Jump to content

Մասնակցային ժողովրդավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հուլիսի 24, 2024) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Մասնակցային ժողովրդավարություն, կառավարման ձև, որտեղ քաղաքացիներն անձամբ և ուղիղ, ոչ թե ընտրված ներկայացուցիչների[1] միջոցով են մասնակցում իրենց կյանքի վրա ազդող քաղաքական որոշումների կայացմանը և քաղաքականությունների մշակմանը: Այս մոդելում համակցված են ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության տարրերը[2]։

Ընդհանուր ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցային ժողովրդավարությունը ժողովրդավարության տեսակ է, որն ինքնին նաև կառավարման ձև է։ «Ժողովրդավարություն» («դեմոկրատիա») տերմինը ծագել է հունարեն «δημοκρατία» (dēmokratia) բառից (δῆμος/dēmos՝ ժողովուրդ, Κράτος/kratos՝ իշխանություն)[3]։ Այն լինում է երկու հիմնական տեսակի՝ ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարություն։ Առաջինի դեպքում ժողովուրդն անձամբ իրավասու է քննարկել և որոշում կայացնել այս կամ այն գործընթացի ու օրենսդրության վերաբերյալ, իսկ ներկայացուցչական ժողովրդավարության դեպքում նրանք ընտրում են պաշտոնյաներին, որոնք պետք է իրենց անունից կայացնեն որոշումներ։ Թեև ի սկզբանե ու հատկապես Հին Հունաստանում գերիշխել է ուղիղ ժողովրդավարությունը, այսօր ներկայացուցչական ժողովրդավարությունն ամենատարածված ձևն է[4]:

Այս համատեքստում հանրային մասնակցությունը նշանակում է հասարակությանը ներգրավել քաղաքական համակարգի գործունեության մեջ: Դա կարող է լինել ցանկացած գործընթաց, որն ուղղակիորեն ներգրավում է հասարակությանը որոշումների կայացման մեջ և հաշվի առնում նրա ներդրումը[5]: Քաղաքական մասնակցության անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը ներկայումս քննարկման առարկա է քաղաքական փիլիսոփայության մեջ[6]։

Կուսակցություններին անդամակցելը քաղաքացիներին հնարավորություն է տալիս մասնակցել ժողովրդավարական համակարգերին, սակայն չի համարվում մասնակցային ժողովրդավարության ձև:

Մասնակցային ժողովրդավարության հիմնական նպատակն է երաշխավորել, որ քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցելու իրենց կյանքի վրա ազդող հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը[6]: Սա նոր հայեցակարգ չէ. այն տարբեր ձևերով գոյություն է ունեցել Աթենական ժողովրդավարության դարաշրջանից սկսած։ Մասնակցային ժողովրդավարության ժամանակակից տեսությունը 18-րդ դարում ձևակերպել է Ժան-Ժակ Ռուսոն։ Ավելի ուշ, Ջոն Ստյուարտ Միլը և Ջորջ Դուգլաս Հովարդ Քոուլը զարգացրին այս տեսությունը՝ պնդելով, որ քաղաքական մասնակցությունը էական դեր է խաղում արդար հասարակություն ստեղծելու հարցում[7]։ 21-րդ դարի սկզբում մասնակցային ժողովրդավարությունը լայնորեն ուսումնասիրվել է, ինչի արդյունքում մշակվել են ինստիտուցիոնալ բարեփոխումների տարբեր առաջարկներ՝ ներառյալ մասնակցային բյուջետավորումը[8]:

Ծագումը Հին Հունաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդավարությունն առաջին անգամ ի հայտ է եկել անտիկ ժամանակաշրջանում՝ Աթենք քաղաք-պետությունում[9][10]: Այն առաջին անգամ հաստատվել է մ.թ.ա. 508–507 թվականներին Կլիսթենեսի օրոք[11]: Այս համակարգն ուղիղ ժողովրդավարություն էր, որտեղ սովորական քաղաքացիները պատահականության սկզբունքով ընտրվում էին ​​վարչական և դատական ​​պաշտոններ զբաղեցնելու համար, իսկ Աթենքի բոլոր քաղաքացիները օրենսդիր ժողովի մաս էին կազմում[12]: Հին Աթենքում ոչ բոլորին էր քաղաքացիություն շնորհվում։ Մասնավորապես, կանայք, ստրուկները, օտարերկրացիները (μέτοικοι/métoikoi) և երիտասարդները, որոնք դեռևս չունեին զինվորական ծառայության համար պահանջվող տարիքը, քաղաքացի չէին կարող լինել[13][14]: Աթենական դեմոկրատիան ամենաուղիղն էր պատմության մեջ, քանի որ ժողովուրդը, ժողովների, օրենսդիր մարմինների և դատարանների միջոցով, վերահսկում էր քաղաքական ողջ գործընթացը, և քաղաքացիների մեծ մասը մշտապես ներգրավված էր հասարակական գործընթացների մեջ[10]:

20-րդ դարի ընթացքում էապես ի հայտ եկան գործնական նախաձեռնություններ, որոնք ուղղված էին մասնակցային ժողովրդավարության իրականացմանը, ընդ որում՝ այդ ջանքերի մեծ մասն իրականացվում էր լոկալ մակարդակով` ներգրավելով ավելի փոքր համայնքներ կամ խմբեր: Այս երևույթը 1980-ական թվականներին զգալի հետաքրքրություն առաջացրեց ակադեմիկոսների շրջանում: Մասնակցային ժողովրդավարության կիրառման փորձեր արվել են աշխարհի տարբեր քաղաքներում: Ամենավաղ օրինակներից մեկը տեղի ունեցավ 1989 թվականին, երբ Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում ներդրվեց մասնակցային բյուջետավորման համակարգը: Համաշխարհային բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունը պարզել է, որ այս քաղաքներում մասնակցային ժողովրդավարությունը զգալիորեն բարելավում է բնակիչների կյանքի որակը[15]:

21-րդ դարի սկզբին մասնակցային ժողովրդավարության փորձերը սկսեցին տարածվել Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Չինաստանում և Եվրամիության ողջ տարածքում[16]: Կառավարման այս ձևը կիրառվել է նաև Միացյալ Նահանգներում։ 2005 թվականին «Կատրինա» փոթորկից հետո Նոր Օռլեանը վերակառուցելու ծրագրերը մշակվել և հաստատվել են հազարավոր քաղաքացիների կողմից[15]:

Քաղաքացիների ասամբլեան Իռլանդիայում (2011 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին, ի պատասխան 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո կառավարության նկատմամբ քաղաքացիների աճող անվստահությանը, Իռլանդիան ստեղծեց «Մենք՝ քաղաքացիներս» կոչվող քաղաքացիական խորհուրդը։ Դրա նպատակն էր փորձարկել մասնակցային ժողովրդավարական մարմնի կիրառումը և գնահատել, թե արդյոք այն կարող է բարձրացնել քաղաքական լեգիտիմությունը: Խորհրդի ստեղծումից հետո կառավարության գործունեության նկատմամբ և՛ արդյունավետության, և՛ հանրային հետաքրքրության աճ է արձանագրվել, ինչպես նաև գրանցվել են հասարակական կարծիքի նկատելի փոփոխություններ վիճելի թեմաների շուրջ, օրինակ՝ հարկման[17]:

Քաղաքացիների կոնվենցիա՝ հանուն կլիմայի (Ֆրանսիա, 2019 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի կառավարությունը 2019 թվականի սկզբին կազմակերպեց «le grand débat national» (Ազգային մեծ բանավեճ) հանրային բանավեճերի շարքը՝ ի պատասխան «Դեղին բաճկոնների» շարժման։ Դրան մասնակցում էր 18 տարածաշրջանային խորհուրդ, որոնցից յուրաքանչյուրը ներառում էր պատահականության սկզբունքով ընտրված 100 քաղաքացու[18]։ Վերջիններիս առաջարկվել էր քննարկել այն խնդիրները, որոնք նրանք համարում էին ամենակարևորը, որպեսզի հնարավոր լինի ազդել կառավարության գործողությունների վրա: Բանավեճից հետո ստեղծվեց քաղաքացիների կոնվենցիա՝ «la Convention citoyenne pour le climat»-ը (Քաղաքացիների կոնվենցիա՝ հանուն կլիմայի): Դրա նպատակն էր հանդես գալ որպես օրենսդիր մարմին, որի խնդիրն էր որոշել երկրի համար ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ուղիները՝ միաժամանակ առաջնահերթություն տալով սոցիալական արդարությանը[19]: Այն ներառում էր 150 քաղաքացու, որոնք ընտրվել էին պատահական ընտրության և ստրատիֆիկացված (շերտավորված) ընտրանքի միջոցով։ Այդ անձինք  այնուհետև բաժանվեցին հինգ փոքր խմբերի՝ կոնկրետ թեմաներ քննարկելու համար: Անդամներին աջակցում էին ղեկավար կոմիտեների փորձագետները: Կոնվենցիայի գործունեությունը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը։ Ինը ամիս անց կոնվենցիան պատրաստեց 460 էջանոց զեկույց, որտեղ ներկայացված էր 149 առաջարկ, իսկ նախագահ Մակրոնը խոստացավ աջակցել դրանցից 146-ին: Այս առաջարկները պարունակող օրինագիծը խորհրդարան ներկայացվեց 2020 թվականի վերջին[18]։

Ազդեցությունը սոցիալական մեդիայի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին սոցիալական մեդիան ազդել է մասնակցային ժողովրդավարության իրականացման վրա: Տարբեր տեսակետներ ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցել քննարկումներին՝ հիմնականում օգտագործելով հեշթեգներ[20]: Հանրային հետաքրքրությունը և ներգրավվածությունը խթանելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները սկսել են օգտագործել սոցիալական մեդիա հարթակները՝ հանրային արձագանքների հիման վրա որոշումներ կայացնելու համար[21]: Օգտատերերը նաև առցանց կոմիտեներ են ստեղծել՝ ընդգծելու տեղական կարիքները և ընտրելու բյուջեի գծով ներկայացուցիչներին, որոնք աշխատելու են ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքային իշխանությունների հետ[22]:

«Գրավի՛ր» շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցային ժողովրդավարությունը նշանակալի դեր է խաղացել 2011 թվականի «Գրավի՛ր» շարժման մեջ։ Շարժման «ճամբարները» գլոբալ կերպով որոշումներ էին կայացնում՝ հիմնվելով աշխատանքային խմբերի արդյունքների վրա, որտեղ յուրաքանչյուր ցուցարար հնարավորություն ուներ բարձրաձայնելու իր կարծիքը։ Աշխատանքային խմբերի կողմից ընդունված որոշումներն այնուհետև ի մի բերվեցին ընդհանուր խորհուրդների կողմից: Այս գործընթացը համատեղում էր հավասարությունը, զանգվածային մասնակցությունը և քննարկումները[23]:

Ուժեղ կողմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերոլ Փեյթման, մասնակցային ժողովրդավարության ջատագով։

Մասնակցային ժողովրդավարության օգտին հիմնական փաստարկն այն է, որ այն ավելի է խթանում ժողովրդավարացման գործընթացը:

Փաստարկը վերաբերում է փոփոխություններին, որոնք մեր հասարակական և քաղաքական կյանքը կդարձնեն ավելի ժողովրդավարական, որոնք հնարավորություն կտան անհատներին մասնակցել որոշումների կայացմանն ինչպես իրենց առօրյա կյանքում, այնպես էլ ավելի լայն քաղաքական շրջանակներում: Խոսքը ժողովրդավարության դեմոկրատիզացման մասին է[24]։

Մասնակցային ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս անհատներին կամ խմբերին իրատեսորեն հետապնդել իրենց շահերը: Ի տարբերություն համակարգերի, որոնց նպատակն է պահպանել իրերի գոյություն ունեցող վիճակը, մասնակցային ժողովրդավարությունը ուղի է առաջարկում ավելի արդար և լիարժեք հասարակություն ստեղծելու համար[7]:

Մասնակցային ժողովրդավարությունը կարող է նաև նպաստել կրթությանը: Ավելի մեծ քաղաքական մասնակցությունը հանրությանը կարող է ոգեշնչել բարձրացնելու իր որակն ու արդյունավետությունը. «որքան շատ մարդիկ մասնակցեն, այնքան ավելի հմուտ և արդյունավետ կդառնան մասնակցության մեջ»[7]. գաղափար, որը նախկինում առաջ են քաշել Ռուսոն, Միլը և Քոուլը[8]: Փեյթմանն ընդգծում է մասնակցային ժողովրդավարության ներուժը՝ պայքարելու այն ընդհանուր համոզմունքի դեմ, որ քաղաքացիները բավականաչափ ունակություն և կարողություն չունեն քաղաքական գործընթացներում իմաստալից ներգրավվելու համար: Այս կասկածը հատկապես ուժեղ է բարդ կառուցվածք ունեցող հասարակություններում[8]: Ջոել Դ. Վոլֆը պնդում է, որ այս մոդելները կարող են կիրառվել նույնիսկ խոշոր կազմակերպություններում՝ աստիճանաբար նվազեցնելով պետական միջամտության անհրաժեշտությունը[7]:

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցային ժողովրդավարության քննադատությունները հիմնականում համընկնում են ժողովրդավարության քննադատության հետ: Հիմնական խնդիրն այն համոզմունքն է, որ քաղաքացիներն ի վիճակի չեն ավելի մեծ պատասխանատվություն կրել: Ոմանք չեն հավատում, որ մասնակցային մոդելներն իրագործելի են, և վիճարկում են այն գաղափարը, որ նման մոդելները կրթական առավելություններ են տալիս։

Ի սկզբանե, շահագրգիռ, ռացիոնալ անհատները քաղաքական գործընթացներում ներգրավվելու քիչ մոտիվացիա ունեն, քանի որ նրանք չունեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ բովանդակալից ներդրում անելու համար։ Հետևաբար, նրանց համար ավելի ծախսարդյունավետ է ապավինել պետական ​​պաշտոնյաների փորձին, այլ ոչ թե ժամանակ և ջանք ներդնել իրենց մասնակցության մեջ[25]:

Քննադատները պնդում են, որ քաղաքացիներն անտարբեր են և ապավինում են առաջնորդներին, ինչը նրանց ստիպում է ենթադրել, որ մասնակցային ժողովրդավարության մեխանիզմը սկզբունքորեն անհամատեղելի է զարգացած հասարակությունների հետ:

Մյուս մտահոգություններն այն են, թե արդյոք նման զանգվածային քաղաքական ներդրումը կարելի է կառավարել և վերածել շոշափելի արդյունքի: Քաղաքագիտության պրոֆեսոր Դևիդ Փլոթքեն կարծում է, որ քաղաքականության մեջ ավելի լայն մասնակցություն ապահովելու համար անհրաժեշտ է մեխանիզմ, որպեսզի անհատները ներկայացված լինեն որոշումների կայացման գործընթացներում: Հետևաբար, և՛ ուղիղ, և՛ մասնակցային ժողովրդավարությունը պահանջում է որոշակի ներկայացուցչություն՝ կայուն համակարգ պահպանելու համար: Նա նաև պնդում է, որ մեծ և խիտ բնակեցված շրջաններում հավասար ուղիղ մասնակցության ապահովումը դժվար է։ Ի վերջո, նա հանդես է գալիս հիբրիդային մոդելի օգտին, որը միավորում է մասնակցային և ներկայացուցչական տարրերը՝ ներկայացուցչությունը գերադասելով ուղիղ մասնակցությունից[26]:

Քննադատությունների երրորդ խումբը, որը հիմնականում ներկայացվել է Ռոսլին Ֆուլերի կողմից, դեմ է Խորհրդակցական ժողովրդավարության գործիքները (օրինակ՝ քաղաքացիական խորհուրդները), որպես մասնակցային ժողովրդավարության մաս դասակարգելու գաղափարին: Քննադատները պնդում են, որ նման գործիքները խաթարում են քաղաքական հավասարության սկզբունքը (Մեկ մարդ, մեկ ձայն), քանի որ դրանք մասնակցության համար պատահականորեն ընտրվելու միայն փոքր հնարավորություն են տալիս և, հետևաբար, իրականում չեն ապահովում բովանդակալից մասնակցություն[27][28]:

Ֆուլերի խոսքով, խորհրդակցական դեմոկրատիայի կողմնակիցները սխալ են հասկանում հին աթենական ժողովրդավարության մեջ որոշակի պաշտոններ զբաղեցնելու համար մարդկանց պատահականորեն ընտրելու պրակտիկան: Նրա կարծիքով՝ պատահական ընտրությունը կիրառվել է միայն նվազագույն լիազորություններով որոշ պաշտոնների դեպքում, մինչդեռ ֆորումին մասնակցությունը, որտեղ կայացվում էին առաջնային որոշումները, բաց է եղել բոլոր քաղաքացիների համար[29][30]։

Ֆուլերի հիմնական քննադատությունն այն է, որ խորհրդակցական ժողովրդավարությունը որոշումների կայացումը միտումնավոր վստահում է միայն փոքր, արտաքինից կառավարելի խմբերի՝ անտեսելով էլեկտրոնային ժողովրդավարության բազմաթիվ գործիքները, որոնք հնարավորություն են տալիս ապահովել զանգվածային մասնակցություն և քննարկումներ[27][31]:

Իր «Ընդդեմ ժողովրդավարության» գրքում բիզնես փիլիսոփա Ջեյսոն Բրենանը հակասում է ժողովրդավարության գաղափարին և պնդում, որ քաղաքացիները պետք է ավելի քիչ ներգրավվածություն ունենան որոշումների կայացման մեջ: Նա կարծում է, որ ներկայացուցչական ժողովրդավարական երկրներում ընտրողները հաճախ իռացիոնալ ընտրություն են կատարում, և նրանց մասնակցության կրճատումը կարող է հասարակության համար ավելի լավ արդյունքների բերել: Նա առաջարկում է քաղաքացիների մասնակցությունը սահմանափակելու տարբեր ուղիներ՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով քվեարկության վրա հիմնված գործող ընտրական համակարգին[32]։ Զուգահեռ անցկացնելով «թեստ չհանձնած» ընտրողի և չլիցենզավորված վարորդի միջև՝ Բրենանը առաջարկում է, որ բոլոր քաղաքացիները պետք է քննություններ հանձնեն՝ գնահատելու նրանց գիտելիքի մակարդակը՝ նախքան նրանց թույլ կտրվի զբաղվել հանրային գործերով:

Այս համակարգի համաձայն՝ քաղաքացիները, կախված թեստի արդյունքներից, կունենան կամ մեկ, կամ զրո ձայն: Բրենանի քննադատները, այդ թվում՝ լրագրող Շոն Իլինգը, նմանություններ նկատեցին նրա առաջարկած համակարգի և գրագիտության թեստերի միջև, որոնք օգտագործվում էին Ջիմ Քրոուի օրենքներով՝ Միացյալ Նահանգներում սևամորթներին քվեարկության չթողնելու համար[33]: Բրենանն առաջարկում է երկրորդ ուղին, որտեղ բոլոր քաղաքացիներն ունեն հավասար ձայնի իրավունքներ կամ կառավարությանը մասնակցելու հնարավորություններ, սակայն ընտրված ներկայացուցիչների որոշումները պետք է ուսումնասիրվեն էպիստոկրատական ​​խորհրդի կողմից: Այս խորհուրդն իրավունք չի ունենա օրենքներ ստեղծել, այլ միայն չեղարկել, իսկ դրա կազմում կլինեն այն անձինք, որոնք հաջողությամբ կհանձնեն բարդ թեստեր։

Մասնակցային ժողովրդավարության մեխանիզմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջերս գիտնականները մի քանի մեխանիզմներ են առաջարկել ժողովրդավարական համակարգերում քաղաքացիների մասնակցությունը մեծացնելու համար: Այս մեթոդները նպատակ ունեն բարձրացնել քաղաքացիների՝ քաղաքական օրակարգեր ձևավորելու և որոշումներ կայացնելու կարողությունը՝ նրանց տրամադրելով քաղաքական գործընթացներին մասնակցելու ավելի ուղիղ մեթոդներ[34]:

Քաղաքացիական խորհուրդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական խորհուրդները, որոնք հայտնի են նաև որպես մինի-հանրություններ, բնակչության ներկայացուցչական խմբեր են, որոնք հավաքվում են օրենքներ մշակելու կամ օրենսդիր մարմիններին ուղղորդելու համար: Երբ քաղաքական գործընթացներին մասնակցելու համար քաղաքացիներն ընտրվում են ստրատիֆիկացված (շերտավորված) ընտրանքի միջոցով, խորհուրդներում նրանց ներկայացվածությունն ավելի շատ է, քան ընտրված օրենսդիր մարմիններում[35]: Պատահական ընտրության միջոցով կազմված խորհուրդները սովորական քաղաքացիներին հնարավորություն են տալիս էական ազդեցություն ունենալ օրակարգեր ձևավորելու և/կամ որոշումներ կայացնելու վրա: Խորհրդի ողջ գործունեության ընթացքում քաղաքացիները ստանում են փորձագետների և ֆասիլիտատորների աջակցությունը, իսկ արդյունքները կամ դրվում են հանրաքվեի, կամ զեկուցվում կառավարությանը:

Քննադատները մտահոգություն են հայտնել քաղաքացիական խորհուրդների օրինականության վերաբերյալ: Քաղաքագետ Դաան Ջեյքոբսը նկատում է, որ թեև խորհուրդներն ավելի լեգիտիմ են համարվում, քան հանրային մասնակցություն չունեցող համակարգերը, նրանց ընկալվող լեգիտիմությունը ավելի բարձր չէ, քան այն համակարգերինը, որոնց քաղաքացիները միանում են կամավորաբար[36]: Չնայած քաղաքացիական խորհուրդների օրինականության վերաբերյալ մտահոգություններին` 21-րդ դարասկզբին դրանց թիվն ավելացավ։ Այս խորհուրդները հաճախ էին օգտագործվում սահմանադրական բարեփոխումների համար: Հատկանշական օրինակներից են Ընտրական բարեփոխումների վերաբերյալ Բրիտանական Կոլումբիայի քաղաքացիական խորհուրդը (2004 թվական) և Իռլանդիայի սահմանադրական կոնվենցիան (2012 թվական), որտեղ պատահականության սկզբունքով ընտրված քաղաքացիները ներգրավված էին ընտրական և սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարևոր որոշումների և առաջարկությունների կայացման մեջ[37]:

Խորհրդակցական կարծիքի հարցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմս Ֆիշքին

Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ֆիշքինի կողմից ստեղծված խորհրդակցական սոցհարցումները քաղաքացիներին հնարավորություն են տալիս ներգրավվել քննարկումների մեջ և քվեարկելուց առաջ ձևավորել իրազեկ կարծիքներ: Խորհրդակցական հարցումն սկսվում է նախապես կազմված ընտրանքի շրջանում՝ նրանց նախնական կարծիքն իմանալու համար[38]: Նույն անհատներն այնուհետև հանգստյան օրերին հրավիրվում են մասնակցելու քաղաքական առաջնորդների, փորձագետների և մոդերատորների ներկայությամբ քննարկման: Վերջում կրկին հարցում է անցկացվում խմբի շրջանում և վերջնական կարծիքները ներկայացվում են որպես եզրակացություններ՝ հանրության կարծիքներ[38]: Փիլիսոփա Քրիստինա Լաֆոնտը, որը խորհրդակցական սոցհարցումների քննադատ է, պնդում է, որ գործընթացի արդյունքում բխող «ֆիլտրված» (տեղեկացված) կարծիքը չափազանց հեռու է լայն հասարակության կարծիքից՝ այդպիսով խաթարելով այդ կարծիքների վրա հիմնված գործողությունների օրինականությունը[39]:

Հանրային խորհրդատվական հարցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային խորհրդատվական հարցումները կարծիքներ են օրենսդիրների, պետական ​​պաշտոնյաների կամ քաղաքականություն մշակողների կողմից ներկայացված քաղաքականության առաջարկների կամ դիրքորոշումների վերաբերյալ: Խորհրդատվական ողջ գործընթացը տեղի է ունենում հենց հարցման շրջանակներում:  Յուրաքանչյուր հարցի համար մասնակիցներին տրվում են հակիրճ նյութեր, ինչպես նաև տարբեր առաջարկություններին սատարող և դեմ փաստարկներ: Հարցմանը մասնակցած անձինք այնուհետև ներկայացնում են իրենց վերջնական կարծիքը: Հանրային խորհրդատվական հարցումները սովորաբար ներառում են ընդարձակ ներկայացուցչական ընտրանք, որոնք հաճախ ներառում են մի քանի հազար հարցվող, երբ հարցումներն իրականացվում են ամբողջ երկրով մեկ և մի քանի հարյուր հարցվող, եթե հարցումներն իրականացվում են ավելի փոքր վարչական միավորներում:

Հանրային խորհրդատվական հարցումներն ԱՄՆ-ում օգտագործվել են 1990-ական թվականներից: Ալան Քեյի գլխավորած «American Talks Issue» հիմնադրամն առաջինն էր, որը կիրառեց այն[40]: Այս տեսակի ամենածավալուն ծրագիրը Մերիլենդի համալսարանի Հանրային քաղաքականության դպրոցի Հանրային խորհրդատվական ծրագիրն է, որը ղեկավարել է Սթիվեն Քալը: Ծրագրի շրջանակներում հանրային խորհրդատվական հարցումներ են անցկացվում ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ տարբեր նահանգներում և ընտրական շրջաններում: Նրանք ավելի քան 300 առաջարկվող քաղաքականությունների վերաբերյալ հավաքել են հասարակության կարծիքը[41]: Այս քաղաքականությունները, որոնք ներառել են տարբեր թեմաներ ու ոլորտներ, քննարկման են առաջադրվել ինչպես Կոնգրեսի անդամների, այնպես էլ Գործադիր իշխանության պաշտոնյաների կողմից: Ընտրական կոնկրետ շրջաններում անցկացված հարցումները հիմք են ծառայել այդ շրջաններում օֆլայն ֆորումներ կազմակերպելու համար: Այս ֆորումները ներառել են քննարկումներ հարցման մասնակիցների և Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականների միջև՝ առաջարկվող քաղաքականությունների և հարցման արդյունքների վերաբերյալ[42]:

Հանրային խորհրդատվական ծրագրի հարցումների ժամանակ օգտագործված հարցաթերթիկները, որոնք կազմակերպությունն անվանում է «քաղաքականություն մշակելու սիմուլյացիաներ», տրամադրվել են հանրային օգտագործման համար՝ որպես կրթական և ջատագովության ռեսուրսներ: Քաղաքացիները հնարավորություն ունեն ներգրավվել քաղաքականության մշակման սիմուլյացիաներում՝ առաջարկների վերաբերյալ ավելի խորը պատկերացում կազմելու համար[43]: Բացի այդ, նրանք ունեն ընտրություն՝ Կոնգրեսում ընտրված իրենց ներկայացուցիչներին փոխանցելու քաղաքականության վերաբերյալ սեփական առաջարկությունները:

Էլեկտրոնային ժողովրդավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոնային ժողովրդավարությունը համապարփակ տերմին է, որը տրամադրում է մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են տեխնոլոգիական միջոցներով քաղաքական գործընթացներում քաղաքացիների մասնակցությունը բարձրացնելուն[44]: Առցանց քննարկումների հարթակները քաղաքացիներին հնարավորություն են ընձեռում ներգրավվել քաղաքականության վերաբերյալ բանավեճերում, որտեղ քննարկումները վարում են ֆասիլիտատորները: Սովորաբար, այս ֆորումները ծառայում են օրակարգեր ձևավորելու կամ երբեմն օրենսդիրներին լրացուցիչ կարծիքներ առաջարկելու համար: Փակ ֆորումները կարող են օգտագործվել զգայուն թեմաների քննարկման համար: Օրինակ՝ Միացյալ Թագավորությունում մի փակ ֆորումի ժամանակ ընտանեկան բռնության ենթարկված անձինք իրենց պատմություններով էին կիսվում Ընտանեկան բռնության և չարաշահման հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի հետ։ Նման քննարկումների ժամանակ ապահովվում է այս անձանց անանունությունը:

Հայաստանում էլ էլեկտրոնային ժողովրդավարության համակարգ է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակը (e-draft.am-ը), որտեղ քաղաքացիները կարող են իրենց տեսակետն արտահայտել և կողմ կամ դեմ քվեարկել այս կամ այն օրենսդրական նախաձեռնությանը։

Էլեկտրոնային ժողովրդավարության մեկ այլ մեխանիզմ է առցանց խորհրդակցական հարցումը, որտեղ քաղաքացիները հարցմանը պատասխանելուց առաջ իրենց հասակակիցների հետ առցանց քննարկում են տվյալ հարցերը: Խորհրդակցական սոցհարցումների արդյունքներն ավելի հավանական է, որ արտացոլեն մարդկանց կշռադատված դատողությունները և խթանեն քաղաքացիական խնդիրների վերաբերյալ քաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանը[44]:

Պատվիրակային ժողովրդավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվիրակային ժողովրդավարությունը, որն ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության խառնուրդ է, անհատներին թույլ է տալիս կամ քննարկումների ժամանակ ուղիղ քվեարկել հարցերի շուրջ, կամ ընտրել բանիմաց պատվիրակներ՝ իրենց անունից քվեարկելու համար[45]: Քաղաքագետներ Քրիստիան Բլումը և Քրիստինա Իզաբել Ցուբերը պնդում են, որ պատվիրակային ժողովրդավարությունը կարող է բարձրացնել օրենսդիր մարմնի արդյունավետությունը՝ հավաքելով պատվիրակներ, որոնք ավելի բանիմաց են կոնկրետ հարցերի վերաբերյալ՝ այդպիսով օգտագործելով բնակչության փորձը: Պատվիրակային ժողովրդավարությունն ավելի խորհրդակցական դարձնելու համար կարող է օգտագործվել հոգաբարձուների մոդելը, որտեղ պատվիրակները քվեարկում են այլ ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց հետո:

Որոշ մտահոգություններ են հնչել պատվիրակային ժողովրդավարության իրականացման վերաբերյալ։ Բլումը և Ցուբերը, օրինակ, նշում են, որ այն ստեղծում է ընտրողների երկու խումբ՝ անհատներ՝ մեկ ձայնով և պատվիրակներ՝ երկու կամ ավելի ձայնով[45]: Նրանք նաև մտահոգություն են հայտնում, որ կոնկրետ խնդիրներին առնչվող օրենսդիր մարմիններում ձևակերպված քաղաքականությունները կարող են չհամապատասխանել միմյանց: Ցանցահենական կուսակցությունները կիրառում են պատվիրակային ժողովրդավարությունը ներկուսակցական որոշումներ կայացնելու համար:

Մասնակցային բյուջետավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցային բյուջետավորումը քաղաքացիներին թույլ է տալիս որոշումներ կայացնել պետական բյուջեի բաշխման վերաբերյա[46] լ: Այս գաղափարը ստեղծվել է Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում. այն ենթադրում է հատուկ ֆինանսական պլանի մշակում, որը հետագայում հանդես է գալիս որպես ուղեցույց ընտրված պաշտոնյաների համար: Տեղական համայնքները իրավասու են մշակել բյուջեներ ավելի մեծ վարչական շրջանների համար, և տեղական առաջարկները ներկայացվում են ընտրված մարզային ժողովներին: Այս համակարգը հանգեցրեց հովանավորչության և կոռուպցիայի կրճատմանը և ներգրավվածության աճին, հատկապես մարգինալացված և տնտեսապես անապահով բնակիչների շրջանում: Տեսաբան Գրեհեմ Սմիթը նշում է, որ մասնակցային բյուջետավորումը դեռևս մարտահրավեր է ներկայացնում հասարակության տնտեսապես առավել անապահով անդամների համար, որպեսզի նրանք լիարժեք մասնակցեն գործընթացին[47]:

Պարտադիր հանրաքվեների ժամանակ քաղաքացիները քվեարկում են օրենսդիր մարմնի կողմից առաջարկվող օրենքների և/կամ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ[48]: Հանրաքվեները քաղաքացիներին տալիս են որոշումներ կայացնելու ավելի մեծ լիազորություններ՝ նրանց տալով վերջին խոսքի իրավունքը: Բացի այդ, քաղաքացիները կարող են օգտագործել հանրաքվեներն օրակարգեր ձևավորելու համար, եթե նրանց թույլատրվում է ձևակերպել առաջարկներ, որոնք ենթակա են դրվելու հանրաքվեի։ Նման նախաձեռնությունները կոչվում են համաժողովրդական նախաձեռնություններ: Պարտադիր քվեարկությունը կարող է էլ ավելի մեծացնել մասնակցությունը։ Քաղաքական տեսաբան Հելեն Լանդեմորը մտահոգություն է հայտնում հանրաքվեների խորհրդակցական բնույթի վերաբերյալ։ Նա նշում է, որ հանրաքվեները կարող են չունենալ մանրակրկիտ քննարկում, քանի որ մասնակիցները չեն կարողանում ներգրավվել քննարկումների և բանավեճերի մեջ, որոնք էական նշանակություն ունեն որոշումներ կայացնելու նրանց հմտությունները բարձրացնելու համար: Այս սահմանափակումը, ըստ Լանդեմորի, կարող է պոտենցիալ վտանգել հանրաքվեների միջոցով ընդունված որոշումների որակը[35]:

Ներկայումս Շվեյցարիան ունի խիստ հանրաքվեի համակարգ, որտեղ բոլոր օրենսդրական առաջարկները պետք է անցնեն հանրաքվեներ՝ նախքան օրենքի ուժ ստանալը: Շվեյցարիայի քաղաքացիները կարող են նաև ժողովրդական նախաձեռնություններ սկսել, որտեղ նրանք առաջարկում են փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ կամ չեղարկել գործող որևէ օրենք։ Որպեսզի ցանկացած առաջարկ անցնի քվեարկության և քվեարկվի ընտրություններում, այն պետք է հավաքի առնվազն 100,000 քաղաքացիների աջակցությունը, որոնք ստորագրում են դրա օգտին[49]:

Քաղաքային ժողովներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական մասնակցային ժողովրդավարության պայմաններում քաղաքային ժողովները բոլոր բնակիչներին տալիս են օրենսդրական լիազորություններ[46]: ԱՄՆ-ում, հատկապես Նոր Անգլիայում, 17-րդ դարից ի վեր կազմակերպվող այս ժողովները երաշխավորում են, որ տեղական քաղաքականության վերաբերյալ որոշումները կայացվեն ուղիղ հասարակության կողմից։ Տեղական ժողովրդավարությունը հաճախ դիտվում է որպես դեպի մասնակցային համակարգ առաջին քայլ[50]: Տեսաբան Գրեհեմ Սմիթը, սակայն, մատնանշում է քաղաքային ժողովների սահմանափակ ազդեցությունը, որոնք չունեն ազգային խնդիրներ լուծելու կարողություն: Նա նաև նշում է, որ քաղաքային ժողովները ներկայացուցչական չեն, քանի որ դրանք հիմնականում ներառում են բավականաչափ ազատ ժամանակ ունեցողներին, ինչպիսիք են տարեցները և հարուստները:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Definition of participatory democracy | Dictionary.com». www.dictionary.com (անգլերեն). Վերցված է 2022-05-14-ին.
  2. «Participatory Democracy». Metropolis (անգլերեն). Վերցված է 2022-05-14-ին.
  3. «democracy | Definition, History, Meaning, Types, Examples, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022-05-15-ին.
  4. Tanguiane, Andranick S. (2020). Analytical theory of democracy: history, mathematics and applications. Cham, Switzerland. ISBN 978-3-030-39691-6. OCLC 1148205874.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. US EPA, OITA (24 February 2014). «Public Participation Guide: Introduction to Public Participation». www.epa.gov (անգլերեն). Վերցված է 2022-05-15-ին.
  6. 6,0 6,1 De Vos et al (2014) South African Constitutional Law – In Context: Oxford University Press
  7. 7,0 7,1 7,2 7,3 Wolfe, Joel D. (July 1985). «A Defense of Participatory Democracy». The Review of Politics. 47 (3): 370–389. doi:10.1017/S0034670500036925. ISSN 1748-6858. S2CID 144872105.
  8. 8,0 8,1 8,2 Pateman, Carole (March 2012). «Participatory Democracy Revisited». Perspectives on Politics. 10 (1): 7–19. doi:10.1017/S1537592711004877. ISSN 1541-0986. S2CID 145534893.
  9. Democracy: the unfinished journey, 508 BC to AD 1993. John Dunn. Oxford: Oxford University Press. 1992. ISBN 0-19-827378-9. OCLC 25548427.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  10. 10,0 10,1 Raaflaub, Kurt A. (2007). Origins of democracy in ancient Greece. Josiah Ober, Robert W. Wallace. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-93217-3. OCLC 1298205866.
  11. Theoharis, Athan (July 1994). «The Age of McCarthyism: A Brief History with Documents». History: Reviews of New Books. 23 (1): 8. doi:10.1080/03612759.1994.9950860. ISSN 0361-2759.
  12. «The Early State, Its Alternatives and Analogues». www.socionauki.ru. Վերցված է 2022-05-14-ին.
  13. Davies, John K. (15 March 2004), «1 Athenian Citizenship: The Descent Group and the Alternatives», Athenian Democracy, Edinburgh University Press, էջեր 18–39, doi:10.1515/9781474471985-007, ISBN 9781474471985, S2CID 246507014, Վերցված է 2022-05-14-ին
  14. «Women and Family in Athenian Law». www.stoa.org. Վերցված է 2022-05-14-ին.
  15. 15,0 15,1 Ross 2011, Chapter 4. The Importance of Meeting People
  16. Fishkin 2011, passim, see especially the preface.
  17. «We the Citizens Speak Up for Ireland -- Final Report» (PDF). December 2011.
  18. 18,0 18,1 Giraudet, Louis-Gaëtan; Apouey, Bénédicte; Arab, Hazem; Baeckelandt, Simon; Begout, Philippe; Berghmans, Nicolas; Blanc, Nathalie; Boulin, Jean-Yves; Buge, Eric; Courant, Dimitri; Dahan, Amy (26 January 2021). «Deliberating on Climate Action: Insights from the French Citizens' Convention for Climate» (անգլերեն). S2CID 234368593. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  19. Wilson, Claire Mellier, Rich. «Getting Climate Citizens' Assemblies Right». Carnegie Europe (անգլերեն). Վերցված է 2021-03-12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. Krutka, Daniel G.; Carpenter, Jeffery P. (November 2017). «DIGITAL CITIZENSHIP in the Curriculum: Educators Can Support Strong Visions of Citizenship by Teaching with and about Social Media». Educational Leadership. 75: 50–55 – via EBSCOhost.
  21. Won, No (April 2017). «Ideation in an Online Participatory Platform: Towards Conceptual Framework». Information Polity. 22 (2–3): 101–116. doi:10.3233/IP-170417.
  22. Mattson, Gary A. (Spring 2017). «Democracy Reinvented: Participatory Budgeting and Civic Innovation in America». Political Science Quarterly. 132: 192–194. doi:10.1002/polq.12603.
  23. James Miller (25 October 2011). «Will Extremists Hijack Occupy Wall Street?». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2011-10-29-ին. Վերցված է 2011-11-21-ին.
  24. Pateman, Carole (2012-03). «Participatory Democracy Revisited». Perspectives on Politics (անգլերեն). 10 (1): 7–19. doi:10.1017/S1537592711004877. ISSN 1541-0986.
  25. A Defense of Participatory Democracy, Joel D. Wolfe, The Review of Politics 47 (3): 370–389.
  26. Plotke, David (1997). «Representation is Democracy». Constellations. 4 (1): 19–34. doi:10.1111/1467-8675.00033. ISSN 1467-8675.
  27. 27,0 27,1 «Don't be fooled by citizens' assemblies». Unherd. 26 July 2019. Վերցված է 2021-07-24-ին.
  28. Fuller, Roslyn (4 November 2019). In Defence of Democracy. Polity Books. ISBN 9781509533138.
  29. «The digital age has sparked anxiety about democracy». Catholic Herald. 5 March 2020. Վերցված է 2021-07-24-ին.
  30. Fuller, Roslyn (15 November 2015). Beasts and Gods: How Democracy Changed its Meaning and Lost its Purpose. Zed Books. ISBN 9781783605422.
  31. Fuller, Roslyn. «SDI Digital Democracy Report». Solonian Democracy Institute. Արխիվացված է օրիգինալից 2022-06-27-ին. Վերցված է 2022-08-13-ին.
  32. Jason., Brennan (26 September 2017). Against democracy. Princeton University Press. ISBN 978-0-691-17849-3. OCLC 1041586995.
  33. Illing, Sean (23 July 2018). «Epistocracy: a political theorist's case for letting only the informed vote». Vox (անգլերեն). Վերցված է 2021-04-16-ին.
  34. Landemore, Hélène (2020). Open democracy: reinventing popular rule for the twenty-first century. Princeton, New Jersey. ISBN 978-0-691-20872-5. OCLC 1158505904.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  35. 35,0 35,1 «6. The Principles of Open Democracy», Open Democracy, Princeton University Press, էջեր 128–151, 31 December 2020, doi:10.1515/9780691208725-008, ISBN 978-0-691-20872-5, S2CID 240959282, Վերցված է 2021-03-17-ին
  36. Jacobs, Daan; Kaufmann, Wesley (2 January 2021). «The right kind of participation? The effect of a deliberative mini-public on the perceived legitimacy of public decision-making». Public Management Review. 23 (1): 91–111. doi:10.1080/14719037.2019.1668468. ISSN 1471-9037. S2CID 203263724.
  37. Van Reybrouck, David (17 April 2018). Against elections: the case for democracy. Seven Stories Press. ISBN 978-1-60980-810-5. OCLC 1029788565.
  38. 38,0 38,1 «What is Deliberative Polling®?». CDD (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-11-27-ին. Վերցված է 2021-04-23-ին.
  39. Lafont, Cristina (March 2015). «Deliberation, Participation, and Democratic Legitimacy: Should Deliberative Mini-publics Shape Public Policy?: Deliberation, Participation & Democratic Legitimacy». Journal of Political Philosophy (անգլերեն). 23 (1): 40–63. doi:10.1111/jopp.12031.
  40. Kay, Alan F. (1993). «One Small Step for Democracy's Future: A New Kind of Survey Research». The Newsletter of PEGS. 3 (3): 13–20. ISSN 2157-2968. JSTOR 20710628.
  41. «PPC Survey Archives | Program for Public Consultation» (անգլերեն). Վերցված է 2023-10-20-ին.
  42. Gaines, Danielle E. (2023-09-12). «In effort to improve public policy, simulations put everyday people in policymakers' shoes». Maryland Matters (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-10-20-ին.
  43. «Policymaking Simulations –» (անգլերեն). Վերցված է 2023-10-20-ին.
  44. 44,0 44,1 Smith, Graham (2009). Democratic innovations: designing institutions for citizen participation. Cambridge, UK. ISBN 978-0-511-65116-8. OCLC 667034253.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  45. 45,0 45,1 Blum, Christian; Zuber, Christina Isabel (2016). «Liquid Democracy: Potentials, Problems, and Perspectives». Journal of Political Philosophy (անգլերեն). 24 (2): 162–182. doi:10.1111/jopp.12065. ISSN 1467-9760.
  46. 46,0 46,1 Smith, Graham (2009), «Studying democratic innovations: an analytical framework», Democratic Innovations, Cambridge: Cambridge University Press, էջեր 8–29, doi:10.1017/cbo9780511609848.002, ISBN 978-0-511-60984-8, Վերցված է 2021-03-18-ին
  47. Novy, Andreas; Leubolt, Bernhard (1 October 2005). «Participatory Budgeting in Porto Alegre: Social Innovation and the Dialectical Relationship of State and Civil Society». Urban Studies (անգլերեն). 42 (11): 2023–2036. Bibcode:2005UrbSt..42.2023N. doi:10.1080/00420980500279828. ISSN 0042-0980. S2CID 143202031.
  48. Chollet, Antoine (2018). «Referendums Are True Democratic Devices». Swiss Political Science Review (անգլերեն). 24 (3): 342–347. doi:10.1111/spsr.12322. ISSN 1662-6370. S2CID 158390740.
  49. Linder, Wolf; Mueller, Sean (2021). Swiss Democracy. doi:10.1007/978-3-030-63266-3. ISBN 978-3-030-63265-6. S2CID 242894728.
  50. Frank., Bryan (2010). Real Democracy: the New England Town Meeting and How It Works. University of Chicago Press. ISBN 978-1-282-53829-0. OCLC 746883510.