Հետաքննական լրագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետաքննական լրագրություն (անգլ.՝ Investigative journalism), լրագրության տեսակ, որը բնորոշում է հրապարակման համար նախագծված և որպես կանոն, երկարաժամկետ հետաքննություն (հիմնականում` նվիրված հանցագործություններին, քաղաքական սկանդալներին և այլն)։ Այս ժանրում լրագրողի աշխատանքը մոտ է մասնավոր խուզարկուի աշխատանքին, քանի որ դրա հիմքում է փաստերի որոնումը, որոնք հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները թաքցրել են հանրությունից[1]։ Դե Բուրգը 2000 թվականին տվել է հետևյալ բնորոշումը.

Լրագրող-հետաքննողի աշխատանքը տեխնիկապես մոտ է նրան, ինչ անում են ոստիկանությունը, փաստաբանները, սակայն հիմնական նպատակը ոչ թե պատասխանատվության ենթարկելն է, այլ` դեպքին հասարակական հնչեղություն տալը։

Մասնագիտական սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսուրիի համալսարանի ժուռնալիստիկայի պրոֆեսոր Սթիվ Վեինբերգը սահմանել է հետաքննական լրագրությունը որպես «Հաղորդում, երբ մեկն իր անձնական նախաձեռնությամբ ու աշխատանքով ընթերողներին, դիտողներին կամ ունկնդիրներին տեղեկացնում է կարևոր դեպքերի մասին»[2]։ Շատ դեպքերում հաղորդման սուբյեկտները ցանկանում են դեպքերը գաղտնի պահել։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում հետաքննական լրագրություն ուսուցանող հատուկ բաժիններ կան։ Հետաքննական լրագրության թեմաներով հաճախ կազմակերպվում են խորհրդաժողովներ։ Բրիտանացի մեդիա տեսաբան Հուգո դե Բուրգը նշում է. «Հետաքննող լրագրողը մի կին է կամ տղամարդ, ում մասնագիտացումը ճշմարտությունը բացահայտելն է։ Այս գործընթացը հաճախ կոչվում է հետաքննական լրագրություն, և նրա հիմնական տարբերությունը ոստիկանների ու իրավաբանների աշխատանքից այն է, որ լրագրողը ոչ թե ձգտում է պատասխանատվության ենթարկել, այլ` հանրայնացնել»[3]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողական հետաքննության հիմնական նպատակն է բացահայտել ու հանրությանը ներկայացնել հակասող իրադարձությունների, գործընթացների ու իրավիճակների իրական պատճառները, հետաքննվող երևույթների գաղտնի ասպեկտների բացահայտումն ու հանցագործների պարզումը[4]։ Հետաքննությունը կարող է անցկացվել որևէ քաղաքական կամ տնտեսական արդյունքի հասնելու համար։ Օրինակ, քաղաքական ծայրահեղական խմբավորում բացահայտելու, պաշտոնական դիրքի չարաշահման դեպքեր բացահայտելու, կոռուպցիայի դեպքերի բացահայտման, կեղծարար պատգամավորին ունեցվածքից զրկելու և նրան դատարանին հանձնելու, երկրից գողացված կապիտալը վերադարձնելու և այլ նպատակներով[5]։ Անցկացված և հրապարակված հետաքննությունը նաև հասնում է լսարանը կրթելու նպատակի, քանի որ յուրաքանչյուր հետաքննություն իր մեջ բարոյական ընդհանրացում է պարունակում, որը բխում է որևէ հանցագործության բացահայտումից։ Պապարացիների գործունեությունն ուղղված է դեղին մամուլին, հետաքննական լրագրության մի «ճյուղավորմանը», որտեղ առաջին պլանում են հրատարակիչների և հեղինակների զուտ կոմերցիոն շահերը։ Լրագրողական հետաքննություններն օգնում են տարբեր ԶԼՄ-ներին լուծել լսարան գրավելու կարևորագույն խնդիրը։ Լրագրողը հազվադեպ է միայն մեկ նպատակ ունենում հետաքննություն սկսելուց առաջ, բայց եթե անգամ նա նպատակ ունենա պարզապես հետաքննել վտանգավոր մի օլիգարխի, ապա նրա հետաքննության արդյունքն անպայման այլ հետևանքներ էլ կունենան։

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմայի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Philadelphia Inquirer հետաքննություններ իրականացնող թերթի նախկին խմբագիր Ջին Ռոբերտսը նշում է.

Հետաքննությունն այն չէ, երբ քաղաքական գործչին բռնացնում ես առանց տաբատի կամ բացահայտում ես օրենքի մեկ առանձին խախտում, այլ այն, երբ բացահայտում ես ամենախորքում գտնվող փաստեր` օգնելով ընթերցողին հասկանալ այն, ինչ տեղի է ունենում մեր ավելի ու ավելի բարդ դարձող աշխարհում։

Յուրաքանչյուր հետաքննություն, ինչպես և ցանկացած այլ լրագրողական նյութ, սկսվում է թեմայի ընտրությունից։ Դրանք կարող են լինել իրադարձություններ, երևույթներ ու փաստեր, ինչպես բոլորին հայտնի, այնպես էլ` գաղտնի։ «Հաճախ հետաքննության համար առիթ է դառնում աննշան թվացող մի դրվագ, և միակ խորհուրդը, որ այստեղ կարելի է տալ, հետևյալն է՝ ուշադիր եղեք մանրուքների հանդեպ»։ Հետաքննության սկիզբ կարող են դառնալ․

  • իրադարձությունները․
  • պատահարները․
  • սեփական դիտարկումներն ու ենթադրությունները․
  • ԶԼՄ նյութերը․
  • փաստաթղթերը (ինչպես բաց, այնպես էլ մասամբ բաց ու գաղտնի)․
  • պաշտոնական դեմքերի հայտարարությունները, այդ թվում և՝ պետական օրգանների կամ մասնավոր կազմակերպությունների մամուլի հաղորդագրությունները․
  • ասեկոսեները․
  • արտաքին աղբյուրից կամ «նախաձեռնողի» կողմից ստացած հաղորդագրությունները։

Փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողական հետաքննության ճանաչողական փուլերն սկսվում են հետաքննության ընթացքում հետևանքային որոշումներ ընդունելու անհրաժեշտությունից, որոնք միմյանց են կապված պատճառահետևանքային կապերով։ Այդ պատճառով, չլուծելով նախորդը (չստեղծելով պատճառ), հնարավոր չէ լուծել հաջորդը (ստանալ հետևանքը)։ Իհարկե, այս կամ այն որոշակի դեպքում առանձին փուլեր կարող են այնքան էլ լավ չարտահայտվել, սակայն, դրանց գոյության մասին կարելի է խոսել։ Ճանաչողական փուլերի իմացությունը թույլ է տալիս ավելի գիտակցված շարժվել դեպի հետաքննության սահմանած նպատակը։ Հետաքննական լրագրության հիմնական փուլերը․

  • միջոցառումների պլանավորման կազմում,
  • սկզբնական տեղեկատվության հավաքում և մշակում,
  • աշխատանք աղբյուրների հետ,
  • հավաքված տեղեկատվության համակարգում,
  • ապացուցողական հիմքի ձևավորում,
  • հիմնական հարցազրույցներ,
  • իրավաբանական փորձաքննություն,
  • նյութի պատրաստում։

Տեղեկատվության աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրների հետ աշխատանքը լրագրողի աշխատանքի հիմնական մասերից մեկն է։ Հավաքված տեղեկատվությունից էլ կախված է վերջնական աշխատանքի ամբողջ որակը։ Նյութում ներկայացված յուրաքանչյուր փաստ պետք է հաստատվի տեղեկատվության երկու աղբյուրով։ Եվ սա նվազագույն դեպքում։ Օրինակ, խորհրդային հետաքննության կանոններով տեղեկատվությունը փաստ էր համարվում միայն այն դեպքում, եթե այն հաստատվում էր հինգ աղբյուրով։ Տեղեկատվության աղբյուրները մի քանի տեսակի են լինում։ Ժամանակակից հետաքննությունը բարձր տեխնոլոգիական գործընթաց է, որը պահանջում է ծրագրերի և տվյալների բարդագույն բազաների հետ աշխատելու կարողություն[6]։

Բաց աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաց աղբյուրների թվին են պատկանում զանգվածային լրատվության տարբեր միջոցներ․ հեռուստատեսություն, ռադիո, թերթ։ Սակայն այդպիսի ընտրության դեպքում լրագրողը կմնա կատարվող իրադարձությունների վերջում։ Տեղեկատվության աղբյուր կարող է դառնալ նաև համացանցը, որտեղ գոյություն ունեն իրական ժամանակում աշխատող լրատվական կայքեր, ինչպես նաև՝ ֆորումներ և չաթեր, որտեղ լրագրողը հնարավորություն ունի քննարկել ու տեղեկատվություն փոխանակել գործընկերների հետ։

Երբ 2000 թվականին մենք զբաղվում էինք Պետերբուրգի օրենսդրական խորհրդի պատգամավոր Վիկտոր Նովոսելովի սպանության գործի հետաքննությամբ, կարողացանք առաջընթաց ունենալ այդ հանցագործության հանցակիցներից մեկին փնտրելու գործում թերթերից մեկում լույս տեսած հոդվածի շնորհիվ։ Որոշակի ոչ պաշտոնական խմբերի ներկայացուցիչներ, որոնց պատկանում էր նաև հանգուցյալը, լրագրողին տեղեկություն էին տվել այն մասին, որ Նովոսելովին սպանությունից որոշ ժամանակ առաջ սկսել էին հետևել։ Անվտանգության ծառայությունը հայտնաբերեց դատարկ մեքենա, որտեղից տեսագրություն էր ընթանում, և մեքենայի մեջ գտան պարաշյուտիստ Ալեքսանդր Մալիշի բժշկական քարտը։ Մեկուկես ամիս անց մենք գտանք Մալիշին, ով մասնակից էր տվյալ վարձրված սպանությանը և մի շարք այլ հանցագործությունների

[7].

Լրատվամիջոցներից բացի հետաքրքրող տեղեկատվությունը լրագրողը կարող է ստանալ նաև մամուլի հաղորդագրություններից և տարբեր ուժային կառույցների ու իրավապաշտպան մարմինների տեղեկատվական կենտրոններից։ Սակայն տեղեկատվության աղբյուրի այդ տեսակը ոչ միշտ է վստահելի, քանի որ նպատակ ունի ոչ այնքան լրատվամիջոցներին տեղեկություն տրամադրել, որքան դրական կերպար ստեղծել գերատեսչությունների համար։ Այստեղից բխում է, որ լրագրողներին հասնում է միակողմանի տեղեկատվություն։ Հատկապես դա վերաբերվում է այն նորություններին, որոնք հակասություններ են առաջացնում հասարակության մեջ, քանի որ լրատվական ծառայությունները թողարկում են չոր մամուլի հաղորդագրություններ, որոնք զուրկ են լրագրողական նյութերին անհրաժեշտ մանրամասնություններից։ Այդպիսի տեղեկատվությունը լրագրողից պահանջում է հավելյալ ճշգրտումներ և մանրամասնումներ։ Այդպիսով, լրագրողին անհրաժեշտ է դիմել իրավապաշտպան մարմինների որոշակի բաժիններին, որտեղ շփումը հիմնված է անձնական շփումների վրա։ Ըստ ԶԼՄ մասին օրենքի, յուրաքանչյուր լրագրող կարող է դիմել իրավապաշտպան մարմիններին, հատուկ ծառայություններին, քաղաքային և շրջանային ղեկավարությանը` տեղեկատվություն ստանալու համար։ Ամեն դեպքում, լրագրողներին տեղեկատվություն տրամադրելիս մերժման պատճառներ կարող են լինել ծառայողական ու հետաքննական գաղտնիքները։ Լրագրողների համար առավել բաց աղբյուրներ են դատական նիստերը։ Դատական նիստերի մեծ մասը, այդ թվում և` քրեական գործընթացների նիստերը բաց են։ Բառացություն են կազմում պետական գաղտնիքին կամ սեռական բնույթի հանցագործություններին վերաբերող լսումները, որոնք փակ են կամ մասամբ փակ։ Սակայն այդ դեպքերում դատավճիռը բաց է հրապարակվում։ Նիստերին ներկա գտնվելու և նկարահանումներ ու ձայնագրություններ անելու համար անհրաժեշտ է պայմանավորվել դատավորի հետ։

Գաղտնի աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրող-հետաքննողին իր նյութի համար անհրաժեշտ է օգտագործել տեղեկատվության գաղտնի աղբյուրներ։ Հանրությանը նախկինում անհայտ տեղեկատվություն ներկայացնելն այս լրագրողների կարևորագույն խնդիրն է։ Տեղեկատվության գաղտնի աղբյուրներ են համարվում տարբեր տեսակի ծառայողական փաստաթղթերի գաղտնազերծումը, հեռախոսային ցանցերով ևէլեկտրոնային կապերով եկող հաղորդագրությունների գաղտնազերծումը, տվյալների հատուկ բազաները։ Գաղտնի տեղեկատվության կիրառումը նյութերում կարող է ոչ միայն օգնել սենսացիոն հրապարակում պատրաստել, այլև` գաղտնի տեղեկատվության հրապարակման համար պատասխանատվության ենթարկվելու պատճառ դառնալ։ Համապատասխան մարմինները կարող են լրագրողի` տեղեկատվություն ստանալու փաստի հիման վրա հետաքննություն սկսել և պարզել արտահոսքի տեղը։

Այսպես, 2000-ականներին «Լիովին գաղտնի» հոլդինգի խմբագրությունում անց են կացվել մի շարք խուզարկումներ. դատախազության աշխատակիցները պարզել են, թե ինչպես է «Վերսիա» թերթում հայտնվել նորվեգական ռազմաբազայի լուսանկարը, որն արվել է արբանյակով։ Ինքը` լուսանկարը, հրապարակվել է թերթի կողմից «Կուրսկ» ատոմային սուզանավի խորտակման պատճառների հետաքննության համատեքստում։ Լրագրողներտը նորվեգական բազայում փնտրում էին սուզանավ, որն ըստ ենթադրության, վթարի պատճառ է դարձել։ Խուզարկումների արդյունքում իրավապաշտպան մարմինները տարբեր փաստաթղթերի ու կրիչների հետ հայտնաբերում են նաև ընդհանուր խմբագրական կրիչ, որի վրա բացի ռազմական բազայի լուսանկարները, պահվում էր նաև բավականին շատ գաղտնի տեղեկատվություն։ Արդյունքում հազիվ է կանխվում թերթի հերթական համարի լույս ընծայման կասեցումը։

Հետաքննող լրագրողի աշխատանքը ենթադրում է հետևյալ մասնագիտական գործիքների տիրապետումը.

  • փաստաթղթերի վերլուծություն,
  • աշխատանք աղբյուրների հետ (արխիվների, հարկային թղթաբանության, հեռախոսային հաշիվների ուսումնասիրում),
  • համագործակոցություն իրավապաշտպան մարմինների հետ,
  • քողարկված աշխատանքը (խորհրդային պրակտիկայում կար «Լրագրողը փոխում է մասնագիտությունը» խորագիրը)։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերի Ուեբը 1996 թվականին կալիֆորնիական San Jose Mercury News թերթի էջերում բացահայտել է Կենտրոնական Հետախուզական Վարչության և նիկարագուացի մաքսանենգների միջև առկա կապը, ովքեր կազմակերպում էին կոկաինի մատակարարում դեպի ԱՄՆ[8].
  • Ուոթերգեյթյան սկանդալ (Կարլ Բերնսթայն, Բոբ Վուդվորդ)[9]։ Newsday թերթի նախկին աշխատակից Ռոբերտ Գրինը, մեկնաբանելով ուոթերգեյթյան սկանդալը, լրագորղական հետաքննությունն անվանել է «նյութ, որը որպես կանոն հիմնված է սեփական աշխատանքի ու նախաձեռնողականության վրա, կարևոր թեմայով, որոնք առանձին մարդիկ ու կազմակերպություններ կցանկանային գաղտնի պահել»[10]։
  • Կահույքի գործը։
  • Մայքլ Մուրի կինովավերագրությունը։
  • Գյունտեր Վալրաֆի աշխատանքները[11]։
  • Ն. Ս. Լեսկովի «Պետերբուրգի հրդեհների մասին» հոդվածը[12]։
  • Վ. Ա. Գիլյարովսկու ռեպորտաժները[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Санкт-Петербургский Творческий Союз Журналистов». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. Steve Weinberg, The Reporter's Handbook: An Investigator's Guide to Documents and Techniques, St. Martin's Press, 1996
  3. Investigative Journalism: Context and Practice, Hugo de Burgh (ed), Routledge, London and New York, 2000
  4. Константинов, 2001, էջ 14
  5. ЧАСТЬ II.РАССЛЕДОВАТЕЛЬСКАЯ ЖУРНАЛИСТИКА КАК ВИД ДЕЯТЕЛЬНОСТИ СМИ
  6. «"Я уважаю Сечина". Главред "Новой газеты" рассказал altapress.ru об инвесторах и расследованиях». 2016 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. Константинова А.Д. — С. 585«ЖУРНАЛИСТСКОЕ РАССЛЕДОВАНИЕ». Журналистское расследование. Содержание. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  8. Fenster, Mark (2008). Conspiracy Theories: Secrecy and Power in American Culture. Pgs 2-4: University of Minnisota Press. ISBN 0816654948.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  9. Константинов, 2001, էջ 33
  10. Журналистское расследование.
  11. Константинов, 2001, էջ 43
  12. Константинов, 2001, էջ 52
  13. Константинов, 2001, էջ 64

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Константинов, Андрей Дмитриевич Журналистское расследование: история метода и современная практика. — СПб.: Нева, 2001. — 383 с. — (Бандитская Россия). — ISBN 5-7654-1415-X
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետաքննական լրագրություն» հոդվածին։