Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենագիտության ֆակուլտետը (1958)։ Աշխատել է «[Հայաստան (հրատարակչություն)[|Հայաստան]]» հրատարակչությունում որպես խմբագրության վարիչ (1960-1968), եղել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ (1968-1971), «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր (1975-1982)։ 1982 թվականից՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Սիմոնյանի ստեղծագործություններն ուշագրավ երևույթ են հայ գիտաֆանտաստիկ գրականության մեջ։ «Մարսեցիները» (1957) պատմվածքների ժողովածուում, «Կապարե մարդկանց գաղտնիքը» (1959) վեպում, «Երկրորդ արևը, Փոքր Առյուծի Ադամը, Վալտեր Բուշ» (1962) վիպակաշարում գրողը շոշափում է տեխնիկական առաջընթացի հետ կապված հոգեբանական ու բարոյահասարակական խնդիրներ։ «Մենք խաղալ էինք ուզում» (1963), «Ժպիտը» (1964), «Մարգագետին» (1967), «Մոգական պատմություն» (1980) ժողովածուներում աստիճանաբար խորացել է հոգևոր կայուն արժեքներին ապավինելու գիտակցությամբ մարդու կոչմանը հավատարիմ մնալու՝ հեղինակի հիմնական թեման։ «Սիցիլիական պաշտպանություն» (1965) իրապատում վեպում գրողն արծարծել է անհատի քաղաքացիական ակտիվության խնդիրը։ «Ներսես Մաժան դեղագործը» (1974) ֆանտաստիկ վեպում ցույց է տվել, թե ապամարդկայնացման ինչպիսի վտանգ է սպաոնում այն հասարակությանը, որը չի ժառանգում ժողովրդի պատմության հիշողությունն ու բարոյական ավանդները։ Գրել է նաև մանկապատանեկան պատմվածքներ, «Թափառող մոլորակը» (1961) և «Ցտեսություն, Նաթանայել» (1975) վիպակները։ Նրա «Թող կատարվի քո երազանքը» պիեսը բեմադրել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը (1972)։
Սիմոնյանի սցենարներով նկարահանվել են «Խոսրովի անտառը» (1972) և այլ ֆիլմեր։ Գրել է «Նալբանդյան» վարքագրությունը (1984, ռուսական), թարգմանել է Ռեյ Բրեդբերիի, Ջոն Սթեյնբեքի, Ջեկ Լոնդոնի, Գաբրիել Գարսիա Մարկեսի և այլոց գործերից։ Սիմոնյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, և այլ լեզուներով[3]։
Գիտա-ֆանտաստիկ երկու պատմվածք (գրքում տեղ են գտել լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Գոյություն ունեք, արդյոք, միստր Ջոնս» և ամերիկացի գրող Ալան Իննեսի «Ճանապարհորդությունը երկարատև կլինի» պատմվածքները), Երևան, Հայպետհրատ, 1962, 47 էջ։
Ջերոմ Դ. Սելինջեր, Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ..., Երևան, Հայպետհրատ, 1962, 43 էջ։
Բրեդբերի Ռեյ, Տիեզերագնացը, Երևան, Հայպետհրատ, 1963, 80 էջ։
Սթայնբեք Ջոն, Արջ-Ջո արկածները, Երևան, Հայպետհրատ, 1964։
Ռիդ Վիկտոր, Ընձառյուծը, Երևան, 1964։
Մանֆրեդ Գրեգոր, Կամուրջը, Երևան, Հայպետհրատ, 1964։
Լոնդոն Ջեկ, Երկեր 12 հատորով, հ. 2 (հատորի մեջ մտնող «Ձյուների դուստրը» վեպը թարգմանել է Կ. Սիմոնյանը), Երևան, «Հայաստան», 1965, 834 էջ։
Լոնդոն Ջեկ, Երկեր 12 հատորով, հ. 9 (հատորի մեջ մտնող «Խրամատից այն կողմ» և «Դեպսի երազանքը» պատմվածքները թարգմանել է Կ. Սիմոնյանը), Երևան, «Հայաստան», 1969, 952 էջ։
Լոնդոն Ջեկ, Երկեր 12 հատորով, հ. 10 (հատորի մեջ մտնող «Զսպաշապիկ» և «Մեծ տան փոքրիկ տիրուհին» վեպերը թարգմանել է Կ. Սիմոնյանը), Երևան, «Հայաստան», 1970, 751 էջ։
Դոնալդ Բիսեթ, Մոռացված ծննդյան օրը, Երևան, «Հայաստան, 1973, 344 էջ։
Սթայնբեք Ջոն, Մեր հոգսերի ձմեռը։ Մկների ու մարդկանց մասին (վեպ և վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1978, 479 էջ։
Հերման Մելվիլ, Մոբի Դիկ կամ ճերմակ կետաձուկը, Երևան, «Սովետական գրող», 1979։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 376)։