Կայնոզոյի դարաշրջան
Կայնոզոյի դարաշրջան կամ կայնոզոյ (հունարեն՝ καινός (kainos) - նոր և ζωή (zoe) - կյանք), երկրակեղևի շերտագրական սանդղակի ամենավերին խումբը և երկրագնդի պատմության՝ դրան համապատասխանող նորագույն դարաշրջանը։
Անվանումն առաջարկել է անգլիացի երկրաբան Զ. Ֆիլիպսը 1841 թվականին։ Բաժանվում է պալեոգենի, նեոգենի և անթրոպոգենի (չորրորդական) ժամանակաշրջանների։ Ընդհանուր տևողությունը մոտ 60-70 միլիոն տարի է, որից պալեոգենին ընկնում է 40-45, նեոգենին ՝ 20-25, իսկ անթրոպոգենին՝ 0, 6-1, 7-ից մինչև 3, 5 միլիոն տարի։
Կայնոզոյի դարաշրջանում ձևավորվում են ժամանակակից մայր ցամաքներն ու օվկիանոսները։ Դարաշրջանի սկզբում ավարտվում է տակավին մեզոզոյում սկսված հարավային Գոնդվանա մայրցամաքային զանգվածի մասնատումը, և իրենց այժմյան տեսքն են ստանում Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Անտարկտիդայի մայրցամաքային բեկորները։ Դրանց միջև ձևավորվում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները։
Ուժգին լեռնակազմական գործընթացներ են կատարվում Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում (Կամչատկա-Կուրիլյան աղեղ, Ֆիլիպիններ և այլն)։ Առաջանում են ցամաքային և օվկիանոսային տիպի ռիֆտային զոնաներ։
Կայնոզոյի դարաշրջանի տեկտոնական շարժումները բնականաբար ուղեկցվում են հզոր հրաբխականությամբ։
Կայնոզոյի կարևոր ֆիզիկաաշխարհագրական գործընթացներից են մայրցամաքային սառցապատումները, որոնք 3-4 անգամ (ընդմիջումներով) տեղի են ունեցել Հյուսիսային կիսագնդում։
Կայնոզոյի դարաշրջանում առաջացել է այժմ գոյություն ունեցող ծածկասերմ բույսերի զգալի մասը, իսկ կենդանական աշխարհում (ցամաքում) գերակշռել են կաթնասուններն ու թռչունները։ Ծովային ֆաունայի կազմում իշխել են փափկամորթները, ծովային ոզնիները։
Կայնոզոյի ապարները հիմնականում հրաբխային և նստվածքային ծագում ունեն։ Օգտակար հանածոներից նստվածքային շերտախմբերը պարունակում են նավթ և գազ (Մերձավոր ու Միջին Արևելք, Նախակովկաս), գորշ ածուխ, մանգան (ճիաթուր, Նիկոպոլ)։ Ինտրուզիվ զանգվածների հետ կապված են բազմամետաղների, ոսկու, պղնձի, մոլիբդենի հանքավայրեր (Միջերկրածովային և Խաղաղօվկիանոսյան գոտիներ)։ Կայնոզոյի դարաշրջանի ապարները լայնորեն տարածված են Հայաստանում (Փամբակի, Բազումի, Զանգեզուրի, Շիրակի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի լեռնաշղթաներ)։
Կայնոզոյան ինտրուզիաների հետ է առնչված հանրապետության մետաղային օգտակար հանածոների մեծ մասը (Քաջարան, Ագարակ, Փամբակ, Զոդ)։
Հայտնի են գործնականորեն անսպառ շինանյութերի (բազալտ, տուֆ, պեմզա, գրանիտ, օբսիդիան) և աղի հանքավայրերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 223)։ |