Ժողովրդավարացման ալիքների տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժողովրդավարացման ալիքների տեսություն, քաղաքագիտական տեսություն, որը բացատրում է ժողովրդավարության տարածման պարբերափուլերը և տարածման ուղղությունները։ Համաձայն տեսության, ժողովրդավարության տարածումը տեղի է ունեցել ալիքների տեսքով, որոնք ներառել են աշխարհագրական տարբեր տարածություններ։ Ժողովրդավարության յուրաքանչյուր ալիք, բացի երրորդ ալիքից, ունեցել է նաև ռեվերս (հակադարձ) ալիք։

Ժողովրդավարացման ալիքների ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ժողովրդավարությունների ձևավորումն ու զարգացումը տեղի է ունեցել անհավասարաչափ՝ երկրից երկիր։ Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են ժողովրդավարացման երեք ալիքներ, որոնցից յուրաքանչյուրը բնորոշվում է իրեն բնորոշ պատմական պայմաններով, առանձնահատկություններով, որոշ երկրներում ժողովրդավարության ամրապնդման, իսկ մյուսներում էլ՝ անհաջողության պատճառներով։ Հետազոտողները ոչ միանշանակորեն են նշում դեմոկրատիզացիայի ալիքների պատմական սահմանները, ինչպես նաև ժողովրդավարության կայացման հաջող և անհաջող փորձերը։ Դա բացատրվում է մի շարք հանգամանքներով՝ տարբեր երկրներում ժողովրդավարության սահմանման կոնցեպտուալ տարբերություններով, դեմոկրատական զարգացման տարբեր ինդիկատորներով, դեմոկրատական գործընթացների ինտենսիվության մասին առկա տարբեր պատկերացումներով և այլն։ Վերը նշվածը վերաբերում է ժողովրդավարացման, ոչ միայն, առաջին և երկրորդ, այլև երրորդ ալիքին։

Ժողովրդավարացման ալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդավարացման առաջին երկար ալիքը սկսվել է 1828 թվականին և ավարտվել 1926 թվականին։ Առաջին ալիքի սկսվելուն նպաստել են ամերիկյան և ֆրանսիական հեղափոխությունները, «նահանգ- պետությունների» առաջացումը, ինչպես նաև բրիտանական դոմինիոնների ժողովրդավարացումը։ Առաջին ալիքը բերեց 29 դեմոկրատիաների ի հայտ գալուն, որոնք բնութագրվում են պառլամենտարիզմով, կուսակցական համակարգով և լայն ընտրական իրավունքով։ Ալիքին բնորոշ հատկանիշներ են՝ արական բնակչության 50%-ը պետք է ունենա ընտրական իրավունք, իշխանությունները պետք է ընտրվեն ազատ և արդար ընտրությունների արդյունքում։

Ժողովրդավարացման առաջին ռեվերս ալիքը տեղի է ունեցել 1922- 1942 թվականներին։ Ռեվերսի ալիքի առաջացումը պայմանավորված էր ֆաշիզմի առաջացմամբ, ինչպես նաև որոշ երկրներում ամբողջատիրական համակարգի ներդրմամբ, հատկապես ԽՍՀՄ առաջացումը։

Ժողովրդավարացման երկրորդ կարճ ալիքը սկսվել է 1943 թվականին և ավարտվել 1962 թվականին։ Ալիքի ձևավորումը պայմանավորված էր ֆաշիստական կարգի տապալմամբ, ինչպես նաև տարածվող հակագաղութատիրական շարժմամբ։ 1960-ական թվականներին դեմոկրատական երկրների ճամբարին միացան շուրջ 36 երկրներ։ Հատկանշական էր հատկապես դեմոկրատական ինստիտուտների ստեղծումը Արևմտյան Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Ճապոնիայում և Կորեայում։ Դեմոկրատական վարչակարգին վերադարձավ Ուրուգվայը։ Սկսվեց Աֆրիկայի ժողովրդավարացումը, որոնցից առաջինը դարձավ Նիգերիան։

Երկրորդ ռեվերս ալիքը տեղի է ունեցել 1958-1975 թվականներին։ Ռեվերսի ալիքի ընթացքում գրեթե ողջ Լատինական Ամերիկայում հաստատվեց ավտորիտար վարչակարգ։ Նախկին ժողովրդավարական որոշ երկրներ վերադարձան ավտորիտար վարչակարգի։ Աֆրիկյան նորանկախ երկրներում նույնպես հաստատվեցին ավտորիտար վարչակարգեր, բացառությամբ Բոթսվանայում։

Ժողովրդավարացման երրորդ ալիքը սկսվել է 1974 թվականի ապրիլի 25-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում սկսված հեղափոխությամբ, որի արդյունքում Պորտուգալիայում տապալվեց Անտոնիո դի Օլիվեյրա Սալազարի գլխավորած ավտորիտար վարչակարգը։ Ալիքն այնուհետ տարածվեց դեպի Իսպանիա, Հունաստան,Լատինական Ամերիկայի երկրներ (Հոնդուրաս, Դոմինիկյան Հանրապետություն, Պերու), Ասիայի որոշ երկրներ, հատկապես Թուրքիա, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա և վերջապես Արևելյան Եվրոպա (Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Բուլղարիա, ԽՍՀՄ)[1]։

Ժողովրդավարացման երրորդ ալիքը և դրա առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդավարացման երրորդ ալիքի ուսումնասիրման ժամանակ կարևորվում են Սեմյուել Հանթինգտոնի «Դեմոկրատիզացիայի երրորդ ալիք» և «3-րդ ալիք։ Դեմոկրատացումը 20-րդ դարում» աշխատությունները։ Հանթինգթոնը առանձնացնում է ալիքին բնորոշ հետևյալ առանձնահատկությունները՝

  1. Անցումը ժողովրդավարության մի շարք երկրներում դիտարկվում է որպես գլոբալ պրոցես, այսինքն ժողովրդավարացման անցումային տարբեր փուլերի մեջ ոչ միայն կարելի է գտնել ընդհանրություններ, այլև դրանք դիտարկել որպես համաշխարհային քաղաքական գործընթացի մասնավոր դեպքեր։ Սա նշանակում է, որ ժողովրդավարական անցումային գործընթացների վրա էական ազդեցություն են ունենում ոչ միայն պատմական, տնտեսական, սոցիալական, մշակութային պայմանները, այլև միջազգային գործոնը։ Կարելի է ասել, որ ժողովրդավարացման երրորդ ալիքը ընդգրկում է նաև միջազգային հարաբերությունների ոլորտը։
  2. Հայեցակարգը դիտարկում է ժողովրդավարությունը որպես ինքնուրույն արժեք՝ չկապելով այն պրագմատիկ նպատակների հետ։ Չնայած այն հանգամանքին, որ դեմոկրատական ինստիտուտների վրա շատ հաճախ դրվում է տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման հարցը, այնուամենայնիվ միտում կա ժողովրդավարությունը դիտարկել ոչ թե տվյալ իրավիճակում նախընտրելի ձև, այլ որպես պահանջմունք։
  3. Հայեցակարգը հիմնվում է բազմակարծության գաղափարի վրա։ Այս առումով առաջանում է երկակի խնդիր. մի կողմից եվրոպական լիբերալիզմի պաշտպանությունը ու նորացումը, մյուս կողմից՝ դեմոկրատական կարգի մյուս ձևերի հանդեպ տոլերանտության ձևավորումը։
  4. 20-րդ դարի դարավերջի դեմոկրատացմամբ չի ավարտվում դեմոկրատիայի պատմությունը։ Այս առումով հայեցակարգը հիմնվում է դեմոկրատական գործընթացի սինուսոիդային բնույթի վրա՝ չբացառելով երկրների հետադարձ շարժը։
  5. 3-րդ ալիքի հայեցակարգի հետազոտողների համար ինտելեկտուալ կարևոր հիմքը է օպտիմիզմը՝ տարբեր երկրներում դեմոկրատական շարժման անհաղթահարելիության համոզմունքը։ Այսինքն, ոչ ժողովրդավարական որևէ գործոն կամ գործընթաց չի կարող շեղել ժողովրդավարական երկրներին՝ իրենց բռնած ուղուց։

Ժողովրդավարական ալիքների տեսության քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր հիմնավորված լինելուն, տեսությունը ենթարկվում է լուրջ քննադատության։ Քննադատությունների մեծ մասը ուղղված են շուկայի լիբերալիզացմանը։ Գործնականում ավտորիտար վարչակարգերը չեն կարող ունենալ լիբերալ տնտեսություն, քանի որ այն կառավարում են ավտորիտար մեթոդներով։ Բացի այդ, այն կառավարությունները, որոնք ունակ են իրականացնելու անհրաժեշտ փոփոխությունները, կորցնում են հասարակության հետագա դեմոկրատացման համար անհրաժեշտ իմպուլսը։ Այն հանգեցնում է կարճաժամկետ հեռանկարների։

Ավտորիտար ուղղով տնտեսության լիբերալիզացման հաջողությունը, որպես կանոն, գնահատվում է Արևելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի տրանսֆորմացիոն փուլում գտնվող երկրների օրինակով։ Բացառված չէ, որ կարելի է հաջողությամբ իրականացնել շուկայական բարեփոխումներ, որոնք կարող են ուղեկցվել են ազատականացման և ժողովրդավարացման գործընթացներով։

Ֆիլիպ Շմիտտերը կարծում է, որ տրանսֆորմացիայի ամբողջական ցիկլի ոչ էֆֆեկտիվ իրականացման արդյունքում կարող են առաջանալ «հիբրիդային վարչակարգեր», որոնց բնորոշ են ավտորիտար և ժողովրդավարական կարգերին բնորոշ մի շարք հատկանիշներ։ Առավել հավանական է, որ այդպիսի կարգեր կհաստատվեին հետկոմունիստական երկրներում, որոնք վերջնականապես չեն կարողացել ազատվել սոցիալիստական ժառանգությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]