ISSN 0039-3630. S2CID 219435237.
  15. Marshall, Melissa; May, Kadeem; Dann, Robin; Nulgit, Lloyd (2020 թ․ օգոստոսի 31). «Indigenous Stewardship of Decolonised Rock Art Conservation Processes in Australia». Studies in Conservation. 65 (sup1): P205–P212. doi:10.1080/00393630.2020.1778264. ISSN 0039-3630. S2CID 224805280.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Fung, Archon (2015 թ․ փետրվարի 25). «Putting the Public Back into Governance: The Challenges of Citizen Participation and Its Future». Public Administration Review. 75 (4): 513–522. doi:10.1111/puar.12361. ISSN 0033-3352.
  17. 17,0 17,1 Speer, Johanna (2012 թ․ դեկտեմբեր). «Participatory Governance Reform: A Good Strategy for Increasing Government Responsiveness and Improving Public Services?». World Development. 40 (12): 2379–2398. doi:10.1016/j.worlddev.2012.05.034. ISSN 0305-750X.
  18. 18,0 18,1 Donaghy, Maureen M. (2013 թ․ մարտի 5). Civil Society and Participatory Governance. Routledge. doi:10.4324/9780203098011. ISBN 978-0-203-09801-1.
  19. Rowe, G. and Frewer, L.J. (2005) A typology of public engagement mechanisms, Science, Technology, & Human Values, 30 (2), 251-290.
  20. [4] Արխիվացված Սեպտեմբեր 27, 2008 Wayback Machine
  21. Vértesy, László (2017 թ․ հունվարի 10). «The Public Participation in the Drafting of Legislation in Hungary». Central European Public Administration Review. 14 (4). doi:10.17573/ipar.2016.4.06. ISSN 2591-2259.
  22. Assari, Ali; T.M. Mahesh (2011 թ․ դեկտեմբեր). «Comparative Sustainability of Bazaar in Iranian Traditional Cities: Case Studies in Isfahan and Tabriz» (PDF). International Journal on Technical and Physical Problems of Engineering (IJTPE). 3 (9): 18–24. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  23. Rowe, G. and Frewer, L.J. (2000) Public participation methods: A framework for evaluation, Science, Technology, & Human Values, 25 (1), 3-29.
  24. Rowe, G. and Gammack, J.G. (2004) Promise and perils of electronic public engagement, Science and Public Policy, 31 (1), 39-54.
  25. «Public participation (science in society)». Ifr.ac.uk. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.(չաշխատող հղում)
  26. Roffee, James A. (2017 թ․ հունվարի 1). «Accountability and Oversight of State Functions: Use of Volunteers to Monitor Equality and Diversity in Prisons in England and Wales». SAGE Open (անգլերեն). 7 (1): 2158244017690792. doi:10.1177/2158244017690792. ISSN 2158-2440.
  27. «Wampler, Brian, and Stephanie McNulty. "Does participatory governance matter." Exploring the (2011). - Google Search». www.google.com. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
  28. Musso, Juliet; Weare, Christopher; Bryer, Thomas; Cooper, Terry L. (2011 թ․ հունվար). «Toward "Strong Democracy" in Global Cities? Social Capital Building, Theory-Driven Reform, and the Los Angeles Neighborhood Council Experience». Public Administration Review. 71 (1): 102–111. doi:10.1111/j.1540-6210.2010.02311.x. ISSN 0033-3352.
  29. Huxley, Margo (2000 թ․ հունիս). «The Limits to Communicative Planning». Journal of Planning Education and Research (անգլերեն). 19 (4): 369–377. doi:10.1177/0739456X0001900406. ISSN 0739-456X. S2CID 143756651.
  30. «International Association for Public Participation». www.iap2.org. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  31. «International Association for Public Participation - Affiliates». www.iap2.org. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  32. Pring, G. and Noé, S.Y. (2002) 'The Emerging International Law of Public Participation Affecting Global Mining, Energy, and Resource Development' in Zillman, D.M., Lucas, A. and Pring, G.(eds) Human Rights in Natural Resource Development: Public Participation in the Sustainable Development of Mining and Energy Resources, Oxford University Press, Oxford, P 76.
  33. 33,0 33,1 33,2 Bulkeley, H. and Mol, A.P.J. (2003), 'Participation and Environmental Governance: Consensus, Ambivalence and Debate', Environmental Values 12 (2): 143–54.
  34. «Ramos, G. Public participation in Environmental Governance». Globalnation.inquirer.net. 2008 թ․ հուլիսի 21. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  35. 35,0 35,1 Du Plessis, A. (2008), 'Public Participation, Good Environmental Governance and Fulfillment of Environmental Rights', Potchefstroom Electronic Law Journal, 11(2): 170-201.(4)
  36. Fischer, F. (2000) Citizens, Experts and the Environment, Durham, NC: Duke University Press, p.222.
  37. Pellizzoni, L. (2003): 'Uncertainty and Participatory Democracy', Environmental Values 12(2): 195-224.
  38. Owens, S. (2000). 'Engaging the public: information and deliberation in environmental policy', Environment and Planning A, 32: 1141–8.
  39. Davies, A. (2001). 'What silence knows – planning, public participation and environmental values', Environmental Values, 10: 77–102.
  40. Richardson, Liz. "Engaging the Public in Policy Research: Are Community Researchers the Answer?" Politics and Governance, vol. 2, no. 1, 2014, pp. 32–44.
  41. 41,0 41,1 Chapman, Colin and Crona Hodges. "Can Citizen Science Seriously Contribute to Policy Development?: A Decision Maker's View." Analyzing the Role of Citizens Science in Modern Research. IGI Global, 2017. 246-261.
  42. Weible, Christopher (2007). «An Advocacy Coalition Framework Approach to Stakeholder Analysis: Understanding the Political Context of California Marine Protected Area Policy». Journal of Public Administration Research and Theory. 17 (1): 95–117. doi:10.1093/jopart/muj015.
  43. Neshkova, Milena (2012). «Public Participation and Organizational Performance: Evidence from State Agencies». Oxford Journals. 22 (2): 267–288.
  44. «What is Public Participation?». EUKN.
  45. «مفوضية الأمم المتحدة السامية لحقوق الإنسان | العهد الدولي الخاص بالحقوق الاقتصادية والاجتماعية والثقافية». www.ohchr.org.
  46. US EPA, OITA (2014 թ․ փետրվարի 24). «Public Participation Guide: Introduction to Public Participation». US EPA.
  47. Fluker, Shaun (2015 թ․ հունիսի 30). «The Right to Public Participation in Resources and Environmental Decision-Making in Alberta». Alberta Law Review. 52 (3): 567. doi:10.29173/alr24.
  48. 48,0 48,1 48,2 «Public participation legislation - Coastal Wiki». Encora.eu. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  49. Nunn, Jack S.; Shafee, Thomas; Chang, Steven; Stephens, Richard; Elliott, Jim; Oliver, Sandy; John, Denny; Smith, Maureen; Orr, Neil; Preston, Jennifer; Borthwick, Josephine; van Vlijmen, Thijs; Ansell, James; Houyez, Francois; de Sousa, Maria Sharmila Alina (2022 թ․ հուլիսի 19). «Standardised data on initiatives—STARDIT: Beta version». Research Involvement and Engagement. 8 (1): 31. doi:10.1186/s40900-022-00363-9. ISSN 2056-7529. PMC 9294764. PMID 35854364.
  50. «STARDIT». Science For All (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
  51. «Guidelines for Community Involvement in Genomics Research» (PDF). Australian Genomics. 2023 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
  52. «About the ARCH, Research, Academic and Research Collaborative in Health (ARCH), La Trobe University». 2023 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
  53. Nunn, Jack S.; Shafee, Thomas; Chang, Steven; Stephens, Richard; Elliott, Jim; Oliver, Sandy; John, Denny; Smith, Maureen; Orr, Neil; Preston, Jennifer; Borthwick, Josephine; van Vlijmen, Thijs; Ansell, James; Houyez, Francois; de Sousa, Maria Sharmila Alina (2022 թ․ հուլիսի 19). «Standardised data on initiatives—STARDIT: Beta version». Research Involvement and Engagement. 8 (1): 31. doi:10.1186/s40900-022-00363-9. ISSN 2056-7529. PMC 9294764. PMID 35854364.
  54. «STARDIT». Science For All (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.