Ժուռնալիստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրագրություն (ժուռնալիստիկա), (ֆր.՝ journaliste, ֆր.՝ journal, լատ.՝ diurnalis, diurnalе` «ամենօրյա նորություն, տեղեկություն» բառերից[1]), սոցիալական խմբերի աշխարհայացքի ակտուալացում փաստերի ընտրության, գնահատականների ու մեկնաբանությունների միջոցով, որոնք կարևոր ու հնչեղ են տվյալ ժամանակամիջոցում: Լրագրություն հասկացության մեջ ընկալվում են նաև ժամանակակից կյանքի իրադարձությունների, թեմաների ու միտումների մասին տեղեկությունների հավաքման ու ներկայացման փորձը, դրա ներկայացումը տարբեր ժանրերով ու ձևերով և որպես արդյունք` տարածումը զանգվածային լսարանում: Լրագրությունը համարվում է զանգվածային տեղեկատվության մաս, այսինքն, մտնում է հասարակության այնպիսի բազմագործառութային համակարգերի մեջ, ինչպիսիք են մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը և այլն:

Հասարակական հետաքրքրությունների տեսակետից լրագրությունը հարմարեցնում է գիտելիքի գիտա-պրակտիկ մի մասը` այլ սոցիալական խմբերի կողմից վարքի, գաղափարախոսության (մշակույթ, բարոյականություն, էթիկա, գեղագիտություն) ընկալման համար:

Հետազոտողների մի մասը կարծում է, որ գոյություն ունի լրագրության երկու հիմնական ուղղություն` հետազոտական լրագրություն և հետաքննական լրագրություն: Լրագրող-հետազոտողը, որպես կանոն, աշխատում է տեղեկատվության բաց (հասանելի) աղբյուրների հետ, իսկ հետաքննող լրագրողը ներխուժում է փակ (անհասանելի) տեղեկատվության ոլորտ: Ըստ մեթոդների` այս կամ այն ուղղությամբ տարվող աշխատանքները տարբերվում են: Ժողովրդավարական երկրներում հետաքննող լրագրողներին կոչում են «ժողովրդավարության շղթայակապ շներ» կամ «կրծող շներ»: Պետք է նշել, որ լրագրության ուղղությունների հանդեպ կրկնաբևեռ մոտեցումն այսօր վիճարկվում է և պարզեցված է համարվում:

Լրագրությունը որպես գիտություն գեղարվեստական, մշակութաբական, պատմական, սոցիոլոգիական և այլ գիտական ճյուղերի համակարգ է, որ ներառում է հանրության մեջ պրակտիկ լրագրության ձևավորման և կառավարման ամբողջական շրջանը, դրա ազդեցությունը հասարակական երևույթների փոփոխության վրա:

Տերմինի նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուռնալիստիկան հանրության սոցիալական ինստիտուտ է, որն իր մեջ ներառում է օրաթերթերի ու ամսագրերի հրատարակություններ, գրքերի հրատարակություններ, հեռուստառադիոընկերություններ, որոնց աշխատանքն ապահովվում է ժուռնալիստիկայի տեխնիկական, տեղեկատվական, կազմակերպչա-ղեկավարման ենթակառուցվածքներով, ենթակառուցվածքների մեջ են մտնում նաև ուսումնական և գիտական կենտրոնները[2]:

Ժուռնալիստիկան տեղեկույթի որոնում, ստացում, արտադրում և տարածում ներառող գործունեության տեսակների համակարգ է: Այն զանգվածային տեղեկատվության միջոցների սահմանումն է, դրանց տիրապետումը, օգտագործումն ու տնօրինումը, տեխնիկական միջոցների ու սարքավորումների, նյութերի պատրաստումը, ձեռքբերումն ու շահագործումը, որոնք նախատեսված են զանգվածային տեղեկատվության ստեղծման ու տարածման համար, չեն ենթարկվում սահմանափակումների` չհաշված օրենքով նախատեսված դեպքերը:

Ժուռնալիստիկան իր գործունեության ոլորտների համար կարևոր բոլոր մասնագիտությունների ամբողջությունն է: Ժուռնալիստիկայի գործունեությունն ապահովող հիմնական աշխատանքից (թղթակցային, խմբագրական, կազմակերպչական) բացի ժամանակակից լրագրության մեջ ավելի ու ավելի կարևոր դեր են ձեռք բերում մենեջմենթի, մարքեթինգի, գովազդի, ինժեներական ապահովման մասնագիտությունները, որոնց հաջողության համար պահանջվում է մասնագիտական լրագրության կողմնորոշում[3]:

Ժուռնալիստիկան տարբեր զանգվածային հաղորդակցման միջոցների (տպագրություն, ռադիո, հեռուստատեսություն, համացանց) և տարբեր տեսակի ծրագրերի ու հրատարակչությունների (ազգային և տեղական, ընդհանուր և մասնագիտացված) ամբողջություն է, որ գործում է ազգային և վերազգային տեղեկատվական տարածության մեջ[4]:

Ժուռնալիստիկան ստեղծագործությունների համակարգ է, որոնց պատրաստման համար պահանջվում են հատուկ գիտելիք ունեցող, հմտությունների տիրապետող աշխատակիցներ: Ստեղծագործություն անվան տակ պետք է նկատի ունենալ ոչ միայն հեղինակների կողմից գրվող և հրատարակիչների կողմից հրապարակվող թերթերն ու ամսագրերը, հեռուստա և ռադիո հաղորդումները, այլ նաև` լրագրության տարաբնույթ չհրապարակվող ստեղծագործությունները, տարբեր ներխմբագրական նյութերը, ընթերցողների նամակների պատասխանները, տարբեր հաստատություններին ուղղված դիմումները[5]:

Ժուռնալիստիկան որպես գիտություն գեղարվեստական, մշակութաբանական, պատմական, սոցիոլոգիական և այլ ոլորտների համակարգ է, որ գրավում է հանրության մեջ պրակտիկ լրագրության ստեղծման ու վերահսկման ողջ շրջապտույտը, դրա ազդեցությունը հասարակական գործընթացների փոփոխության վրա:

Aquote1.png Ժուռնալիստիկան նույնքան հին մասնագիտություն է, որքան.... մի խոսքով, սա երկրորդ հնագույն մասնագիտությունն է։
- Ռոբերտ Սիլվեստեր, «Երկրորդ հնագույն մասնագիտություն»
Aquote2.png


Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուռնալիստիկա հասկացությունը տարբերվում է` ըստ պետության: ԱՄՆ-ում լրագրությունը ստեղծվում է կազմակերպությունների կամ անհատների կողմից: Բլոգերները ոչ միշտ, բայց հաճախ լրատվամիջոց են համարվում: Առևտրի դաշնային հանձնաժողովը պահանջում է, որ այն բլոգերները, ովքեր որևէ ապրանքի մասին գրելու համար նվերներ են ստանում, պետք է հայտարարեն իրենց ստացած նվերների մասին: Սա արվում է շահերի բախումը վերացնելու և հաճախորդների պաշտպանության համար[6]: Կեղծ լուրերն այն լուրերն են, որոնք ճշմարիտ չեն կամ ներկայացվել են ոչ վստահելի լրատվական կազմակերպությունների կողմից: Կեղծ լուրերը հեշտորեն տարածվում են սոցիալական կայքերով: Ընթերցողը կարող է որոշել լուրի վստահելիությունը` գնահատելով այն հրապարակող լրատվական գործակալության վստահելիության աստիճանը: ԱՄՆ-ում վստահելի լրատվական գործակալություն է համարվում այն գործակալությունը, որը միավորված ամբողջություն է, ունի խմբագրական խորհուրդ և հստակ բաժանում խմբագրական և գովազդի բաժինների միջև: Վստահելի լրատվական գործակալությունները կամ դրանց աշխատակիցները պատկանում են մեկ կամ մի քանի մասնագիտական կազմակերպությունների, այնպիսիք, ինչպիսիք են Լրատվական խմբագիրների ամերիկյան ասոցիացիան, Պրոֆեսիոնալ լրագրողների համայնքը, Հետաքննող լրագրողներ և խմբագիրներ կամ Առցանց լրատվական կազմակերպությունը: Այս բոլոր կազմակերպություններն ունեն կանոններ, որոնց հետ հաշվի են նստում կազմակերպության անդամները: Շատ լրատվական կազմակերպություններ ունեն իրենց սեփական էթիկայի կանոնագրերը, որոնք առաջնորդում են լրագրողների հրապարակումները: Նյու Յորք Թայմսի (անգլ.՝ The New York Times ) էթիկայի կանոնագիրը հատկապես խստապահանջ է համարվում: Երբ լրագորղները պատմություններ են գրում, նրանք օբյեկտիվության վերաբերյալ մտահոգություններ ունեն: Որոշ պատմություններում ներկայացվում է լրագրողի սեփական կարծիքը, այլ դեպքերում պատմություններն առավել բնական ու հավասարակշռված են: Տպագրվող թերթում տեղեկատվությունը համակարգված է բաժիններով և հեշտ է տեսնել, թե որ պատմություններում կա կարծիք և որոնց մեջ կան փաստեր: Առցանց լրատվականների դեպքում այս տարբերություններից շատերը վերանում են: Ընթերցողը պետք է ուշադիր լինի հոդվածի վերնագրերին և այլ մանրամասներին` հասկանալու համար լրագրողի դիրքորոշումը: Կարծիքների հատվածները սովորաբար գրվում են սյունակագիրների կողմից կամ հայտնվում են "op-ed" նշումով: Պատմությունները, շտապ նորությունները կամ լրատվական պատմությունները հիմնականում կարծիքների բաժնում չեն լինում: Ըստ Ռոբերտ ՄքՉեսնիի, ժողովրդավարական երկրում առողջ լրագրությունը պետք է ներկայացնի իշխանություն ունեցող մարդկանց կարծիքը և նրանց կարծիքը, ովքեր իշխանություն են ցանկանում, պետք է ներկայացնի կարծիքների տարբերություն և տեղեկատվություն բոլոր մարդկանց համար[7]: Շատ քննարկումներ են տեղի ունենում «օբյեկտիվ» և «բնական» լրագրության վերաբերյալ: Լրագրողները մարդիկ են, ովքեր նորություններ են ստեղծում որևէ հատուկ սոցիալական համատեքստում և դրանից դուրս: Նրանք առաջնորդվում են էթիկայի մասնագիտական կանոնագրերով և առավելագույնն են անում` իրենց տեսակետներն օրինականացնելու համար:

Մկնանիվի պարադոքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորությունների բովանդակությունը որոշող չափանիշները փոխվում են: Լրագրողներն այսօր աշխատում են ըստ շահույթի մոդելն ընդդեմ հանրային մոդելի, և մկնանիվի սկզբունքը բացատրում է, որ ավելի կարճ բովանդակությունը ցույց է տալիս, թե մարդիկ ինչ են ցանկանում և ինչպես են նրանք սպառում մեկօրյա նորությունները[8]: Անիվը պտտվում է «նորությունների արտադրությունում հանգիստ չկա» սկզբունքով: Մարդիկ պահանջում են փոքր չափաբաժիններով նորություններ, որի բովանդակությունը, փաստ չէ, որ վստահելի է, կամ անգամ` իրական, փոխարենն այն աչքի ընկնող է և դիտումներ ապահովող: Լրագրորղները պետք է մրցեն նորությունների արագությամբ, եթե ցանկանում են աշխատանք ունենալ: Այդ է պատճառը, որ նրանք հաճախ կրկնում են պահանջված հոդվածները տարբեր լրատվական գործակալություններում[9]: Համարվում է, որ այսօր նորություններն ստեղծվում են 24/7` «նոր ցիկլոնային» ռեժիմով և լրատվական գործակալությունները մրցակցում են` միլիոնավոր դիտումների համար, շատ հաճախ հոդվածներում բացակայում է վերլուծությունը` ընթերցողի համար հեշտացնելով լուրերի սպառումն ու բավարարելով լրատվական գործակալությունների` շահույթ ստանալու նպատակը[10]:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Լրագրության ժանրեր


Կան լրագրության մի քանի տեսակներ, և բոլորն էլ ունեն տարբեր լսարաններ: Համարվում է, որ լրագրությունը ծառայում է որպես «չորրորդ իշխանություն», ստանձնում է հսկող շան դերը կառավարության համար: Յուրաքանչյուր հրապարակման մեջ (ինչպիսին է, օրինակ, լրագրային նորությունը) կան լրագրության մի քանի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ներկայացվել առանձին ձևաչափով: Ամսագրերի, օրաթերթերի կամ կայքերի ամեն բաժին ունի տարբեր լսարան[11][12]:

Լրագրության տեսակներից են.

  • Քարոզչական լրագրություն, նյութեր, որոնք գրվում են լսարանի վրա որոշակի ազդեցություն ունենալու համար:
  • Հեռարձակվող լրագրություն, հեռուստա և ռադիո լրագրություն:
Ֆոտո և հեռարձակող լրագրողները մեկնաբանություն են վերցնում պաշտոնյայից շենքի պայթյունից հետո, Դար էս Սալամ, Տանզանիա
  • Քաղաքացիական լրագրություն, մասնակցային լրագրություն:
  • Տվյալների լրագրություն, թվերով պատմությունները ներկայացնելու լրագրություն: Տվյալների լրագրությունը կարող է օգտագործել տվյալների բազան հրապարակումներում: Այն նաև կարող է հաղորդել տվյալների օգտագործման և թերօգտագործման վերաբերյալ:
  • Ինտերակտիվ լրագրություն, առցանց լրագրության տեսակ, որը ներկայացվում է կայքերում:
  • Հետաքննական լրագրություն, խորը հրապարակումներ, որոնք բացահայտում են սոցիալական խնդիրները: Հաճախ այս հրապարակումների միջոցով սոցիալական խնդիրներ են լուծվում:
ֆոտոլրագրողները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային լուսանկարելիս, նոյեմբեր, 2016
  • Լուսանկարչություն, պատկերի միջոցով ճշմարիտ պատմություններ ներկայացնելու փորձը:
  • Թաբլոիդ լրագրություն, թեթև և ժամանացային թեմաներով հրապարակումներ:
  • Դեղին լրագրություն, բամբասանքների վրա հիմնված հրապարակումներ:

Սոցիալական մեդիա աճի ու զարգացման հետ մեկտեղ առաջ են գալիս քննարկումներ այն մասին, որ լրագրությունն առավելապես գործընթաց է, ոչ թե` լուրերի արտադրություն: Այս տեսանկյունից` լրագրությունը մասնակցություն է, բազմաթիվ հեղինակների մասնակցությամբ գործընթաց, որտեղ ներառված են ինչպես լրագրողներ, այնպես էլ` սոցիալական մեդիայի հանրությունը[13]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Լրագրության պատմություն

1605 թվականին Ստրասբուրգում տպագրված Johann Carolus's Relation aller Fürnemmen und gedenckwürdigen Historien-ը հաճախ համարվում է առաջին տպագրված ամսագիրը: Անգլիական առաջին հաջողված օրաթերթը` Դեյլի Քուրանթը (անգլ.՝ Daily Courant), տպագրվել է 1702-1735 թվականներին[14]: 1950-ականներին տպագրված Diário Carioca օրաթերթը հաճախ համարվում է ժամանակակից լրագրության ծնունդը Բրազիլիայում[15]:

Դերակատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մամուլի ազատություն

1920-ականներին, երբ ժամանակակից լրագրությունը հենց նոր էր սկսել ձևավորվել[16], գրող Վոլտեր Լիփմանն ու ամերիկացի փիլիսոփա Ջոն Դյուն բանավիճում էին ժողովրդավարության մեջ լրագրության դերի վերաբերյալ: Նրանց տարբերվող փիլիսոփայությունը դեռևս բնութագրվում է որպես հասարակության և ազգ-պետության մեջ լրագրության դերի վերաբերյալ բանավեճ:

Վոլտեր Լիփմանը 1914 թվականին

Ըստ Լիփմանի, լրագրողն ընդհանուր հանրության և քաղաքական էլիտայի միջև ունի միջնորդի կամ թարգմանչի դեր: Լիփմանը պատճառաբանում է, որ հանրությունը չի կարող կողմնորոշվել ժամանակակից հասարակության աճող փաստերի խառնաշփոթում, այսպիսով, այն կարիք ունի լուրերի միջնորդավորված ֆիլտրման: Լրագրողները ծառայում են որպես միջնորդ` էլիտայի կողմից փոխանակվող տեղեկատվությունը հասցնելով հասարակությանը: Ըստ Լիփմանի փիլիսոփայության, հասարակությունը իշխանական շղթայի ամենաներքևում է` ստանալով տեղեկատվությունը էլիտայից: Լիփմանի ընտրողականության հետևանքվ նրա տեսությունը շատ է դատապարտվել: Լիփմանն իր «Ազատությունը և նորությունները» (1919) և «Հանրային կարծիք» աշխատություններում հույս է հայտնել, որ ազատությունը կարող է վերասահմանվել` հաշվի առնելով գիտական ու պատմական զարգացումները և այդ հանրային կարծիքը կարող է ղեկավարվել հետախուզական համակարգի կողմից կառավարության ներսում և դրանից դուրս: Լիփմանը դատապարտում էր հզոր օրաթերթերի ազդեցությունն ու նախընտրում էր «համբերատար ու անվախ գիտության մարդու» դատողությունները: Այսպիսով, նա արհամարհում էր ոչ միայն մեծամասնության կարծիքը, այլ նաև նրանց կարծիքը, ովքեր ազդեցություն կամ իշխանություն ունեին: Կառավարման հանրապետական ձևում ներկայացուցիչներն ընտրվում էին մարդկանց կողմից և նրանց հետ կիսում էին պետական կառուցվածքի հիմնական սկզբունքների ու քաղաքական հաստատությունների ամբողջությունը: Պատմականության և գիտականության առաքյալը համարվող Լիփմանը չէր համարում, թե ժողովրդավարական կառավարությունը խնդրահարույց հարց է, այլ համարում էր, թե դրան հասնելու միակ տարբերակն այլակարծիք քաղաքական ուժից ուղղորդումն է՝ ճշգրիտ և անկողմնակալ տեղեկատվություն ստանալու համար: Լիփմանի հիմնական վեճն սկզբունքների ու հաստատությունների դեմ էր, քանի որ դրանք նախագիտական ու նախապատմական տեսակետի արտադրանք էին, ինչը նրա համար անհիմն քաղաքական փիլիսոփայություն էր:

Ջոն Դյու

Դյուն, մյուս կողմից, ոչ միայն հավատում էր, թե հասարակությունն ի վիճակի է հասկանալ էլիտայի կողմից ստեղծված ու ներկայացված թեմաները, այլ նաև որոշումները պետք է կայացվեն հանրային քննարկումների ու բանավեճերի արդյունքում: Թեմաները խորությամբ քննարկելուց հետո դրանցից լավագույնները պետք է ներկայացվեն: Դյուն հավատում էր, որ լրագրողները պետք է պարզապես ներկայացնեն տեղեկատվությունը: Նա հավատում էր, որ նրանք պետք է կշռադատեն ընդունված քաղաքականության հետևանքները: Ժամանակի ընթացքում նրա միտքը գործածվել է տարբեր աշխատություններում և առավել հայտնի է «հանրային լրագրություն»: Հանրային լրագրության այս հասկացությունը լրագրության նոր զարգացումների կենտրոնում է: Այս նոր ուղեցույցով լրագրողներն ի վիճակի են ներգրավել քաղաքացիներին և փորձագետներին` բովանդակության ստեղծման գործում: Դյուն հավատում էր, որ բոլորի հետ կիսվող տեղեկատվությունը առավել գերիշխող է, քան մեկ անհատի ունեցած տեղեկատվությունը: Ըստ Դյուի սկզբունքի, փորձագետներն ու գիտնականները կարևոր դերակատարում ունեն, սակայն այստեղ չի գործում Լիփմանի ներկայացրած հիերարխիայի սկզբունքը: Ըստ Դյուի, խոսակցությունը, բանավեճն ու երկխոսությունն ընկած են ժողովրդավարության հիմքում: Եթե Լիփմանի լրագրողական փիլիսոփայությունը կարող է ավելի ընդունելի լինել կառավարության առաջնորդների համար, ապա Դյուի մոտեցումները առավել շատ բնութագրում են այն մոտեցումը, որ շատ լրագրողներ ունեն իրենց աշխատանքի, հանրության մեջ իրենց ունեցած դերի վերաբերյալ և ցույց է տալիս այն ակնկալիքը, որ հանրությունն ունի լրագրողներից: Ամերիկացիներն, օրինակ, կարող են քննադատել լրագրողների կողմից արվող որոշ ծայրահեղ քայլեր, սակայն նրանք ակնկալում են, որ լրագրողները պետք է հսկեն կառավարությանը, բիզնեսմեններին ու դերասաններին պահապան շների նման` մարդկանց ստիպելով տեղյակ պահել իրենց որոշումների մասին:

Մասնագիտական և էթիկայի կանոնանագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած գոյություն ունեցող կանոնագրերն ունեն որոշակի տարբերություններ, հիմնականում դրանք ունեն ճշգրտության, ճշմարտացիության, օբյեկտիվության, անաչառության, արդարության ու հանրային պատասխանատվության վերաբերյալ միևնույն սկզբունքները[17][18]: Լրագրողական էթիկայի որոշ կանոնագրեր, հատկապես եվրոպական լրատվամիջոցների կանոնագրերը, անդրադառնում են նաև սեռական կողմնորոշման, ֆիզիկական և մտավոր կարողությունների խնդիրներով պայմանավորված խտրականություն քարոզող ու պարունակող հրապարակումներին[19](իտալ.)[20](իսպ.)[21](պորտ.): Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Հանձնաժողովը 1993 թվականին հաստատել է Լրագրողական էթիկայի 1003-րդ բանաձևը, որը խորհուրդ է տալիս լրագրողներին հարգել անմեղության կանխավարկածը, հատկապես, եթե դատավարությունը դեռևս չի ավարտվել[22]:

Լրագրողներն ու լուսանկարիչներն սպասում են ոստիկաններին, Նյու Յորք, 1994 թվական, մայիս

Միացյալ Թագավորությունում բոլոր օրաթերթերը սահմանափակված են Անկախ մամուլի չափանիշների կազմակերպության կանոնագրությամբ: Այստեղ սահմանվում են, օրինակ, մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքն ու ճշմարտացիության կարևորությունը: Այս մոտեցումը կատարյալ հակադրություն է 20-րդ դարի իրողությանը, երբ մեդիաշուկայում գերակշռում էին փոքրիկ օրաթերթերն ու պամֆլետները, որոնք հիմնականում ծայրահեղական օրակարգ ունեին` առանց հավասարակշռվածության ու օբյեկտիվության տարրերի: Լրագրողներին պարտադրվում է նորությունները գրել արագ ու առաջ անցնել իրենց մրցակիցներից, այդ պատճառով փաստական սխալները կարող են ավելի հաճախ հանդիպել նրանց շարադրանքում և հետո խմբագրվել առավել հանգիստ ժամանակահատվածում: Ահա թե ինչու շատ օրաթերթեր կարող են պարունակել նախորդ օրերին տպագրված նյութերի վերաբերյալ ուղղումներ:

Չափանիշների պահպանման ձախողում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի այսպիսի կանոնագիրն իրական կյանքում դժվար է հստակորեն պահել: Հրապարակումներն ու խմբագրումները տեղի չեն ունենում վակուումային պայմաններում, այլ միշտ արտացոլում են այն քաղաքական համատեքստը, որում լրագրողներն են ապրում ոչ պակաս, քան մյուս քաղաքացիները: Լրատվական կազմակերպության բյուջեն անխուսափելիորեն ազդում է նորություններ գրելու որոշումների ընդունման վրա, մասնավորապես, ի՞նչ նորություններ գրել, ի՞նչ լսարանի համար և ի՞նչ խորությամբ: Երբ բյուջեն կրճատվում է, խմբագիրները կարող են զոհաբերել հեռավոր լրատվական բյուրոների լրագրողներին, կրճատել քիչ եկամուտ ապահովող ոլորտների մասին գրող լրագրողների թիվը կամ ամբողջական սյունակներ հանել թերթերից։

Հրատարակիչները, սեփականատերերը կամ այլ կորպորատիվ տնօրեններ, հատկապես՝ գովազդային բաժնի ղեկավարները կարող են փորձել օգտագրծել իրենց իշխանությունը՝ նորություններ գրելիս լրագրողների վրա ազդելու համար։ Հենց այս պատճառով էլ լրագրողներն ավանդաբար խմբագրության գլխավոր ղեկավարությանն են վստահում լրատվական և այլ բաժինների միջև «պատ» ստեղծելու գործը, որպեսզի լրատվական բաժինն ազդեցությունների չենթարկվի[23]։

Լրագրողները մամուլի ասուլիսի ժամանակ

Չնայած որոշ վերլուծաբաններ կարծում են, որ շատ դժվար է օբյեկտիվություն պահպանել, որոշներն էլ համարում են, թե դա առհասարակ անհնար է, մյուսները մատնանշում են, որ հանրային կարծիքով ու սահմանադրությամբ սահմանափակված ղեկավարությամբ կառավարվող ժողովրդավարական հասարակությունն ազատ մամուլի պահանջ ունի։ Ըստ այս վերջին տեսակետի, կառավարության, քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների, միությունների, դպրոցների և անգամ եկեղեցիների ուղղակի կամ անուղղակի քննադատությունը և՛ անխուսափելի է, և՛ ցանկալի և չի կարող լավ իրագործվել առանց հիմնական քաղաքական սկզբունքների հստակեցման։ Այսպիսով, օբյեկտիվությունը բաղկացած է ճշմարիտ լրատվությունից և լավ մտածված ու խելամիտ մեկնաբանությունից, որը հիմնված է ազատ հասարակության հավասարության, ազատության սկզբունքների վրա։

Իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարությունը տարբեր քաղաքական ծրագրեր ունի լրագրողների հանդեպ, որոնք որոշում են, թե նրանք ինչ կարող են գրել ու հետազոտեր և թե լրատվական կազմակերպություններն ինչ կարող են հրապարակել։ Որոշ կառավարություններ երաշխավորում են մամուլի ազատությունը, մինչդեռ այլ երկրներում լրագրողների իրավունքներն ու հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Շատ երկրներում լրագրողները որոշ առավելություններ ունեն հանրության հետ համեմատած, մասնավորապես, ավելի հեշտ են մուտք ունենում դեպի տարբեր հանրային միջոցառումներ, մամուլի ասուլիսներ, պաշտոնյաների, հայտնի մարդկանց հարցազրույցներ։ Հակամարտության գոտիներում աշխատող լրագրողները պաշտպանվում են նաև միջազգային իրավունքով։ Գերի ընկած լրագորղներին պետք է վերաբերվել որպես քաղաքացիական անձանց և նրանք պետք է հանձնվեն իրենց երկրներին[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուսերենի ստուգաբանական բառարան (խմբ.` Ն.Մ. Շանսկի) Մոսկվայի համալսարան, 1973, էջ 304 с
  2. Վորոշիլով Վ. Վ., Ժուռնալիստիկա, դասագիրք, Միխայլով Վ.Ա.-ի հրատարակությունը, 1999, էջ 204
  3. Прохоров Е. П. Введение в теорию журналистики. — М.: Аспект Пресс, 2003. — 367 с.
  4. Прохоров Е. П. Введение в теорию журналистики. — М.: Аспект Пресс, 2003. — 367 с.
  5. Прохоров Е. П. Введение в теорию журналистики. — М.: Аспект Пресс, 2003. — 367 с.
  6. The FTC’s Endorsement Guides: What People Are Asking
  7. McChesney, Robert W. (2012-10-01). "Farewell to Journalism?". Journalism Practice. 6 (5-6): 614–626.
  8. Bennett, Lance (2011). News: the politics of illusion. Chicago: Pearson Education (US). pp. 223–249.
  9. Dean, Starkman (2010). "The Hamster Wheel: Why running as fast as we can is getting us nowhere"
  10. Alexander, Jeffrey C.; Breese, Elizabeth Butler; Luengo, Marîa (2016-06-20). The Crisis of Journalism Reconsidered. Cambridge University Press.
  11. Harcup 2009, p. 4.
  12. Gerald Stone, Kaye O’Donnell, K., & Stephen A. Banning (Winter/Spring 1997). Public perceptions of a newspaper’s watchdog role. Newspaper Research Journal, 18(1-2), 86-102.
  13. Robinson, Sue (2011). ""Journalism as Process": The Organizational Implications of Participatory Online News.". Journalism & Communication Monographs. 13 (3): 137.
  14. 1rst Journalism School". Columbia.: University of Missouti Press. p. 1
  15. e Albuquerque, Afonso; Gagliardi, Juliana (2011). "THE COPY DESK AND THE DILEMMAS OF THE INSTITUTIONALIZATION OF "MODERN JOURNALISM" IN BRAZIL". Journalism Studies. 12 (1).
  16. journalism.ku.edu
  17. "Fourth Estate - Core Journalism Principles, Standards and Practices". Fourth Estate Public Benefit Corporation. Retrieved 2 December 2016.
  18. "ASNE (American Society of Newspapers Editors) – Statement of Principles". Web.archive.org. Archived from the original on 5 June 2008.
  19. "Italy – FNSI's La Carta dei Doveri (The Chart of Duties)"
  20. Spain – FAPE's Código Deontológico (Deontological Code)
  21. "Brazil – FENAJ's Code of Ethics"
  22. PACE Resolution 1003 (1993) on the Ethics of Journalism
  23. Bloomberg News and the problem of church-state separation
  24. "Press Freedom Online". Committee to Protect Journalists.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]