Քաղաքացիական մասնակցություն
Քաղաքացիական մասնակցություն, ցանկացած անհատական կամ խմբային գործունեություն, որը հասցեագրում է հանրությանը մտահոգող հիմնախնդիրներ[1]։ Քաղաքացիական մասնակցության դեպքում անհատները և խմբերը ներգրավվում են ինչպես քաղաքական, այնպես էլ ոչ քաղաքական գործունեությունների մեջ՝ պաշտպանելու հանրային արժեքները և փոփոխություն բերելու համայնքում։ Քաղաքացիական մասնակցության նպատակն է հասցեագրել հանրային մտահոգությունները և նպաստել կյանքի որակի բարելավմանը։
Քաղաքացիական մասնակցությունը ժողովրդավարության կարևորագույն գործիքներից է։ Որոշումների կայացման գործընթացում փոքրամասնությունների, ցածր եկամուտ ունեցողների, երիտասարդների և այլ խմբերի թերներկայացվածությունը պատճառ է դառնում, որ հաճախ անտեսվեն նրանց վերաբերող խնդիրները։ Մյուս կողմից, ավելի լսելի խմբերի հարցերն ավելի արագ են լուծվում, քանի որ դրանք հասցեագրող օրինագծեր ավելի շատ են ընդունվում[2]: Ուստի ժողովրդավարական հասարակությունում կարևոր է բոլոր խմբերի լսելի լինելու իրավունքը և մասնակցության հնարավոորւթյունների խթանումը։
Ձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական մասնակցությունը կարող է տարբեր ձևերով դրսևորվել՝ սկսած անհատական կամավորական գործունեությունից, համայնքային կյանքում մասնակցության ջանքերից մինչև կազմակերպչական մակարդակով ներգրավվածություն և մասնակցություն կառավարման հարցերում, օրինակ՝ ընտրությունների տեսքով։ Սրանք կարող են ներառել խնդիրների անմիջական հասցեագրում անհատական աշխատանքի, համայնքի վրա հիմնված կամ ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտների միջոցով աշխատանքի միջոցով[3]։ Շատ անհատներ անձնական պատասխանատվություն են զգում՝ ակտիվ մասնակցություն ունենալու իրենց համայնքում։ Երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը համայնքային միջավայրը զարգացնելու և հարաբերությունները խորացնելու նմանատիպ նպատակներ ունի, չնայած երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը շեշտադրում է երիտասարդների հզորացումը։ Թաֆթսի համալսարանի Քաղաքացիական ուսուցման և մասնակցության վերաբերյալ տեղեկատվության և հետազոտությունների կենտրոնի կողմից հրապարակված մի ուսումնասիրության համաձայն՝ քաղաքացիական մասնակցությունը դասակարգվում է ըստ երեք մակարդակների՝ քաղաքացիական, ընտրական և քաղաքական ձայն[4]։ Երիտասարդության առցանց մասնակցության միտումն ուսումնասիրող հետազոտողները կողմ են քաղաքացիական մասնակցության ավելի լայն մեկնաբանության, որը կենտրոնանում է ներկայիս ինստիտուտների և գործունեությունների նպատակների վրա և ներառում է նույն նպատակներին հետամուտ նաև ստեղծվող ինստիտուտները[5]։ Փոխակերպող կրթության հարցերին անդրադարձող ամսագրի մի համարում էլ լույս տեսած հետազոտություն եզրակացնում է, որ գոյություն ունի քաղաքացիական մասնակցության ձևերի խզվածք տարբեր սերունդների միջև[6]: Այս տեսանկյունից քաղաքացիական մասնակցության ուսումնասիրողները կարծում են, որ քաղաքացիական կյանքի տաբերակումը ըստ ընտրական տարբեր վարքագծեր ունեցող փոքր խմբերի կարող է բավարար չլինել հանրային կյանքում մասնակցայնության բոլոր շերտերը նկարագրելու համար։
Քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցները[4] | ||
---|---|---|
Քաղաքացիական | Ընտրական | Քաղաքական ձայն |
Համայնքային խնդիրների լուծում | Կանոնավոր ընտրություն | Կապ պաշտոնյաների հետ |
Կանոնավոր կամավորություն ոչ քաղաքական կազմակերպությունների համար | Այլոց՝ ընտրությունների մասնակցելու համոզում | Կապ տպագիր մամուլի հետ |
Ակտիվ անդամակցություն որևէ խմբի կամ միավորման | Կոճակների, նշանների, կպչուն պիտակների ցուցադրություն | Կապ հեռարձակվող մեդիայի հետ |
Մասնակցություն դրամահավաքային մարաթոնի, զբոսանքի, արշավի և այլն | Մասնակցություն քարոզարշավներին | Բողոքի ցույցեր |
Բարեգործական նպատակով դրամահավաքի այլ միջոցառումներ | Կամավորություն թեկնածուի կամ քաղաքական կազմակերպությունների համար | Էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդակցություն |
Քաղաքական պաշտոնի համար թեկնածության առաջադրում | Ընտրողների գրանցում | Գրավոր միջնորդություններ և նախընտրական քարոզչություն |
Խորհրդանշական ոչ մասնակցություն | Բոյկոտ |
Քաղաքացիական մասնակցությանը կարևորություն տրվեց 21-րդ դարի սկզբին այն բանից հետո, երբ Ռոբերտ Փաթնամը բարձրաձայնեց քաղաքացիական մասնակցության տարբեր ձևերի մասին։ Նա պնդում էր, որ, չնայած բարձրագույն կրթության հնարավորությունների արագ աճին, որը կարող է խթանել քաղաքացիական մասնակցությունը, ամերիկացիները դուրս են գալիս քաղաքական և կազմակերպված համայնքային կյանքից: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ թեև ավելի շատ երիտասարդներ են կամավորություն անում, քվեարկողների կամ քաղաքականապես ակտիվների թիվը գնալով պակասում է[7]։
Կամավորության դերը կառավարման փոխակերպման գործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի կամավորության վիճակի մասին 2015 թվականի զեկույցը՝ կամավորության կարևորությունը ներկայացնող և այդպիսով կառավարման բարելավմանը նպաստող առաջին ակնարկը, ներառում է Բրազիլիայի, Քենիայի, Լիբանանի և Բանգլադեշի և այլ երկրների փորձը: Միավորված ազգերի կազմակերպության զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես են սովորական մարդիկ կամավոր կերպով տրամադրում իրենց ժամանակը, էներգիան և հմտությունները՝ բարելավելու տեղական, ազգային և գլոբալ մակարդակներում կառավարման և այդ գործընթացում նրանց մասնակցության ձևը: Յուրաքանչյուր մակարդակում ավելի լավ կառավարումը նախապայման է ապագա միջազգային զարգացման նոր թիրախների՝ Կայուն զարգացման նպատակների հաջողության համար, որը համաձայնեցվել է ՄԱԿ-ի կողմից 2015 թվականի սեպտեմբերին[8]։
Համաշխարհային մակարդակում, օրինակ, ամբողջ աշխարհից 37 կամավորներից բաղկացած խումբ 4 ամիս առցանց եղանակով ակտիվորեն համագործակցել է ՄԱԿ-ի Տնտեսական հարցերի դեպարտամենտի հետ՝ ՄԱԿ-ի 2014 թվականի էլեկտրոնային կառավարման հարցման համար մշակելու 386 հետազոտական հարցումներ, որոնք իրականացվել են ՄԱԿ-ի անդամ 193 երկրներում։
Օգուտներ և մարտահրավերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական մասնակցության դրական կողմերից են[9]․
- Որոշում կայացնելու ավելի արդյունավետ և քիչ ժամանակատար գործընթաց՝ առանց դատական հայցերի կամ արտահերթ ընտրությունների
- Քաղաքացիների և կառավարության միջև վստահության ձևավորում, ինչը բարելավում է նաև հանրային վարքագիծը
- Բարդ խնդիրների բարեհաջող ելքեր, ինչի շնորհիվ ընտրված պաշտոնյաները խուսափում են հավասարապես ոչ գրավիչ լուծումների միջև ընտրությունից
- Ավելի ստեղծարար գաղափարների և ավելի լավ լուծումների ձևավորում
- Գաղափարների, ծրագրերի և քաղաքականությունների ավելի արագ և հեշտ իրականացում
- Մասնակցային հասարակության, այլ ոչ պահանջատեր հաճախորդների ստեղծում
- Համայնքային պատկանելության ստեղծում
- Ավելի հեշտ և հանգիստ աշխատանքային միջավայրի ձևավորում
Քաղաքացիական մասնակցությունն ունի նաև մարտահրավերներ, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Դրանցից են անվստահությունը, դերերի անհստակությունը, անբավարար ժամանակը[10]։
- Տեսանելի արդյունքներ ունենալու համատեքստում քաղաքացիական մասնակցությունը հաճախ ավելի երկարատև է, քան կառավարության ուղղակի գործողությունները։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում կառավարության քաղաքականության կամ իրավական որոշումների նկատմամբ հանրային արձագանքները կարող են հանգեցնել ավելի արագ փոփոխությունների, քան կառավարության մասնակցությունը դատական գործընթացներին կամ ընտրական նախաձեռնություններին:
- Քաղաքացիական մասնակցության հաջողության համար անհրաժեշտ է թափանցիկության և վստահության շերտ պետության և քաղաքացիների միջև։
Տեղական քաղաքացիական մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական համայնքներում քաղաքացիների համար քաղաքացիական մասնակցության բազմաթիվ հնարավորություններ կան։ Համայնքային ծրագրերի համար ժամանակ տրամադրելը նպաստում է համայնքի զարգացմանը: Համայնքային կյանքում քաղաքացիները կարող են ներգրավվել սննդի պահեստների, համայնքի մաքրման ծրագրերի և այլ աշխատանքների՝ այդպիսով ստեղծելով կամ պահպանելով համայնքի անդամների միջև ամուր կապը։
Համայնքային համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքային համագործակցությունն այն է, երբ մարդիկ որոշակի ձևաչափով քննարկում են հանրային շահին վերաբերող հարցեր, մտահոգություններ և առաջարկվող փոփոխություններ։ Նման ձևաչափերը հաճախ նաև ռեսուրսային կենտրոններ են, օրինակ՝ բակային միավորումներ, դպրոցների խորհուրդներ և այլն, որտեղ քաղաքացիները կարող են տեղեկատվություն ստանալ համայնքի վերաբերյալ (առաջիկա փոփոխություններ, առկա խնդիրների առաջարկվող լուծումներ և այլն)[11]։ Քոլեջներն ու համալսարանները ևս ավելի շատ հնարավորություններ են առաջարկում և ակնկալում են, որ ավելի շատ ուսանողներ ներգրավվեն համայնքային կամավորական աշխատանքում։
Ըստ 2014 թվականի սեպտեմբերին ԱՄՆ քոլեջներից մեկում անցկացված մի ուսումնասիրության՝ կան առաջնորդության առանցքային որակներ, որոնք նպաստում են քաղաքացիական մասնակցության զարգացմանը: Հետազոտությունը քոլեջում ժողովրդավարության հանձնառության 3 հիմնական թեմաներ է նշում՝ ակտիվ, հարմարվողական և ճկուն առաջնորդություն, առաջնորդության կրթություն և ընդհանուր բարօրության համար մասնակցայնություն։ Ժողովրդավարության հանձնառությունը ԱՄՆ-ում ազգային նախաձեռնություն է, որը միտված է օգնելու համայնքային քոլեջներին՝ իրենց ուսանողներին ժողովրդավարության վրա հիմնված կրթություն տալու հարցում[12]:
Քաղաքական մասնակցությունը պարբերաբար կիրառվող ևս մեկ պրակտիկա է։ Հանրային խորհրդի նիստերին և քննարկումներին մասնակցությունը քաղաքացիներին օգնում է տեղեկանալ փոփոխությունների անհրաժեշտության և ընթացքի մասին: Տեղական մակարդակում տեղեկացված քվեարկությունը կարող է փոխել շատ բաներ, որոնք ազդեցություն են ունենում առօրյա կյանքի վրա:
Առցանց մասնակցությունը քաղաքացիներին թույլ է տալիս ներգրավվել տեղական ինքնակառավարման մեջ և այդպիսով բարձրաձայնել իրենց տեսակետը իրենց հարմար վայրից։ Առցանց մասնակցությունը ներառում է առցանց քվեարկություն, հանրային քննարկման ֆորումներ և այլ ձևաչափեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս բարձրաձայնել իրենց կարծիքը արդիական թեմաների վերաբերյալ, առաջարկել լուծումներ, ինչպես նաև գտնել ընդհանուր հետաքրքրություններ ունեցող այլ մարդկանց և ստեղծել ընդհանուր շահերի պաշտպանության խմբեր: Համացանցը թույլ է տվել մարդկանց տեղեկատվության դյուրին հասանելիություն ունենալ և հանգեցրել է ավելի իրազեկված հասարակություն[13]։
Տեխնոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական կապիտալը տարիներ շարունակ անկում է ապրել, և Փաթնամը ուսումնասիրել է այդ միտումի պատճառը: Նրա ուսումնասիրության ոլորտներից մեկը հեռուստատեսությունն էր և դրա ազդեցությունը սոցիալական և քաղաքացիական մասնակցության վրա: Փաթնամը պարզել է, որ որքան մարդիկ շատ հեռուստացույց են դիտում, այնքան ավելի քիչ են ակտիվ լինում դրսում: Սա տեսանելի է 1960-ականներին հեռուստատեսության վերելքով և քաղաքացիական մասնակցության անկմամբ: Թեև նորությունները և կրթական ծրագրերը կարող են իրականում հարստացնել քաղաքացու գիտելիքները, սակայն արտաքին գործունեությանը և սոցիալական իրադարձություններին ներգրավված չլինելը, ընդհանուր առմամբ, վնասում է քաղաքացիական մասնակցությանը[14]։
Մեր օրերում համացանցը դարձել է հաղորդակցության հիմնական միջոցը։ Այն իսկապես օգնում է քաղաքացիական մասնակցությանը, բայց նաև տալիս է չհիմնավորվող ոգևորություն, կտրուկ և նույնքան անհիմն թերահավատություն և աստիճանական գիտակցում, որ մարդկանց շփման ցանցային (վեբ) բնույթն իսկապես եզակի և քաղաքականապես նշանակալի հատկություններ ունի[15]։ Տեղեկատվության առատությունը, միևնույն ժամանակ, կարող է ծնել ապատեղեկատվություն և արդյունքում ձևավորել հասարակության հակադիր կարծիքներ ունեցող խմբեր[16]։
Միևնույն ժամանակ հեռարձակողները ևս նախաձեռնում են քաղաքացիական մասնակցության ձևաչափեր։ 2020 թվականի սեպտեմբերի 22-ին WarnerMedia-ն գործարկել է ընտրողների ներգրավվածության ոչ կուսակցական ռեսուրս կենտրոն՝ հույս ունենալով ավելի շատ քաղաքացիների քվեարկելու հնարավորություն և ընթացակարգի մասին տեղեկատվություն տալ[17]։
Էլեկտրոնային ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող ամերիկյան Նայթ հիմնադրամն ուրվագծում է չորս տարբեր ուղիներ, որոնց միջոցով տեխնոլոգիան կարող է նպաստել քաղաքացիական մասնակցությանը՝ էլեկտրոնային ծառայությունների արդիականացում և տրամադրում, տեղեկատվության թափանցիկություն, էլեկտրոնային ժողովրդավարություն և համատեղ արտադրության ծառայություն[18]։ Էլեկտրոնային ծառայությունները թվային տեխնոլոգիաների միջոցով բարելավում են քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները, ինչպես նաև հնարավորություն են տալիս քաղաքացիներին տեխնոլոգիաների միջոցով մասնակցություն ունենալ հանրային քաղաքականությունների ձևավորմանը։
Որոշիչ գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական մասնակցության գործընթացում տեխնոլոգիաների կիրառման հիմնական տրամաբանությունը արդյունավետությունն ու վստահությունն են: Այսինքն՝ համայնքները կարող են համաձայնության գալ՝ ամրապնդելով այս երկու գործոնները՝ այդպիսով նվազեցնելով մարդկանց հակակրանքը պետական պաշտոնյաների և սոցիալական ծրագրերի նկատմամբ՝ առանց հիմնովին վերացնելու առողջ թերահավատությունը։ Բացի դրանից, այս կերպ նվազում են նաև տվյալների փոխանցման ժամանակ տեղեկատվական խոչընդոտներ ստեղծելու հնարավորությունները[19]։ Քաղաքացիական տեխնոլոգիաների գաղտնիությունն ու անվտանգությունը գործոններ են՝ որոշելու, թե արդյոք առցանց հանրային զրույցները հանրության շրջանում աջակցություն գտնում և տարածվում են[20]։
Քաղաքացիական մասնակցության համատեքստում տեխնոլոգիաներն ունեն փոխակերպման և դինամիկ մոդելների երեք մակարդակներ՝ տեղեկատվությունից մինչև մասնակցություն և հզորացում։ Վեբ պորտալները, սոցիալական մեդիա հարթակները և բջջային հավելվածները արդյունավետ մոդելներ են լսարանների լայն շրջանակի հասնելու համար։ Էլեկտրոնային մշտադիտարկումը և կառավարումը, ծառայությունների արդյունավետության բարելավումը և բիզնես դասընթացները նպաստում են մասնակցայնության մակարդակի և որակի աճին: Բաց և թափանցիկ հետադարձ կապը և տվյալների հրապարակումը գործոններ են, որոնք խրախուսում են ապագա ներգրավվածությունը և տվյալների ճշգրտությունը: Տեղեկատվության փոխանցման և ամփոփման այս շարքի լրացումը նպաստում է ապագա քաղաքացիական մասնակցության մոդելի կատարելագործմանը: Արդյունքում պետության կողմից հետագայում մշակվող և առաջարկվող ծրագրերը լինում են քաղաքացիակենտրոն, նորարար և արդյունավետության ու հստակության առումով չափելի[21]։ Քաղաքացիական մասնակցությունը նաև քաղաքականությունների արդյունավետությունը ստուգելու և քաղաքացիներից հետադարձ կապ ստանալու մեթոդ է, որը կարող է արդյունավետ կերպով մատնանշել առկա քաղաքականության և համակարգերի թերությունները[22]:
Քաղաքացիական կրթության դերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուր հասարակություն ստեղծելու հիմնարար քայլերից մեկը երեխաների քաղաքացիական կրթությունն ու դաստիարակությունն է։ Երբ երեխաները մասնակցում են իրենց համայնքի կյանքին կամավորության կամ այլ նախաձեռնությունների մաս լինելու միջոցով, ավելի հավանական է, որ ապագայում նրանք ակտիվորեն կմասնակցեն նաև ընտրություններին և ընդհանրապես հասարակության շրջանում առկա մտահոգությունների քննարկումներին[23]։ Նույնիսկ նախքան դպրոց հաճախելը երեխաներին պետք է սովորեցնել, թե ինչպես է աշխատում պետությունը, և ով է սահմանում այն կանոնները, որոնցով հասարակության անդամներն ապրում են: Սակայն քաղաքացիական կրթությունը շարունակական գործընթաց պետք է լինի նաև հանրային պաշտոնյաների համար, որոնք ընտրվել են՝ որոշում կայացնելու քաղաքացիների անունից։
Երիտասարդության մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդների մասնակցությունը նշանակալի ազդեցություն ունի քաղաքացիական մասնակցության գործում չորս հարթություններով` որոշումների կայացման ժողովրդավարական գործընթաց, հանրության համախմբում, հավասարություն և երիտասարդների անհատական կարողությունների զարգացում[24]։ Ներպետական և անդրազգային կրթական համագործակցությունը նպաստում է տեղեկատվության փոխանակմանն ու տարածմանը, ինչպես նաև կարող է հանգեցնել սոցիալական առաջընթացի, շրջակա միջավայրի և քաղաքացիների կենսապայմանների բարելավման[25]։ Հանրային ծառայություններն ու ծրագրերը նպաստում են ըմբոստ և խոցելի երիտասարդների մտավոր զարգացմանը և ապագայում փոխում պետական համակարգի աշխատանքի որակը, քանի որ դրանք մոբիլիզացնում են քաղաքացիների հաջորդ սերնդի մասնակցությունը: Քաղաքացիական կրթության ծրագրերը նպատակ ունեն հասարակական գիտությունների և հոգեբանության միջոցով ոգևորել երիտասարդներին մասնակցել պետության կառավարմանն ու այդպիսով նպաստել հասարակության շարունակական զարգացմանը[26]։
Պետությունների կողմից երիտասարդների քաղաքացիական կրթության ծրագրերը պետք է լինեն չեզոք և բաց։ Հետազոտողների մի մասն անգամ հարցականի տակ է դնում, թե արդյոք կառավարությունները պետք է իրավունք ունենան դեռահասներին նման բովանդակությամբ կրթություն առաջարկել։
Ամեն դեպքում, կարևոր է նախ հասկանալ, թե ինչ թեմաներ են արժեքավոր և առաջնահերթ ուսանողների համար, իսկ դրանից հետո ընտրել կոնկրետ թեմա, որի շուրջ կարելի է քննարկում ծավալել կոնկրետ գործողությունների և իրագործելի առնվազն կարճաժամկետ նպատակներ։ Սրան պետք է հաջորդեն ուսանողների կարծիքների փոխանակումը և ամփոփումը։ Ուսուցիչներին էլ պետք է խրախուսել հանդուրժող լինել ուսանողների առաջ քաշած գաղափարների հանդեպ և խուսափել սեփական կարծիքներն ու դիրքորոշումները դասասենյակ բերելուց։
Որպես կրթական համակարգի մաս՝ ուսանողները կարող են ստեղծել խոցելի խմբերի համար հասանելի հարթակներ, հանդես գալ այդ խմբերի անունից, իրականացնել համայնքային այցելություններ և խորքային զրույցներ[27]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Delli, Michael. «Civic Engagement». APA.Org. American Psychological Association, n.d. Web. Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ Griffin, John D.; Newman, Brian (2008). Minority Report. University of Chicago Press. ISBN 978-0-226-30868-5.
- ↑ Ekman, Joakim; Amnå, Erik (2012-07-01). «Political participation and civic engagement: Towards a new typology». Human Affairs (անգլերեն). 22 (3): 283–300. doi:10.2478/s13374-012-0024-1. ISSN 1337-401X.
- ↑ 4,0 4,1 Keeter, Scott; Cliff, Zukin; Molly, Andolina; Krista, Jenkins (2002-09-19). «The civic and political health of a nation: a generational portrait» (PDF). Center for Information & Research on Civic Learning & Engagement (անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ Middaugh, Ellen; Jerusha, Conner; Donahue, David; Garcia, Antero; Kahne, Joseph; Kirshner, Ben; Levin, Peter (2012-01-01). «Service & Activism in the Digital Age Supporting Youth Engagement in Public Life». DML Central.
- ↑ Adler, Richard P.; Goggin, Judy (2005-07). «What Do We Mean By "Civic Engagement"?». Journal of Transformative Education (անգլերեն). 3 (3): 236–253. doi:10.1177/1541344605276792. ISSN 1541-3446.
- ↑ Putnam, Robert D. (2000). Bowling Alone. Simon and Schuster: New York. էջ 64.
- ↑ «Transforming our world: the 2030 Agenda for Sustainable Development .:. Sustainable Development Knowledge Platform». sustainabledevelopment.un.org. Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «How Civic Engagement Transforms Community Relationships». n.p. Web. 2011.
- ↑ Lie, Malene Paulsen (2018-12-31). «Local Newspapers, Facebook and Local Civic Engagement: A Study of Media Use in Two Norwegian Communities». Nordicom Review (անգլերեն). 39 (2): 49–62. doi:10.2478/nor-2018-0011.
- ↑ Flanagan, Constance; Levine, Peter (2010-03). «Civic Engagement and the Transition to Adulthood». The Future of Children (անգլերեն). 20 (1): 159–179. doi:10.1353/foc.0.0043. ISSN 1550-1558.
- ↑ Harbour, Clifford P. (2016). Civic Engagement and Cosmopolitan Leadership. En Civic Learning and Democratic Engagement. New York: Estados Unidos: Wiley Periodicals, Inc. էջեր 51–59. ISBN 978-1-003-44637-8.
- ↑ San Antonio Area Foundation. «Engaging the Public at a Local Level to Strengthen Civic Engagement». Արխիվացված է օրիգինալից 2014-04-16-ին. Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ Shah, Dhavan V. (1998-09). «Civic Engagement, Interpersonal Trust, and Television Use: An Individual‐Level Assessment of Social Capital». Political Psychology. 19 (3): 469–496. doi:10.1111/0162-895x.00114. ISSN 0162-895X.
- ↑ Xenos, Michael; Moy, Patricia (2007-12-12). «Direct and Differential Effects of the Internet on Political and Civic Engagement». Journal of Communication. 57 (4): 704–718. doi:10.1111/j.1460-2466.2007.00364.x. ISSN 0021-9916.
- ↑ Mossberger, Karen (2008). Digital citizenship : the internet, society, and participation. Internet Archive. Cambridge, Mass. : MIT Press. ISBN 978-0-262-28028-0.
- ↑ Gruenwedel, Erik (2020-09-23). «WarnerMedia Launches Voter Engagement Platform». Media Play News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «Knight Foundation». Knight Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ Corbett, Eric; Le Dantec, Christopher A. (2019-08-06). «'Removing Barriers' and 'Creating Distance': Exploring the Logics of Efficiency and Trust in Civic Technology». Media and Communication. 7 (3): 104–113. doi:10.17645/mac.v7i3.2154.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ David, Nina (2018). Alcaide Muñoz, Laura; Rodríguez Bolívar, Manuel Pedro (eds.). Democratizing Government: What We Know About E-Government and Civic Engagement (անգլերեն). Cham: Springer International Publishing. էջեր 73–96. doi:10.1007/978-3-319-63284-1_4. ISBN 978-3-319-63284-1.
- ↑ Manatt, April. «Hear us now?: a California survey of digital technology's role in civic engagement and local government». OCLC.
- ↑ Rahman, K. Sabeel (2017-07). «From Civic Tech to Civic Capacity: The Case of Citizen Audits». PS: Political Science & Politics (անգլերեն). 50 (03): 751–757. doi:10.1017/S1049096517000543. ISSN 1049-0965.
- ↑ Kelly, Diann Cameron (2008-12). «Civic readiness: Preparing toddlers and young children for civic education and sustained engagement». National Civic Review (անգլերեն). 97 (4): 55–59. doi:10.1002/ncr.234. ISSN 0027-9013.
- ↑ «Why Is Youth Civic Engagement Important?». CIRCLE (անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «Enabling youth civic engagement | United Nations For Youth». www.un.org. Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ Wensing, Alexia J.; Wensing, Enrico J.; Virgo, Michelle (2018-11-10). «Towards a core curriculum for civic engagement on appropriate technology: Characterizing, optimizing and mobilizing youth community service learning». African Journal of Science, Technology, Innovation and Development (անգլերեն). 10 (7): 867–877. doi:10.1080/20421338.2018.1439279. ISSN 2042-1338.
- ↑ Hsu, Pi-Chun; Chang, I-Hsiung; Chen, Ru-Si (2021-07). «The Impacts of College Students' Civic Responsibility on Civic Engagement via Online Technology: The Mediations of Civic Learning and Civic Expression». Sage Open (անգլերեն). 11 (3). doi:10.1177/21582440211031909. ISSN 2158-2440.