Խայմե Տոռես Բոդետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայմե Տոռես Բոդետ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1902(1902-04-17)[1][2][3][…]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Մահացել էմայիսի 13, 1974(1974-05-13)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԳերեզմանՌոտոնդան հայտնի մարդկանց
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դիվանագետ, քաղաքական գործիչ և նախարար
Զբաղեցրած պաշտոններSecretary of Foreign Affairs of Mexico?
ԿուսակցությունՈչինչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱզգային կոլեգիա, Մեքսիկայի լեզվի ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Los Contemporáneos?
 Jaime Torres Bodet Վիքիպահեստում

Խայմե Տոռես Բոդետ (իսպ.՝ Jaime Mario Torres Bodet, ապրիլի 17, 1902(1902-04-17)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա - մայիսի 13, 1974(1974-05-13)[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, հասարակական և քաղաքական գործիչ, ով ծառայել է Մեքսիկայի 3 նախագահների գործադիր կաբինետում։ Մեքսիկայի արտաքին գործերի նախարար 1946-1948 թվականներին։ 1948-1952 թվականներին եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2-րդ գլխավոր տնօրենը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խայմե Տոռես Բոդետը միակ երեխան էր վտարանդիների ընտանիքում (հայրը՝ Բարսելոնայից էր, մայրը՝ Ֆրանսիայից), ով Մեքսիկա էր եկել 1895 թվականին՝ արդեն ամուսնացած։ Սկզբում սովորում էր տանը, մոր օգնությամբ։ Այնուհետև սովորել է նախապատրաստական դպրոցում՝ այն ավարտելով 15 տարեկանում։ 16 տարեկան հասակում հրապարակում է բանաստեղծությունների իր առաջին գիրքը։

Սովորել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի իրավագիտության, փիլիսոփայության և գրականության ֆակուլտետներում։ 1921 թվականին աշխատել է որպես համալսարանի ռեկտոր Խոսե Վասկոնսելոսի անձնական քարտուղար։ Նա 1922-1924 թվականներին եղել է Ժողովրդական կրթության նախարարության գրադարանային բաժնի տնօրեն, 1925 թվականին՝ Առողջապահության նախարարի քարտուղար, 1925-1929 թվականներին՝ Բարձրագույն հետազոտական դպրոցում ֆրանսիական գրականության պրոֆեսոր։

1929 թվականին, հանձնելով մրցութային քննությունները, ընդունվում է դիվանագիտական ծառայություն, նշանակվում Մադրիդում Մեքսիկայի դեսպանության երրորդ քարտուղար (մինչև 1931 թվականը), այնուհետև` դեսպանատան երկրորդ քարտուղարը Փարիզում (1931-1932), Ֆրանսիայում գործերի հավատարմատար (1932-1934)։ 1934-1935 թվականներին դեսպանատան առաջին քարտուղարն էր Բուենոս Այրեսում, 1935-1936 թվականներին, կրկին Փարիզում։ 1937-1938 թվականներին եղել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական բաժնի վարիչը։ 1938-1940 թվականներին նա եղել է գործերի հավատարմատար Բրյուսելում, որտեղ էլ դիմավորում է նացիստական բանակի ներխուժումը։ Մեքսիկա վերադառնալուն պես՝ 1940-1943 թվականներին, եղել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ (1942 թվականի հունվար-փետրվար, մարտ-մայիս և հունիս-հուլիս ամիսներին կատարել է նախարարի պարտականությունները[6]

1943-1946 թվականներին եղել է Ժողովրդական կրթության նախարար՝ նախագահ Մանուել Ավիլայի կառավարությունում։ Ակտիվ պայքար սկսեց անգրագիտության դեմ։ Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվեց Նախակրթարանի ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտը, կազմակերպվեց անգրագետների հետ աշխատելու ծրագրերի հանձնաժողով, հիմնադրվեց դպրոցների շինարարության Դաշնային ծրագրի վարչական հանձնաժողովը (CAPFCE), Հրապարակվեց ժողովրդական հանրագիտարանի շարքը, որում տպագրվեցին հարյուրից ավելի գրքեր։ Վերակառուցվել են բազմաթիվ դպրոցներ և քոլեջներ, սկսվել են մի շարք համալսարանների շենքերի կառուցումը և Մեքսիկայի ազգային կոնսերվատորիայի շենքը։ Կրթության համընդհանուր հասանելիությունը պարզեցնելու համար նա ակտիվորեն նպաստեց սահմանադրության համապատասխան հոդվածի փոփոխությանը[7]։

1945 թվականին նա ՄԱԿ-ի հիմնադիր նստաշրջանում մեքսիկական պատվիրակության ղեկավարն էր, իսկ ավելի ուշ Լոնդոնում կայացած միջազգային խորհրդաժողովում, որի ժամանակ ձևավորվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Այնուհետև նա ղեկավարեց Մեքսիկայի միջազգային իրավունքի ակադեմիան։ 1946 թվականին Նախագահ Միգել Ալեմանի իշխանության գալուց հետո նա նշանակվեց Արտաքին գործերի նախարար։ 1948 թվականին ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն։ Չորս տարի անց հրաժարական տվեց։ 1954-1958 թվականներին եղել է Ֆրանսիայում Մեքսիկայի դեսպան։

1958-1964 թվականներին՝ Ադոլֆո Լոպեսի նախագահության օրոք, նա երկրորդ անգամ ստանձնեց կրթության նախարարի պաշտոնը։ Նա նախաձեռնել է հիմնական կրթությունը ընդլայնելու և բարելավելու տասնմեկամյա ծրագիր՝ բնակչության կրթական մակարդակը ամբողջությամբ բարձրացնելու համար, որով նախատեսվում էր 51 հազար նոր ուսուցչական պաշտոնների ստեղծում և 29.265 դասարանների կառուցում[8]։ Նա հիմնել է Անվճար դասագրքերի ազգային հանձնաժողով և 1960 թվականին թողարկել է առաջին անվճար գրքերը՝ «Սա նվեր է Մեքսիկայի ժողովրդից Մեքսիկայի ժողովրդին» բառերով։ Նա իր ներդրումն է ունեցել Մարդաբանության ազգային թանգարանի, Ժամանակակից արվեստի թանգարանի, աշխարհի առաջին ջրաներկ նկարների թանգարանի, Ակատիտլանի հնագիտական թանգարանի կառուցման, գաղութային արվեստի և գաղութային գեղանկարչության ցուցահանդեսների կազմակերպման և հարմարեցման, ինչպես նաև Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի ընդլայնման գործում։ 1970-1971 թվականներին կրկին եղել է Ֆրանսիայում Մեքսիկայի դեսպան։

Խայմե Տոռես Բոդետի գերեզմանը նշանավոր մեքսիկացիների Ռոտունդայում

Երկար ժամանակ նա տառապում էր քաղցկեղից և 1974 թվականի մայիսի 13-ին ինքնասպանություն է գործել իր տանը։ Թաղված է Մեխիկոյի նշանավոր մեքսիկացիների Ռոտունդայում։

Գվադալահարայի թատրոնը կոչվում է նրա պատվին։ 2014 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ–ն սահմանել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի (ՄԱԻՀ) մրցանակ, որը շնորհվում է սոցիալական և մարդկային գիտությունների և արվեստի բնագավառում ($ 50,000)։ Մրցանակը շնորհվում է գիտություն այն թեկնածուներին որոնք իրենց ներդրումն են ունեցել արվեստի միջոցով գիտության և հասարակության զարգացման գործում` սոցիալական և հումանիտար բնագավառներում, ուսուցման և գիտական հետազոտությունների միջոցով։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան շրջանի բանաստեղծություններում զգացվում է ֆրանսիական սիմվոլիզմի ազդեցությունը («Փոշի», 1918), մենության թեման, նույնականության որոնումը և մահվան ցանկությունը։ Այնուհետև զգացվում է սյուրռեալիզմի հմայքը (ժողովածուներ՝ «Սիրտը ցնորվում է», 1922, «Երգեր», 1922, «Նոր երգեր», 1923, «Տուն», 1923, «Օրեր», 1923, «Պոեմներ», 1924), հաճախակի է անդրադարձել քնարական և սիրային թեմաներին[9]։ Նրա կողմից օգտագործվել են նաև ճապոնական բանաստեղծական ձևեր (1925, «Փեղկավոր էկրան»)։

1928-1931 թվականներին ղեկավարել է «Ժամանակակիցներ» ամսագիրը, որը հսկայական դեր է խաղացել ազգային մշակույթի զարգացման գործում [5]։ Միևնույն ժամանակ նա հրատարակել է արձակի առաջին գրքերը («Թախծոտ Մարգարիտան» փորձնական վեպը, 1927, «Զգացմունքների դաստիարակություն», 1929, «Հունվարի մեկ» 1934 վեպերը)։ Աշխատել է նաև այլ ժանրերում («Վեներայի ծնունդը» և այլ պատմվածքներ, 1941, «Tiempo de arena» հուշեր («Ավազե ժամանակ», 1955)), մի շարք գրքերի էսսեներ («Իրականության երեք հնարամիտներ. Ստենդալ, Դոստոևսկի, Պերես Գալդոս», 1955), «Տոլստոյ - կյանքը և ստեղծագործությունը» (1965) և այլն)։ 30-ական թվականներին նա եղել է Contemporaneos ավանգարդիստական գեղարվեստական գրական խմբակի անդամ։ Բոդետի ամենահայտնի գրքերից են «Proserpina» (Proserpina rizatada, 1931), «Սենտիմենտալ դաստիարակություն» (La edukacion sentimental, 1930), «Բանաստեղծություններ», «Արտաքսում» (Destierro, 1930) և «Ցերեկային աստղ» (Estrella de dia, 1933) վեպը կինոռեժիսորների կյանքից։ «Սահմաններում» (1954) և «Առանց զինադադարի» (1957) ստեղծագործություններում հասուն բանաստեղծը ուշադրություն է հրավիրում մեկուսացման խնդիրների վրա, որոնք տարածված են ժամանակակից հասարակության մեջ։

Հրապարակվել են նրա պոեզիայի 16 գիրք, 8 արձակ (ներառյալ ինքնակենսագրություն), նրա հոդվածների և ելույթների 8 ժողովածու, 5 էսսեներ։ Իր ստեղծագործություններում կենտրոնանալով ֆրանսիացի սիմվոլիստների և իսպանացի բանաստեղծներ Մանուել Մաչադոյի և Խուան Ռամոն Խիմենեսի աշխատությունների վրա, Բոդեթը, չշեղվեց ազգային հիմքերից (այսպես կոչված՝ «Սիմվոլիստների էկզոտիկ հնդամերիկյան ճյուղ»)։ Որպես եվրոպական մշակույթի հիմքի վրա ձևավորված գրող, Բոդեթը հաճախ առնչվում էր տարբեր շարժումների՝ անընդհատ որոնելով սեփական արտահայտչամիջոցները։

Նրա պոեզիայի բովանդակությունը ձևավորվում էր քնարական փորձառություններով, որը հագեցած էր բանաստեղծական խորհրդանիշերով։ Այնուամենայնիվ, իր որոշ բանաստեղծություններում Բոդետն անդրադառնում է նաև սոցիալական թեմաներին (օրինակ՝ «Լեռնային ագարակի ճանապարհին» բանաստեղծությունը)։ Բոդեթի պոեզիան մեղեդային է և գունագեղ, նա գրել է համահնչյունությամբ՝ խուսափելով վերջնահանգից[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jaime Torres Bodet (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. https://francearchives.fr/fr/facomponent/6d2b8bea1fc7d721fb8bcd1fa41d57f5f0d7adf9
  5. https://www.academia.org.mx/academicos-1953/item/jaime-torres-bodet
  6. «SECRETARIOS Y ENCARGADOS DEL DESPACHO DIRECCIÓN GENERAL DEL ACERVO HISTÓRICO DIPLOMÁTICO DE RELACIONES EXTERIORES 1821/2006» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  7. Jaime Torres Bodet “…la muerte de un poeta”
  8. Torres Bodet Jaime
  9. Литкульт. Хайме Торрес Бодет
  10. Торрес-Бодет (Torres Bodet) Хайме (1902—1974)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայմե Տոռես Բոդետ» հոդվածին։