Տվյալների լրագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տվյալների լրագրություն (անգլ.՝ data journalism), լրագրության ուղղություն, որի հիմքում ընկած է տվյալների մշակումը և դրանց օգտագործումը` լրագրողական նյութ ստեղծելու համար։ Տվյալները կարող են ծառայել ինչպես լրագրողական որոշակի պատմության բացահայտման գործիք, այնպես էլ` դրա աղբյուր։ Տվյալների լրագրության զարգացումը կապված է տեխնոլոգիաների զարգացման հետ, որոնց շնորհիվ կարելի է պահպանել և մշակել մեծ ծավալով տվյալներ, ինչպես նաև` տեղեկատվության` ավելի բաց դառնալու հետ։ Տվյալների լրագրությունը կապված է այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են ինֆորմատիկան, դիզայնը և վիճակագրությունը։

Աշխատանքային ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լրագրողի աշխատանքը տվյալների հետ։
  2. Ինֆոգրաֆիկան և տվյալների վիզուալիզացումն ընդհանրապես (ստատիկ կամ ինտերակտիվ, խաղարկային ձևաչափեր)։
  3. Տվյալների բազայի հետ աշխատանքի վրա հիմնված լրագրություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին լիարժեք նյութը, որը ներկայացրել է տվյալների լրագրությունը, եղել է «The Guardian»-ի 1821 թվականի հետազոտությունը[1], որում պատմվում է Բրիտանիայի տարբեր բուհերում բարձրագույն կրթության վճարների մասին։ Նյութի հեղինակները պատրաստել են ամփոփման աղյուսակներ, որոնցում նշել են ուսման գինը յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում։ Աշխատանքը դրական արձագանքներ է ստացել այն բանի համար, որ լրագրողական պրակտիկայում առաջին անգամ այդպես «բացահայտ ներկայացվել են բոլոր տվյալները ընթերցող լսարանի համար»։

1858 թվականին Ֆլորենս Նայթինգեյլը ուսումնասիրություն է արել՝ նվիրված բրիտանական բանակի դրության և տարեկան կորուստների վերլուծությանը[2] 54 էջանոց նյութում հեղինակը ներկայացրել է մեծ քանակությամբ տվյալներ, որոնք բերվել են աղյուսակային և դիագրամային տեսքի։ Նյութի համար հիմք են դարձել «հում» տվյալները, որոնք ստացվել են այդ պահին հասանելի աղբյուրներից։ Նայթինգեյլի աշխատանքից ձևավորվել է ամբողջական լրագրողական հետաքննություն, որից եզրակացվել է, որ անգամ խաղաղ ժամանակներում բանակում մահացությունների թիվը գրեթե երկու անգամ ավել է, քան նույն տարիքայինների` քաղաքացիական կյանքում մահացությունների թիվը։ Նրա աշխատանքի նորարարությունը ոչ թե գրաֆիկների և դիագրամների օգտագործումն էր (դրանք լրգրողական նյութերում օգտագործվել էին նաև Նայթինգեյլից առաջ), այլ «հում» տվյալների հանդեպ մոտեցումը։ Դրանց օգնությամբ հեղինակը թողարկել է ամբողջովին թափանցիկ նյութ, որը ցանկության դեպքում կարող է ինքնուրույն վերլուծել նաև յուրաքանչյուր ընթերցող՝ օգտագործելով հոդվածում հրապարակված տվյալները։

Տվյալների լրագրություն իր ժամանակակից մոտեցմամբ հայտնվել է 1952 թվականին. հենց այդ ժամանակ համակարգիչն առաջին անգամ օգտագործվել է լրագրողի աշխատանքում[3]։ CBS հեռուստաալիքը վարձույթով վերցրել է UNIVAC I համակարգիչներ` նախագահական ընտրությունների արդյունքները հաշվելու և յուրաքանչյուր թեկնածուի արդյունքը գնահատելու համար։ Լրագրության մեջ համակարգչի օգտագործումը սկիզբ է դրել նոր՝ «համակարգչային լրագրություն» հասկացությանը։

60-ականների վերջից լրագրողական նյութ ստեղծելու համար համակարգչային տվյալների օգտագործումը ավելի լայն տարածում է ստացել։ 1967 թվականին «Detroit Free Press» թերթի լրագրող Ֆիլիպ Մեյերը համակարգչային տվյալներ է օգտագործել` քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին նյութ ստեղծելու համար[3]։ Մեկ այլ լրագրող` Բիլ Դեդմենը, 1980-ական թվականներին ստեղծել է «Փողի գույնը» սյուժեների շարք, որը բացահայտել էֆինանսական ինտիտուտների կողմից քարտային քաղաքականության մեջ գոյություն ունեցող ռասսայական պարբերական նախապաշարմունքների մասին տեղեկատվություն[3]. 1990-ականների սկզբին Սթիվ Դոյգն իր «Ինչ սխալ է եղել» աշխատանքում փորձում է վերլուծել «Էնդրյու» փոթորկից կրած վնասը, որպեսզի հասկանա, թե որքանով է այդ վնասը ազդել քաղաքականության թերությունների և քաղաքային զարգացման վրա։ Տվյալների հիման վրա արված ռեպորտաժները դարձել են արժեքավոր հասարակական աշխատանք և լրագրողներին թույլ են տվել ստանալ հայտնի մրցանակներ[3]։

1980-ական թվականների վերջին մի քանի նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել տվյալների լրագրության համար։ 1989 թվականին «The Atlanta Journal-Constitution» թերթը Պուլիցերյան մրցանակ է ստացել ռեպորտաժների շարքի համար, որոնցում օգտագործվել է տվյալների համակարգչային մշակումը։ Միսսուրիի համալսարանին կից լրագրության դպրոցում ստեղծվել է համակարգչային լրագրության ազգային ինստիտուտը[4]։ 1990 թվականին այս ինստիտուտը կազմակերպել է համակարգչային տեխնոլոգիաներ օգտագործող լրագրության վերաբերյալ առաջին խորհրդաժոողվը։ Այդ ժամանակից սկսած` այդպիսի համաժողովներ անցկացվում են ամեն տարի և հանդիսանում են տվյալների լրագրության խոշորագույն հանդիպումները։

Տվյալների լրագրության բուն հասկացությունն առաջին անգամ ձևակերպվել է 2010 թվականին, Ամստերդամում կայացած միջազգային համաժողովում[5], որից հետո լրագրության այս ուղղությունը համարվում է պաշտոնապես ձևավորված։ 2010 թվականի երկրորդ կեսից սկսած՝ տվյալների լրագրության հասկացությունն ակտիվորեն օգտագործվում է ինչպես գիտաժողովներում, այնպես էլ` ակադեմիական ամսագրերում։

Տվյալների լրագրությունը մեր ժամանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ԶԼՄ-ները, որոնք սկսել են մշտապես զբաղվել տվյալների լրագրությամբ, դարձել է The Guardian-ը, որը 2009 թվականին թողարկել է Datablog բաժինը[6], որտեղ բոլոր նյութերը ստեղծվում են տվյալների մշակման և ներկայացման միջոցով։

Այլ ԶԼՄ-ներ ևս ստեղծել են տվյալների հետ աշխատելու համար ծրագրեր։ Այսպես, «Las Vegas Sun» թերթի խմբագրությունը երկու տարվա ընթացքում ստեղծել է «Do No Harm» նախագիծը, որի շրջանակներում կայքում մի ամբողջ բաժին է բացվել` նվիրված Լաս Վեգասի բժշկության ոլորտի խնդիրներին։ նախագծի շրջանակներում խմբագրությունը թողարկել է հոդվածների, ֆոտոհաշվետվությունների, վիդեոռեպորտաժների, ընթերցողական պատմությունների շարքեր, ինչպես նաև` ինտերակտիվ ինֆոգրաֆիկաներ` սկզբնական փաստաթղթերի ու հետազոտությունների հրապարակումներով, որոնք հիմք են դարձել լրագրողական նյութերի համար։ 2,9 միլիոն հիվանդանոցային գրառումների հետ աշխատանքի արդյունքում Las Vegas Sun-ին հաջողվել է բացահայտել վնասվածքների ու բարդությունների ավելի քան 3500 դեպք, որոնք տեղի են ունեցել քաղաքի հիվանդանոցներում բժիշկների մեղքով (ներառյալ` մահվան ելքով դեպքեր)։ Նախագիծը մեծ արձագանք է ստացել ինչպես ընթերցողների շրջանում, այնպես էլ կառավարությունում և փորձագիտական բժշկական համայնքում։

2009 թվականին The New York Times-ի «Toxic Waters» («Թունավոր ջրեր»)[7] նախագիծը Պուլիցերյան մրցանակ է ստացել։ Այն դարձել է լրագրողական` տվյալների լրագրության և ռեպորտաժի համադրությամբ նյութի կարևորագույն օրինակներից մեկը։ Նախագծի շրջանակներում լրագրողների թիմն ստեղծել է ինֆոգրաֆիկայի, ինտերակտիվ քարտեզների, հարցումների և տվյալների մի ամբողջ շարք, որոնք հիմնված էին ԱՄՆ տարբեր նահանգների խմելու ջրի աղտոտվածության մակարդակի վերաբերյալ մասնագիտական փաստաթղթերի վրա։ Բացի ջրի մեջ վնասակար նյութերի պարունակության վերաբերյալ հարցերի քննարկումից, նախագծի վրա աշխատող լրագրողների թիմը նաև ուսումնասիրել է առողջության համար հնարավոր վտանգները, որոնք կարող են հանգեցնել որոշ նյութերի բարձր դոզաներ, ինչի պատճառով նախագիծն ունի լրագրողական գիտական հետազոտության հատկանիշներ։

Տվյալների լրագրության զարգացման նոր փուլ է դարձել ՎիքիԼիքսի շնորհիվ հասանելի դարձած տեղեկատվության վիզուալացումը։ Associated Press-ի լրագրողներ Ջոնաթան Սթրենը և Ջուլիան Բերջեսը The Overview Project-ի և Gephi-ի արտացոլման բաց գործիքների միջոցով մշակել են 391832 փաստաթուղթ և վիզուալիզացրել Իրաքի պատերազմի մասին տարբեր հաշվետվություններ[8]։ Նախագծի շրջանակներում լրագրողները թեգերի ամպ են ստեղծել, որոնք հանդիպում են Իրաքում ռազմական գործողությունների մասին Wikileaks-ի նախագծից ստացված բոլոր փաստաթղթերի մեջ։ Արդյունքում ստացվածը հնարավորություն է տվել առանձնացնել փաստաթղթերի հիմնական բառերը՝ «ձերբակալված», «սպանված», «պայթուցիկ», «խոշտանգումների ենթարկված»։ Վիզուալիզացման[9] վերաբերյալ գրախոսականում լրագրողները նշել են, որ առկա տվյալների համաձայն, Իրաքում գործողությունների ընթացքում զոհվել է մոտ 4000 ամերիկացի զինծառայող և մոտ 100 000 քաղաքացի։ Նկարագրված տասնյակ հազարավոր կրակոցների և խոշտանգումների դեպքեր թույլ են տվել լրագրողներին հաստատ համոզված ասել, որ կառավարությունը թաքցնում է բազմաթիվ փաստեր Իրաքում տեղի ունեցող գործողությունների մասին։

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին «Global Editors Network» ընկերությունը հիմնել է «Data Journalism Awards» մրցանակը` տվյալների լրագրության ոլորտում[10]։ Այդ ժամանակից սկսած մրցանակներ ամեն տարի շնորհվում են մի քանի անվանակարգերում, որոնց թվում են տվյալների լավագույն վիզուալացումը, տարվա հետաքննությունը, լավագույն անձնական պորտֆոլիո, լրատվամիջոցների լավագույն կայք և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rusbridger, Alan (2009 թ․ մարտի 10). «Free the facts». The Guardian (անգլերեն). 0261-3077. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  2. «Mortality of the British Army, 1858». Scribd. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Пособие по журналистике данных: введение». ria.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  4. Investigative Reporters and Editors, Inc. «Investigative Reporters and Editors | About». IRE. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  5. «Technology Tank | All About Data Journalism». technologytank.org. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  6. «Data». the Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  7. «Toxic Waters - Series - The New York Times». projects.nytimes.com. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  8. Stray, Jonathan (2010 թ․ դեկտեմբերի 16). «Wikileaks Iraq: how to visualise the text». The Guardian (անգլերեն). 0261-3077. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  9. «A full-text visualization of the Iraq War Logs | Jonathan Stray». jonathanstray.com. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  10. «Data Journalism Awards | GEN». GEN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տվյալների լրագրություն» հոդվածին։