Jump to content

Կտավատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Կտավատազգիներ
Ցեղ Կտավատ
Տեսակ Կտավատ սովորական
Լատիներեն անվանում
Linum usitatissimum
L. (1753)
Հոմանիշներ

Pers.


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կտավատ (լատին․՝ Línum usitatíssimum), վուշ, կտավատազգիների (վուշազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 230 տեսակ (այլ տվյալներով՝ 200)։

Կտավատի սերմի ծննդավայրն է հին Հնդկաստանը, հենց այնտեղ են մոտ 9000 տարի առաջ արտադրվել առաջին գործվածքները։ Մ.թ.ա. 4-5 հազար տարի այդ բույսը լավ հայտնի էր Միջագետքի, Ասորեստանի, Եգիպտոսի բնակիչներին։ Կտավատը համարում էին պտղաբերության, բերրիության և մայրության եգիպտական աստվածուհի Իսիդայի բույսը։ Հին հույներին հայտնի էր կտավատի սերմի բուժիչ հատկությունները։ Հիպոկրատը խորհուրդ էր տալիս օգտագործել լորձաթաղանթի բորբոքումների համար։ Իսկ Հին արևելյան բժշկության մեջ օգտագործվում էին կտավատի սերմերն ու յուղը՝ որպես լուծող, մաքրող ու փափկացնող հատկություններով օժտված դեղորայք։ Ըստ Ավիցենայի նկարագրությունների՝ կտավատի սերմն օգնում է ազատվել հազից, միզապարկի, երիկամների և աղիքների խոցերից, նաև՝ կտավատի սերմի ու բնական սոդայի ու թզի հետ միասին պատրաստված դեղաքսուքը լավ օգնում է պեպենների ու պզուկների դեմ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 50 սմ։ Տերևները հերթադիր են, հազվադեպ՝ հակադիր, նշտարաձև, ամբողջաեզր, գեղձային։

Ծաղկաբույլը կեղծ հովանոց է կամ գալարք, հազվադեպ՝ ոլորք, ծաղիկները՝ կապույտ, երկնագույն, վարդագույն, կարմիր, դեղին, սպիտակ։ Ծաղկում է մայիսից մինչև ցրտերն ընկնելը։

Պտուղը հինգբնանի, կլորավուն կամ ձվաձև տուփիկ է, սերմերը՝ գորշ դեղնավուն, մանր ու հարթ։

Ձախից աջ, ծաղիկը, պտուղները, սերմերը

Մշակության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության մեջ տարածված սովորական կտավատը միամյա է։ Լինում է թելատու, ձիթատու (գանգրավուշ) և միջանկյալ խմբերի։ Արմատն առանցքային է, թույլ զարգացած։ Ցողունի բարձրությունը 0, 1-1 մ է։ Մշակվում է Շիրակի և Սյունիքի մարզերում։

Բարսեղյանի (հանդիպում է միայն Արարատի մարզի աղի ճահճուտներում), անատոլիական (Վայոց ձորի մարզում) և դեղնավուն (Վայոց ձորի և Սյունիքի մարզերում) կտավատները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավատի բոլոր տեսակները պարունակում են յուղեր (մինչև 33%), սպիտակուցներ, գլյուկոզա, լորձանյութ, լինին, վիտամիններ, ֆերմենտներ և այլն։ Կտավատի ձեթով պատրաստում են տարբեր քսուքներ։ Ինչպես պարզվել է վերջին գիտական հետազոտությունների ընթացքում, կտավատի սերմերը կիսաչհագեցած ճարպաթթուների, բջջանյութերի և լիգնանի արժեքավոր աղբյուր են հանդիսանում։ Այն հարուստ է կալիումով, վիտամին E-ով, անփոխարինելի ամինաթթուներով և հանքանյութերով։

Կտավատի սերմերի մեջ պարունակվող կիսաչհագեցած ճարպաթթուները, այդ թվում նաև՝ օմեգա-3 և ալֆա-լինոլաթթուն, մեր բջիջները պաշտպանում են քաղցկեղային հիվանդություններից, ճնշում արդեն առկա ուռուցքների աճը, և նպաստում մարդու իմունային համակարգի աշխատանքի լավացմանը։

Սերմերում պարունակվող բջջանյութերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, իր մեջ ներծծելով աղիների վնասակար նյութերը և ուժեղացնելով գալարակծկանքը։ Բացի այդ, բջջանյութը պաշտպանում է աթերոսկլերոզից և նպաստում քաշի նվազեցմանը։

Արտադրությունը տարբեր երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղիկները
Տասը ամենա ակտիվ կտավատի սերմ արտադրող երկրները - 2011[2]
Երկիր Արտադրություն (տոննա) Ծանոթագրություն
 Կանադա 368,300
{{{2}}} Չինաստան 350,000 *
 Ռուսաստան 230,000 *
{{{2}}} Հնդկաստան 147,000
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 71,000
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 70,890
{{{2}}} Եթովպիա 65,420
{{{2}}} Ղազախստան 64,000 *
{{{2}}} Ուկրաինա 51,100
{{{2}}} Արգենտինա 32,170
Համաշխարհային 1,602,047 A
Կտավատի դաշտ

Նշանակություն և կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավատի սերմեր

Կտավատի սերմերի մեջ պարունակվող մեծ խտությամբ լիգնանն օժտված է ուժեղ հակաօքսիդանտային, հակաքաղցկեղային և հակաալերգենային հատկություններով։ Լիգնաններն օրգանիզմը պաշտպանում են կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղից։ Բոլորին հայտնի են կտավատի սերմերի ու յուղի բուժիչ հատկությունները։ Ցնցող հատկություններ ունեն՝ պարունակում են մեծ քանակությամբ յուղեր, թթուներ, վիտամիններ ու հանքային նյութեր։ Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատի յուղի օգտագործումը նվազեցնում է ինսուլտի զարգացման վտանգը 37%-ով։ Կտավատի սերմերը հարուստ են բուսական ճարպերով, հատկապես պոլիչհագեցված կամ անփոխարինելի ճարպաթթուներով՝ օմեգա-3 և օմեգա-6, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի կենսագործունեության համարյա բոլոր պրոցեսների վրա։ Դրան զուգահեռ՝ կտավատի սերմերը պարունակում են բավական մեծ քանակությամբ վիտամիններ՝ (А, В, Е, Р) և այլ կենսաբանական ակտիվ նյութեր։ Ժողովրդական բժշկության մեջ կտավատի յուղը լայն կիրառում ունի ճարպակալման, աղեստամոքսային տրակտի, միզուղիների, սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում կիրառվող դիետիկ ու բուժական-պրոֆիլակտիկ սննդակարգի մեջ։

Կտավատի ձեթն օգնում է թութքի և դիզենտերիայի մնացորդային ազդեցության վերացմանը։ Գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում օգտագործում են որպես հակաբորբորքիչ՝ թրջոց-տամպոնների տեսքով։ Կտավատի մանրաթելից պատրաստված գործվածքները շատ գեղեցիկ են, լավ ներծծում են խոնավությունը և արագ չորանում են։

Բուժիչ նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական բժշկության մեջ իբրև դեղամիջոց օգտագործում են կտավատի սերմերը և յուղը։ Հին արևելյան բժշկության մեջ կտավատի սերմերն օգտագործվել են որպես մաքրող, փափկեցնող և լուծիչ հատկություններ ունեցող դեղամիջոց։ Ժողովրդական բժշկության մեջ կտավատի սերմերը նշանակում են հազի ժամանակ որպես խորխահան միջոց և փորկապության ժամանակ՝ որպես լուծողական (հատկապես խրոնիկական կոլիտի դեպքում)։ Հասուն սերմերն ունեն հակաբորբոքային հատկություն։ Օգտագործվում են մարսողական ուղու և շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ։ Կտավատի սերմերից պատրաստված թեյը գործածում են լնդերի բորբոքման և բերանի ու կոկորդի ուրիշ բորբոքային հիվանդությունների ժամանակ։ Կաթի մեջ եփած կտավատի սերմերը թրջոցի ձևով դնում են ոտնաթաթերի վրա կոշտուկների բուժման ժամանակ։ Կտավատի յուղը նպաստում է արյան մեջ խոլեստերինի իջեցմանը և հանդիսանում է աթերոսկլերոզի բուժման և կանխարգելման միջոց։ Յուղը թեթևացնում և ապաքինում է ճաքճքած մաշկը, պսորիազը, մաշկային ցանը։ Կիրառվում է նաև գորտնուկների և կոշտուկների բուժման ժամանակ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Согласно данных GRIN. См. карточку растения
  2. [1] Արխիվացված 2013-04-01 Wayback Machine Արտադրությունը
  3. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, բնությունը՝ հարուստ դեղատուն, «Չինար» հրատարակչություն, 2007

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вехов В. Н. и др. Культурные растения СССР / Под. редакцией Т. А. Работного. — М.։ Мысль, 1978. — С. 193—196.
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 178. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
  • Юзепчук С. В. Род 836. Лён — Linum // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1949. — Т. XIV. — С. 100—102. — 790 с. — 4000 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 670
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտավատ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտավատ» հոդվածին։