Ժան դը Լա Բրյուեր (ֆր.՝ Jean de La Bruyère, օգոստոսի 16, 1645(1645-08-16)[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3] - մայիսի 10, 1696(1696-05-10)[4], Վերսալ), ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, բարոյախոս, էսսեիստ[5], «Բնավորություններ» (1687, լրիվ վերնագիրը՝ «Les Caractères de Théophraste, traduits du grec, avec les Caractères ou les Moeurs de ce siècle») երկի հեղինակ։
Քեռու նյութական աջակցության շնորհիվ իր ժամանակի համար փայլուն կրթություն է ստացել[6]։ Ուսումնասիրել է իրավունք, հետագայում աշխատել գանձապետարանում։ Եղել է մեծն իշխան Կոնդեի թոռան՝ Լյուդովիկ Երրորդ Բուրբոնի դաստիարակը[7]։ Իր գլխավոր երկը՝ «Բնավորությունները», հրատարակել է 1688 թվականին (հետագայում շարունակել է վերամշակել և վերջին տարբերակը լույս է ընծայել 1696 թվականին)։ Այն կազմված է ոչ ծավալուն էսսեներից, որոնցում կերտել է իր ժամանակակից անվանի անձանց երգիծական դիմանկարները, սուր քննադատության ենթարկել հասարակությանը և դրանով իսկ բազմաթիվ հակառակորդներ ու թշնամիներ ձեռք բերել։ Վերջիններիս մեջ քիչ չէին ազդեցիկ անձինք, ովքեր խանգարել, խոչընդոտել են նրան, 1691 թվականին տապալել են նրա ընտրվելը Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Այդուհանդերձ, երկու տարի անց նրան հաջողվել է դառնալ ակադեմիկոս։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել Լիոնում, այնտեղ էլ հրատարակել է «Բնավորություններ»-ի վերջին գլուխը, որտեղ խոստովանել է, որ մարդկային բնույթի այն հատկանիշները, որոնք նախկինում արժանացել են իր սուր քննադատությանը, չպետք է մերժվեին այդքան հատու կերպով։