Jump to content

Իրազեկ քաղաքացիների միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրազեկ քաղաքացիների միավորում
ՏեսակՀասարակական կազմակերպություն
ԵրկիրՀայաստան
ՀապավումԻՔՄ
Հիմնադրված2014
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՀիմնադիրԴանիել Իոաննիսյան
Պարգևներ
Կայքuic.am

Իրազեկ քաղաքացիների միավորումը (ԻՔՄ), Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն, հիմնադրվել է 2014 թվականին Դանիել Իոաննիսյանի, Տաթևիկ Քերոբյանի և Կարեն Վարդանյանի կողմից։ Այն գործունեություն է ծավալում Հայաստանում հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման, ապատեղեկատվության դեմ պայքարի, բարեփոխումների առաջմղման և ընտրական գործընթացների մշտադիտարկման ու բարելավման ոլորտներում։ Կազմակերպում է հանրային իրազեկման արշավներ, քննարկումներ, ճանաչողական միջոցառումներ, դասընթացներ և սեմինարներ[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործունեության ուղղություններն են[3]

Առցանց հարթակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնշյալ գործունեությունն իրականացնելու համար ԻՔՄ-ն գործածում է իր պաշտոնական կայքէջն ու սեփական առցանց հարթակները[3]։

  • UIC.am-ի հրապարակումները հիմնականում վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու դրան առնչվող հարցերին, Եվրասիական տնտեսական միությանը, ռազմական համագործակցությանը, ժողովրդավարական արժեքներին ու մարդու իրավունքներին, տնտեսությանը, ընտրություններին և այլն[3]։
  • FIP.am-ը («Փաստերի ստուգման հարթակ») Հայաստանում փաստերի ստուգմամբ զբաղվող առաջին մասնագիտացված լրատվամիջոցն է։ Կայքի գործունեության հիմնական նպատակն է բացահայտել պաշտոնյաների, պաշտոնական և հանրային մարմինների ու լրատվամիջոցների կողմից հրապարակված, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները[4]։
  • Umdimel.am կայքում ներկայացված են տարբեր իրավիճակներում հայտնված քաղաքացիների համար նախատեսված խորհուրդներ։ Կայքում կան ավելի քան 110 թեմատիկ հարցադրումներ և պատասխաններ, որոնք ընդգրկում են իրականացվելիք քայլերի հերթականությունն ու անհրաժեշտ փաստաթղթերի օրինակները[5]։
  • «Վոչդոգ (անգլ․՝ Watchdog) հետաքննական լրագրության խթանումը Հայաստանում» ծրագիրը վիդեոդասընթացների նախագիծ է, որը լրագրողներին, ուսանողներին և շահագրգիռ քաղաքացիներին առաջարկում է ինտերակտիվ դասընթացների միջոցով զարգացնել հմտությունները հետաքննության և փաստերի ստուգման ոլորտներում[6]։
  • Արտաքին քաղաքականության քարտեզը (անգլ․՝ Foreign Policy Map) ներկայացնում է Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերությունները։ Ինտերակտիվ քարտեզում ամեն երկրի համար ներկայացված են տվյալներ Հայաստանի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ[7]։
  • Reforms.am կայքում հանրամատչելի կերպով ներկայացված են տարբեր ոլորտների բարեփոխումների վերաբերյալ տեղեկություններ[8]։
  • 44-օրյա պատերազմի քաղաքական քրոնիկոնը հրապարակում է, որում ամփոփած են ղարաբաղյան հակամարտության նոր փուլի վերաբերյալ համաշխարհային հանրության հայտարարությունները և գնահատականները[9]։

ԻՔՄ-ի գործունեության կարևոր բաղադրիչներից է լրագրողների հմտությունների զարգացումն ու մեդիագրագիտության խթանումը։ Կազմակերպությունը զբաղվում է լրագրողների ուսուցմամբ և կազմակերպում «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» թեմայով սեմինար-կոնֆերանսներ, որոնց ընթացքում «Off the Record» ֆորմատով ելույթ են ունենում և մասնակիցների հարցերին պատասխանում Հայաստանում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ և պետական կառույցների ու հասարակական սեկտորի այլ ներկայացուցիչներ[10]։ ԻՔՄ-ն նաև կազմակերպում է փաստերի ստուգման լրագրության և մեդիագրագիտության դասընթացներ, որտեղ դասախոսությամբ հանդես են գալիս մեդիա ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից։

Մասնակցություն բարեփոխումներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թ․-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ներառվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում[11]։ Կազմակերպությունը հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի, քննիչների և օպեր-լիազորների ընդունելության հանձնաժողովում ներգրավված միակ ՀԿ-ն էր[12]։ 2020 թ․-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ Դանիել Իոաննիսյանը, որպես ԻՔՄ ներկայացուցիչ, ներգրավվել է ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում[13]։ Իոաննիսյանը նաև պարեկային ծառայության ընդունող հանձնաժողովի անդամ է, իսկ կազմակերպության տարբեր անդամներ պարեկային ծառայության ընդունելության հարցազրույցի հանձնաժողովներում են։ 2020 թ․-ին վարչապետի որոշմամբ ձևավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ներկայացված էր քաղ․ հասարակության երկու ներկայացուցիչ, այդ թվում ԻՔՄ ներկայացուցիչը[14], որը 2022 թ․-ին վերանշանակվել է արդեն վերանվանված Հայաստանի սահմանադրական բարեփոխումների խորհրդում[15]։ Կազմակերպության գործառույթներից ամենանշանակալին մասնակցությունն է ընտրական բարեփոխումներին։ Կազմակերպությունը ներգրավված է եղել 2016 թ․-ին ձևավորված «4+4+4» ձևաչափով քննարկումների խմբում։ Խումբը նպատակ ուներ Ընտրական օրենսգրքի բարելավման շուրջ աշխատանքներ իրականացնել[16]։ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը 2018 թ․ մասնակցել է ընտրական օրենսդրության բարեփոխումներին՝ որպես վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար[17]։

Բարեփոխումների նկատմամբ հանրային վերաբերմունքը լրջացնելու և գիտելիքները բարձրացնելու նպատակով ԻՔՄ-ն կազմակերպել է հանրային իրազեկման տարբեր միջոցառումներ, քննարկումներ և թրեյնինգներ, կազմակերպության կողմից հրապարակվել են տեսանյութեր, որոնք տարածվել են սոցիալական ցանցերում և հեռարձակվել հեռուստատեսությունների և ռադիոյի միջոցով, ինչպես նաև հրապարակվել են տեղեկատվական-բացատրական հոդվածներ ԻՔՄ-ի տարբեր օնլայն հարթակներում։

Դիտորդական առաքելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականից անհատապես, իսկ 2017-ից «Անկախ դիտորդ» դաշինքի շրջանակում կազմակերպությունն իրականացնում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն տեղական և միջազգային տարբեր ընտրությունների ժամանակ։ Կազմակերպությունը նաև հավատարմագրել է European Platform for Democratic Elections (EPDE)-ի դիտորդներին, որոնց հետ կազմել է համատեղ շրջիկ դիտորդական խմբեր։ Ընտրությունների դիտորդության արդյունքում հրապարակվում են զեկույցներ։

Կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել հետևյալ ընտրությունների ժամանակ՝

Տեղական (Հայաստանի տարածքում)

2015 - Սահմանադրական հանրաքվե

2016 - ՏԻՄ ընտրություններ

2017-  Խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններ

2018 - Արտահերթ խորհրդարանական, ՏԻՄ և Երևանի ավագանու ընտրություններ

2019 - Աբովյանի քաղաքապետի ընտրություններ

2021 - Արտահերթ խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ Հայաստանում

Միջազգային

2018 - Խորհրդարանական ընտրություններ Շվեդիայում

2018 - Նախագահական ընտրություններ Վրաստանում

2019 - Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններ

2020 - Նախագահական և ՏԻՄ ընտրություններ Լեռնային Ղարաբաղում

2021- Մունիցիպալ ընտրություններ Վրաստանում

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ունի շահերի բախումը և կոռուպցիոն այլ ռիսկերը  բացառող գրավոր քաղաքականություն։ Կազմակերպության ղեկավար մարմիններն են գործադիր տնօրենը, ծրագրերի համակարգողը և 5 անդամներից բաղկացած խորհուրդը։

Իշխանության տարանջատման նպատակով կազմակերպության խորհուրդը կազմվում է կազմակերպության գործադիր տնօրենի և ծրագրերի համակարգողի հետ փոխկապակցվածություն չունեցող և կազմակերպության աշխատակից չհանդիսացող հանրությանը հայտնի անձանցից։

Կազմակերպության կազմում գործող «Փաստերի ստուգման հարթակն» (FIP.am) ունի անկախ խմբագրական քաղաքականություն, որն ամրագրված է ներքին կանոնակարգերով[18]։

Գործընկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործընկերներն են հետևյալ միջազգային և տեղական կազմակերպությունները[19]

  • ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորում (անգլ․՝ EU Eastern Partnership Civil Society Forum)[20]
  • Ժողովրդավարության ազգային հիմնադրամ (անգլ․՝ National Endowment for Democracy - NED)[21]
  • Եվրոպական հանձնաժողով (անգլ․՝ European Commission)
  • Ազատության տուն (անգլ․՝ Freedom House)[22]
  • Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան (անգլ․՝ Open Society Foundations – Armenia)
  • ՕքսԵՋեն հիմնադրամ (անգլ․՝ OxYGen Foundation)[23]
  • Հայաստանում ԱՄՆ դեսպանություն (անգլ․՝ U.S. Embassy in Armenia)[24]
  • Լրագրողներ առանց սահմանների (անգլ․՝ Reporters Without Borders)
  • Բաց տեղեկատվության համագործակցություն (անգլ․՝ Open Information Partnership)[25]
  • Միջազգային հանրապետական ինստիտուտ (անգլ․՝ International Republican Institute - IRI)
  • Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ (անգլ․՝ European Platform for Democratic Elections - epde)
  • «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, որի սահմաններում իրականացնում է ընտրությունների դիտորդություն

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը 2017 թվականին արժանացել է «Ամալյա Կոստանյանի» անվան մրցանակի։ Նա նաև պարգևատրվել է «Կովկասի հերոսը» մրցանակով կովկասյան երկրներում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների լուսաբանմամբ զբաղվող ռուսալեզու «Կովկասյան հանգույց» խմբագրության կողմից։

Կազմակերպության «Փաստերի ստուգման հարթակը» 2017 թվականին ստացել է Երևանի մամուլի ակումբի մրցանակը՝ կեղծ տեղեկատվության տարածմանը դիմագրավելու նախաձեռնության համար։

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության շրջանակներում 2017 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորումն» արժանացել է «Արդարության և թափանցիկության խթանում» մրցանակի։

2019 թ․-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումն» արժանացել է ԵԱՀԿ-ում 36 անդամ-  երկրների ներկայացուցչությունների կողմից տրվող Ժողովրդավարության պաշտպանի մրցանակին, որը ամեն տարի շնորհվում է ԵԱՀԿ անդամ երկրների տարածքի մեկ կազմակերպության՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ ԵԱՀԿ սկզբունքների ու պարտավորությունների ոգուն համահունչ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության խթանման գործում ունեցած ավանդի համար[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://osce.usmission.gov/2019-democracy-defender-award-seminar-and-presentation/
  2. 2,0 2,1 «Մեր կազամակերպությունը | Իրազեկ քաղաքացիների միավորում». 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Իրազեկ քաղաքացիների միավորում». Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  4. «Մեր մասին». fip.am. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  5. «Նախագծի մասին». Ում դիմել. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  6. «Ծրագրի մասին». Watchdog լրագրության խթանումը Հայաստանում. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  7. Way2up. «Արտաքին քաղաքականության քարտեզ». map.uic.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «ծրագրի մասին». Reforms. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  9. «Պատերազմի քրոնիկոն | Իրազեկ քաղաքացիների միավորում». 2021 թ․ փետրվարի 18. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  10. ««Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» 6-րդ սեմինար-թրեյնինգ | Իրազեկ քաղաքացիների միավորում». 2018 թ․ մարտի 20.
  11. https://anti-corruption.gov.am/__vfs/304
  12. https://www.gov.am/u_files/file/Voroshum-03_08_21.pdf
  13. One, Studio. «Հայտարարություն՝ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփման վերաբերյալ - ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  14. https://www.moj.am/storage/uploads/20-181.pdf
  15. https://www.moj.am/article/3044
  16. «Հայտարարություն ընտրական օրենսգրքի և դրա շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ». Transparency.am. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  17. «Ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով». Hetq.am. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  18. «Մեթոդաբանություն». fip.am. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  19. «մեր գործընկերները | Իրազեկ քաղաքացիների միավորում». 2016 թ․ հունվարի 7. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  20. «Membership Database | Eastern Partnership Civil Society Forum» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  21. «Armenia 2021». NATIONAL ENDOWMENT FOR DEMOCRACY (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ փետրվարի 10. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  22. «Armenia: Country Profile». Freedom House (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  23. «Դոնորներ և գործընկերներ». Oxygen. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  24. «Previously Funded Assistance Projects 2018-2021». U.S. Embassy in Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  25. «About us». Open Information Partnership (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.