Լոշտակ
Լոշտակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Դդմածաղկավորներ (Cucurbitales) |
Ընտանիք | Դդմազգիներ (Cucurbitaceae) |
Տրիբա | Bryonieae |
Ցեղ | Լոշտակ (Bryonia) L., 1753 |
Լոշտակ (լատին․՝ Bryónia), մարմնատակ, մարդախոտ, օձախոտ, օձի խաղող, դդմազգիների ընտանիքի, դդմազգիների բազմամյա խոտաբույսերի տեսակ։ Բազմամյա խոտաբույս է, մոլախոտ, մագլցող ցողուններով, 2-3 մետր բարձրությամբ։ Արմատը մսալի է, հաստ, դառնահամ։ Ծաղկում է ամռանը, մեծ մասամբ գետահովիտներում, թփուտներում, աղբուտներում։
Բուժական նպատակով օգտագործվում է բույսի արմատը, ընդ որում, թարմ վիճակում, քանի որ չոր վիճակում արմատի բուժիչ հատկությունները նվազում են։ Այն հավաքում են գարնան կամ աշնան ամիսներին, մաքուր լվանում, կլորաձև կտրատում և օգտագործում։ Չորացնելու դեպքում հարկավոր է շարել թելին և չորացնել կախված վիճակում` հով, քամահարվող, ստվերոտ տեղում։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմատները հաստացած են, պալարանման։ Ցողունները նիստավոր են, մագլցող և փաթաթվող, բարձրությունը 2-4 մ է։ Տերևները հնգաբլթակ են, հերթադիր, խորը կտրտված կամ ամբողջական։ Ծաղկաբույլերը տերևանութային են, ծաղիկները՝ միասեռ, դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին։ Պտուղը գնդաձև, եռաբուն, սև կամ կարմրավուն հատապտուղ է։ Մեր հանրապետությունում հանդիպում են երկու տեսակ՝ սպիտակը և երկտունը։ Երկու տեսակն էլ թունավոր են և բուժական առումով գրեթե չեն տարբերվում իրարից։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում՝ հուլիս-օգոստոսին։ Աճում է թփուտների արանքում, գետահովիտներում, այգիների ցանկապատերի վրա, անտառի բացատներում՝ որպես մոլախոտ։ Մագլցող բեղիկներով ամրանում է ծառերին կամ որևէ հենարանի և տալիս փարթամ աճ։
Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմատում հայտնաբերված են գլիկոզիդներ, խեժ, ֆիտոստերին, դաբաղանյութեր, եթերայուղ, միզանյութ, խնձորաթթվական աղեր, օսլա։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղաբույս է. արմատները պարունակում են գլիկոզիդներ (բրիոնին, բրիոնիդին, բրիոնոլ, բրիոնիցին), խեժ (որն օժտված է լուծողական հատկությամբ), ֆիտոստերին, ստերոլ, աղանյութեր, կումարիններ, եթերայուղ, միզանյութ, աղեր, օսլա և այլն, սերմերը՝ ալկալոիդներ, չսառչող ճարպայուղ (20-25%), տերևները՝ վիտամիններ C, E, կարոտին (A նախավիտամին)։ Թարմ արմատների թուրմը մտնում է «Ակոֆիտ» պատրաստուկի բաղադրության մեջ, որը կիրառվում է պոդագրայի, ռևմատիզմի, նյարդացավերի ժամանակ։ Ժողովրդական բժշկության մեջ արմատների հյութը, թուրմը, եփուկը, արմատափոշին օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ (որպես միզամուղ, վերքամոքիչ, հակաբորբոքային, ցավամոքիչ, խորխաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց)։ Սերմերն առաջացնում են լուծ և փսխում, եթերայուղն օժտված է մանրէասպան, արմատների ջրիկ մզվածքը՝ միջատասպան հատկություններով։ Բույսն ամբողջությամբ թունավոր է։ Հայաստանի Հանրապետությունում արտադրում են «Լոշտակ» դեղամիջոցը (2003)։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է 10, Հայաստանում՝ 2 տեսակ՝ լոշտակ սպիտակ (B. alba), լոշտակ երկտուն (B. dioica)։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորին լեռնայինից մինչև վերին լեռն, գոտի (մինչև 2300 մ բարձրություներում)՝ թփուտներում, գետահովիտներում, այգիների ցանկապատների վրա, անտառի բացատներում, քարքարոտ վայրերում և այլն։ Հայտնի են 12 տեսակներ, որոնք ընդունված են USDA-ում[1]։ Դրանցից 10-ը աջակցում են մոլեկուլային-ֆիլոգետիկ վերլուծությանը[2]։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի են լոշտակի արմատի ամոքիչ, լուծողական, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային, հյուսվածքների վերականգնումն արագացնող հատկությունները։ Այս առումով այն լայն կիրառում է գտել ջղացավերի, փորկապությամբ ընթացող կոլիտների, ստամոքսի խոցերի, միզակապությունների, մաշկի էկզեմաների, չիբանների, թեփոտության, առատ դաշտանի, ռևմատիզմի դեպքում։ Արմատի եփուկը լավացնում է նաև ախորճակը և բարերար ազդեցություն թողնում ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտների վրա, քանի որ առաջացնում է ստամոքսի հյութազատիչ և շարժողական գործառնությունների դրդում։ Բույսը ունի նաև որոշակիորեն արտահայտված հակաուռուցքային ազդեցություն։
Փոշի արմատից[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանել արմատի կեղևը, մանր կտրատել և չորացնել արևի տակ, որից հետո աղալ ինչպես սուրճը։ Սա օգտակար է ինչպես ուռուցքների, այնպես էլ բրոնխիալ ասթմայի դեպքում։
Ջրաթուրմ արմատափոշուց[խմբագրել | խմբագրել կոդը]
Կես գդալ արմատափոշին երկու ժամ թրմել երկու բաժակ եռման ջրում և խմել քսան օր, օրական երեք անգամ, ուտելուց հետո։
Ոգեթուրմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկ մաս արմատափոշին խառնել երեսուն մաս յոթանասուն աստիճան սպիրտի հետ։ Թողնել երեք օր` հաճախակի խառնելով այն։ Այնուհետև քամել թանզիֆով։ Խմել ջրով, քսան կաթիլ, օրական երեք անգամ, ուտելուց հետո։
Քսուք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկ թեյի գդալ արմատափոշին խառնել հարյուր գրամ արևածաղկի յուղին, ստացված խառնուրդով տրորել մարմնի ցավոտ մասը «հոդացավ»։ Քանի որ կա ալերգիայի վտանգ, հետևաբար չքսել մաշկի մեծ մակերեսի վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Է. Ղուկասյան, «Բուժում դեղաբույսերով»։ Երևան, «Նարեկացի» հրատարակչություն, 1992 թվական, էջ 45
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոշտակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոշտակ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 661)։ |